Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես արդյունավետ հաղորդակցվել ձեր մանկահասակ երեխայի հետ

Յուրաքանչյուր շփում ձեր երեխայի հետ հաղորդակցման ձև է։ Հաղորդակցությունը ոչ միայն ձեր օգտագործած բառերն են, այլև հայացքը, գրկախառնությունները և համբույրները. դրանք բոլորը ուղերձներ են՝ ուղղված ձեր երեխային։ Երեխայի հետ ձեր հաղորդակցման ձևը ոչ միայն նրան սովորեցնում է հաղորդակցվել ուրիշների հետ, այլև ձևավորում է նրա հուզական զարգացումը և ազդում հետագա կյանքում նրա հարաբերությունների ձևավորման վրա։

 

Որո՞նք են հաղորդակցության տեսակները։

Հաղորդակցությունը կարող է կրել երկու ձև՝ խոսքային և ոչ խոսքային։

Խոսքային հաղորդակցությունը բառերի միջոցով հաղորդակցվելն է, որը ներառում է.

  • ձայնի բարձրությունն ու տոնայնությունը,
  • արտաբերած բառերը,
  • բարբառը կամ այնպիսի բառերի կիրառումը, որոնք երեխան ամենալավն է ընկալում։

Ոչ խոսքային հաղորդակցությունը մարմնի լեզվի միջոցով ինչպես միտումնավոր, այնպես էլ ոչ միտումնավոր հաղորդակցությունն է։ Այն ներառում է.

  • դեմքի արտահայտությունը,
  • աչքերի կոնտակտը,
  • անձնական տարածությունը,
  • ձեռքերի շարժումները,
  • ֆիզիկական հպումները, ինչպես օրինակ՝ գրկախառնությունը։

Փորձեք այս ինը հնարքները, որոնք կօգնեն զարգացնելու խոսքային և ոչ խոսքային հաղորդակցության ձեր հմտությունները.

1. Ուշադիր լսեք

Ակտիվ ունկնդրելն օգնում է երեխային զգալու, որ իրեն լսում և հասկանում են։ Ժեստերի, ինչպես օրինակ՝ խրախուսական ժպիտի և գլխով անելու միջոցով կարող եք ցույց տալ, որ ձեզ հետաքրքրում է և ձեզ համար իսկապես կարևոր է այն, ինչ ասում է երեխան։ Նույն մակարդակի վրա երեխայի աչքերի մեջ նայելը, երբ երեխան խոսում է ձեզ հետ, կարող է օգնել, որ երեխան իրեն ավելի ապահով զգա և ձեզ հետ ավելի սերտորեն կապվի։

Ցույց տվեք, որ դուք ուշադիր լսում եք նրա ասածը՝ նրան տալով այնպիսի հարցեր, ինչպես օրինակ՝ «ի՞նչ», «ինչո՞ւ» և «ինչպե՞ս»։ Սա նաև օգնում է երեխային կատարելագործելու սեփական հաղորդակցական հմտությունները՝ սովորեցնելով նրան, թե ինչպես պատմություն պատմել և ինչ մանրամասներ ներառել։

2. Արձագանքեք

Երեխային արձագանքելն այնպես, ինչպես հայելին է արտացոլանքն անդրադարձնում, հրաշալի միջոց է՝ ցույց տալու երեխային, որ ձեզ համար կարևոր է նրա ասածը, և դուք ուշադրություն եք դարձնում դրան։ Կրկնեք նրա ասածը՝ օգտագործելով ուրիշ բառեր։ Օրինակ՝ եթե ձեր երեխան ասում է՝ «Ես էլ չեմ խաղում Դավիթի հետ», դուք կարող եք արձագանքել ասելով՝ «Դու էլ չե՞ս խաղում ընկերոջդ հետ»։ Սա երեխային հնարավորություն է տալիս արտահայտելու իր հույզերը առանց դատողության։ Ձեզ կզարմացնի, թե որքան շատ բան ունի նա ասելու։

3. Հստա՛կ խոսեք

Խոսե¢ք ձեր երեխայի համար հասկանալի և նրա տարիքին համապատասխան լեզվով։ Խոսե¢ք հստակ, կոնկրետ և մի¢ օգտագործեք նսեմացնող բառեր։ Բարեկիրթ խոսքն օգնում է դրական օրինակ ծառայելու երեխաների համար։ Հիշե¢ք՝ խոսքը պետք է լինի այնպիսին, որ երեխան իրեն հարգված և սիրված զգա։   

4. Խուսափե՛ք «կաշառելուց»

