Skip to main content
Հետադարձ կապ

Ինչ է անհրաժեշտ իմանալ նախքան սոցցանցերում մեր երեխաների մասին հրապարակումներ տարածելը

Թվային այս դարաշրջանում ծնողավարումն ամենևին էլ հեշտ գործ չէ։ Սոցիալական մեդիան, սմարթֆոններն ու այլ սարքերը, թվում է` երեխաներից ավելի արագ են զարգանում, և միշտ չէ, որ գիտենք, թե ինչպես ավելի անվտանգ օգտվենք դրանցից՝ անկախ մեր մտադրություններից։  

Շատ ծնողներ սոցցանցերում տեղադրում են իրենց մանկահասակ և դեռահաս երեխաների լուսանկարները, քանի որ ցանկանում են ընտանիքին և ընկերներին նույնպես մասնակից դարձնել իրենց կյանքի ուրախ պահերին։ Սակայն կարևոր է իմանալ ձեր երեխաների վերաբերյալ առցանց հրապարակված բովանդակության կամ «շեյրենթինգի» (անգլերեն share [կիսվել] + parenting [ծնողավարում] բառերի համակցությունը) հետ կապված վտանգների մասին։ 

Ծնողների կողմից երեխաների վերաբերյալ առցանց հրապարակվող բովանդակության հարցերով փորձագետ Սթեյսի Սթայնբերգի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես պաշտպանել երեխայի անձնական տվյալների գաղտնիությունն առցանց, հարգել նրանց կարծիքը և արժեքավոր դասեր առնել որևէ հարցի շուրջ համաձայնության գալու վերաբերյալ։ 

 

Ի՞նչ է «շեյրենթինգը»։ 

Սթեյսի Սթայնբերգ: Այս երևույթը ես սահմանում եմ հետևյալ կերպ. երբ ծնողները խոսում են իրենց երեխաների մասին ընտանեկան շրջանակից դուրս՝ սոցիալական ցանցում լուսանկարով հրապարակման, բլոգային գրառման, WhatsApp-ի և հաղորդագրությունների փոխանակման որևէ այլ հարթակում տեսանյութի հրապարակման և այլ միջոցներով։ 

 

«Երբ մեր երեխաների մասին առցանց նյութեր ենք տարածում՝ առանց այդ որոշման կայացմանը նրանց ներգրավելու, մենք բաց ենք թողնում անգնահատելի հնարավորությունը՝ մեր երեխաներին սովորեցնելու ինչպես համաձայնության գալ որևէ հարցի շուրջ»։ 

 

Ի՞նչ պետք է ծնողներն ու խնամակալներն իմանան իրենց երեխաների մասին տվյալներն առցանց հրապարակելուց առաջ։ 

Մեր երեխաների մասին բովանդակությունը հրապարակելու վերաբերյալ երկու կարևոր բան պետք է իմանալ։ 

Առաջինը այն փաստացի շոշափելի վնասն է, որ երեխաները կարող են կրել, երբ ծնողներն առցանց հրապարակումներ են անում։ Օրինակ՝ ոմանք կարող են առցանց բովանդակության պատճառով ցանկանալ շփվել ինչ-որ մեկի երեխայի հետ կամ վնասել նրան։ Որոշ երկրներում կան առևտրային միջնորդներ՝ բրոքերներ, որոնք, մեր հրապարակած տվյալների վրա հիմնվելով, ստեղծում են մեր երեխաների տվյալների փաթեթ (դոսյե)՝ թերևս կանխատեսելով, թե նրանք ինչ կասեին կամ կանեին կամ թե առողջության ինչ խնդիրներ կունենային ապագայում։ 

