Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպե՞ս օգտվել երեխաների հետ երկար տանը մնալու հնարավորությունից

Կորոնավիրուսը փոխել է մեր կյանքը, տակնուվրա արել մեր և մեր երեխաների առօրյան։ Շատերը ինքնամեկուսացվել են տանը, երեխաները մանկապարտեզ և/կամ դպրոց չեն հաճախում։ Կորոնավիրուսը, վստահ, չարիք է, սակայն նույնիսկ այս իրավիճակում հնարավոր է ու պետք է դրականը տեսնել։ Ընտանիքի հետ միասին տանը մնալը միշտ էլ լավ գաղափար է ու անհրաժեշտ է օգտվել այս հնարավորությունից ու մի լավ ժամանակ տրամադրել երեխաներին։

Խոսել ենք Արմավ կենտրոնի հիմնադիր, մանկավարժական գիտությունների թեկնածու Արմինե Ավագյանի հետ և ստեղծել մի օրակարգ, որը կօգնի համատեղել օգտակարը հաճելիի ու պարտադիրի հետ։

Արմինե։ Հորդորում եմ ծնողներին իրավիճակին այլ աչքերով նայել։ Մենք հաճախ ենք երեխաների հետ քիչ ժամանակ անցկացնում ու արդարանում ենք` ասելով, որ ամբողջ օրը դրսում ենք և շատ զբաղված։ Հիմա հնարավորություն ունենք ինքներս մեզ ապացուցելու, որ երբ երեխայի հետ զբաղվելու ժամանակ կա, մենք կարողանում ենք այդ ժամանակը որակյալ դարձնել։ Իրականում այսօր շատերս ենք տնից աշխատում ու թե՛ տնային գործերով ու թե՛ աշխատանքով պայմանավորված՝ կրկին ժամանակը այդքան էլ շատ չէ։ Ուստի այս պարագայում շատ կարևոր է ընտանիքի և աշխատանքի ժամանակը իրարից հստակ տարանջատելը։ Մենք պետք է մեր միջից հանել կամ նվազեցնել գործնական մի շարք պարտականություններով պայմանավորված լարվածությունը և հստակ պլանավորենք երեխայի հետ անելիքը։

Հարց։ Ինչի՞ց սկսել և ո՞ր մոտեցումը կարող է աշխատել։

Արմինե։ Եկե՛ք կոնկրետ քայլերին անցնենք։ Մենք մեր և երեխայի համար օրակարգ պետք է ստեղծենք։ Երեխային օրակարգը հասանելի դարձնելու համար, առաջարկում եմ փոքր նկարներով պատկերել օրվա գործողությունները։ Բացի երեխայի հետ կատարվող համատեղ գործողությունները՝ օրակարգում պետք է նաև ներառենք այսպես կոչված «դասամիջոցներ» կամ հանգստի ժամեր, որի ընթացքում երեխան կարող է անել իր սրտի ուզածը, իսկ մենք էլ կարող ենք այդ ժամանակն օգտագործել աշխատելու համար։ Եթե մինչ այդ երեխայի հետ միասին պաստառ եք պատրաստել, ապա «դասամիջոցին» երեխան արդեն հանգիստ կարող է զբաղվել իր գործով և ձեզ աշխատելու ժամանակ տալ, թեկուզև ընդամենը մեկ ժամ։

Օրակարգ պատրաստելիս անպայման հաշվի՛ առեք երեխայի հնարավորությունները, նրա հետաքրքրությունները և նաև երեխայի կենտրոնանալու կարողությունը և տևողությունը։ Առաջադրանքների բարդությունը պետք է պայմանավորել երեխայի կարողություններով, այլ ոչ թե նրանով, թե ինչ նա դժվար թե կարողանա։ Ըստ էության՝ խաղը կարող եք այնպես կառուցել, որ ԲՈԼՈՐ երեխաները խաղան։ Չմոռանաք նաև, որ օրակարգը իրատեսական պետք է լինի։ Չես կարող օրակարգում գրել «մեկ ժամ խաղալ լոտոյով», եթե երեխան տասը րոպեից ավել չի կենտրոնանում։

