Skip to main content
Հետադարձ կապ

Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք․ դեռահասության ճգնաժամ

Դեռահասությունն յուրահատուկ փուլ է մարդու կյանքում համարվում է ճգնաժամային, որովհետև անցումային փուլ է, երբ ո՛չ մեծ ես, ո՛չ փոքր ու դա բազմաթիվ հարցեր է ծնում: Անցումային այս փուլում շատ դեռահասներ և ծնողներ ունենում են գրեթե նույն դժվարությունները. դեռահասի ցանկությունների, պահանջների, բնավորության և վարքի փոփոխություններն անակնկալի են բերում ինչպես դեռահասին, այնպես էլ ծնողներին:

Մինչ դեռահասը փորձում է հարմարվել ու «գլուխ հանել» իր ֆիզիոլոգիական և հոգեբանական փոփոխություններից, ծնողի առջև միաժամանակ երկու խնդիր է ծառանում՝ հասկանալ, ընդունել իր զավակի հետ կատարվողը և օգնել նրան:

Դեռահասության ճգնաժամի դրսևորումները բազմաթիվ են, անցողիկ և օրինաչափ, բայց դա չի նշանակում, որ դեռահասին պետք է միայնակ թողնել իր խնդիրների հետ:

Հոգեբան, ԵՊՀ դասախոս Սոսե Խաչիբաբյանի հետ առանձնացրել ենք 9 պայման, որոնց առկայության դեպքում դեռահասն անհամեմատ հեշտ կհաղթահարի դեռահասության ճգնաժամը, ծնողը չի կորցնի իր հեղինակությունը զավակի աչքերում և կամրանան ծնող-երեխա հարաբերությունները:

Բայց նախ՝ ներկայացնենք դեռահասության շրջանում ամենացայտուն փոփոխությունները

  • Հաճախ մեկուսանալու ցանկություն
  • Կամ հակառակը՝ հասակակիցների հետ հաճախ լինելու ցանկություն
  • Տանը հարաբերությունների փոփոխություն
  • Ֆիզիկական փոփոխություններ և դրանից բխող ինքնավստահության անկում
  • Ուսումնական մոտիվացիայի անկում
  • Տրամադրության հաճախակի տատանումներ։

Ահա, թե ինչպես կարող եք աջակցել ձեր երեխային այս կարևոր փուլում.

Պատմե՛ք նրան ձեր իսկ դեռահասության շրջանի մասին։ Երեխայի համար դեռահասության փոփոխություններն ու դրա հետ կապված խնդիրները նոր են ու արտառոց, մինչդեռ ծնողը եղել է դեռահաս, հիշում է ինքն իրեն կյանքի այդ փուլում, ունի փորձ ու նաև պարտավորություն օգնել իր երեխային հնարավորինս սահուն անցնել այդ փուլը։ Կարևոր է, որ ծնողը պատրաստ լինի խոսել իր դեռահասության մասին, պատմել իր փորձը, ավելին՝ նախապատրաստել դեռահասին։ Երբ արդեն ծնողը նկատում է որոշակի փոփոխություն երեխայի մեջ և տեսնում է, որ այս փուլն արդեն սկսվում է, կարելի է երեխային նախապատրաստել դրան՝ ներկայացնելով հնարավոր փոփոխությունները և ասել, որ դրանք նորմալ են ու անցողիկ, որ այդ կարևոր փուլի շրջանում է նա ձևավորվում և հասունանում։

Ամենափոքր տարիքից հարգե՛ք ձեր երեխայի «անձը»։ Եթե ծնողը սովոր է նկատել իր երեխայի ինքնությունն ու խառնվածքը, տեսնել նրա հետաքրքրությունները, հարգել դրանք, հարգել նրա ճաշակն ու ընտրությունը, եթե երեք տարեկանից հարցրել է «ո՞րն է քեզ դուր գալիս», «ի՞նչ կարծիք ունես այս երևույթի մասին», ապա ծնողը պատրաստ կլինի այս անձին տեսնել մի քիչ ավելի բուռն ու ծայրահեղական խառնվածքով։ Կարևորն այն է, որ դեռահասության շրջանում արդեն ծնողի համար նորություն չի լինի հաշվի նստել, հարգել և ընդունել դեռահասի կարծիքն ու նոր փոփոխված մոտեցումները։ Դեռահասության փուլն ավելի հեշտությամբ հաղթահարելու համար կարևոր է դեռ վաղ մանկությունից երեխայի հետ գրագետ ու առողջ հարաբերություն մշակել։

Վերանայե՛ք դեռահասին ուղղված ձեր բառապաշարը։ Պետք է սկսենք «երեխա» ձևակերպումից, դեռահասին կարող է դուր չգալ, եթե նրան կոչեք՝ «իմ երեխա», «փոքրիկս»։ Այս շրջանում կարևոր է վերանայել բառապաշարը, մտապահել, որ գործ ունենք և խոսում ենք ոչ թե երեխայի հետ, այլ՝ անցումային շրջանում գտնվող անձի հետ։ Կարևոր է խուսափել հակասական ձևակերպումներից։ Մի զրույցում ասել՝ «դու փոքր ես, որ այսպիսի բաներ անես», իսկ հաջորդ զրույցում՝ «դու արդեն մեծ ես, այլևս այսպիսի բաներ չես կարող անել»։ Չափից շատ սպասելիքները և չափից քիչ իրավունքները խնդրահարույց են և խորացնում են առանց այն էլ դեռահասի ներսում տեղի ունեցող հակասությունները։

