Skip to main content
Հետադարձ կապ

Երեխային կարգապահություն սովորեցնելու խելամիտ ու նպաստավոր եղանակը

Ցանկացած ծնող բախվում է երեխային կարգապահություն սովորեցնելու խնդրին: Անկախ նրանից՝ գործ ունեք ճչացող մանկան թե զայրացած պատանու հետ, երբեմն դժվար է պահպանել հավասարակշռությունը: Որևէ ծնող չի ցանկանում հայտնվել նման իրավիճակում, իսկ զայրույթն ու բռնությունը երբեք չեն օգնում:

Բարեբախտաբար, կան այլ, ավելի արդյունավետ ձևեր, և դրանցից մեկը դաստիարակման դրական մոտեցումն է: Մենք դիմել ենք Օքսֆորդի համալսարանի Երեխայի և ընտանիքի սոցիալական աշխատանքի ամբիոնի պրոֆեսոր և երկու տղայի մայր Լյուսի Քլյուվերին, որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է այս մոտեցումն օգնել ծնողներին դրական հարաբերություններ հաստատելու իրենց երեխաների հետ և զարգացնելու նրանց մեջ պատասխանատվություն, համագործակցություն ու ինքնատիրապետում:

Չկան վատ երեխաներ, կա միայն վատ վարքագիծ:

Ինչո՞ւ դրական ծնողավարում

«Ծնողները չեն ցանկանում գոռալ երեխայի վրա կամ խփել նրան: Մենք դա անում ենք, որովհետև ճնշվում ենք և այլ ճանապարհ չենք տեսնում»,- ասում է պրոֆեսոր Քլյուվերը: Ակնհայտ է, որ գոռալն ու հարվածելը արդյունավետ չեն և ի վերջո ավելի շատ վնասում են, քան օգուտ տալիս: Հաճախակի գոռոցները և հարվածելը կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի ամբողջ կյանքի վրա: Դրանց առաջացրած «թունավոր սթրեսը» լի է մի շարք վատ հետևանքներով, օրինակ՝ դպրոցը թողնելու մեծ հավանականություն, ընկճախտ, թմրամոլություն, ինքնասպանություն և սրտանոթային հիվանդություններ:

Պատժելու և «չի կարելի»-ների փոխարեն դրական ծնողավարումը շեշտը դնում է Ձեր երեխայի հետ առողջ հարաբերություններ զարգացնելու և նրա վարքագծի հետ կապված ակնկալիքներ սահմանելու վրա: Բոլոր ծնողների համար լավ նորությունն այն է, որ այս մոտեցումը գործում է, և այն կարող եք կիրառել հետևյալ կերպ.

1. Պլանավորե՛ք դեմառդեմ շփում

Դեմառդեմ շփումը կարևոր է լավ հարաբերություններ ձևավորելու համար, հատկապես Ձեր երեխաների հետ: «Կարող եք դրան հատկացնել օրական ընդամենը 20 կամ նույնիսկ 5 րոպե: Կարող եք դա համատեղել մեկ այլ գործի հետ, օրինակ՝ միասին երգել սպասքը լվանալիս կամ զրուցել լվացքը փռելիս,- նշում է պրոֆեսոր Քլյուվերը: - Իսկապես կարևոր է, որ երեխան լինի Ձեր ուշադրության կենտրոնում: Անջատե՛ք հեռուստացույցը և մի կո՛ղմ դրեք հեռախոսը, դարձե՛ք երեխա»:

2. Գովե՛ք դրականը

Ծնողի դերում մենք հաճախ կենտրոնանում ենք մեր երեխաների վատ արարքների վրա՝ մատնանշելով դրանք: Երեխաները դա կարող են ընկալել որպես Ձեր ուշադրությունը գրավելու լավ միջոց և պահպանեն այդ վարքագիծը՝ չցանկանալով դա փոխել:

Երեխան «ծաղկում» է գովասանքից: Այդ պահին նրանք իրենց զգում են սիրված ու առանձնահատուկ: «Ուշադրությամբ հետևե՛ք նրանց, երբ լավ բան են անում, և գովե՛ք, նույնիսկ եթե նրանց արածը եղբոր կամ քրոջ հետ հինգ րոպե խաղալն է,- խորհուրդ է տալիս պրոֆեսորը: - Դա կխրախուսի լավ վարքագիծը և կմեղմի կարգապահություն սովորեցնելու անհրաժեշտությունը»:

3. Հստակ ակնկալիքնե՛ր սահմանեք

«Երեխային հստակ ասե՛ք, թե ինչ եք ցանկանում, որ նա անի: Դա շատ ավելի արդյունավետ է, քան ասելը, թե ինչ չպետք է անի,- ասում է պրոֆեսոր Քլյուվերը: - Երբ երեխային ասում եք՝ «քեզ լավ կպահես» կամ «խելոք կմնաս», նա չի հասկանում, թե կոնկրետ ինչ է իրենից պահանջվում»: Հստա՛կ ձևակերպեք խնդրանքը՝ «...խնդրում եմ, բոլոր խաղալիքներդ հավաքի՛ր արկղի մեջ», և հավանականությունը, որ երեխան դա կկատարի, ավելի մեծ է:

«Սակայն չմոռանաք, որ խնդրանքները պետք է լինեն իրատեսական: Խնդրել երեխային լուռ մնալ ամբողջ օրվա ընթացքում ավելի անիրագործելի է, քան խնդրել 10 րոպե լուռ մնալ Ձեր հեռախոսային խոսակցության ընթացքում,- ասում է պրոֆեսորը: - Դուք գիտեք, թե Ձեր երեխան ինչի է ունակ, սակայն եթե խնդրեք անել անհնարինը, նա կձախողի»:

4. Շեղե՛ք երեխայի ուշադրությունը

«Երբ երեխան կարգապահ չէ, փորձե՛ք նրա ուշադրությունը շեղել ավելի դրական գործողությամբ: Դա ճիշտ ռազմավարություն է,- ասում է պրոֆեսորը: - Երբ երեխայի ուշադրությունը շեղում եք՝ փոխում եք թեման, խաղ եք առաջարկում, տանում եք այլ սենյակ կամ զբոսնելու, կարող եք նրա էներգիան հաջողությամբ ուղղել դեպի դրական արարքներ»:

Ժամանակի ճիշտ ընտրությունը նույնպես կարևոր է: Երեխային շեղե՛ք այն պահին, երբ նկատում եք, որ նա հակված է վատ արարքի, և փորձե՛ք կանխել դա: Ուշադրությո՛ւն դարձրեք, երբ երեխան կամակոր, դյուրագրգիռ կամ գերզգայուն է դառնում, կամ երբ քույրերը կամ եղբայրները նույն խաղալիքին են նայում: Դա կօգնի կանխելու բարդ իրավիճակների առաջացումը:

5. Հանդարտ, բայց հետևողական եղե՛ք

Երեխան մեծանալով հասկանում է, որ ցանկացած արարք հետևանքներ ունի: Դա նրան բացատրելը պարզ գործընթաց է, որը խրախուսում է դրական վարքագիծը՝ զարգացնելով պատասխանատվություն:

Ձեր երեխային հնարավորությո՛ւն տվեք ճիշտ քայլեր անելու՝ բացատրելով նրան վատ արարքների հետևանքները: Օրինակ՝ եթե ցանկանում եք, որ նա այլևս չնկարի պատերի վրա, խնդրե՛ք դադարեցնել դա, այլապես կարգելեք խաղալը: Դա կլինի նախազգուշացում և հնարավորություն՝ փոխելու իրենց վարքագիծը:

Եթե չդադարեցնի, հանգիստ կերպով արե՛ք այն, ինչ խոստացել էիք, առանց զայրանալու, և «ինքներդ Ձեզ գովե՛ք, քանի որ դա հեշտ չէ», ավելացնում է պրոֆեսոր Քլյուվերը:

«Իսկ եթե երեխան կատարի Ձեր խնդրանքը, արժանացրե՛ք նրան գովասանքի ջերմ խոսքերի,- խորհուրդ է տալիս պրոֆեսորը: - Այդ կերպ Դուք երեխային տալիս եք դրականն անելու հնարավորություն, իսկ բացասական արարքների հետևանքները քննարկելու համար պետք է ընտրել հանգիստ պահերը»:

Հետևողականությունը դրական ծնողավարման կարևորագույն նախադրյալներից մեկն է, ուստի հետևանքների քննարկումը կարևոր է: «Դուք կարող եք դեռահասին մեկ ժամով զրկել հեռախոսից, սակայն մեկ շաբաթով դա անելը դժվար կլինի հետևողականության տեսանկյունից»:

Շփում մանկահասակների հետ

Միասին ժամանակ անցկացնելը կարող է զվարճալի լինել: «Կարող եք թութակի պես կրկնել երեխայի ասածները, գդալներով հարվածել ափսեներին կամ երգել միասին,- ավելացնում է պրոֆեսորը: - Կան հրաշալի հետազոտություններ, որ ապացուցում են, որ երեխայի հետ խաղալը խթանում է նրա ուղեղի զարգացումը»:

Շփում ավելի մեծ երեխաների հետ

Ինչպես մանկահասակների դեպքում, դեռահասները նույնպես կարիք ունեն գովասանքի և լավ վերաբերմունքի: Միասին ժամանակ անցկացնելը նույնպես կարևոր է: «Նրանց դուր կգա, երբ տեսնեն Ձեզ սենյակում իրենց հետ պարելիս, կամ երբ նրանց հետ քննարկեք իրենց սիրելի երգչին,- ասում է պրոֆեսոր Քլյուվերը: - Նրանք կարող են ցույց չտալ, բայց դա նրանց դուր կգա, և դա լավ հարաբերություններ կառուցելու արդյունավետ ձև է»:

Ակնկալիքները ձևակերպելիս «խնդրե՛ք նրանց օգնել Ձեզ կանոններ սահմանել», առաջարկում է տիկին Քլյուվերը: «Նստե՛ք և միասին որոշե՛ք՝ ինչ է կարելի, և ինչ չի կարելի անել տանը»: Թող երեխաները մասնակցեն անընդունելի վարքագծի հետևանքները սահմանելու գործընթացին: Դա լավ հնարավորություն է՝ երեխային ցույց տալու, որ ընդունում եք նրա անկախությունը»:

Խորհուրդներ ծնողներին ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում

Համավարակը կտրուկ ու անսպասելի փոփոխություններ է բերել ընտանիքներում, հատկապես ծնողների համար: Ստորև տրված են խորհուրդներ ծնողներին՝ այս և ցանկացած այլ սթրեսային իրավիճակից դուրս գալու համար:

1. Ընդմիջե՛ք

Բոլորիս էլ ծանոթ է այն զգացողությունը, երբ հասկանում ենք, որ մեր երեխան կամակոր է: Նման պահերին հապաղելը պարզ ու օգտակար մոտեցում է: Սեղմե՛ք «ընդմիջելու կոճակը», ասում է պրոֆեսորը: «Հինգ անգամ խոր շո՛ւնչ քաշեք, առանց շտապելու, հանդարտ և կհասկանաք, որ կարող եք իրավիճակին ավելի հանգիստ ու ըմբռնումով արձագանքել: Ծնողներն ամբողջ աշխարհում նշում են, որ նման դադարը շատ օգտակար է»:

2. Դադար վերցրե՛ք

Ծնողները հաճախ մոռանում են հոգ տանել իրենց մասին, ասում է պրոֆեսոր Քլյուվերը: «Հանգստացե՛ք, երբ երեխան քնած է: Արե՛ք մի բան, որից Դուք երջանիկ ու հանգիստ կզգաք: Շատ դժվար է որպես ծնող ամեն ինչ ճիշտ անել, եթե բավականաչափ չեք հանգստացել»:

3. Գովե՛ք ինքներդ ձեզ

Գնահատե՛ք այն հսկայական աշխատանքը, որ Դուք կատարում եք որպես ծնող ամեն օր, խորհուրդ է տալիս պրոֆեսորը: «Ամեն օր, օրինակ՝ ատամները լվալիս, մի պահ հարցրե՛ք ինքներդ Ձեզ. «Ի՞նչ լավ բան արեցի երեխայի հետ այսօր»: Եվ կիմանաք, որ իսկապես մեծ բան եք արել»:

«Լինեք մեկուսացման մեջ, թե ոչ, հիշե՛ք, որ Դուք միայնակ չեք,- ասում է նա: - Միլիոնավոր ծնողներ ամբողջ աշխարհում փորձում են ամեն ինչ ճիշտ անել, և բոլորս էլ երբեմն ձախողում ու նորից ենք փորձում: Մենք այս ամենը միասին կհաղթահարենք»:

Երեխայի անվտանգությունը

62555977