Եվ այո՛, այս օրերին դժվար է նվազագույնի հասցնել էկրանին նստած նայելու ժամանակը։ Ու թեև դժվար է խուսափել գաջեթներից, եկե՛ք գոնե փորձենք դրա մեջ կենդանի շփում ներառել օրինակ՝ համատեղ դիտենք ֆիլմեր/մուլտֆիլմեր, վերլուծենք դրանք, միասին փոքր ֆիլմեր նկարենք հեռախոսով և այլն։ Կենդանի շփման ժամանակը չպետք է նվազի՝ էկրանի պատճառով։

Այս օրերին շատ երեխաներ հեռավար ուսուցման են անցել։ Ուստի օրակարգում նաև դասերի համար ժամանակ առանձնացրե՛ք։

Հարց։ Ինչպե՞ս ողջ օրը զբաղացնել երեխաներին, որպեսզի նրանք նույնիսկ չհիշեն գաջեթների մասին։

Մի մտածեք, թե անհրաժեշտ է ամեն ինչ թողնել կամ ավարտել, հետո երեխայի հետ խաղալ։ Փոխարենը կարող եք ամեն ինչում երեխային ներգրավել։ Առաջարկում եմ օրվա անելիքը երեխայի հետ համատեղ անել։ Օրինակ՝ սնունդ պատրաստելիս երեխային ներգրավել։ Մի կողմ դնենք մաքրասիրությունը, մտավախությունը, թե գործը կդանդաղի, ալյուրը կթափվի և այլն։ Պետք է զգուշորեն, բայց համատեղ պատրաստել։ Հաճախ մենք սպասում ենք, որ երեխաները քնեն, որպեսզի տանը ինչ-որ բան վերանորոգենք։ Սա նույնպես աշխատանք է, որում կարելի է երեխային ներգրավել։ Օրինակ` երեխան կարող է լապտերով լույս գցել, երբ հայրիկը անսարք իր է նորոգում, կամ մայրիկին օգնել հեքիաթների գրքերոը սոսնձելու գործում։ Եթե անգամ այդ պահին լապտերի լույսը պետք չէ, երեխային սա շատ դուր կգա. նա իրեն կարևորված է զգում այս դեպքերում։

Օգտագործեք այս պահը երեխայի հետ «ջրիկանալու» համար։ Եթե հիմնականում աշխատանքից ուշ էիք վերադառնում ու երեխային քնից առաջ աշխուժանալ պետք չէր, ապա հիմա հանգիստ կարող եք ցերեկը միասին «ջրիկանալ»։ Սա հավելյալ դրական էմոցիաների աղբյուր է։

Կարող ենք երեխայի հետ նկարել, պաստառներ պատրաստել։ Ենթադրենք տատիկ-պապիկը ինքնամեկուսացված են, նրանց ողջունող ու քաջալերող պաստառներ պատրաստեք, լուսանկարեք դրանք ու ուղարկեք նրանց։ Սա շատ հետաքրքիր է երեխաներին։ Պաստառների մի մասի վրա կարող եք նկարել, մյուս մասի վրա՝ ինչ որ ամսագրերից պատկերներ կտրտել ու սոսնձել։ Վստահ եմ՝ սա նույնիսկ մեծահասակներին դուր կգա։

Երեխայի հետ միասին գիրք, հեքիաթ կարդացեք։ Եթե երեխան փոքր է, կլսի հեքիաթը, եթե դպրոցական տարիքի է, ապա կարող եք հերթով կամ դերերով կարդալ։ Նույնիսկ շատ փոքրիկի համար  հեքիաթ ընթերցելիս նրա մատը սահեցրեք ընթերցվող բառերի վրայով։ Ընթերցանության նախադրյալների զարգացման համար սա կարևոր է։ Հետո կարդացած հեքիաթը կարող եք գեղեցիկ բեմականացնել։ Երեխաներին դուր է գալիս, երբ սավանը փռում ենք սեղանի վրա, մտնում ենք տունիկի մեջ և դառնում, օրինակ, երեք խոզուկներ։ Փորձեք ու կհամոզվեք, որ ժամանակը շատ արագ կթռնի։

Երեխաների հետ փոքրիկ ֆիլմեր նկարեք։ Սա նրանց հատկապես դուր կգա։ Երեխան կարող է մեկ օր լինել սցենարի հեղինակը, հաջորդ օրը՝ օպերատորը, մյուս օրը՝ ռեժիսորը և այսպես շարունակ։ Երբեմն, ընթրիք պատրաստելիս, կարող է հնարավոր չլինել երեխային գործընթացի մեջ ներգրավելը։ Այդ դեպքում երեխան կարող է համեղ պատրաստելու մասին հաղորդում նկարահանել և ուղարկել ընկերներին։

