Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես կառավարել ծնողից բաժանվելու երեխայի տագնապը

Մանկապարտեզ կամ դպրոց գնալիս կամ գործուղման ժամանակ ծնողից բաժանվելը կարող է ցավոտ լինել երեխայի համար: Որոշ երեխաներ դա հեշտ են տանում, բայց այլոց դեպքում հրաժեշտը կարող է մտահոգության և հիասթափության զգացողություններ առաջացնել, լացի և ըմբոստության տեղիք տալ:

Ահա մի քանի մոտեցում, որ կարող են օգնել ձեր երեխային՝ հաղթահարել նման դժվար զգացողությունները և, ի վերջո, առավել պաշտպանված զգալ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում բաժանման տագնապը:

Բաժանման տագնապը նկատվում է բազմաթիվ երեխաների մոտ, ամենից հաճախ՝ 6 ամսականից մինչև 3 տարեկանը: Փոքրիկ երեխաներն ու նոր քայլել սովորող մանչուկները տագնապ են զգում, երբ իրենց ծնողը կամ առաջնային խնամողը հեռանում են իրենց մոտից. նրանք նոր են սովորում, որ նման բաժանումները ընդամենը ժամանակավոր են:

Որո՞նք են երեխայիս մոտ բաժանման տագնապի մասին վկայող նախանշանները:

Դա պարզելը հեշտ է. նա լալի՞ս է մանկապարտեզ կամ ցերեկային կենտրոն գնալիս: Ահա՛ ձեզ նշաններից մեկը: Այլ նշաններ են.

  • կառչում է ձեզ, երբ պետք է հեռանաք նրանից,
  • նոր իրավիճակների առերեսվելիս լաց է լինում կամ կրկին կառչում է ձեզ,
  • հրաժարվում է քնել առանց ձեզ կամ մոտը գտնվող այլ խնամողի,
  • սկսում է լաց լինել գիշերները, այն դեպքում, երբ առաջ կարողանում էր քնել ողջ գիշեր:

>> Ի՞նչ ասել է՝ զարգացման հետընթաց և ինչպես աջակցել երեխային.

Հիշեք, որ միանգամայն բնական է, որ ձեր փոքրիկը կամ նոր քայլել սովորող մանչուկը տագնապում է, երբ իր կողքին չեք: Նրա հետ անպայման վարվեք քնքուշ և կարեկցանքով:

Հրաժեշտ տվեք արագ և դրական

Հրաժեշտ տալը դժվար է ոչ միայն ձեր երեխայի, այլև հենց ձեզ համար: Արեք հնարավորը՝ հրաժեշտ տալիս հանդարտ ու դրական լինելու համար: Ժպտացեք, ասացեք ձեր երեխային, որ շուտով կտեսնվեք և մի՛ ձգձգեք հեռանալը: Այսպես վարվելը կօգնի փոքրիկին՝ վարժվելու բաժանումներին, և կօգնի համոզվել, որ դուք միշտ վերադառնում եք:

Խոսեք այն մասին, թե հետո ինչով եք զբաղվելու միասին

Երեխաների տագնապի պատճառը մասամբ վախն է, որ կարող են ձեզ այլևս չտեսնել: Պատմեք երեխային, թե ինչ եք նախատեսում անել միասին, երբ նորից հանդիպեք այդպես կմեղմեք նրա վախը։ «Հենց գործս վերջացնեմ՝ կգամ-կվերցնեմ քեզ, ու կարող ենք միասին գնալ խաղահրապարակ ու միասին ճոճանակ նստել»:

Վարժեցրեք կարճ բաժանումներին և աշխատեք համեմատաբար ավելի երկար բաժանումների ուղղությամբ

Փորձեք երեխային թողնել վստահելի ընկերոջ կամ բարեկամի մոտ, երբ գործով պետք է կարճ ժամանակով բացակայեք, և տեսեք, թե ինչպես է ընթանում բաժանումը: Դա ձեր փոքրիկին թույլ կտա կամաց-կամաց վարժվել միայնակ մնալուն։

Երեխային սփոփող իր կամ խաղ թողեք իր մոտ՝ բաժանումը թեթևացնելու համար

Ձեր երեխան ունի՞ ինչ-որ սիրելի առարկա, որը նրան օգնում է հանգստանալ և իրեն ապահով զգալ: Դա կարող է լինել իր սիրած փափուկ խաղալիքը, գիրքը, ինչ-որ խաղ կամ սիրած երգը, որը կօգնի նրան հանդարտվել, երբ ընկճված է զգում:

Սփոփեք ձեր երեխային, երբ նա վախեցած է

Երբ դուք և ձեր երեխան միասին եք, ապա լսեք նրան, եթե ասելիք ունի: Անպայման և մշտապես ընդունեք նրա զգացմունքները, արձագանքեք ըմբռնումով ու կարեկցանքով, և մի՛ նսեմացրեք նրա անհանգստությունները: Փորձեք նկատել ոչ վերբալ հուշումները ևս, օրինակ՝ շփոթմունքը կամ չափից ավելի ձեզ կառչելը:

Նոր խնամողների հետ ծանոթացրեք աստիճանաբար

Եթե պատրաստվում եք նրան ծանոթացնելու նոր դայակի հետ, ապա կազմակերպեք կարճատև հանդիպումներ երեքով՝ նախքան երեխային նրա հետ մենակ թողնելը: Այդպիսով կհասնեք նրան, որ երբ սկսեք ձեր երեխային նրա հետ թողնել որոշակի ժամանակով, նրանք այլևս անծանոթ չեն լինի միմյանց:

Եվ վերջում.

Պետք չէ մեղքի զգացողություն ունենալ, երբ ստիպված եք կարճ ժամանակով լքել ձեր երեխային: Դրա փոխարեն ջանքերն ուղղեք նրան, որ ձեր երեխային սովորեցնեք կառավարել սեփական հույզերը. այսպես նաև կնպաստեք, որ նա սովորի ինքնուրույն դառնալ:

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