Skip to main content
Հետադարձ կապ

Կորոնավիրուսի ժամանակ դպրոց վերադառնալու հոգեբանական կողմերը | ՈՒՂԻՂ ԵԹԵՐ

Ուսումնական տարին մեկնարկում է, բայց երեխաների, ծնողների և ուսուցիչների համար սովորական միջավայրն ու գործընթանցներն արդեն նույնը չեն լինելու: Դպրոցում դիմակ կրելու, դասամիջոցին դասարաններում մնալու, վեցօրյա ռեժիմով դպրոց գնալու մասին լուրերը բազմաթիվ հարցեր վերհանեցին: Հատկապես սոցիալական հարթակում ծավալված քննակումները փաստեցին, որ դասերի վերսկսումը սահուն անցնելու գլխավոր նախապայմաններից մեկը գրագետ մասնագիտական տեղեկատվության ապահովումն է, ինչին էլ ձեռնամուխ է եղել ՅՈՒՆԻՍԵՖը:

Հոգեբան Լուսինե Աղաբեկյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրավերով, վիրտուալ հանդիպել Է դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների հետ: Ներկայացնում ենք հոգեբանի մի քանի կարևոր դիտարկում:

Իմ կարծիքը, իմ երեխան․ ո՞րն է կարևոր 

- Մենք կարող ենք չհամաձայնել այն ամենի հետ, ինչ կատարվում է այսօր. համարել, որ նախատեսված փոփոխությունները զուրկ են տրամաբանությունից կամ չեն կարող կանխել վարակի տարածումը, բայց եթե խոսում ենք երեխայի լավագույն շահի մասին, ապա առաջնահերթ պետք է մտածենք, թե մեր դատողություններով և հայտարարություններով ինչ ուղերձ ենք տալիս երեխաներին: Շատ կարևոր է, որ երեխան դրական վերաբերմունք ունենա կրթական գործընթացների նկատմամբ, այլապես կարող է կորցնել դպրոց գնալու, սովորելու մոտիվացիան: Մենք չենք կարող պահանջել երեխայից հետևել հակահամաճարակային կանոններին, լսել ուսուցիչներին և կատարել վերջիններիս հրահանգները, եթե տանն, օրինակ՝ անընդհատ խոսվում է, որ դիմակ կրելն անհեթեթություն է, Քովիդ-19-ը հորինվածք է և այլն:

Երեխաները պետք է հասկանան, թե ինչ է կատարվում, ինչպես պաշտպանվել, կանխարգելել վարակի տարածումը: Վերջին 6 ամսում, այդ ամենի մասին խոսում են բոլորը՝ հեռուստատեսությամբ, մասնավոր զրույցներում, բակերում, բայց շատ կարևոր է, որ երեխաների հետ խոսեն ծնողներն ու ուսուցիչները՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները:

Շատ դժվար է պահպանել երկարաժամկետ կանոններ, եթե դրանց իմաստն ու նպատակը հասկանալի չեն: Կարևոր է երեխային տալ հավաստի տեղեկատվություն, չստել, չուռճացնել կամ չնվազեցնել վտանգը, այլապես երեխայի վախերն ու կասկածները կարող են սրվել: Պետք է ասել ճշմարտությունը՝ սովորեցնելով, թե ինչ կարող է անել երեխան ինքն իրեն պաշտպանելու համար:

Ուսուցիչը՝ վստահելի ընկեր

- Բարդ շրջան է հատկապես ուսուցիչների համար, բայց չի կարելի մոռանալ, որ երեխաները նրանց լավատեսության և դրական տրամադրվածության կարիքն ունեն: Երեխան պետք է տեսնի, որ ուսուցիչը հասկանում և ընդունում է այն, ինչ կատարվում է, և պատրաստ է օգնել աշակերտներին: Աշակերտների հետ թիմ դառնալու և հաջողելու համար ուսուցիչները պետք է ցույց տան, որ հասկանում են երեխաների ապրումները: Այո, դիմակ կրելն անհարմար է: Այո, դժվար է զսպել ցանկությունն ու դասամիջոցին չվազվզել իրար հետևից: Այո, տխուր է, որ դու և լավագույն ընկերդ, դասարանը «կիսելու» պատճառով, հայտնվել եք տարբեր խմբերում...

Թե՛ ծնողը, թե՛ ուսուցիչը պետք է «ցույց» տան երեխային, որ ընդունում են նրա հույզերը, հասկանում են նրան: Միայն այդ դեպքում երեխայի հետ տարվող զրույցները, բացատրական աշխատանքները, կոչերն ու խրախուսանքներն արդյունք կտան:

Կրտսեր, միջին և ավագ դպրոցականների հետ աշխատելու հատուկ մոտեցումներ

Կրտսեր դպրոց․ «խաղ ու պար» ու մի քիչ էլ խորամանկություն

- Կրտսեր դպրոցականների հետ աշխատանքում ուսուցիչներին շատ կօգնի ներկա իրավիճակի մի փոքր հումորային, խաղային մեկնաբանությունը: Օրինակ, ուսուցիչը կարող է տարբեր հույզեր արտահայտող սմայլիկներ փակցնել իր դիմակներին:

Եթե ուսուցիչը նոր է ծանոթանում իր աշակերտների հետ (օրինակ՝ առաջին դասարանում), լավ կլինի, օրինակ՝ տանը փոքրիկ տեսաուղերձ նկարահանի իր աշակերտների համար, որպեսզի վերջիններս իրենց ուսուցչին տեսնեն առանց դիմակի:

Տարրական դասարաններում երեխաները կարող են չհասկանալ կամ չպատկերացնել, թե ինչ ասել է 1,5-2 մետր հեռավորություն պահպանել: Այդ պահանջը, նույնպես, կարելի է խաղի ձևով ներկայացնել: Օրինակ՝ մաթեմատիկայի ժամին կարելի է չափել, թե երեխայի ոտնաչափով քանի քայլն է կազմում 1,5-2 մետր:

Դասամիջոցներին երեխաներին կարելի է առաջարկել «Ես պղպջակի մեջ եմ» խաղը խաղալ: Կանգնում են, ձեռքերն աջ ու ձախ տարածում ու պատկերացնում, որ ամբողջ շրջագիծը մի մեծ պղպջակ է, որի մեջ իրենք են գտնվում: Խնդիրն է՝ քայլել այնպես, որ պղպջակներն իրար չդիպչեն ու չպայթեն: Նույն սկզբունքով կարելի է գտնել կամ հորինել տարբեր խաղեր ու հնարքներ, որոնք կօգնեն հասկանալ՝ ինչ ասել է տարածություն, ինչու է կարևոր ձեռքերի մաքրությունը, ինչպես փռշտալ կամ ճիշտ օգտագործել անձեռոցիկը և այլն:

Փոքրերը նաև չեն պատկերացնում, թե ինչպես է տարածվում վարակը: Դա ևս կարելի է «տեսանելի» բացատրել: Վերցնում ենք մաքուր թուղթ ու մի քանի կաթիլ ներկ (գունավոր հեղուկ) կաթեցնում վրան: Ներկը գնալով տարածվում է ու ավելի շատ տեղ զբաղեցնում թղթի վրա: Այս օրինակով փոքրերը շատ արագ կհասկանան, թե ինչպես է «աշխատում» վարակը:

Երեխաների համար նաև շատ անսովոր է լինելու իրենց համադասարանցիների դեմքերն ամբողջությամբ չտեսնելը: Մարդը ծնված օրից սովորում է սեփական հույզերն ու ապրումներն արտահայտել նաև դիմախաղով, մինդեռ դիմակը «թաքցնում» է դեմքի գրեթե կեսը: Ուսուցիչները երեխաների հետ կարող են հորինել ժեստեր ու նշաններ, որոնք կօգնեն արտահայտել այս կամ այն զգացողությունը, հույզը: «Գաղտնի լեզվի» պես մի բան կստացվի, որը կմիավորի բոլորին:

Կարելի է նաև խաղալ «պանտոմիմա», բայց ոչ թե նմանակել կենդանիների կամ ներկայացնել առարկաներ, այլ ցուցադրել հույզեր՝ աչքերով, հոնքերով, ձեռքերով, ամբողջ մարմնով:

Տարրական և միջին դասարանների աշակերտները ունեն հեքիաթների, մուլտերի և ֆիլմերի սիրելի սուպերհերոսներ: Կարելի է միասին մտաբերել, թե որ հերոսներն են կրում դիմակ և ինչու: Երեխաները կարող են երևակայել, որ իրենք էլ սուպերհերոսներ են, որոնք կրում են դիմակ այս կամ այն բանի համար:

Միջին դպրոց․ մենք արդեն մեծ ենք 

Միջին դպրոցում խաղային մեթոդները նույնպես կարող են արդյունավետ լինել, բայց տարիքային այս խմբի երեխաների հետ աշխատելիս շատ ավելի գործուն տարբերակ կա: Կարելի է հանձնարարել մի քանի երեխայի, որ հենց իրենք դասի սկզբում կամ դասամիջոցներին բացատրեն իրենց համադասարանցիներին, թե ինչ է համավարակը, ինչպես կրել դիմակ, ինչպես ախտահանել ձեռքերը կամ ինչու է կարևոր պահպանել սոցիալական հեռավորություն: Հրահանգիչ-աշակերտի դերում ամեն օր կարող են նոր աշակերտներ լինել:

Նույն տրամաբանությամբ, նրանք կարող են պատրաստել պաստառներ: Շատ դպրոցականներ սիրում են տեսանյութեր նկարահանել, մոնտաժել ու հրապարակել դրանք սոցհարթակներում: Նրանք սիրով կարձագանքեն ուսուցչի՝ վարակի տարածումը կանխող միջոցների մասին տեսանյութ պատրաստելու առաջադրանքին: Հիմքում նույն մոտեցումն է՝ երեխային գործ վստահել ու ներշնչել, որ նա կարող է գլուխ բերել:

Երեխաներին նաև կարող է հետաքրքրել դեպքերի վերլուծությունը: Կարելի է առաջարկել իրավիճակներ ու քննարկել դրանք: Օրինակ՝ X ուսուցիչը մտել է դպրոց, փռշտացել է, անձեռոցիկով սրբել է քիթը, անձեռոցիկը դրել է գրպանն ու անմիջապես մտել դասարան և բաժանել երեխաների տետրերը: Իրավիճակի նկարագրությունից հետո կարելի է խնդրել երեխաներին մատնանշել այն գործողությունները, որոնք համավարակի ֆոնին, չպետք է աներ ուսուցիչը և ինչ պետք է անել իրականում: Այսպիսով, երեխաները կսովորեն նկատել իրենց և շրջապատող մարդկանց սխալները և կամրապնդեն ճիշտ գործողությունների մասին գիտելիքները:

Ավագ դպրոց․ տեսություն և պրակտիկա

Համավարակի տարածման և կանխարգելման մասին, ավագ դպրոցում, կարելի է խոսել՝ օգտվելով դպրոցական տարբեր առարկաներից: Օրինակ՝ բնագիտական առարկաների ուսումնասիրությանը զուգընթաց, կարելի է հասկանալ, թե ինչպես են ձևավորվում ու տարածվում վարակները, խոսել վարակի առանձնահատկությունների, պատվաստանյութերի մշակման և տարաբնույթ այլ բաների մասին:

Պատմական առարկաների ընթացքում կարելի է խոսել մարդկության պատմության «ամենահայտնի» համաճարակների մասին, համեմատականներ անցկացնել մերօրյա իրականության հետ և այլն:

Մի բան հաստատ է. ցանկացած տարիքային խմբում երեխան պետք է հասկանա՝ ինչ է կատարվում իր շուրջը, ինչ կանոններ են, ինչի համար են դրանք: Հասկանալով այդ ամենը, երեխան շատ ավելի հեշտ ընդառաջ քայլ կանի և կսկսի հետևել հակահամաճարակային կանոններին:

Միջին և բարձր դասարանների խմբերում հավանական են այսօրինակ տեսարաններ՝ աշակերտը կարող է հայտարարել, որ չի կրելու դիմակ կամ կարող է կոպիտ պատասխանել՝ սոցիալական հեռավորություն պահպանելու կամ դիմակը ճիշտ դնելու պահանջին: Կարևոր է հենց ուսումնական տարեսկզբին դասարանի հետ ձեռք բերել որոշ համաձայնություններ: Օրինակ՝ կանոնները, որոնք ընդհանուր են ամբողջ դպրոցի համար՝ չեն քննարկվում. դրանք հավասարապես են գործում բոլորի համար: Բայց կան նաև կանոններ, որոնք կարելի է քննարկել ուսուցչի հետ, գալ ընդհանուր հայտարարի ու որոշել՝ այսուհետ անում ենք այսպես: Իսկ եթե, այդուհանդերձ, խնդիր է ծագել, շատ կարևոր է քննարկել այն առանձին՝ կողմնակի խոսակցությունների վրա չվատնելով առարկային հատկացված դասաժամը: Ի դեպ, շատ արդյունավետ կլինի, եթե ամեն դասարանում ընտրվեն մի քանի աշակերտներ, որոնց «պարտականությունը» կլինի հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևելը: Այդ դերը պետք է տալ հատկապես կանոնների դեմ «ընդվզող» աշակերտներին: Այդպես նրանք իրենց ավելի կարևորված կզգան ու շատ հավանական է, որ ներքաշվեն «դերային խաղի» մեջ:

Իմ դիմակը սիրուն է, քոնը՝ ոչ 

Միջին և բարձր դասարաններում չափազանց կարևոր է ներդասարանական մթնոլորտը: Այս օրերին հաճախ ենք լսում մտավախություններ այն մասին, որ դիմակ կրելը, դասասենյակում շատ ժամանակ անցկացնելը կարող են երեխաների փոխհարաբերություններում խնդիրներ առաջացնել: Այն դասարաններում, որտեղ կան դրա նախադրյալները, իհարկե, ավելի հավանական է, որ կառաջանան այսօրինակ խնդիրներ. ծաղրել դասընկերոջը նրա համար, թե դիմակը նրան չի սազում, կամ եղել է Քովիդ վարակակիր, շատ զգուշավոր է և այլն: Սա իր մեջ կարող է բուլիինգի (մեկ անձի կամ խմբի կողմից մեկ այլ անձի կամ խմբի վրա շարունակաբար ֆիզիկական կամ հոգեբանական ուժի գործադրում) վտանգ կրել:

Այստեղ անելիք ունեն թե՛ ծնողները, թե՛ ուսուցիչները: Երեխաներին պետք է բացատրել, որ Քովիդ վարակակիր դառնալու մեջ արտառոց ոչինչ չկա և լինել վարակակիր չի նշանակում լինել վատը: Վարակից ոչ ոք ապահովագրված չէ: Նույն կերպ կարելի է խոսել մարդու (երեխաների և մեծահասակների) ֆիզիոլոգիական առանձնահատկությունների մասին. բնական է, որ որոշ երեխաների և մեծահասակների դիմակը կարող է և չսազել (երեխայի չափանիշներով), բայց դա ոչ մի դեպքում չպետք է ծաղրելու առիթ դառնա:

«Նախ դրեք Ձեր դիմակը, հետո միայն՝ երեխայինը»

Այս արտահայտությունը լսել են բոլոր նրանք, որոնք գոնե մեկ անգամ ճամփորդել են օդանավով: Խոսքն այս դեպքում թթվածնային դիմակների մասին է, բայց իմաստը՝ մեծ հաշվով նույնն է:

Առաջիկա ամիսները ծանր են լինելու հատկապես ուսուցիչների համար՝ վարել դասը, հետևել հակահամաճարակային կանոններին, մոտիվացնել երեխաներին, հարթել սուր անկյունները և այլն: Անչափ կարևոր է, որ այս պարտականությունների ֆոնին, ուսուցիչը չմոռանա նաև իր պահանջմունքների, իր ֆիզիկական և հոգեկան առողջության, իր տրամադրության, մոտիվացված լինելու մասին: Աշխատանքային լարված գրաֆիկի պարագայում, դա բավական բարդ իրագործելի է, բայց խիստ անհրաժեշտ:

Հարկավոր է վերալիցքավորվելու փոքրիկ պատուհաններ գտնել: Հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ եք սիրում, ի՞նչն է ձեզ հանգստացնում, ոգեշնչում, ներդաշնակության զգացողություն հաղորդում: Դա կարող է լինել երաժշտությունը, շնչառական որևէ վարժություն, մեկ գավաթ սուրճ, սիրելի գրքի մեկ էջի ընթերցում, տեսակապ երեխաների կամ թոռների հետ: Ձևն էական չէ, կարևորն այն է, որ լինի բացասական հույզերից ազատվելու (կամ դրանք արտահայտելու) և դրական էմոցիաներով լիցքավորվելու հնարավորություն:

 

Ստորև կարող եք դիտել ուղիղ միացման ձայնագրությունը


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

62555977