Skip to main content
Հետադարձ կապ

Բացառապես կրծքով կերակրման տևողությունը և հավելյալ սնուցում սկսելու տարիքը

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում լավագույնը բացառապես կրծքով կերակրելն է, ինչն այդ շրջանում լիովին ապահովում է երեխայի հեղուկի, էներգիայի ու սնուցողական նյութերի պահանջարկը և պաշտպանում է նրան հիվանդություններից: Սակայն երեխայի աճին և ակտիվության բարձրացմանը զուգընթաց միայն կրծքի կաթն այլևս չի կարող բավարարել երեխայի աճող պահանջները, և անհրաժեշտ է նրա օրաբաժնին ավելացնել այլ սնունդ՝ միաժամանակ շարունակելով կրծքով կերակրել մինչև երկու տարեկանը կամ ավելի երկար:

Երեխային տրվող այլ սնունդը կոչվում է հավելյալ սնունդ, քանի որ տրվում է ի հավելումն կրծքի կաթի: Այն նպատակ չունի փոխարինելու կրծքի կաթին և չի կարող ինքնուրույն օրաբաժին լինել:

Հավելյալ սնունդը երեխային պետք է տրվի ժամանակին՝ վեց ամսականում, լինի սննդարար և բավարար քանակությամբ, որպեսզի երեխան շարունակի աճել:

Մայրը իր նորածին բալիկի հետ հացատանը

Եթե հավելյալ սնունդը երեխային վեց ամսականից շուտ է տրվում, ապա մեծանում է շփումը սննդում և ըմպելիքում պարունակվող հիվանդածին մանրէների հետ, հետևաբար նաև երեխայի փորլուծությամբ հիվանդանալու և թերսնուցման վտանգը: Կրծքի կաթին փոխարինող այլ հեղուկները կամ սնունդը որակապես զիջում են կրծքի կաթին և երեխայի պահանջները բավարարելու համար անհրաժեշտ քանակությամբ էներգիա ու սնուցող բաղադրամասեր չեն պարունակում, մինչդեռ դրանց ներմուծումը նվազեցնում է մոր կաթնարտադրությունը: Որոշակի սննդատեսակների վաղ ներմուծումը կարող է նաև ալերգիայի պատճառ դառնալ:

Վեց ամսականում երեխան արդեն պատրաստ է այլ սնունդ ընդունելու. նրա մարսողական համակարգն ընդունակ է մարսելու ոչ կաթնային օրաբաժնի սպիտակուցները, ածխաջրերն ու ճարպերը: Զարգացման առումով էլ նա արդեն պատրաստ է այլ սնունդ ընդունելու. վաղ հասակի երեխաները սովորաբար լեզվով դուրս են մղում սնունդն իրենց բերանից, բայց 6-9 ամսականներն ավելի հեշտությամբ են ընդունում և բերանում պահում կիսակոշտ և կոշտ սննդատեսակները:

Խորհուրդ չի տրվում հավելյալ սնուցումը վեց ամսականից ուշ սկսել, քանի որ այդ դեպքում ավելանում է երեխայի թերսնուցման վտանգը, կարող է դանդաղել կծելու և ծամելու ունակությունների զարգացումը, ինչն իր հերթին բացասաբար կազդի խոսքի զարգացման վրա: Բացի այդ տարբեր համերի և կոշտության սննդի ներմուծումն ուշացնելու դեպքում մեծանում է հետագայում երեխայի դրանցից հրաժարվելու վտանգը:

Խուսափե՛ք մինչ վեց ամսականը երեխային կրծքի կաթից բացի այլ սնունդ կամ հեղուկներ տալուց: Վեց ամսականից սկսած՝ բոլոր երեխաներն ի լրումն կրծքի կաթի կարիք ունեն հավելյալ սննդի:

 

Մինչև 1 տարեկան երեխայի հավելյալ սնուցման համար առաջարկվող սննդամթերք