Skip to main content
Հետադարձ կապ

Ի՞նչ է հետծննդաբերական դեպրեսիան

Նոր երեխա ունենալը մի շարք ուժեղ հույզեր է արթնացնում՝ սեր, ուրախություն, ոգևորություն, ինչպես նաև նյարդային վիճակ և այլն: Ծննդաբերությանը հաջորդող մի քանի շաբաթների ու ամիսների ընթացքում կարող են լինել տրամադրության կտրուկ տատանումներ՝ հաշվի առնելով այն վիթխարի հուզական և ֆիզիկական փոփոխությունները, որոնք առաջանում են ծննդաբերության և փոքրիկի խնամքով զբաղվելիս: Սակայն, շատերի համար դեպրեսիայի և տագնապի զգացողությունները կարող են այնքան ուժեղ լինել, որ ստվերեն հաճելի պահերը:

Մենք զրուցել ենք մոր և մանկան առողջության մասնագետ, Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկագիտության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսոր՝ դոկտոր Էլիսոն Ստուբեի հետ: Առանձնացրել ենք որոշակի քայլեր, որոնք կարելի է ձեռնարկել՝ իրավիճակը լավացնելու և աջակցություն ստանալու համար:


Առաջարկում ենք մանրամասն ծանոթանալ հոգեկան առողջության թեմային: Ի լրումն,  առանձնացրել ենք այն կազմակերպությունները, որոնց  կարող եք դիմել մասնագիտական աջակցության համար:  


Ի՞նչ է հետծննդաբերական դեպրեսիան

Հետծննդաբերական դեպրեսիան տարբերվում է հետծննդաբերական սթրեսից։ Այն սովորաբար սկսվում է ծննդաբերությունից երկուսից ութ շաբաթ անց, սակայն կարող է տևել երեխայի ծննդից հետո մինչև մեկ տարի։ «Հետծննդաբերական դեպրեսիա չի նշանակում պարզապես տխրություն», -պարզաբանում է բժիշկ Ստուբեն։ «Տագնապի ուժեղ զգացումները նույնպես հետծննդաբերական դեպրեսիայի տարածված նշաններից են»:

Հետծննդաբերական դեպրեսիային բնորոշ նշաններից են ճնշվածությունը, անընդհատ լաց լինելը, երեխայի հետ կապվածության բացակայությունը և երեխայի ու սեփական անձի համար հոգ տանելու կարողությանը կասկածելը։

«Մենք բոլորս էլ անհանգստանում ենք մեր երեխաների համար, բայց հետծննդաբերական դեպրեսիա ունեցողներն այնքան են անհանգստանում, որ դա արգելակում է նրանց՝ երեխայից և կյանքից հաճույք ստանալու կարողությունը»: Հետծննդաբերական դեպրեսիան իսկապես կարող է խանգարել ձեզ հոգ տանել երեխայի և ձեր մասին: «Կարծում եմ, որ չափազանց կարևոր է գիտակցել, որ սա պարզապես տխրել կամ արտասվել չէ։ Դեպրեսիայի պատճառով ծնողները կարող են գրեթե կաթվածահար լինել այն վախից, որ ինչ-որ վատ բան կարող է պատահել երեխային»:

Հետծննդաբերական դեպրեսիայի նշաններից մեկն էլ այն է, երբ ծնողները չեն կարողանում քնել անգամ, երբ երեխան քնած է։ «Սա այն դեպքն է, երբ հոգնած եք, պառկել եք, սակայն չեք կարողանում քնել, քանի որ ձեր միտքը թափառում է», - ասում է բժիշկ Ստուբեն։

 

Որո՞նք են հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշանները

Հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշանները նման են դեպրեսիայի նշաններին։ Դրանք ներառում են՝

  • Տխրություն կամ տրամադրության անկում,
  • Հաճույք չստանալ այնպիսի բաներից, որոնցից սովորաբար հաճույք էիք ստանում,
  • Հոգնածություն կամ էներգիայի կորուստ,
  • Կենտրոնացման բացակայություն կամ ուշադրության պակաս,
  • Ցածր ինքնագնահատական և ինքնավստահության պակաս,
  • Խաթարված քուն,
  • Ախորժակի փոփոխություններ:

Դուք կարող եք օտարացած զգալ երեխայից կամ զուգընկերոջից, անգամ ձեզ կամ երեխային վնասելու մտքեր ունենալ։ Երեխային վնասելու մասին մտքերը կարող են շատ վախեցնող լինել, սակայն հիշե՛ք, որ դա չի նշանակում, թե իրականում պատրաստվում եք վնասել նրան։ Ինչքան շուտ խոսեք ձեր մտածմունքների ու զգացմունքների մասին որևէ ընկերոջ, բարեկամի, բժշկի կամ մանկաբարձի հետ, այնքան շուտ կարող եք ձեզ անհրաժեշտ աջակցություն ստանալ։

