Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք․ հետպատերազմյա անորոշություն
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Ընտանիքի» ակադեմիա ՀԿ-ն պատրաստել են հոգեբանական 13 թեմայից բաղկացած ֆիլմաշար՝ հետպատերազմյա անորոշությունից մինչև հույզերի կառավարում, վախերից ու տագնապներից մինչև դեռահասության փուլի խնդիրներ. ընտրել ենք մեր օրերի համար խիստ արդի թեմաներ:
Ինչպես են ականատեսները վերապրում պատերազմի սարսափները, ինչպես է դրսևորվում հետպատերազմյա անորոշությունը երեխաների ու մեծահասակների կյանքում։
ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը, զրուցելով հետպատերազմական անորոշության մասին, հատուկ շեշտադրումներ է կատարել կարևոր մի քանի հանգամանքի վրա՝
- ինչպես է դրսևորվում հետպատերազմյա անորոշությունը
- ինչն է դառնում այդ խնդրի բարդացման պատճառ
- ինչու է կարևոր դուրս բերել երեխային (դեռահասին) ճգնաժամային վիճակից
- ինչ դեր ունի խնդրի հաղթահարման գործընթացում հույզերն արտահայտելու ազատություն ունենալը:
Պատերազմը էապես է ազդում թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների ու դեռահասների հոգեկան առղջության վրա, բոլորս առերեսվում ենք կոմպլեքս խնդիրների։ Որոշ երեխաներ կարող են ունենալ հետպատերազմական տրավմաներ, որոնք արտահայտման տարբեր ձևեր ունեն։
Մինչդեռահասական տարիքի երեխան կարող է ունենալ տագնապներ ու վախեր, որոնք բնորոշ չէին նրան նախկինում։ Կարող է փոխվել երեխայի վարքը՝ լարվածություն, նույնիսկ ագրեսիայի որոշ դրսևորումներ կարող են նկատվել։ Հավանական են նաև ֆիզիկական դրսևորումներ՝ ջերմության բարձրացում, աղեստամոքսային տրակտի խանգարումներ. երեխաները հաճախ են փորացավեր ունենում՝ որպես սթրեսի արձագանք։
Դեռահասների պարագայում, վերը բերվածին կարող են ավելանալ տրամադրության կտրուկ տատանումներ, ինքնասպանության, ինքնավնասման մտքեր, մեկուսացման ցանկություն և այլն։
Այս ամենը կանխելու համար կարևոր է․
- Վերադառնալ բնականոն կյանքին։ Պատերազմի թոհ ու բոհով անցած դեռահասները, որոնք ինչ-որ ժամանակահատված իրենց վրա են վերցրել ընտանիքի հոգսն ու խնդիրները, պետք է հնարավորինս շուտ «վերադառնան» իրենց բնականոն կյանքին։ Վերադարձ դպրոց, զբաղվեն սպորտով, արվեստով, շփվեն ընկերների հետ, բակ դուրս գան․ անել այն ամենը, ինչ անում էին մինչև տրավմատիկ իրավիճակը։