Կեղծ նկարների խնդիրը ևս չափազանց անհանգստացնող է. կա վտանգ, որ մեր երեխաների նկարներն ապօրինաբար կամ չարամտորեն փոփոխության կենթարկվեն, ինչը կարող է վնաս պատճառել, կամ էլ հավանական է, որ նրանց նկարներից մեմ-նկարներ կպատրաստեն, որոնք կարող են առցանց հրապարակվել և երեխային բացասական լույսի ներքո ներկայացնել։ Բարեբախտաբար ներկայում այսպիսի երևույթներն այնքան էլ տարածված չեն, բայց չգիտենք, թե ինչ կլինի ապագայում, կամ ինչպես դա կփոխվի այնպիսի տեխնոլոգիական նվաճումների պայմաններում, ինչպիսին է արհեստական բանականությունը։ 

Երկրորդ, երբ մեր երեխաների մասին առցանց նյութեր ենք տեղադրում՝ առանց նրանց այդ որոշման կայացմանը ներգրավելու, մենք բաց ենք թողնում անգնահատելի հնարավորությունը՝ սովորեցնելու նրանց համաձայնության գալ որևէ հարցի շուրջ և ցույց տալու, որ կարևորում ենք նրանց անձնական կյանքի գաղտնիությունը։ 

Երբ մեր երեխաներն այն տարիքում են, որ կարող են ինքնուրույն օգտվել սոցիալական մեդիայից, մենք հույս ենք փայփայում, որ նրանք կհարգեն մեր անձնական կյանքի գաղտնիությունը և չեն հրապարակի այն նկարները, որոնք ինքներս չէինք ցանկանա տարածել։ Մենք ուզում ենք, որ նրանք հարգեն նաև իրենց հասակակիցների անձնական կյանքի գաղտնիությունը և չհրապարակեն այլ երեխաների ու մեծահասակների լուսանկարներն առանց նրանց համաձայնության։ 

Ինչպե՞ս են երեխաները վերաբերվում «շեյրենթինգին»։ 

Անկախ տարիքից՝ բոլորս էլ ցանկանում ենք ինքնուրույն լինել։ Բոլորս էլ կարևորում ենք մեր անհատականությունը. ասենք՝ չորս տարեկան ենք և ուզում ենք հագնել հատկապես վարդագույն, ոչ թե մանուշակագույն զգեստը, կամ 12 տարեկան ենք և ուզում ենք, որ մեզ տեսնեն տատիկի ձեռքը բռնած կամ ամենևին էլ չենք ուզում, որ մեզ տեսնեն տատիկի ձեռքը բռնած։ Սրանք մեծահասակներին կարող են մանրուքներ թվալ, բայց իրականում մեծ նշանակություն ունեն երեխաների համար։ Երեխաները մեծ հույզեր են ապրում, և մենք պետք է դրանց արտահայտման համար տեղ, տարածք տանք նրանց։ Մանկահասակ երեխաները չեն կարող տեղեկացված համաձայնություն տալ իրենց նկարների հրապարակման վերաբերյալ։ Պետք է հաշվի առնենք այն, թե ինչ կզգային նրանք, եթե կարողանայինք խոր զրույցներ ունենալ նրանց հետ, և նրանք իրենց կարծիքն արտահայտեին։ 

Եթե որևէ իրադարձությունից անմիջապես հետո լուսանկարներ կամ տեսանյութեր ենք տեղադրում և երեխային ցույց տալիս դրանք, ինձ փոքր-ինչ մտահոգում է այն, որ մենք այդպիսով կարծես մաքրագրում ենք նրանց մանկությունը։ Ուստի պետք է իսկապես զգուշորեն ընտրենք, թե ինչ ենք հրապարակում։ Երեխաների հետ ժամանակ անցկացնելիս ցանկալի է զերծ մնալ թվային սարքերից, որպեսզի կարողանանք հենց այդ պահի, այլ ոչ թե լրահոսի մեջ գտնվել, և մեր երեխաներին թույլ տանք իրենց հիշողությունները կերտել, որոնք տարբերվում են այն լուսանկարներից և տեսանյութերից, որոնք փաստագրել ենք մեր գաջեթներում։ 

 

Ինչպե՞ս կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաների անձնական տվյալների գաղտնիությունը թվային աշխարհում։ 