>>Կարդալ. Ինչ է դեպրեսիան

«Իրապես կարևոր է գիտակցել և ընդունել այն փաստը, որ անկախ չափահասից ծնող դառնալը և որևէ մեկից կախված լինելը մի այնպիսի բան չէ, որ մեկ ակնթարթում է տեղի ունենում»:

Արդյոք կա՞ հետծննդաբերական դեպրեսիայից պաշտպանվելու որևէ միջոց։

Հոգեկան առողջության մասին կրթությունը, որ օգնում է կառավարել սթրեսը և այն հաղթահարելու դրական ռազմավարություններ մշակել, ինչպես նաև սատարող շրջապատ ստեղծել, կարող է օգտակար լինել հետծննդյան դեպրեսիայից պաշտպանվելու գործում:

Սա նման է ֆիզիկական դաստիարակությանը, որտեղ սովորում ենք, թե ինչպես է աշխատում մեր մարմինը, ինչպես հոգ տանել դրա մասին և խնամել վնասվածքների դեպքում: Միայն թե այս դեպքում այդ ամենը կիրառում եք մտքերի և հույզերի նկատմամբ:

Անասելի կարևոր է ունենալ ընտանիքի աջակցությունը: Ներգրավեք ձեր զուգընկերոջը, ընկերոջը կամ մտերիմներին, որպեսզի սովորեն, թե ինչպես սատարել հետծննդաբերական դեպրեսիա ունեցող կնոջը: Երեխայի ծնվելուց առաջ խոսեք ձեր ընկերների և ընտանիքի հետ այն մասին, թե ինչպես եք ցանկանում, որ նրանք ձեզ օգնեն։

Անձինք, որոնք դեպրեսիայի անձնական կամ ընտանեկան պատմություն ունեն, ինչպես նաև ցածր եկամուտ ունեցող անձինք, զուգընկերոջ կողմից բռնության ենթարկվող կամ կյանքի սթրեսային այլ իրադարձությունների միջով անցնող անձինք, կարող են օգտվել մի շարք խորհրդատվական միջամտություններից: Օրինակ՝  ստանալ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա և միջանձնային թերապիա, որոնք իսկապես արդյունավետ են հետծննդաբերական կամ պերինատալ դեպրեսիան կանխելու հարցում: Խոսեք ձեր բժշկի հետ և պարզեք ձեզ համար լավագույն տարբերակները։

Ծննդաբերությունից հետո ասես հուզական թմբիրի մեջ լինեմ։ Արդյո՞ք դա նորմալ երևույթ է։

Միանգամայն։ «Կարծում եմ, որ մենք մարդկանց վրա ճնշում ենք գործադրում, երբ ակնկալում ենք, որ նրանք կգրկեն երեխային և դա կլինի սեր առաջին հայացքից: Իհարկե, շատերն իրենց երեխային առաջին անգամ տեսնելիս հենց այդ էլ զգում են, սակայն ոչ միշտ է այդպես, հատկապես նրանց դեպքում, ովքեր տրավմատիկ ծննդաբերություն են ունեցել, երկարատև երկունք կամ անհետաձգելի կեսարյան հատում», - ասում է բժիշկը: «Իրապես կարևոր է գիտակցել և ընդունել այն փաստը, որ անկախ չափահասից ծնող դառնալը և որևէ մեկից կախված լինելը այնպիսի բան չէ, որը մեկ ակնթարթում է տեղի ունենում»: Սակայն եթե դուք այս ամենի պայծառ կողմը չեք տեսնում և հոգնածությունը ուրախությամբ չի ուղեկցվում, ապա դա ցույց է տալիս, որ ամեն ինչ այնքան էլ ճիշտ չի ընթանում։ Զուգընկերոջ կամ վստահելի ընկերոջ, մանկաբարձի կամ բժշկի հետ այս ամենի մասին խոսելն իրապես կօգնի ձեզ։ Կարող եք այսպես սկսել զրույցը. «սա ավելի դժվար է, քան ես պատկերացնում էի», կամ «կարո՞ղ եք օգնել ինձ հաղթահարել այս վիճակը», «իսկ այս երևույթը նորմա՞լ է»

Որո՞նք են այն եղանակները, որոնց օգնությամբ կարելի է հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան։

  • Մի՛ մոռացեք ձեր կարիքների մասին և հավաստիացեք, որ տանն անհրաժեշտ օժանդակություն եք ստանում. արդյո՞ք բավարար չափով քնում եք, արդյո՞ք ճիշտ եք սնվում։ «Շատ ծնողներ, տարվելով երեխայի խնամքով, ընդհանրապես հոգ չեն տանում իրենց մասին, օրինակ՝ պատշաճ չեն սնվում», - ասում է բժիշկՍտուբեն։ «Սննդարար, սպիտակուցներով հագեցած սնունդ ընդունելն իսկապես կարևոր է և հաստատ կօգնի»:
  • Թերապիա (զրույցի թերապիա). «Կան մի շարք հոգեթերապիաներ (ինչպիսիք են կոգնիտիվ-վարքաբանական թերապիա կամ միջանձնային թերապիա), որոնք լավ են աշխատում հետծննդաբերական դեպրեսիան և տագնապները հաղթահարելու համար»: Այս պարագայում համապատասխան հոգեբան գտնելն ու մասնագիտական աջակցությանը դիմելը կարևոր է:

>>Կարդալ. Երբ դիմել հոգեբանի:

  • Դեղամիջոցներ. գոյություն ունեն մի շարք դեղամիջոցներ, որոնք արդյունավետ են հետծննդաբերական դեպրեսիայի ախտանշանները կառավարելու և նվազեցնելու համար։ Չնայած, որ հակադեպրեսանտները փոքր քանակությամբ կարող են կրծքի կաթով փոխանցվել, սակայն կաթի և երեխայի վրա այն սովորաբար նվազագույն ազդեցություն է ունենում: Այնուամենայնիվ, դեղորայք ընտրելուց առաջ բժշկի հետ խորհրդակցելը պարտադիր է:
  • Խոսեք միևնույն փորձառություն ունեցող կանանց հետ. հաճախ մեզ թվում է, որ միայն մենք ենք այդպես զգում, հավատացեք՝ այդպես չէ: Ուստի ձեր մտքերով, զգացմունքներով ու փորձով նման իրավիճակում հայտնված այլ ծանոթ կանանց հետ խոսելը իսկապես կարող է օգնել: Անչափ կարևոր է ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ խոսել այն ամենի մասին, ինչ զգում եք։ Ահա մի քանի խումբ Ֆեյսբուքում՝ Կրծքով կերակրելու սենյակ կամ Հայ ծնողների ակումբ, որտեղ կարող եք ուղղել ձեր հարցերն այլ կանանց ու ծնողների:
  • Ձեր հանդեպ բարի գտնվեք. թերևս դուք բազմաթիվ ակնկալիքներ ունեք ինքներդ ձեզնից, սակայն ոչ մեկս չենք կարող մշտապես մեր ակնկալիքներն արդարացնել։ Մի անհանգստացեք, եթե չեք անում այն, ինչ պլանավորել էիք: Ձեր հանդեպ բարի և ներողամիտ եղեք. որևէ մեկը կատարյալ չէ և չի էլ կարող լինել այդպիսին:

 

Ինչպե՞ս կարող է իմ զուգընկերը սատարել ինձ տանը

Մարդկության պատմության ընթացքում հաճախ համայնքները միասնական են խնամել երեխաներին: «Բոլորն էլ օգնության կարիք ունեն, իսկ նոր ծննդաբերած կանանց աջակցելն անասելի կարևոր է»,-  նշում է մասնագետը:  Զուգընկերները կամ սիրելիները կարող են անել հետևյալը.

  • Հավաստիացեք, որ ծննդկանը բավարար չափով և հաճախակի է սնվում և ջուր խմում,
  • Ապահովեք, որ նա լոգանք ընդունելու և իրեն խնամելու ժամանակ ունենա: Կարող եք փորձել հերթով քնել և հերթով խնամել երեխային:

 

Ե՞րբ պետք է դիմել օգնության

«Ես ծնողներին միշտ ասում եմ, որ հենց սկսում եք մտածել, թե ամեն ինչ այնքան էլ ճիշտ չէ ընթանում, արժե դիմել ձեր բժշկին», - խորհուրդ է տալիս մասնագետը՝ հավելելով, - «ճիշտ այնպես, ինչպես բարձր տենդի ժամանակ եք դիմում օգնության: Հիշեք՝ դուք մենակ չեք, ձեզ չպետք է մեղադրեն, և համապատասխան աջակցության դեպքում դուք ավելի լավ կզգաք ձեզ»:

Եթե վերը թվարկված ախտանշաններից որևէ մեկը երկու շաբաթ անց աստիճանաբար ուժեղանում է կամ երկու շաբաթից ավել է տևում, ապա օգնության դիմեք։ Որոշ դեպքերում օգնության դիմելը կարող է դժվար լինել, սակայն պետք է հիշեք, որ ձեր ու ձեր երեխայի առողջությունն առաջին տեղում է, ձեր և ձեր երեխայի մասին հոգ տանելը ամենակարևորն է: Կան բազմաթիվ վստահելի բուժաշխատողներ կամ հոգեբաններ, որոնք ձեր հարցերին սիրով կպատասխանեն՝ պահպանելով գաղտնիությունը:

Այս շրջանն իսկապես բարդ է, քանի որ կյանքում փոփոխությունները շատ են: «Ձեր հանդեպ ներողամիտ եղեք։ Ընդունեք, որ սովորականի պես հանգիստ և կազմակերպված չլինելը նորմալ է», - նշում է մասնագետը: «Կարևորը հիշեք, որ եթե այդ զգացողությունները տևական ժամանակ շարունակվում են, ապա դա չի նշանակում, որ դուք լավ ծնող չեք, այլ պարզապես որ աջակցության և ժամանակի կարիք ունեք»:

Նույնաբովանդակ այլ նյութեր