Skip to main content
Հետադարձ կապ

Եկե՛ք մեր և երեխաների սննդակարգը ավելի առողջ դարձնենք՝ օգտվելով կորոնավիրուսից մեկուսացման հնարավորությունից։

Խորհուրդներ սննդաբան Լիդիա Այվազյանից

Խորհուրդ 1։ Ընտանեկան նախաճաշը կամ ընթրիքը սովորույթ դարձրե՛ք

Առաջարկում եմ տանը 2-3 անգամ ընդհանուր սեղան գցել ու այն հնարավորինս առողջ ուտելիքներով լցնել։ Սեղանին չպետք է լինեն շատ շաքար պարունակող մթերքներ, վերամշակված մսից մթերքներ, շատ ճարպ պարունակող մթերքներ։ Փոխարենը, սեղանի վրա պետք է լինեն շատ բանջարեղեններ և բանջարեղենային ուտեստներ՝ աղցաններ, ռագուներ և այլն։

Տանը սնվելը պետք է ներդնել վաղ տարիքից։ Երեխան, եթե տեսնում է, որ դուք անընդհատ դրսում եք սնվում, ինքն էլ, երբ մեծանում է, այդ սովորույթն է պահպանում։ Արդյունքում՝ ավելորդ քաշ ունենալու հավանականությունը մեծանում է։

Հայտնի խոսքը ասում է «դուք այն եք, ինչ ուտում եք»։ Երեխան պետք է հենց վաղ տարիքից հասկանա, որ ամեն պատառ կարևոր է։ Հենց վաղ տարիքից պետք է ձևավորվի առողջ սնվելու և ուտելիքից բավականություն ստանալու կարողությունը։

Խորհուրդ 2։ Եկե՛ք վերջիվերջո ուշադրություն դարձնենք, թե երեխան ինչ է իր բերանը դնում։

Հատկապես չուտող երեխաների մայրիկներին խորհուրդ եմ տալիս սկսել օրագիր վարել։ Չուտող երեխաներին բոլորը փորձում են կերակրել։ Մեկը կոնֆետ է տալիս, մյուսը՝ թխվածքաբլիթ, մյուսը՝ հացի կտոր և այսպես շարունակ։ Ստացվում է, որ երեխան իրականում ամբողջ օրն ուտում է, բայց ոչ այն, ինչ պետք է ուտի։ Այս մայրիկներին խորհուրդ եմ տալիս օրագիր վարել։ Այն, ինչ դրվում է երեխայի բերանը, գրվում է օրագրում։ Ես կարող եմ օգնել այս մայրիկներին վերլուծել 5-7 օրվա օրագիրը։ Միասին կարող ենք հասկանալ ու գտնել, թե որտեղ է խնդիրը։ Ուտելը կյանքի պահպանման բնազդներից մեկն է։ Երեխաները «օդով» չեն սնվում, ինչ-որ բաներից էներգիա հաստատ ստանում են, ուղղակի հավանաբար սխալ բաներից։ Օրագրի շնորհիվ կարող ենք հասկանալ, թե ինչ ավել բաներ է ուտում երեխան։ Երբ, օրինակ, երեխան մի քանի կոնֆետ է ուտում, արդեն օրվա կալորիաների կեսը սպառած է լինում։ Օգտագործե՛ք այս 7-10 օրերը սա լավ առիթ է մեր երեխաների սննդակարգը ուսումնասիրելու։ Հասկանանք, թե ինչն է քիչ ուտում երեխան, ինչը՝ շատ։ Հետևենք և հետագայում ավելի հավասարակշռված սննդակարգի ռազմավարություն մշակենք երեխայի և ինչու ոչ նաև մեզ համար։

Խորհուրդ 3: Եթե պայքարում եք երեխայի ավելորդ քաշի դեմ։

Այն ծնողների համար, ովքեր պայքարում են երեխայի ավելորդ քաշի դեմ, տնային ռեժիմը կարող է ավելի բարդացնել իրավիճակը։ Այս պարագայում խորհուրդ եմ տալիս երեխաներին հասանելի վայրերում պահել ոչ թե կոնֆետ ու քաղցրավենիք, այլ միայն միրգ ու բանջարեղեն։ Ի դեպ, վերջերս նկատել եմ, որ մարդիկ զարմանում են՝ հում դդումը տեսնելով կտրտված բանջարեղենների կողքին։ Այս թանկ բանջարեղենային սեզոնին առաջարկում եմ ներառել նաև դդումը, որի օգտակարության մասին ավելորդ է խոսելը։

Շատ կարևոր է, որ երեխան աճի շրջանում զանազան վիտամիններ ստանա հենց սննդից, ոչ թե վիտամինային հաբերից։ Խորհուրդ եմ տալիս բանջարեղեններն ամեն դեպքում ուտել որոշակի ճարպով, որը կնպաստի բանջարեղենի մեջ եղած վիտամինների ներծծմանը։ Օրինակ՝ վիտամին Դ-ն, վիտամին Ա-ն և վիտամին Ե-ն ներծծվում են միայն ճարպի առկայությամբ։

Ահա մի պանրային սոուս, որն առաջարկում եմ դնել բանջարեղենային ափսեի կողքին և խրախուսել երեխաներին բանջարեղենը թաթախել սոուսի մեջ, հետո ուտել