Ծնողները պետք է խուսափեն իրենց երեխաների վերաբերյալ խիստ անձնական բովանդակություն տեղադրելուց, ինչպիսիք են անհարմար դրության մեջ դնող պատմությունները կամ նման լուսանկարները, որքան էլ մենք դրանք զվարճալի համարենք։ Կարևոր է փորձել հասկանալ ձեր երեխայի կարծիքը։ Ծնողները պետք է նաև փորձեն չհրապարակել իրենց երեխաների մերկ նկարները, քանի որ, ցավոք, կան չարամիտ մարդիկ, որոնք դրանք կարող են վատ նպատակներով օգտագործել: 

Ծնողները կարող են նաև իրենց երեխաների հետ խոսել այն մասին, թե ինչ են հրապարակում, և թե ինչպես են որոշում՝ արդյոք արժի հրապարակել տվյալ բովանդակությունը: Երբ մաթեմատիկական խնդիր ենք լուծում, մենք ոչ թե պարզապես ուզում ենք, որ հաշվիչը տա մեզ պատասխանը, այլ ցանկանում ենք մեր աշխատանքը ցույց տալ: Սա մեր երեխաներին մեր աշխատանքը ցույց տալու հիանալի հնարավորություն է, մինչ սկսում ենք մտածել որևէ տվյալ հրապարակելու մասին: 

Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ այս գործը ծնողները չեն կարող միայնակ անել: Երեխայի պաշտպանության պատասխանատվությունը նաև քաղաքականությունը մշակողների և թվային հարթակների վրա է, որոնք պետք է անվտանգ տարածք ստեղծեն ընտանիքների համար։ Անարդար կլինի ակնկալել, որ ծնողները պետք է գլուխ հանեն, թե ինչպես են տարբեր հարթակներն ու տեխնոլոգիաներն աշխատում, մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան արագ են դրանք փոփոխվում։ 

 

Ինչպես կարող են ծնողները ուրիշներին խնդրել չտեղադրել իրենց երեխաների լուսանկարները։ 

Տվյալների հրապարակման ձեր նախընտրությունների մասին անկեղծ զրույցներ ունեցեք ձեր ընկերների և ընտանիքի հետ, բայց միշտ հիշե՛ք, որ սոցիալական ցանցերում երեխաների տվյալների տեղադրումը համեմատաբար նոր երևույթ է, ուստի ոչ բոլորն են այդ խնդրին համարժեք ուշադրություն դարձնում: Նման զրույցներում առաջնորդվեք այն սկզբունքով, որ ավելի շատ հաղորդակցությունն այդ թեմայով կնպաստի, որ ուրիշները հարգեն ձեր երեխայի կյանքի վերաբերյալ ձեր ցանկությունները և որոշումները։ 

Դպրոցների և այլ կազմակերպությունների պարագայում կարող եք հետաքրքրվել, թե արդյոք վարում են սոցցանցերում տվյալների հրապարակման վերաբերյալ քաղաքականություն։ Եթե նման քաղաքականություն չկա, ապա ծնողները կարող են առաջարկել մշակել այն՝ հաշվի առնելով այն, որ այլ ծնողներ ևս կցանկանան վերահսկել իրենց երեխաների նկարների և տվյալների շրջանառումը։ 

Ինչպե՞ս կարող են ծնողները անվտանգ կերպով տեղադրել իրենց երեխաների լուսանկարներն ու տեսանյութերը: 

Բովանդակության հրապարակումը երբեք չի կարող 100 %-ով անվտանգ լինել: Դա միշտ էլ լինելու է ծնողների կողմից ռիսկերի և օգուտների ծանրութեթև անելու գործընթաց։ 

