Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով կերակրման դիրքերը

Հետևե՛ք, որ երեխան կուրծքն արդյունավետ ծծի: Կուրծքն առաջարկե՛ք այնպես, որ երեխան այն հնարավորին չափ խորը բռնի, հատկապես ստորին շրթունքի կողմից: Այդ դեպքում երեխայի կզակը հպվում է մոր կրծքին, հարպտկային մուգ շրջանակն ավելի շատ երևում է վերին շրթունքից վերև, քան ստորին շրթունքից ներքև, երեխայի բերանը լայն բացված է, ստորին շուրթը դուրս է շրջված, թշիկները կլոր են և լսվում կամ երևում է, թե ինչպես է երեխան կուլ տալիս: Մայրը ցավ չի զգում, և պտուկները չեն ճաքճքում կամ բորբոքվում:

Եթե կերակրումը շատ երկար է տևում (1-1,5 ժամ), երեխան շատ հաճախ է կերակրում պահանջում, կամ մայրը ցավ է զգում կերակրելիս, ապա հավանաբար երեխան ճիշտ չի մոտեցվում կրծքին: Երեխայի դիրքը շտկելու համար խորհրդակցե՛ք Ձեր մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ բուժքրոջ հետ: Երբ երեխայի կերակրման դիրքը շտկվի, նրա ծծելն ավելի արդյունավետ կդառնա, նա ավելի արագ կավարտի կերակրումը, և պտուկների վնասման հավանականությունը կնվազի:

Դուք երեխային կարող եք կերակրել տարբեր դիրքերով.

  1. նստած (դասական դիրք). երեխային պահե՛ք առաջարկվող կրծքի կողմի ձեռքի վրա՝ երեխայի գլուխը՝ նախաբազկին, ճիշտ կրծքի դիմաց,

  2. նստած (հակառակ ձեռքի դիրք). պահե՛ք երեխայի մարմինն ամբողջ երկարությամբ այն ձեռքի վրա, որը կերակրող կրծքի հակառակ կողմում է: Այդ ձեռքով կարելի է երեխային մի կրծքից տեղափոխել դեպի մյուսը՝ առանց դիրքը փոխելու, և կարելի է կարգավորել նրա գլխի շարժումները. հարմար է կուրծքը դժվարությամբ վերցնող և անհաս նորածիններին կերակրելու համար,

  3. նստած (ֆուտբոլի գնդակի դիրք). երեխային պահե՛ք թևի տակ և ձեռքով պահեք երեխայի ուսերը, գլուխն ու պարանոցը՝ առաջարկելով նույն կողմի կուրծքը. հարմար է կեսարյան հատումից հետո, երկվորյակների համար և խցանված կաթնածորանների դեպքում,

  4. պառկած. երեխային պառկեցրե՛ք Ձեր կողքին՝ դեմքով և ողջ մարմնով դարձած դեպի Ձեզ և շատ մոտիկ. այս դիրքը Ձեզ հանգստանալու հնարավորություն կտա:

Երեխայի ճիշտ և սխալ դիրքավորումը

  • Երեխան պետք է ամբողջ մարմնով դարձած լինի դեպի Ձեզ, լավ հպված Ձեր մարմնին, նրա գլուխը և մարմինը պետք է լինեն նույն հարթության/մեկ գծի վրա:

  • Պետք է երեխայի իրանի ամբողջ երկարությամբ  հենարան ստեղծել (մինչև հետույք):

  • Երեխայի բերանը պետք է լայն բացված լինի, շրթունքները դեպի դուրս շրջված, ներքևից կարող է երևալ լեզվի ծայրը:

  • Երեխայի կզակը պետք է հպված լինի կրծքին:

  • Արեոլան (հարպտկային մուգ շրջանակը) պետք է ավելի շատ երևա վերին շրթունքից վեր, քան ստորին շրթունքից ցած:

  • Երբեմն կարող է լսվել երեխայի կուլ տալու ռիթմիկ ձայնը:

  • Կերակրման վերջում երեխան պետք է լինի հանգիստ և բավարարված, ինքը թողնի կուրծքը կամ քնի:

  • Պտուկներում ցավի զգացում չպետք է լինի (երբեմն հնարավոր է թեթև ծակոցի զգացում):

  • Կերակրումից հետո կուրծքը պետք է լինի փափուկ, մաշկը առողջ տեսք ունենա:

Կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում երեխայի աճի բավարար ցուցանիշները (ըստ պերցենտիլային աղյուսակների ), ինչպես  նաև նորմալ արտազատական ֆունկցիաները (միզարձակում և կղազատում) հավաստի նշաններ են, որ երեխան բավականաչափ կաթ է ստանում:

 

Կարևոր է առաջին 1000 օրը

Կրծքով սնուցում