Skip to main content
Հետադարձ կապ

Ինչու՞ է կարևոր երեխայի հետ միասին բարձրաձայն գիրք ընթերցելը

Կարդալը երեխայի իրավունքն է։ Այն օգնում է երեխային ձևավորվել որպես մարդ, կրթում է նրան և վստահաբար նպաստում է նրա ուղեղի զարգացմանը։ Ահա՛, թե ինչպես։

Երեխաները ծնվում են պատրաստ սովորելուն։ Ծնվելու պահից մինչ երեք տարեկան շրջանում է ձևավորվում նրանց առողջ մանկության և առողջ ապագայի հիմքը։ Այս շրջանում երեխաների համար բարձրաձայն գիրք ընթերցելը, օգնում է նրանց ավելի կապվել ծնողների հետ։ Բայց գրքերը ոչ միայն հաճույք են պատճառում, այլ նաև նպաստում են երեխայի խոսքի և լեզվամտածողության զարգացմանը, քանի որ նրանք բացահայտում են նոր ձայներ, նոր բառեր և նոր հնչյուններ։ Մանկապարտեզ հաճախելու տարիքում արդեն երեխայի իմացած և գործածած բառերի քանակը նրա ուղեղի զարգացման կարևոր ցուցանիշներից մեկն է։ Կարդալով և ծնողների հետ խոսելով է երեխան զարգացնում իր բառապաշարը:

Մեծանալուն զուգընթաց՝ ծնողի հետ միասին գիրք ընթերցելը երեխայի մոտ զարգացնում է պատկերացումն ու ստեղծարար մտածողությունը, ինչպես նաև՝ օգնում նրան ավելի լավ ճանաչել շրջապատն ու բացահայտել նոր աշխարհներ։

Հեքիաթներից նրանք սովորում են բազմաթիվ բաներ, օրինակ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սուտ խոսելը, ինչպես Պինոկիոյի դեպքում: Որ կյանքում կարելի է հաճույք ստանալ հասարակ բաներից ևս, ինչպես Վինի Թուխը: Որ պետք է սիրել բնությունն ու կենդանիներին, ինչպես Մաուգլին։ Հեքիաթների շնորհիվ երեխան նաև սովորում է կարևոր արժեքների մասին, ինչպիսիք են՝ կարեկցանքը, մյուսներին օգնելը, զգացմունքներն արտահայտելը և այլն, և այլն։

Կամաց-կամաց նրանք ծանոթանում են պատմություններ պատմելու արվեստին և սկսում ստեղծել իրենց պատմությունները կամ սիրած պատմվածքի սեփական տարբերակները։ Այսպես, հեքիաթների միջոցով երեխան նաև սովորում է տարբեր ձևաչափերի մասին, ինչպիսիք են՝ անցյալ - ապագա, պատճառ - հետևանք, սկիզբ– գործողություն - վերջ, խնդիր - լուծում և այլն։

Վերջապես, կարդալը նաև հանգստացնում է երեխաներին՝ օգնելով նվազեցնել բացասական էմոցիաները, քանի որ նրանք սկսում են ճամփորդել գրքի հերոսի հետ։

Հնարավորինս վաղ սկսեք կարդալ ձեր երեխայի համար՝ նույնիսկ սկսած 3-4 ամսականից։ Ընթերցանության հատուկ օրակարգ մշակեք կարող եք այն դարձնել քնելու օրակարգի մի մաս կամ կեսօրին սնվելու մի մաս և հավատարի՛մ եղեք այդ օրակարգին։

Փոքր տարիքում օրական 5-10 րոպե ընթերցանությունը, իսկ հետագայում՝ օրական 15-20 րոպեն լրիվ բավական է երեխայի ուղեղի զարգացմանը նպաստելու և նրա համար կյանքի լավ սկիզբ ապահովելու համար։

 

Ներկայացնում ենք սիրված մանկագիր և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի իրավունքների արտակարգ պաշտպան Նունե Սարգսյանի հեքիաթներից երկուսը։

Ի՞նչ կապ կարող են ունենալ նռան հատիկները, թագավորի դուստրերը և տարվա օրերը։ Լսենք «Նռան հատիկները» հեքիաթն ու պարզենք։

Իսկ այս տեսանյութում Նունե Սարգսյանը կարդում է «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» անգլերեն գրքի առաջին գլուխը։ Ի դեպ, այդ հեքիաթը տիկին Սարգսյանը գրել է թոռնիկի՝ Սավաննայի հետ միասին, ով նաև նկարազարդել է այն։

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ

62555977