Այն ընտանիքները, որոնք նախատեսում են իրենց երեխաների մասին առցանց հրապարակումներ անել, պետք է հաշվի առնեն լսարանը, որտեղ դրանք տարածում են (սոցիալական ցանցերում ձեր անձնական տվյալների գաղտնիության կարգավորումները, որքանով եք ճանաչում այն մարդկանց, որոնց ավելացրել եք որպես ընկերներ կամ հետևորդներ և այլն), նաև այն, թե ինչ քանակի տվյալներ են տեղադրում (օրինակ՝ տեղանքներ կամ այլ ճանաչելի տվյալներ, ինչպիսին է դպրոցի լոգոն), ինչպես նաև այն, թե որքանով կարող են այդ տեղեկություններն ամոթալի կամ վնասակար լինել իրենց երեխաների համար ներկայում կամ հետագայում երբևէ: 

Մենք չափազանց շատ ենք տարվել մեր երեխաներին մեր ինքնության մասը համարելով, սակայն, վերջիվերջո, նրանք անհատներ են՝ իրենց զգացմունքներով։ Մի բան է, երբ մեր մասին տեղեկություններ ենք տարածում, և միանգամայն այլ բան, երբ մեր տան մեկ այլ անդամի մասին ենք տեղեկություններ հրապարակում։  

«Մեր երեխաներն առաջին սերունդն են, որոնք բոլորի աչքի առջև են մեծանում։ Մենք այն ծնողների առաջին սերունդն ենք, որոնք սոցիալական մեդիայի հետ են երեխա մեծացնում, և դա բարդ բան է»։ 

 

Ի՞նչ անել, եթե արդեն իսկ շատ տվյալներ եք հրապարակել ձեր երեխաների վերաբերյալ և այժմ երկմտում եք այդ առիթով։ 

Խոր շո՛ւնչ քաշեք: Ծնողները, որոնք չափազանց շատ նյութեր են տեղադրում իրենց երեխաների վերաբերյալ, ամենևին էլ դա չարամտությամբ չեն անում։ Հաճախ այդպես վարվելիս նրանք չեն կարևորում իրենց երեխայի թողած թվային հետագիծը։ 

Եթե ծնողը սկսում է երկմտել իր տեղադրածի, դրա քանակի վերաբերյալ, ապա առաջին ճիշտ քայլը կլինի վերանայել նախկինում հրապարակած տվյալները և սկսել դրանք հեռացնել։ Կան այնպիսի հարթակներ, որտեղ կարող եք խնդրել նկարը հեռացնել, եթե ինքներդ դա չեք կարողանում անել։ 

Ծնողները կարող են 9-10 տարեկան երեխաներին ևս ներգրավել այս գործընթացին. թարմացնել սոցիալական ցանցերի էջերը և ջնջել այն ամենը, ինչն իրենց այլևս չի վերաբերում։ Այս գործողությունը մի քանի ամիսը մեկ կրկնե՛ք. աչքի՛ անցկացրեք, դիտե՛ք, թե ինչ եք տեղադրել, և ջնջե՛ք հին տեղեկությունները։ 

Կարծում եմ, երեխաները կգնահատեն այն, որ իրենց ևս փորձում ենք ներգրավել այս գործընթացին։ Դա հեշտ չէ: Մեր երեխաներն առաջին սերունդն են, որոնք բոլորի աչքի առջև են մեծանում։ Մենք այն ծնողների առաջին սերունդն ենք, որոնք սոցիալական մեդիայի հետ են երեխա մեծացնում, և դա բարդ բան է։ 

Սթեյսի Սթայնբերգը մայր է, իրավաբանության դասախոս և Ֆլորիդայի համալսարանի Երեխայի և ընտանիքի կենտրոնի տնօրենն է։ Նա ծնողավարման թեմայով բեսթսելլեր դարձած «Մեծանալով թվային տիրույթում ։ Ինչպե՞ս կարող են ծնողներն ավելի խելամիտ ձևով հրապարակումներ անել սոցիալական մեդիայում, և ինչպե՞ս կարող եք ապահովել ձեր ընտանիքի անվտանգությունն այս աշխարհում, որտեղ պաշտպանված չեն անձնական տվյալները» գրքի հեղինակն է: 


Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից: Փաստաթղթում արտահայտված կարծիքները պատկանում են իրենց հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ:

Նույնաբովանդակ այլ նյութեր