Skip to main content
Հետադարձ կապ

Որքանո՞վ է կարմրուկը վտանգավոր:

Կարմրուկի դեպքերի թիվն աճում է։ Ահա թե ինչ պետք է իմանալ այս չափազանց վարակիչ վիրուսի մասին, և թե ինչ վտանգ է այն իրականում ներկայացնում երեխաների, նորածինների և հղի կանանց համար:

Հարյուրավոր տարիներ կարմրուկը եղել է մարդկությանը հայտնի ամենավարակիչ և մահացու վիրուսներից մեկը: Այն դեռևս վտանգավոր է հատկապես նրանց համար, ովքեր չեն ստացել դրա դեմ պատվաստանյութ, ինչպես նաև նորածինների, երեխաների, հղիների և հատկապես ուղեկցող հիվանդություններ ունեցողների համար:

Կարմրուկը կարող է հանգեցնել հոսպիտալացման և մահվան, ինչպես նաև երկարատև, հյուծող բարդությունների: Այն նաև կարող է վնասել իմունային համակարգը՝ «ջնջելով» վարակների դեմ պայքարելու նրա հիշողությունը՝ կարմրուկից բուժված անձանց դարձնելով խոցելի այլ հիվանդությունների, օրինակ՝ գրիպի նկատմամբ, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ:

1963 թվականից ի վեր, երբ կարմրուկի դեմ պատվաստանյութը հանրությանը հասանելի դարձավ, նման բարդությունների թիվը, ինչպես նաև ընդհանուր դեպքերի ցուցանիշը, կտրուկ նվազեց (կարդացե՛ք ավելին ԿԿԽ-ի դեմ պատվաստանյութի և դրա անվտանգության մասին):

Աշխարհում երեխաների մեծ մասն այսօր պատվաստված է։ Այնուհանդերձ, այն տարածքներում, որտեղ ավելի քիչ են պատվաստվածները, կամ որտեղ նրանց թիվը նվազում է, նոր բռնկումները ցույց են տալիս, թե որքան վտանգավոր և մահացու կարող է լինել հիվանդությունը: Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, օրինակ, 2018-2020 թվականներին էբոլայի բռնկումը խլել է 2299 մարդու կյանք: Նույն ժամանակահատվածում կարմրուկի բռնկումից մահացել է երեք անգամ ավելի շատ՝ 7800 մարդ:

2021 թվականի համեմատ 2022 թվականին աշխարհում կարմրուկից մահացության դեպքերի թիվն աճել է 43 տոկոսով, ինչը Քովիդ-19 համավարակի ժամանակ պատվաստումների ցածր մակարդակի հետևանք է: Կարմրուկից օրական մահանում է շուրջ 373 մարդ։

Խնդիրը մասամբ այն է, որ կարմրուկը շատ ավելի վարակիչ է, քան մյուս վիրուսները, այդ թվում՝ Քովիդ-19-ը, գրիպը և ջրծաղիկը: Կարմրուկով 1 հիվանդը կարող է վարակել 12-18 մարդու։ Սա կարմրուկը դարձնում է մոտ 12 անգամ ավելի վարակիչ, քան գրիպը, վեց անգամ ավելի վարակիչ, քան էբոլան, և երկու անգամ ավելի վարակիչ, քան Քովիդ-19-ը և ջրծաղիկը: Մասամբ սա է պատճառը, որ կարմրուկի վերջին բռնկումներն այդքան արագ են տարածվել, հատկապես պատվաստումների ավելի ցածր մակարդակ ունեցող բնակչության շրջանում:

Որքանո՞վ է կարմրուկը վտանգավոր երեխաների համար։  

Թեև կարմրուկը կարող է վտանգավոր լինել յուրաքանչյուրի համար, այն հատկապես ռիսկային է երեխաների, հատկապես մինչև հինգ տարեկանների համար, որոնք պատվաստված չեն: Դա պայմանավորված է նրանով, որ երեխաների իմունային համակարգը և նրանց օրգան համակարգերը դեռևս զարգանում են, ինչը նրանց դարձնում է ավելի խոցելի ինչպես վարակի, այնպես էլ կողմնակի բարդությունների նկատմամբ:

Ամեն տարի աշխարհում շուրջ 136 000 մարդ մահանում է կարմրուկից և հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից։ Նրանց մեծ մասը երեխաներ են։

2000 թվականին, մինչ կարմրուկի դեմ պատվաստանյութն այսքան լայնորեն հասանելի կդառնար, տարեկան 761,000 երեխա մահանում էր կարմրուկից և դրա բարդություններից:

Կարմրուկի ամենատարածված ախտանիշերն են հազը, քթից արտադրությունը և ջերմությունը, որին սովորաբար հետևում է ցանը: Թեև այս ախտանիշերը կարող են թվալ

մեղմ, սակայն դրանք և կարմրուկի հետևանքով առաջացած այլ բարդությունները կարող են լինել շատ ծանր: 2023 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում կարմրուկով վարակված երեխաների ընդհանուր թվի կեսից ավելին հոսպիտալացվել է:

Եթե ձեր երեխան ունի այնպիսի ախտանիշեր, ինչպիսիք են ջերմությունը և ցանը, կարևոր է անհապաղ դիմել բժշկի: Ժամանակին ախտորոշումը և բուժումը կարևոր են հիվանդությունը արդյունավետորեն հաղթահարելու և բարդությունները կանխելու համար: Վաղ միջամտությունը օգնում է պաշտպանելու ոչ միայն անհատին, այլև ավելի լայն հանրությանը` նվազեցնելով վարակի տարածման ռիսկը:

2023 թվականին աշխարհում պաշտոնապես գրանցված կարմրուկի 322 714 դեպքերից 60941-ը գրանցվել են Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։ Սա ընդգծում է կարմրուկի զգալի ազդեցությունն այս տարածաշրջաններում և պատվաստումների կարևորությունը՝ այս լուրջ հիվանդության տարածումը կանխելու համար:

Առավել վտանգված են այն երեխաները, որոնք նախկինում ունեցած առողջական խնդիրների կամ թերսնուցման հետևանքով ունեն թուլացած իմունային համակարգ։ Սակայն բարդություններ կարող է ունենալ յուրաքանչյուրը, և միշտ չէ, որ նախապես հայտնի է, թե ում օրգանիզմում ավելի շատ բարդություն կառաջանա:

Միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում կարմրուկով վարակված յուրաքանչյուր 1000 երեխայից 70-90-ը կարող է ունենալ ականջի վարակ, 80-ը՝ փորլուծություն, իսկ 10-60-ը՝ թոքաբորբ, որը կարող է հատկապես վտանգավոր լինել փոքր երեխաների համար:

Կարմրուկով հիվանդ 1000-2000 երեխայից մեկը կարող է ունենալ հետինֆեկցիոն էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, որը կարող է կոմայի և մահվան պատճառ դառնալ:

Թեև կարմրուկից մահացության դեպքերը հազվադեպ են միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում, այնուամենայնիվ, նման դեպքեր գրանցվում են: Ըստ գնահատումների՝ ԱՄՆ-ում, օրինակ, կարմրուկով վարակված յուրաքանչյուր 1000 երեխայից մեկը կամ երկուսը կմահանա: Ավելի ցածր եկամուտ ունեցող երկրներում ռիսկը շատ ավելի մեծ է. կարմրուկով վարակված յուրաքանչյուր 1000 երեխայից մահանում է 30-60-ը: Բնակչության որոշ խմբերում, ինչպես, օրինակ, տեղահանված երեխաների շրջանում, կարմրուկով վարակված յուրաքանչյուր 1000 երեխայից շուրջ 300-ը կմահանա:

Կարմրուկը կարող է զգալի ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, այդ թվում՝ իմունային հիշողության վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմրուկից կարող է առաջանալ նախորդ վարակների և պատվաստումների իմունային հիշողության կորուստ, որը հայտնի է որպես «իմունային ամնեզիա»: Այս նշանակում է, որ իմունային համակարգը «չի հիշում» ինչպես պայքարել նախկինում հանդիպած պաթոգենների դեմ՝ մեծացնելով այլ վարակների նկատմամբ զգայունությունը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կարմրուկը կարող է նվազեցնել նախկինում ձեռք բերված վարակների նկատմամբ իմունային հիշողությունը մինչև 30%-ով: Իմունային հիշողության այս կորուստը կարող է պահպանվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ՝ մարդուն խոցելի դարձնելով այն հիվանդությունների նկատմամբ, որոնցից նախկինում նա պաշտպանված էր: Սա վկայում է կարմրուկի կանխարգելման համար պատվաստումների կարևորության և իմունային համակարգի վրա դրա ազդեցության մասին:

Շատ հազվադեպ, բայց մահացու բարդություններից մեկը, որը կարող է առաջանալ կարմրուկով վարակված երեխաների շրջանում, էնցեֆալիտի հատուկ տեսակն է, որը կոչվում է ենթասուր սկլերոզացնող պանենցեֆալիտ, որը կարող է ազդել 100 000 հիվանդից մեկի վրա:

Այս վիրուսային վարակը մարմնում քնած է մնում 6-8 տարի՝ մինչև նյարդաբանական ախտանիշերի ի հայտ գալը: Դրանք են շարժունակության կորուստը (օրինակ՝ քայլելու կարողություն), լսողության կորուստը, տեսողության կորուստը և ուղեղի վնասվածքը: Հիվանդությունը զարգանում է մի քանի տարվա ընթացքում՝ սովորաբար հանգեցնելով կոմայի և մահվան: Քանի որ չկա բուժում ենթասուր սկլերոզացնող պանենցեֆալիտին, դրա կանխարգելման միակ միջոցը կարմրուկով չվարակվելն է:

Ինչ վերաբերում է առողջական բարդությունների և մահվան դեպքերին, դրանց ճնշող մեծամասնությունը այն երեխաներն են, որոնք չեն պատվաստվել: 2023 թվականին կարմրուկով վարակված մինչև հինգ տարեկան երեխաների 99 տոկոսը չի ստացել կարմրուկի դեմ պատվաստանյութի երկու առաջարկվող չափաբաժինները:

Որքանո՞վ է կարմրուկը վտանգավոր նորածինների համար: 

Մինչև մեկ տարեկան երեխաները ամենախոցելի խումբն են: Նրանք, ամենայն հավանականությամբ, կունենան կողմնակի բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, փորլուծությունը և էնցեֆալիտը, ինչպես նաև կարող են մահանալ:

Երեխաները հատկապես խոցելի են կարմրուկի նկատմամբ, քանի որ շատ երկրներում նրանք կարմրուկի դեմ պատվաստում չեն ստանում մինչև առնվազն մեկ տարեկանը: Դա նաև մասամբ պայմանավորված է նրանով, որ նորածիններն ունեն ամենաթույլ իմունային համակարգը, և նրանց օրգան համակարգերը դեռևս զարգանում են:

Քանի դեռ ամբողջ աշխարհում բնակչության մեծ մասը չի պատվաստվել, երեխաները կշարունակեն լինել խոցելի: Դա պայմանավորված է նրանով, որ բնակչության 95 տոկոսը պետք է պատվաստվի՝ ընդհանուր բռնկումները կանխելու համար: Սակայն աշխարհում երեխաների միայն շուրջ երեք քառորդը` 74 տոկոսն է ստացել առաջարկվող երկու չափաբաժինները:

Որքանո՞վ է կարմրուկը վտանգավոր մեծահասակների համար:

Կարմրուկը հիմնականում ազդում է երեխաների վրա, սակայն մեծահասակները նույնպես կարող են վարակվել և տարածել հիվանդությունը, հատկապես, եթե պատվաստված չեն կամ ունեն թույլ դիմադրողականություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծահասակների շրջանում կարմրուկի դեպքերը կազմում են շուրջ 10-20 տոկոսը բռնկման ժամանակ: Սա մտահոգիչ է, քանի որ կարմրուկով վարակված մեծահասակները կարող են վիրուսը փոխանցել երեխաներին, որոնք ավելի խոցելի են ծանր բարդությունների նկատմամբ:

Որքանո՞վ է վտանգավոր կարմրուկը հղիության ընթացքում:

Կարմրուկը մեծ վտանգ է ներկայացնում ինչպես հղի կանանց, այնպես էլ պտղի համար:

Հղի կանանց շրջանում կարմրուկի ամենատարածված բարդությունը թոքաբորբն է, որն ազդում է յուրաքանչյուր 100 հղի կնոջից 18-ի վրա: Հիվանդությամբ վարակվելու դեպքում 100 հղի կնոջից չորսը մահանում է: Կարմրուկը կարող է վտանգի ենթարկել նաև զարգացող պտուղը: Ըստ գնահատումների՝ կարմրուկով վարակված 100 հղի կանանցից շուրջ 13-ը վաղաժամ ծննդաբերում են։

Քանի որ, ընդհանուր առմամբ, հղի կանանց խորհուրդ չի տրվում պատվաստվել կարմրուկի դեմ, ապա հատկապես կարևոր է, որ մարդիկ պատվաստվեն հղիանալու մտադրությունից շատ ավելի վաղ. լավագույն ժամանակը մանկության տարիներն են: ԿԿԽ-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, որը պաշտպանում է կարմրուկից, խոզուկից և կարմրախտից, պետք է ստանալ 12 ամսականում, երկրորդ չափաբաժինը՝ 6 տարեկանում: Պատվաստանյութի երկու չափաբաժինները պաշտպանում են մարդկանց 99 տոկոսին կարմրուկի վիրուսով վարակվելուց:

Նույնաբովանդակ այլ նյութեր