Խորհուրդ 4: Ամեն օր մեկ նոր բաղադրատոմսով ուտեստ պատրաստե՛ք։

Նոր բաղադրատոմսեր փորձելու ճիշտ ժամանակն է։ Մի դեպք պատմեմ մի ծնող որոշում է, որ այլևս չի բողոքելու, թե երեխան չուտող է։ Որոշում է ամեն օր մի նոր բաղադրատոմսով ուտեստ պատրաստել։ Բանջարեղեն չուտող և վաֆլի սիրող այս երեխայի մայրիկը փորձել էր սպանախով վաֆլի պատրաստել, և դա դարձել էր երեխայի սիրած ուտեստներից մեկը։

Զինվե՛ք համբերությամբ և անպայման կգտնեք երեխայի սիրած բաղադրատոմսեր, որոնց շնորհիվ նրա սննդակարգ կներմուծեք այն, ինչ անհրաժեշտ է նրան։

Խորհուրդ 5: Կիրառե՛ք «առողջ ափսեի» սկզբունքը

Օրվա սնունդը ընդունե՛ք առողջ ափսեի սկզբունքով։ Ափսեի մեջ պետք է լինի սպիտակուցային սնունդ, ածխաջրեր և բանջարեղեն։ Հետևե՛ք, որ ափսեի կեսը բանջարեղենով լցված լինի։ Ի դեպ, չենք կենտրոնանում ու առաջնորդվում, թե երեխան այս կամ այն բանը չի սիրում։ Մենք առաջարկում ենք երեխային նույն բանջարեղենը 12 անգամ, 20, 25 անգամ՝ տարբեր ձևերով մի անգամ քերիչով ենք անցկացնում, մյուս անգամ աստղիկներ եք կտրտում, հաջորդ անգամ փլավի մեջ ենք լցնում, մյուս անգամ՝ ապուրի և այսպես շարունակ։

Խորհուրդ 6: Քաղցրի վերաբերյալ նոր՝ շրջադարձային որոշում կայացրե՛ք։

Այս ընթացքն օգտագործում ենք քաղցրի հետ կապված նոր մոտեցում կիրառելու համար։

Նոր սովորույթ ենք ստեղծում, այն է, այսուհետ տանը պետք է լինի միայն մեր պատրաստած քաղցրավենիքը, որպեսզի հստակ իմանանք, թե ինչ ենք ավելացրել։ Խանութում վաճառվող շատ քաղցրավենիքներ պատրաստում են մարգարինով, ինչն անթույլատրելի է երեխաների համար։ Հիմա լավ ժամանակ է սկսել կիրառել այս սկզբունքը։ Մի լավ խորհուրդ կա «ալարկոտների» համար։ Ասում ենք, եթե ուզում եք թխվածք ուտել, ապա կարող եք ուտել միայն ձեր պատրաստածը։ Իհարկե, եթե մարդը սիրում է պատրաստել, այդքան էլ լավ խորհուրդ չէ սա։ Նմանապես, եթե երեխաներին ուզում եք տալ քաղցր, ապա տվեք միայն ձեր պատրաստած քաղցրեղենը։ Սա կարող է նաև քչացնել երեխայի սննդակարգում քաղցրի քանակը։ Ինչպես նաև հնարավորություն կտա գնահատել, թե երեխան ինչքան քաղցր է ուտում։ Երեխայի օրվա սննդակարգում քաղցրի քանակը 30 գ-ից ավել չպետք է լինի, ինչը մոտ 5-6 թեյի գդալն է։ Հաշվում ենք ամեն ինչը՝ յոգուրտի, մուրաբայի, կոմպոտների, սոուսների պարունակության մեջ եղած շաքարը։ Հաշվելը հեշտ է։ Եթե խմորեղեն ենք պատրաստում ու մեջը մեկ բաժակ՝ մոտ 200 գ, շաքարավազ ենք լցնում, ապա եթե մեկ կտոր կերավ երեխան, կարող եք թխվածքի կտորները հաշվել և մոտավոր պատկերացում կազմել։ Քանի որ ամբողջ օրը երեխան տանն է, մենք կարող ենք հաշվել երեխայի ընդունած քաղցրի քանակը, իսկ սրա համար 5-7 օրն էլ բավական է։ Ահա ամերիկյան բլիթների (փանքեյք) բաղադրատոմս, որ ձեր երեխաները շատ կհավանեն։

Խորհուրդ 7: Երեխաների հետ միասին պատրաստե՛ք։

Երեխաների հետ սկսե՛ք համատեղ պատրաստել ու նրանց պատմե՛ք սննդի մասին։ Վեց ամսականից սկսած, երբ երեխայի սննդակարգ եք ներմուծում հավելյալ սնունդը, խոսե՛ք սննդի մասին։ Պատմե՛ք նրան, թե ինչի համար եք ուտում այս կամ այն մթերքը և թե ինչի համար է հատկապես այն կարևոր։ Առաջարկում եմ հավով ապուր պատրաստե՛ք միասին։

ՔՈՎԻԴ-19-ի մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի նյութերին ծանոթանալու համար՝ այցելե՛ք այս կայքէջը։