Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես աջակցել երեխային՝ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված կորուստների ցավը

Մեր կյանքի ընթացքում տեղի ունեցած այս երևույթը՝ կորոնավիրուսը, աննախադեպ է, և ամբողջ աշխարհում մարդիկ երազում են իրենց սովորական կյանքին ու առօրյային վերադառնալ։ Ոմանք գուցե սգում են կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցած իրենց հարազատի կորուստը։ Կորուստը, վիշտը և սուգը ծանր ապրումներ են ցանկացած մարդու համար, առավել ևս՝ երեխաների, ում կյանքում նման դեպք գուցեև առաջին անգամ է պատահում։

Զրուցել ենք հոգեբան-մասնագետ Լիզա Դամուրի (Dr. Lisa Damour) հետ։ Նա «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր է, լավագույն վաճառք գրանցած գրքերի հեղինակ ու նաև՝ երկու երեխաների մայր։ ՏկնԴամուրը մեզ պատմեց այն մասին, թե այս դժվարին ժամանակներում ինչպես կարող ենք օգնել մեր երեխաներին՝ հաղթահարել մեծ ու փոքր կորուստները։

Ո՞րն է կորստի և վշտի միջև տարբերությունը։

«Կորուստը և վիշտը հոգեբանական ծանր ապրումներ են, ինչի հետևանքով թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները ցավ են ապրում և հաճախ խորը տխրության զգացումով համակվում», - նշում է Դամուրը: «Օգտագործում ենք «կորուստ» տերմինը՝ խոսելու այն ամենի մասին, ինչ կարող է վերադառնալ, օրինակ՝ առօրյա կյանքն ու առօրեականը մինչև համավարկը»: «Վիշտը», մյուս կողմից, մշտնջենական է, օրինակ՝ հարազատի մահը: Եվ սա հոգեբանորեն այլ կերպ է ընկալվում, որովհետև բացի այն, որ պետք է համակերպվել մարդու կորստի հետ, շատ ջանք պետք է թափվի, որպեսզի մարդ հասկանա, որ նա այլևս չի վերադառնալու»:

Ի տարբերություն մեծահասակների, ինչպե՞ս են երեխաները վերապրում վիշտը և հաշտվում կորցրածի հետ։

Ըստ Դամուրի, շատ բան կախված է երեխայի տարիքից: «Շատ փոքր երեխաներին տեղի ունեցածը և՛վշտի, և՛ կորստի դեպքում կարող է շփոթեցնել։ Մինչև 5 տարեկան երեխաները կարող են չհասկանալ, թե ինչու չեն գնում դպրոց, և ինչու են նրանց ծնողները տանը: Մահվան դեպքում նրանք իսկապես կարող են չհասկանալ, թե ինչ է մահը, կամ որ դա հավերժական բան է: Մենք պետք է գիտակցենք, որ փոքր երեխաները գործ ունեն ոչ միայն իրենց կյանքում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունների հետ, այլև՝ որ նրանք հաճախ չեն հասկանում, թե ինչու են այդ փոփոխությունները տեղի ունեցել կամ ինչի պատճառով»:

6-ից 11 տարեկան երեխաների դեպքում գործ ունենք այլ երևույթի հետ: «Նրանք հաճախ բացատրությունների կարիք ունեն: Այս տարիքում նրանք կարող են հասկանալ, թե ինչի հետևանքով են առաջացել այդ փոփոխությունները կամ ինչի պատճառով է մահացել իրենց հարազատ մարդը։ Երբեմն մենք կարող ենք նրանց բավարարող պատասխաններ տալ, իսկ երբեմն՝ մենք ինքներս չգիտենք, և դա կարող է նրանց ցավ պատճառել»:

«Դեռահասների՝ միջին և բարձր դասարանցիների դեպքում ապրումները շատ ավելի խորն են, քանի որ նրանց հույզերի ներաշխարհը շատ հարուստ է։ Ժամանակ առ ժամանակ նրանց պետք է վստահեցնել, որ իրենց տխրությունը կամ ընտանիքի անդամի կորստի մասին անընդհատ չմտածելը նորմալ երևույթներ են, որովհետև այդ տարիքում նրանց կարող է անհանգստացնել այն միտքը, որ նրանք տեղի ունեցածին ճիշտ ռեակցիա չեն տալիս։

Ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս վերապրել տեղի ունեցածը։

Կարեկից և անկեղծ եղեք բոլոր տարիքի երեխաների հետ, բայց համոզվեք, որ հատկապես փոքր երեխաներին ամեն ինչ պարզ ու հստակ ենք բացատրում։ «Մինչև 5 տարեկան երեխաներին անհրաժեշտ են շատ պարզ, հստակ բացատրություններ, առանց մեղմասությունների: Մենք չենք կարող երեխաներին ասել, որ ինչ-որ մեկին «կորցրել ենք», քանի որ նրանք իրականում չեն հասկանալու, թե ինչ եք փորձում ասել: Փոխարենը՝ ճիշտ կլինի ջերմ և քնքշորեն ասել. «Ես շատ տխուր նորություն ունեմ: Քո պապիկը մահացել է: Դա նշանակում է, որ նրա մարմինը էլ չկա, ու մենք այլևս չենք կարողանա տեսնել նրան: Միշտ էլ դժվար է հաշտվել որևէ մեկի մահվան հետ, բայց դա շատ ավելի դժվար է, երբ իրականում չես հասկանում, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»:

Ես ինքս եմ ծնող կորցրել և սգում եմ նրա մահը։ Այս պարագայում ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս։

«Իրականում վատ չէ, երբ երեխաները տեսնում են, թե ինչպես են սգում մեծահասակները», - ասում է տկն Դամուրը: «Երբ հարազատի մահվան պատճառով տխրում ենք, մենք ճիշտ ժամանակին ճիշտ ռեակցիա ենք տալիս: Կարևոր է, որ փոքրերը մեզնից սովորեն, թե ինչպես վերապրել տեղի ունեցածը, նույնիսկ եթե դա ծանր հույզ է»:

Եթե վիշտը մեծ տառապանք է պատճառում ձեզ, կարևոր է երեխային չվախեցնել: «Ձեզ համար նորմալ պիտի լինի ձեր երեխաների ներկայությամբ տխուր լինելը, բայց եթե վիշտն ամբողջությամբ համակել է ձեզ, փորձեք վերապրել և կառավարել այն առանց երեխաների ներկայության կամ համապատասխան օգնության դիմեք, որպեսզի ձեր երեխաներին չվախեցնեք»:

Ի՞նչ է սովորաբար պատահում, երբ երեխան սգում է սիրելի մարդու մահը:

Ըստ տկնԴամուրի, «Բնավ չի բացառվում, որ 6-ից 11 տարեկան երեխաներն ու դեռահասները չհավատան, որ իրենց մտերիմը մահացել է կամ էլ՝ շոկ ապրեն այդ կապակցությամբ։ Հնարավոր է նաև, որ ինչ-որ պահի մոռանան տեղի ունեցածի մասին, որը նորմալ և առողջ պաշտպանական ռեակցիա է, ինչի արդյունքում գլխուղեղը հանգստանում է։ Այս ապրումները գալիս-գնում են, որոնց հաջորդում է խորը ապրումների հերթափոխը։ Երիտասարդներին պետք է կարեկցել։ Նրանց հետ պետք է համբերատար լինել, քանի դեռ նրանք փորձում են ընդունել իրենց հարազատի մահը։

«Տարիքով փոքր երեխաների մոտ կարող է վարքի հետընթաց նկատվել։ Հնարավոր է նրանք անդադար ձեր կարիքն ունենա կամ հետ վարժվեն տարիքին բնորոշ ձեռքբերումներից (օրինակ` քնի խանգարումներ կամ գիշերամիզություն ունենալ): Նրանք փորձում են ընդունել հարազատի մահը, մեկի, որ իրենց կյանքի կարևոր մասնիկն էր՝ միևնույն ժամանակ փորձելով հարմարվել ընտանիքում տեղի ունեցող փոփոխություններին, որոնք ի հայտ են եկել մահվան պատճառով: Ինչքան շատ բան կարողանանք անել իրավիճակը կարգավորելու համար, այնքան՝ լավ, քանի որ դա կօգնի նրանց կենտրոնանալ՝ հասկանալու, թե ինչ է պատահել և ժամանակի ընթացքում հաշտվել դրա հետ»:

Ես անհանգստանում եմ, որ իմ երեխան կարող է դեպրեսիայի մեջ գտնվել: Որո՞նք են բնորոշ նշանները:

«Կորուստն ու վիշտը` երկուսն էլ ծանր ապրումներ են», - նշում է տկն Դամուրը: «Կարևոր է հասկանալ, թե երբ է երեխան նորմալ ռեակցիա տալիս տեղի ունեցածին և երբ է պետք անհանգստանալ: Թե՛ բոլոր տարիքի երեխաների, և թե՛ մեծահասակների համար պետք է անհանգստանալ, երբ նրանք փորձում են հաղթահարել դեպրեսիան բացասական մեթոդներով, ինչպիսիք են օրեր շարունակ տևող էմոցիոնալ օտարումը, դեղամիջոցների, ալկոհոլի կամ տարատեսակ նյութերի չարաշահումը, իր իսկ անձի հանդեպ ոչ պատշաճ խնամքը, և այլն»:

«Եթե անհանգստանում եք, որ ձեր երեխան դեպրեսիայի մեջ է գտնվում, պետք է ուշադրություն դարձնեք հասկանալու՝ արդյո՞ք երեխան տևական ժամանակ տրամադրություն չունի կամ օրեր շարունակ շատ նյարդային է: Նույնիսկ վիշտ ապրելու դեպքում տխրությունը պետք է ժամանակ առ ժամանակ պատի, երբեմն շատ ուժեղ արտահայտվի և հետո անցնի։ Դեպրեսիան հավանական է, երբ երեխան կամ դեռահասը անդադար տրամադրություն չունի կամ լարված է: Եթե կարծում եք, որ երեխան դեպրեսիայի մեջ է գտնվում, պետք է դիմել մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի օգնությանը։ Նույնիսկ այս դեպքում, կարևոր է հասկանալ, որ երբ կորցնում ես հարազատ մարդու, հնարավոր չէ վիշտը վերապրել կարճ ժամանակահատվածում»:

Կարևոր իրադարձությունների չմասնակցելը ազդում է երեխայիս վրա: Ի՞նչ կարող եմ անել։

«Երեխաները իրավունք ունեն տխրելու կորոնավիրուսի պատճառով իրենց բնականոն կյանքում տեղի ունեցած փոփոխությունների համար», - ասում է տկնԴամուրը: «Այն ամենն, ինչ իրենք այս ընթացքում բաց են թողել կամ այն ինչ տեղի չի ունեցել, իրենց համար մեծ խնդիր է։ Եվ եթե մենք կարծում ենք՝ մի մեծ բան չէ, ապա երեխաների համար սրանք այնպիսի իրադարձություններ են, որոնց նրանք սպասել են ամիսներով, եթե ոչ՝ տարիներով։ Մենք՝ մեծահասակներս, կարող ենք օգնել նրանց՝ թույլ տալով, որ բարկանան տեղի ունեցածի համար և կարեկցենք, քանի որ այն իրադարձությունները, որոնք չեղարկվել են, կյանքում մեկ անգամ տեղի ունեցող իրադարձություններ են։ Միայն կարեկցելով և միայն կարեկցելուց հետո կարող ենք օգնել նրանց ընդունել տեղի ունեցածը։

Այս պատմվածքը կօգնի ձեր երեխաներին հասկանալ, թե ինչ է կորոնավիուսը։

Երեխաս չի կարողանում հասկանալ, թե ինչու ենք տանը։ Ինչպե՞ս կարող եմ բացատրել դա նրան։

Տկն Դամուրը խորհուրդ է տալիս երեխաներին համեմատելու եզրեր գտնել։ «Կօգնի, եթե ասեք՝ գիտե՞ս չէ, որ երբ վատառողջ ես, դպրոց քեզ չենք ուղարկում, որպեսզի մյուսներին չվարակես։ Սա հենց այդ դեպքն է։ Պարզապես սա մի վարակ է, որ շատ ավելի վտանգավոր է, քան սովորական մրսածությունը։ Հենց դրա համար ենք մենք տանը մնում, որպեսզի չվարակենք, իսկ արդեն վարակված մարդիկ տանն են մնում, որպեսզի վարակը չփոխանցեն մյուսներին»։

Ընկերներին կարոտելը դժվար բան է բոլոր տարիքի երեխաների համար, ու թեև միջին և բարձր դասարանցիները ավելի լավ են հասկանում, թե ինչու չեն կարող շփվել ընկերների հետ, փոքրերը դա դժվար են հասկանում։ ՏկնԴամուրը հարցին մասնակի լուծում է առաջարկում։ «Ծնողը կարող է ասել՝ գիտեմ, որ շատ ես ուզում հանդիպել ընկերոջդ։ Բայց մինչ այդ, կուզե՞ս նամակ գրել նրան, իսկ մենք կարող ենք այն փոստարկղը գցել»։

«Նոր սովորական» արտահայտությունը բավականին օգտակար է, քանի որ այն մեզ հիշեցնում է, որ մենք չենք փորձում ետ բերել անցյալը, որովհետև մենք դա անել չենք կարող։ Սա այն պահն է, երբ մենք պետք է ստեղծագործ լինենք և ապրելու նոր ձև հորինենք, որը երեխաներին որոշ չափով վաղվա օրը կանխատեսելու հնարավորություն կտա, կշեշտադրի ինքնախնամքը, հնարավորություն կտա սովորել ու զարգանալ, և այս ամենը տեղի է կունենա կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների

Երեխայի անվտանգությունը

62555977