Skip to main content
Հետադարձ կապ

Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք. երբ դիմել հոգեբանին

Հոգեբանի մասնագիտությունը պատված է միֆերի հաստ շերտով: Պետք է, սակայն, հստակեցնել հետևյալը. ճիշտ այնպես, ինչպես աչքի, սրտի, թոքերի, մարսողության ու մեր մարմնի մնացած բոլոր խնդիրների լուծման համար մենք դիմում ենք նեղ մասնագիտացում ունեցող բժիշկների, այնպես էլ մեր հոգեկան առողջության խնդիրները պետք է լուծում ստանան մասնագետի օգնությամբ. այդ մասնագետի անունն է հոգեբան

Հոգեբան Դավիթ Գևորգյանի հետ փորձում ենք մանրամասնել՝ ով է հոգեբանը, ինչպես է նա աշխատում և երբ է պետք դիմել նրա օգնությանը

Երբ դիմել հոգեբանի

Տարատեսակ վարքային խնդիրներ, բուլիինգ, հուզական խնդիրներ, ագրեսիա, տրամադրության անկումներ, տագնապայնություն, կպչուն վախեր, հարաբերություններ ստեղծելու խնդիրներ, ամուսնալուծություն, ընտանեկան բռնություն, հարազատի կորուստ, վիշտ… ցավոք, հոգեբանին դիմելու իրավիճակները կարող են տարաբնույթ և բազմազան լինել:

Երբեմն կարող է երեխան առանձնապես խնդիրներ չունենալ, բայց ծնողն ունենա ծնողական տագնապներ, որոնց դեպքում ևս կարևոր է դիմել մասնագետի հետագա այլ խնդիրներից խուսափելու համար:

Հոգեբանին դիմելու վախերի հիմքը թերի կամ պակաս տեղեկացվածությունը և վերջինիս պատճառով առաջացող որոշակի տագնապներն են: Հաճախ, ծնողները վախենում են, որ երեխայի հոգեկան խնդիրներն ավելի լուրջ կլինեն, որ գուցե կասկածի տակ դրվի իրենց ծնողական դերը և ծնողավարման մեթոդները, հաճախ նաև, ուղղակի կարծում են, թե այդպես կպիտակավորեն երեխային: Մինչդեռ հոգեբանն այն մասնագետն է, որն ավելի լավ գիտի երեխայի, դեռահասի հոգեվիճակի առանձնահատկությունները և հոգեկան օրինաչափությունները և կարող է օգնել թե՛ ծնողին, թե՛ երեխային՝ նպաստելով նրանց հարաբերությունների բարելավմանը և կանխելով ապագայում ավելի լուրջ խնդիրների առաջացումը: Օգուտները, միանշանակ, ավելին են:

Ինչպես խոսել երեխայի և/կամ դեռահասի հետ այս ամենի մասին

Եթե ծնողը հանգիստ է վերաբերվում այս հարցին, երեխաները հետևում են նրանց օրինակին: Հոգեբանին դիմելու վերաբերյալ երեխային պետք է տալ հնարավորինս օբյեկտիվ ու արժանահավատ տեղեկություն: Մինչդեռ, ծնողները հաճախ տարաբնույթ մանիպուլյացիաներով են փորձում հատկապես դեռահասներին տանել հոգեբանի մոտ։ Դրա կարիքը չկա պետք է նստել ու խոսել դեռահասի հետ, բացատրել՝ «ես այսպիսի անհանգստություն ունեմ, մտածում եմ՝ գուցե դիմե՞նք հոգեբանի»։

Կարևոր է նաև երեխային և հատկապես դեռահասին տալ ընտրելու հնարավորություն: Կարելի է խնդրել դեռահասին մի փոքր ուսումնասիրել այդ թեման համացանցում՝ ով է հոգեբանը, որն է նրա հիմնական գործառույթը․․․ Այսպիսով հնարավորություն ենք տալիս դեռահասին լինել իրավիճակի տերը ու որոշել՝ գնալ, թե ոչ։

Այցելություն հոգեբանին. ինչ գործընթաց է վերջինս ենթադրում

Հոգեբանին դիմելուց առաջ պետք է իմանալ, որ հոգեբանական խնդիրները որոշակի իներցիոնություն ունեն, դրանք մեկ այցով, մեկ հարվածով չեն լուծվում։ Կան խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է երկարատև աշխատանք:

Հոգեբանական սեանսը որոշակի օրերին (սովորաբար՝ շաբաթական մեկ անգամ), որոշակի ժամերին, մոտավորապես հիսուն րոպե տևողությամբ հաղորդակցման յուրահատուկ ձև է, որում՝ կախված երեխայի տարիքից, կարող են օգտագործվել տարբեր մեթոդներ՝ խաղ, նկարչություն և այլն։ Դրանց միջոցով դեռահասը ստանում է իր էմոցիոնալ վիճակները պարզ ու ապահով միջավայրում արտահայտելու հնարավորություն։ Սա կարող է տևել մի քանի օր (մի քանի հանդիպում), կարող է տևել ամիսներ՝ կախված խնդրի բնույթից, երեխայի/դեռահասի անձնային առանձնահատկություններից, ծնողների ու ընտանիքի անդամների ներգրավվածությունից և այլն։

Ամեն բան սկսվում է նախնական զրույցից, որը տարբեր մասնագետներ տարբեր կերպ են իրականացնում։ Ավելի հաճախ դա առանձնազրույց է ծնողի  և երեխայի/դեռահասի հետ, որի գլխավոր նպատակն է հասկանալ խնդիրը։ Դրանից հետո կողմերը գալիս են համաձայնության, որի առանցքային կետերից մեկն էլ համագործակցության կանոններն են՝ ինչ կարող է ու ինչ չի կարող անել դեռահասը, որոնք են ծնողի պարտականությունները և այլն։ Այնուհետև, յուրաքանչյուր այցի ժամանակ արձանագրվում է, թե ինչ արդյունքներ կան։ Այստեղ շատ կարևոր է ծնողի հետադարձ կապը, որը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ են նկատվում առօրյա կյանքում, հարաբերություններում և այլն։ Սա թիմային աշխատանք է։ Եվ այս թիմում որքան ավելի ինտենսիվ ներգրավված լինեն երեխայի/դեռահասի երկու ծնողներն էլ, այնքան արդյունքն ավելի տեսանելի կլինի:

Կարևոր է հիշել, որ ծնողը չպետք է շտապեցնի երեխային: Չպետք է երեխային ցույց տալ, որ նա ինչ որ բան թերի է անում: Պետք է հաշվի առնել, որ գործընթացքում երեխան մեծ հուզական աշխատանք է կատարում, որը շատ ավելի սպառող կարող է լինել, քան ֆիզիկականը, քանի որ երեխան խոսում է իրեն վախեցնող, անհանգստացնող երևույթներից, երեխան պատմում է բաներ, որ գուցե ոչ մեկին չի պատմել. նա սովորում է աշխատել իր հույզերի հետ: Ուստի, նրան այս գործընթացում նաև տանն աջակցելը, շատ կարևոր է. եթե վարքային փոփոխություն է տեղի ունեցել, պետք է շեշտադրել դա: Պետք է խրախուսել երեխայի մոտիվացիան և չպետք է «երեսով տալ», որ որևէ բան չի ստացվում, չնայած այդքան  ուժ ու էներգիա եք դուք ներդնում, որպեսզի չսրենք խնդիրը, այլ հակառակը տրամադրենք երեխային հետագա աշխատանքին:  

Ինչպես ընտրել հոգեբան

Հոգեբանին ընտրելու չափանիշները ստանդարտ են. հետաքրքրվել տվյալ մասնագետի կրթությամբ և փորձառությամբ: Խորհուրդ է տրվում նաև ճշտել՝ որքանով է վերջինս հենց այդ նեղ ոլորտի մասնագետ, արդյոք նա աշխատել/աշխատում է երեխաների/դեռահասների հետ, արդյոք վերապատրաստվել է, թե՝ ոչ: Ի լրումն, կարելի է հաշվի առնել մասնագետի համբավը, նրա աշխատանքի վերաբերյալ այլ անձանց կարծիքները և այլն:

Կարևոր է հիշել, որ նույնիսկ ամենահամապատասխանող մասնագետի հետ աշխատանքը կարող է ինչ-ինչ պատճառներով չստացվել, քանի որ գործ ունենք շատ նուրբ գործընթացի հետ: Սա իհարկե, չպետք է հիասթափեցնի, միշտ հնարավոր է գտնել մասնագետ, ում հետ կարելի է ավելի սահուն և արդյունավետ կազմակերպել այս գործընթացը:

Կարևոր է ընդունել, որ այս գործընթացքում մասնակցող երեք կողմ կա՝ ծնող-երեխա-հոգեբան: Այս երեք կողմերն էլ պետք է պատրաստ լինեն աշխատել և սինխրոնացնել աշխատանքը, որպեսզի կարողանան միմյանց հետ նույն լեզվով խոսել: Այդ դեպքում գործընթացի արդյունավետությունը երաշխավորված է: 

Դիտե՛ք ամբողջական հարցազրույցը


Նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվորպական Միության տեսակետները:

Նույնաբովանդակ այլ նյութեր