Կարող է թվալ, թե սովորական վարքագծի դիմաց պարգևատրում, ինչպես օրինակ՝ կոնֆետ առաջարկելը ձեզ կարճ ժամանակով դարձնում է դրության տերը, սակայն դա թույլ չի տալիս, որ դուք հստակ սահմաններ գծեք, և կարող է անվստահության ստեղծել ձեր և ձեր երեխայի միջև։ Փորձե¢ք ձևավորել հստակ և իրատեսական ակնկալիքներ այն մասին, թե ինչ կցանկանայիք, որ ձեր երեխան աներ, գրագետ գովե¢ք լավ վարքագիծը, երբ տեսնում եք այն, որպեսզի անհրաժեշտության դեպքում խրախուսեք ավելի լավ վարքագիծ։    

> Կարդալ՝ Երեխային կարգապահություն սովորեցնելու խելամիտ ու նպաստավոր եղանակը

5. Անվանե՛ք զգացմունքները

Որպեսզի երեխայի մոտ զարգանա հուզական ինտելեկտ, կարևոր է, որ նա սովորի անվանել իր զգացմունքները։ Երբ ձեր երեխան խոսքերով արտահայտում է իր զգացմունքները, լսե՛ք նրան՝ ապրումակցելով և առանց քննադատության։ Փորձե՛ք նայել կյանքին նրա աչքերով։ Եթե ձեր փոքրիկը իր զգացմունքներն արտահայտում է ոչ խոսքային եղանակով, օրինակ՝ բարկության կամ ծիծաղի միջոցով կամ իր սիրելի զբաղմունքից ուրախանալով, օգնե՛ք նրան բառերով նկարագրելու իր զգացածը, օրինակ՝ երջանիկ, տխուր, հանգիստ, վիրավորված, վախեցած, սոված, հպարտ, քնկոտ, բարկացած, անօգնական, նյարդայնացած կամ ուրախ։ 

6. Օգտագործեք այնպիսի արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, որ Դուք «նկատել» եք

Երբ երեխային գովում եք կոնկրետ արարքների համար, դա օգնում է, որ նա լավ կարծիք ձևավորի իր մասին և հասկանա, թե ձեզ ինչպիսի վարքագիծ է դուր գալիս։  «Ապրե՛ս» ասելու փոխարեն՝ փորձեք ավելի կոնկրետ արտահայտվել՝ օգտագործելով արտահայտություն, որը ցույց կտա, որ դուք «նկատել» եք՝ «Ես նկատեցի, որ դու խաղից հետո հավաքեցիր քո բոլոր խաղալիքները։ Այ դա աշխատասիրություն է»։  

7. Ուրախ ժամանակ անցկացրեք միասին 

Երեխաների մեծանալուն զուգահեռ ծնող լինելը կարող է ավելի լուրջ գործ թվալ։ Այդ իսկ պատճառով՝ էլ ավելի կարևոր է միասին ուրախ ժամանց անցկացնել և թեթև ու անմիջական զրույցներ ունենալ. դա ձեր հարաբերությունն ամրապնդելու հրաշալի ձև է։ Ձեր երեխայի հետ մտերմություն անելու ձևեր գտե՛ք՝ ինչ-որ դրական բան ասելով նրա համար կարևոր բաների մասին, ուշադրություն դարձնելով նրա հետաքրքրություններին և միասին կատակելով։ Հիշե՛ք՝ ծիծաղե՛ք ձեր երեխայի հետ, բայց ոչ երբեք երեխայի վրա։

8. Կենտրոնացեք վարքագծի վրա

Եթե Ձեր երեխան ինչ-որ բանով վշտացրել է ձեզ, ձեր քննադատությունն ու դիտողություններն ուղղե¢ք նրա վարքագծին, ոչ թե նրա անձին։ Օրինակ՝ «Ինձ դուր չի գալիս, որ դու թափթփված ես» ասելու փոխարեն ասե՛ք «Ինձ դու չի գալիս, երբ դու հագուստդ թափում ես հատակին»։ 

9. Առաջնորդեք ձե՛ր օրինակով

Մտածե՛ք, թե ինչ օրինակ եք ծառայում։ Երեխաներն աշխարհը ճանաչում են ծնողների միջոցով։ Ձեր արաքները, որոնք երեխան տեսնում է, նույնքան կարևոր են, որքան ձեր խոսքերը, որոնք նա լսում է։ Երեխային միայն այնպիսի խոստումնե՛ր տվեք, որոնք, վստահ եք, որ կարող եք պահել։ Սա օգնում է վստահություն ձևավորել ձեր և ձեր երեխայի միջև և պահպանել այն։

Հիշե՛ք՝ երեխայի հետ կապվելու ու հաղորդակցվելու միջոցը մշտապես պետք է սիրո և բարության վրա հիմնված լինի:  


Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր