Skip to main content
Հետադարձ կապ

Տանը առողջ թվային սովորություններ ձևավորելու 10 մեթոդ

Թվային դարաշրջանում երեխա դաստիարակելը հեշտ չէ։ Դժվար է հետևել օրըստօրե զարգացող տեխնոլոգիաներին, միաժամանակ հավասարակշռել դրանց առնչվող ռիսկերն ու հնարավորությունները։ Մենք զրուցել ենք թվային տիրույթում ծնողավարման փորձագետ դ Ժակլին Նեսիի հետ՝ լսելու ընտանիքում թվային սարքերը ճիշտ գործածելու վերաբերյալ նրա խորհուրդները։ 

Հնարավորինս վաղ և հաճախակի՛ խոսեք ձեր ընտանիքում թվային սարքերի դերի մասին։ 

1 Ձեր երեխային հարցե՛ր տվեք իրենց սարքերի վերաբերյալ, այնպես, ինչպես կհարցնեիք նրանց ցանկացած զբաղմունքի մասին։ Պարզե՛ք, թե ինչն է նրան դուր գալիս, ինչը՝ ոչ, ինչքան հաճախ են օգտագործում, և ինչն է աշխատում։

2. Քննարկե՛ք թվային սարքերի օգտագործման վտանգները։ Անկեղծորեն հայտնե՛ք ձեր մտահոգությունները, որ թվային սարքերը կարող են խանգարել այլ զբաղմունքներին, և որ անհանգստանում եք, թե ինչ բովանդակություն են դիտում կամ ինչով են զբաղվում համացանցում։ Կարևոր է, որ ձեր երեխաներին պարզ և հստակ (և հաճախ) ասեք, որ դուք ցանկանում եք՝ առցանց խնդիրների դեպքում անմիջապես ձեզ դիմեն։ Կարող եք այսպես ասել. «Իսկապես դժվար է իմանալ, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում, որ կարող են առաջանալ առցանց տիրույթում։ Հնարավոր է հանդիպեն բաներ, որոնք կշփոթեցնեն կամ կանհանգստացնեն քեզ, և ես ուզում եմ, որ նման դեպքերում ինձ մոտ գաս, որպեսզի մենք միասին փորձենք գլուխ հանել դրանցից»: Պետք է նաև մտածել, թե ինչպես ենք արձագանքում, երբ մեր երեխաները նման հարցերով դիմում են մեզ։ Որպես ծնողներ՝ մեզ երբեմն զարմացնում և անգամ վախեցնում է, երբ մեր երեխաներն իրենց առցանց խնդիրների մասին պատմում են մեզ։ Մի կողմից գայթակղիչ է անմիջապես միջամտել և ասել, թե ինչն են սխալ անում կամ սարքը երեխայի ձեռքից վերցնել նրա ապահովության համար։ Բայց այս իրավիճակում ավելի լավ կլինի նման ձևով արձագանքել. «Շնորհակալ եմ, որ ինձ ասում ես դրա մասին»: Այս դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ նա կրկին առցանց խնդիր ունենալու դեպքում ձեզ կդիմի։ 

3. Փորձե՛ք գտնել խորքային խնդիրները։ Կարևոր է, որ ամեն ինչ չկապեք թվային սարքերի հետ։ Հաճախ տեղի են ունենում բաներ, որոնք դրսևորվում են երեխաների կողմից սարքերն օգտագործելու միջոցով։ Օրինակ՝ եթե ձեր դեռահաս երեխան չափից դուրս շատ ժամանակ է անցկացնում սոցցանցերում՝ շարունակ թարմացնելով բովանդակությունը, թերևս արժի խոսակցություն սկսել այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում։ Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ երեխան մտահոգվում է, թե ինչ են մարդիկ մտածում իր մասին, կամ գուցե ինքնավստահ չէ դպրոցում, խնդիր ունի հասակակիցների հետ և այլն: Ձեր ընտանիքին համապատասխան սահմաննե՛ր գծեք։ 

4. «Այո» և «ոչ» կանոննե՛ր սահմանեք: «Այո» կանոններն այն մասին են, թե ձեր երեխաներն ինչ պետք է անեն և, ձեր կարծիքով, ինչպես պետք է օգտվեն համացանցից։ Ինչ է նշանակում լինել լավ «թվային» քաղաքացի։ Ինչպես եք պատկերացնում թվային սարքերի «առողջ» օգտագործումը ձեր ընտանիքում։ Մյուս կողմից՝ «ոչ» կանոններն այն մասին են, թե, ձեր կարծիքով, ինչ չպետք է նրանք անեն (ուրիշներին բուլինգի ենթարկել) կամ ինչ չպետք է անեն համացանցում անվտանգության նկատառումներից ելնելով (օրինակ՝ անձնական տվյալներ չտրամադրեն): Ձեր երեխաների հետ խոսե՛ք այն մասին, որ սխալներ բոլորն են գործում, և նորմալ է, որ նրանք դեռ սովորում են և փորձում լավ «թվային» քաղաքացի դառնալ։ Որոշ ընտանիքներում օգտակար կլինի երեխաներին ասել, որ նրանք «խնդիր չեն ունենա», եթե անախորժությունների հանդիպելու դեպքում ձեզ դիմեն և ձեզ հետ անկեղծ լինեն։  

5. Թվային սարքերից զերծ տարա՛ծք ստեղծեք։ Ընտանիքի համար սահմաններ գծելը կարող է նշանակել, որ օրվա մեջ որոշակի ժամերի կամ որոշակի տարածքներում թվային սարքեր չպետք է լինեն։ Կարող եք «կայանատեղի» ստեղծել, որտեղ որոշակի ժամերի կպահվեն բոլոր սարքերը։ Օգտակար սովորություն կարող է լինել գիշերը սարքերը ննջարաններից հանելը: Քունը չափազանց կարևոր նշանակություն ունի, իսկ սարքերը դրան կարող են խանգարել։ 

6. Բովանդակության վերաբերյալ ակնկալիքնե՛ր սահմանեք։ Համոզվեք, որ ձեր երեխային հասանելի առցանց բովանդակությունը նրա տարիքին և զարգացման մակարդակին համապատասխան են։ Իսկ մանկահասակ երեխաները և դեռահասները որևէ նոր հավելված ներբեռնելուց կամ նոր հարթակի միանալուց առաջ պետք է ձեր թույլտվությունն ունենան։ Կարող եք նաև ծնողական վերահսկողության միջոցներ (parental controls) կիրառել (օրինակ՝ էկրանի առջև անցկացված ժամանակի սահմանափակում, գնումների հավելվածների, բովանդակության զտում և այլն): 

Տեղյա՛կ եղեք, թե ձեր երեխաներն ինչ սարքեր են օգտագործում: 

7. Միասին ուսումնասիրե՛ք թվային սարքերը։ Փորձե՛ք բոլոր տարիքի երեխաների հետ կիրառել համատեղ դիտումների և միասին օգտագործման պրակտիկան։ Սա պարզապես նշանակում է, որ դիտում եք կամ սարքն օգտագործում եք ձեր երեխաների հետ միասին, օրինակ՝ միասին ֆիլմեր դիտելը և դրանց մասին նրանց հետ խոսելը։ Ավելի մեծ տարիքի երեխաները պետք է ձեզ ցույց տան, թե ինչով են զբաղվում առցանց, ինչով են հետաքրքրվում, ինչ հավելվածներից են սիրում օգտվել և այլն։  

8. Իմացե՛ք, թե երբ է երեխային որոշակի ազատություն տալու ժամանակը։ Երբեմն կարող եք հետևել, թե ինչ է անում ձեր երեխան իր սարքում, բայց նախապես հայտնեք նրան դրա մասին։ Սա կարևոր է մանավանդ մանկահասակ երեխաների կամ սարքերից (օրինակ՝ հեռախոս) նոր օգտվողների դեպքում։ Երբ երեխաները մեծանում են և սարքերի օգտագործման ավելի մեծ փորձառություն են ձեռք բերում, նրանց կարող եք ավելի շատ ինքնուրույնություն տալ՝ իրենց տարիքին և զարգացման փուլին համապատասխան։ Սակայն միշտ կարևոր է ընդհանուր առմամբ տեղյակ լինել, թե ինչով են նրանք առցանց զբաղվում։  

Առողջ սովորություննե՛ր ձևավորեք ձեր երեխաների մեջ։ 

9. Գործե՛ք որպես թիմ։ Որպես ծնողներ՝ կարևոր է իմանալ, թե ինչպես (և որքան հաճախ) ենք օգտվում մեր սարքերից, և դա հեշտ չէ։ Բայց ձեր երեխաների հետ միասին առողջ սովորություններ և սահմաններ ձևավորելը շատ լավ հնարավորություն է մի կողմ դնելու «ես ընդդեմ քեզ» մոտեցումը, որն այնքան հաճախ է հանդիպում ծնողների և երեխաների հարաբերություններում, և փոխարենը փորձել ստեղծել «մենք ընդդեմ տեխնոլոգիաների բերած մարտահրավերներին» մոտեցումը։  

10. Հնարավորինս զվարճալի՛ դարձրեք այդ ամենը։ Թվային սարքերը երեխաների հետ խաղալու և ուրախ ժամանակ անցկացնելու նպատակին ծառայեցնելու բազմաթիվ եղանակներ կան։ Դա կարող է լինել հավելվածի միասին օգտագործումը կամ համատեղ խաղերը: Կարող եք տեսանյութեր դիտել՝ վերցնելու խաղերի համար գաղափարներ կամ գտնելու հոբիներ և հետաքրքրություններ՝ խոհարարությունից մինչև սպորտ և երաժշտություն։ 

Դոկտոր Ժակլին Նեսին Բրաուն համալսարանի Հոգեբուժության և մարդկային վարքագծի ֆակուլտետի դասախոս է։ Նա հետազոտում է դեռահասների հոգեկան առողջության և զարգացման վրա սոցիալական մեդիայի ազդեցությունը: Ժակլինը մայր է և Techno Sapiens շաբաթաթերթի հեղինակ, ինչպես նաև Tech Without Stress (Տեխնոլոգիաներ՝ առանց սթրեսի) համահիմնադիրը, որն այս թվային դարաշրջանում երեխաների դաստիարակության հարցերում ծնողներին աջակցելու համար նախատեսված դասընթաց է։ 


Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից: Փաստաթղթում արտահայտված կարծիքները պատկանում են իրենց հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ:

Նույնաբովանդակ այլ նյութեր