Պարբերաբար հարցրե՛ք նրա կարծիքը։ «Ինչպե՞ս անցավ օրդ», «ի՞նչ հետաքրքրություն ունես», «ինչ ես կարծում այս կամ այն երևույթի/իրողության/լուրերի մասին»։ Կարևոր է կանոնավոր կերպով հաշվի առնել դեռահասի կարծիքը, հետաքրքրությունները և այն փոփոխությունները, որ տեղի են ունենում նրա հետաքրքրությունների և կարծիքի հետ։

Երբեք մի՛ պիտակավորեք ինչպես երեխաներին, այնպես էլ դեռահասներին։ Այն փուլում, երբ դեռահասի հետ ֆիզիկական կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում՝ փոխվում է հասակը, մարմնի համամասնությունները, երբ նա ինքն իրեն հայլում չի ճանաչում, քանի որ փոխվել է նաև իր մարմնի սեփական ընկալումը, կարևոր է չպիտակավորել նրան և ոչ մի դեպքում չծաղրել, փոխարենը հուշել, թե ինչ է լինելու, ինչու, և նորմալիզացնել այս անցումային փուլը, քանի որ բոլորն են դրա միջով անցնում և դա նորմալ է։

Միասին հաղթահարեք խնդիրները։ Դեռահասին անհրաժեշտ է աջակցություն ոչ միայն այս անցումային փուլն ընկալելու համար, այլև առաջացած խնդիրները լուծելու համար։ Եթե խնդիրներ կան, օրինակ՝ մաշկի հետ կապված խնդիր, ուրեմն կարևոր է միասին մաշկաբանին այցելելը և նրանից խորհրդատվություն ստանալը։ Այսպես նաև կհուշեք ձեր դեռահասին, թե նման խնդիրներն ինչպես է պետք գրագետ լուծել։ Այսպես ձեր դեռահասը զգում է, որ միայնակ չէ, ծնողն իր կողքին է։ Այսպես ավելի կջերմանան հարաբերությունները, և նա կդիմի ծնողի աջակցությանը՝ ցանկացած առաջացած դժվարությունների դեպքում։ Կարևոր է ծայրահեղությունների մեջ չընկնել։ Դեռահասին չծաղրելու հետ զուգահեռ՝ պետք է խուսափենք ծայրահեղացված գովեստներ շռայլելուց։ Եթե դեռահասն իրեն շատ գեղեցիկ չի համարում, բայց անդադար լսում է, որ ինքն աշխարհի ամենագեղեցիկն է, ապա նա ավելի է հեռվանում իր փոփոխություններից և դրանք ընդունելու ճանապարհից։

Մի՛ պարտադրեք այս կամ այն արտաքին տեսքն ու մոտեցումը։ Կարևոր է հասկանալ, որ, օրինակ՝ աղջիկը, մտնելով դեռահասության փուլ, առաջին անգամ է ծանոթանում իր կանացիությանը։ Մինչ այդ նա այս հարցերն այլ կերպ է տեսել ու գնահատել։ Վերջինիս գումարվում են նաև ի հայտ եկող ֆիզիկական փոփոխությունները։ Այս փուլում, հաճախ, դեռահասները սկզբում մերժում են այս փոփոխությունները, քանի որ դեռ չգիտեն՝ ինչպես աշխարհին ներկայանանալ այս նոր տեսքով։ Կարևոր է ընդունել, որ սա ևս բնական է։ Եթե դեռահասը քողարկում է իր կանացիությունը, նշանակում է նա դեռևս չի ճանաչում իր այս կողմերը և որ իրեն ժամանակ է պետք դա ընդունելու։ Կարևոր է լսել, կարծիք հայտնել, բայց չպարտադրել։ Կարևոր է ներքուստ պատրաստ լինել, որ պարտադիր չէ, որ ձեր դեռահասը ձեզ նման լինի։ Նա առանձին մարդ է, և ունի իր ճաշակը, իր ընտրությունը կատարելու իրավունքը։

Ծայրահեղ քայլերին առաջարկեք այլընտրանքներ։ Այն փոփոխությունները, օրինակ, որոնք դեռահասները կարող են անել կամ կարող են ցանկանալ անել իրենց արտաքինի հետ, ունեն իրենց պատճառները։ Դա կարող է լինել ծնողին, ընտանիքին, հասարակությանն ուղղված «բունտ»-ի պատճառով կամ ինքնադրսևորման եղանակ, երբ դեռահասն ուզում է ավելի հետաքրքրիր, ավելի մեծ երևալ։ Այս դեպքում ծնողը նախ պետք է փորձի հասկանալ արտաքին փոփոխության խորքային պատճառը, հետո՝ դեռահասին առաջարկի ինքնադրսևորման այլընտրանքներ։

Ի դեպ, եթե դեռահասը մեծանում է ընտանիքում, որտեղ «չի կարելիները» շատ են և հիմնավորված չեն, դեռահասներն ավելի հակված կլինեն ծայրահեղ քայլերի։ Որքան քիչ են սահմանափակումները և հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա, այդքան ավելի պակաս հավանական է, որ դեռահասը ծայրահեղ քայլերի դիմի։

Դիմե՛ք մասնագետի օգնությանը, եթե նկատում եք, որ դեռահասության ճգնաժամը չեք կարողանում հաղթահարել։ Մասնագետը կօգնի հասկանալ ճգնաժամի խորքային պատճառներն ու ավելի ամուր ու մտերիմ հարաբերություններ ձևավորել դեռահասի հետ ոչ միայն այս փուլի, այլև՝ ամբողջ կյանքի համար։

Դիտե՛ք ամբողջական տեսանյութը