Երեխաների հետ զարգացնող թիմային խաղեր խաղացե՛ք։ Օրինակ՝ լոտոներ, քարտերով խաղեր։ Սրանք մրցակցային տարր ունեն ու անգամ տան մեծերն են անհամբեր սպասում խաղին, որպեսզի տեսնեն, թե ով այսօր կհաղթի։

Նաև կարևոր է միասին ֆիլմ կամ մուլտֆիլմ դիտելը։ Իսկը ժամանակն է ծածկոցի մեջ փաթաթվելու, բազմոցին նստելու ու երեխայի հետ համատեղ ընտանեկան լավ ֆիլմ, մուլտֆիլմ նայելու։

Ճաշից հետո առաջարկում եմ ընտանեկան դիսկոտեկ անցկացնել։ Կտեսնեք, թե երեխաները որքան կուրախանան սրանից։

Ըստ էության՝ սրանք հիմնականում նախադպրոցական տարիքի երեխաների համար են նախատեսված։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար պետք է հաշվի առնել նրանց նախասիրությունները։ Օրինակ՝ դպրոցական տարիքի երեխաների հետ միասին կարող եք ընտանեկան բիզնես ստեղծելու գաղափարի շուրջ աշխատել, փորփրել ընտանեկան արխիվներն ու նախնիների պատմությունները, նկարել ընտանեկան ծառը և այլն։ Պետք է երեխաներին ներգրավել տուն մաքրելու գործերում։ Կարող եք նրանց առաջարկել իրենց սենյակում կամ տանը փոխել կահույքի և իրերի դասավորվածությունը, այնպես, ինչպես իրենք են ցանկանում։

Հարց։ Ինչպե՞ս ներգրավել պասիվ հայրիկներին

Արմինե։ Առաջարկում եմ «Կենդանացնե՛նք նկարը» խաղը։ Ուղղակի աշխատեք այնպիսի նկար ընտրել, որտեղ հայրիկը ներկա է։ Մեխանիկորեն, կներգրավեք նաև նրանց։

Մեկ հատ էլ բոնուս խաղ, որ կօգնի զարգացնել երեխայի ուշադրության կենտրոնացումը․

Հարց։ Oրակարգի մեկ օրինակ։

Արմինե։ Սա ընդամենը մեկ օրինակ է, յուրաքանչյուր ընտանիք իրեն ավելի տիպիկ, երեխաների հետաքրքրություններին և կարողություններին համապատասխանող օրակարգ կարող է ստեղծել։

Ինքնամեկուսանալիս իմաստալից ժամանակ ապահովող օրակարգ

  • Արթնանալ։
  • Միասին նախաճաշ պատրաստել։
  • Ոգևորող մի պաստառ պատրաստել տանը փակցնելու կամ տատիկ-պապիկին ուղարկելու համար։
  • Շարժական ինչ-որ խաղ խաղալ. Եղի՛ր ակտիվ․ զբաղվի՛ր մարմնամարզությամբ։
  • «Դասամիջոց» կամ «ազատ ժամանց»․ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով։
  • Միասին ճաշ պատրաստել երեխան նկարահանում է «Մեզ մոտ համեղ է» հերթական թողարկումը։
  • Ճաշել։
  • «Եկար դասամիջոց» ամեն մեկն իր գործին է անցնում։
  • Ընտանեկան խաղի ժամ։
  • Պարում ենք բոլորս դիսկոտեկի ժամն է։
  • Հեքիաթի ընթերցում։
  • Քուն։
  • Ծնողները հավանաբար կշարունակեն աշխատել։

Այս օրակարգով օրն անցկացնելիս, հասկանում ես, որ կարանտինի ժամանակ կյանք կա , ավելին՝ շատ զվարճալի, սպասված ու երազած ազատ ժամանցի հնարավորություն կա։

 

Առաջարկում ենք կարդալ նաև այս հոդվածը, որ կօգնի օգտագործել մեկուսացման ժամանակը և թե՛ ձեր, թե՛ երեխաների սննդակարգն ավելի առողջ դարձնել։

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

62555977