- Թույլ տալ երեխային արտահայտել իր հուզերը։ Մեր հասարակության մեջ լայնորեն տարածված տեսակետ կա՝ ինչքան քիչ խոսենք, այնքան վերքը քիչ կցավի։ Որոշ դեպքերում դա իրոք գործուն միջոց է, բայց մեծամասամբ՝ մեր լռությունը միայն բարձրացնում է անորոշության աստիճանը, որն իր հետ բերում է վախ, տագնապ, լարվածություն՝ այն ամենն, ինչ դեռահասը կարող է նույն ուժգնությամբ ապրել, ինչ՝ մեծահասակը։ Երեխային պետք է տալ խոսելու, հարցեր տալու, իր հույզերն արտահայտելու հնարավորություն, և նա անպայման կհուշի, թե ինչն է իրեն անհանգստացնում։ Ձևացնելով, թե ոչինչ չի եղել, կանխելով երեխայի հույզերի արտահայտումը, երեխայից զգաստություն պահանջելով՝ մենք, կարծես, ինչ-որ բանով «ծածկում» ենք նրա վերքերը ու չենք տեսնում, թե ինչ պրոցեսներ են ընթանում այդ ծածկի տակ։
- Չփորձել հերոսանալ․ անկեղծ լինել երեխայի/դեռհաասի հետ։ Կա մի կարևոր հանգամանք։ Երբ ծնողը չի փորձում խաղալ ամենակարող ծնողի դեր, որ ի վիճակի է լուծել երեխայի բոլոր հարցերը, շատ ավելի հեշտ վերականգնվում ամբողջ ընտանիքը, քան երբ ծնողը փորձում է «հերոսանալ»։ Որովհետև երեխան այլևս փոքր չէ, դեռահաս է, ով տեսնում է թե՛ ծնողի խնդիրը, թե՛ հասկանում՝ ինչ է կատարվում իր հետ։ Այս պարագայում երեխան նույնպես փորձում է փոխառել ծնողի վարքն ու «փակվում Է» ինքն իր մեջ։ Ստացվում է ընտանքի երկու անդամ ունեն նույն խնդիրները, բայց միմյանց հետ չեն խոսում, որովհետև երկուսն էլ «ուժեղ են», այն դեպքում․ երբ երկուսն էլ աջակցության կարիք ունեն։ Կարելի է ասել․« Գիտես, երբեմն շատ դժվար է ինձ համար, երբեմն շատ եմ վախենում, բայց ինձ օգնում է այ այս բանը»։ Պետք ապահովել այս առողջ շփումն ու հաղորդակցությունը։ Սա լավագույն աջակցությունն է թե՛ ծնողին, թե՛ երեխային։
- Դիմե՛լ մասնագետի, երբ կարիքը տեսնում եք, և համագործակցել նրանց հետ։ Կա մասնագիտական շեմ, որ ծնողը չպետք է իմանա և չպետք է վերցնի այդ բեռն իր վրա։ Պետք է համագործակցել մասնագետի հետ։ Թիմային աշխատանքը, որտեղ ակտիվ կողմերն են մասնագետը, երեխան և ընտանիքը, շատ ավելի արդյունավետ է լինում և շահում են բոլորը։
Թեմայի շուրջ զրուցել ենք նաև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ։ Բագրատ Սրբազանը, հանրագումարի բերելով նախորդ մեկ տարվա իրադարձությունները՝ համավարակ, պատերազմ, հետպատերազմա իրողություններ, արձանագրում է, թե ինչ կարող ենք անել ու որ ավելի կարևոր է՝ ինչ չպետք է անենք այսուհետ։ Կարևոր է․
- Չհուսահատվել։ Թեև վերջին իրադարձությունները մարդկանց ստիպում են հուսահատվել, բայց հուսահատությունը մահացու մեղք է, մեղքերի մեղքն է։ Չպետք է հուսահատվել․ պետք է շարունակել ապրել։
- Ապրումակցել միմյանց։ Հարգել դիմացինի վիշտը, աջակցել, թեկուզ՝ ուղղակի գտնվելով այն ընտանիքի կողքին, ով դրա կարիքն ունի։
- Առողջացնել ընտանիքը՝ առողջացնելու երեխային։ Պետք է առողջացնել ընտանիքը, և դա ակամա կազդի նաև երեխայի վրա։ Ինչպիսին ընտանեկան կյանքի ներսն է, այնպիսին էլ երեխայի մտածողությունն է և հոգևոր վիճակը։ Պետք է վերաբերվենք մեր երեխաներին՝ որպես ամբողջական մարդ, որը զարգացման ընթացքի մեջ է։
Լսենք ու հետևենք Բագրատ Սրբազանի խորհրդին․