Skip to main content
Հետադարձ կապ

Հրավիրում ենք «Ծնողական ժողովի» չորրորդ եթերաշրջանին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առաջին ալիքը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ ներկայացնում են «Ծնողական ժողով» հաղորդաշարի չորրորդ եթերաշրջանը: Այս անգամ կրկին հավաքել ենք ծնողներին հուզող հարցերը, որոնց պատասխանում ենք մասնագետների հետ միասին:

Այս եթերաշրջանում ևս անդրադառնալու ենք բազմազան թեմաների. ակադեմիական սթրես, ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ, երեխաների ֆինանսական կրթություն, ռիսկային վարք դեռահասության շրջանում, օնլայն խաղեր, աուտիզմ, խոսքի կամ զարգացման հապաղում, առաջին լուրջ սիրահարվածություն, տարիքային ճգնաժամեր, հղիության անտեսանելի կողմը և այլն:

Պատասխանելու ենք այնպիսի հացերին, ինչպիսիք են. ինչպես զարգացնել երեխայի հուզական ինտելեկտը, քննադական ու ստեղծագործ մտածելակերպը, ինչպես դնել և պահպանել սահմաններ և կարգապահական կանոնները։

Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 18:20-ին սպասում ենք բոլոր հայրիկներին ու մայրիկներին, պապիկներին ու տատիկներին, ինչպես նաև դեռահասներին՝ Առաջին ալիքի եթերում:

Եթե ինչ-ինչ պատճառներով չեք հասցնի դիտել այս կամ այն թեման եթերում, ապա Բեյբիսեֆ-ի այս էջում ձեզ համար հավաքելու ենք հաղորդման բոլոր թողարկումները: Իսկ եթե ընթացքում հարցեր կծագեն թեմայի վերաբերյալ կամ նոր թեմաների առաջարկներ կունենաք, ապա գրեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆեյսբուքյան էջին: Կփորձենք հավաքել բոլոր նոր թեմաներն ու դիտարկել դրանք հետագայում ստեղծվող բովանդակության շրջանակում:

Հեռուստատեսային այս նախաձեռնության հիմնական կարգախոսին՝ «Թեևեր տալով ծնողներին՝ թևեր տալու յուրաքանչյուր երեխայի», համահունչ, շարունակելու ենք ծնողներին աջակցել՝ առողջ ու երջանիկ երեխաներ մեծացնելու բարդ, բայց ամենակարևոր գործում: 

Ակադեմիական սթրես, ծնող-դպրոց հարաբերություններ

Ինչպե՞ս է ծագում ակադեմիական սթրեսը երեխաների և ծնողների մոտ, ի՞նչ արդյունավետ միջոցներ կան դրան դիմակայելու և երեխաներին աջակցելու, որպեսզի ուսումնական մոտիվացիան և աշակերտի բարեկեցությունը չտուժեն։ Ինչպե՞ս հաստատել և պահպանել առողջ և արդյունավետ ծնող-դպրոց հարաբերություններ։

Այս և այլ հարցերի անդրադարձել ենք «Ծնողական Ժողով»-ի չորրորդ եթերաշրջանի անդրանիկ եթերում։

Ուշադրության պակաս, հիպերակտիվության համախտանիշ

Ի՞նչ է հիպերակտիվության համախտանիշը, ինչպե՞ս է ազդում երեխայի կյանքի վրա և ինչպե՞ս կարող են ծնողներն ու մանկավարժները ճանաչեն խնդիրն ու ճիշտ արձագանքեն։

Արդյո՞ք ուշադրության պակաս ունեցող երեխաներին հարկավոր է խիստ կարգապահությամբ դաստիարակել, ինչպե՞ս տարբերակել դաստիարակության խնդիրը առողջական խնդրից, ի՞նչ լուծումներ կան երեխային լավագույնս աջակցելու համար և ո՞ր տեսակի ֆիզիկական ակտիվությունը, սպորտը կարող են օգնել այդ հարցում։ 

Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք «Ծնողական Ժողով»-ի երկրորդ եթերում։

Երեխաների ֆինանսական գրագիտություն

Ե՞րբ և ինչպե՞ս սկսել երեխաների հետ խոսել ֆինանսներից։ Ինչու՞ է կարևոր ֆինանսական գրագիտությունը երեխայի ապագայի և ընտանեկան հարաբերությունների համար։ Ի՞նչ անել, եթե երեխան ծնողի դրամապանակից գումար է վերցրել։ Արդյո՞ք պետք է լավ վարքի համար երեխային գումար տալ։ Ինչպե՞ս երեխային սովորեցնել ճիշտ ծախսել կամ տնտեսել գումարը։ Արդյո՞ք նա պետք է մասնակցի ընտանեկան բյուջեի քննարկումներին։  

«Ծնողական Ժողով»-ի երրորդ եթերը երեխաների ֆինանսական գրագիտության մասին է։ 

Ինչպե՞ս դաստիարակել երեխային, դնել սահմաններ, կարգապահական կանոններ 

Ի՞նչ է դրական ծնողավարությունը։ Ինչպե՞ս սահմանել դաստիարակության կանոններ, սահմաններ ու մարտավարություններ և անձամբ չխախտել դրանք։ Ինչպե՞ս բացառել խիստ ձևակերպումներ, բայց միևնույն ժամանակ կարգապահություն պահպանել։ Ի՞նչպես արձագանքել, երբ երեխան լաց է լինում։ Ինչու՞ է կարևոր հասկանալ և հաշվի նստել երեխայի հույզերի հետ։ Ինչպե՞ս վարվել շիկացած պահերին, երբ ծնողի ուժերը սպառվել են և ինչու՞ է կարևոր ինքնավերահսկողությունը։   

«Ծնողական Ժողով»-ի չորրորդ եթերում անդրադարձել ենք դրական ծնողավարման, սահմաններ և կարգապահական կանոններ դնելու թեմային։

Ռիսկային վարք դեռահասության շրջանում 

Ինչպե՞ս խոսել երեխայի հետ թմրանյութերի վտանգավոր ու վնասակար հետևանքների մասին։ Որո՞նք են ռիսկային վարքի պատճառները և ինչպիսի՞ ներքին ու արտաքին գործոններ են ազդում երեխայի վրա։ Ինչպե՞ս ճանաչել ռիսկային վարքը և երեխային չթողնել մեն-մենակ խնդիրների առջև, ինչպե՞ս հետ պահել նրան կործանարար փորձառությունից։ Արդյո՞ք հնարավոր է կանխել կամ նվազեցնել ռիսկային վարքը երեխայի մոտ։ 

Այս և այլ հարցերին անդրադարձել ենք «Ծնողական Ժողով»-ի չորրորդ եթերաշրջանի հինգերորդ եթերում։ 

Հղիության անտեսանելի կողմը 

Ի՞նչ անել, եթե հղիության ամիսներին ամենատարբեր խնդիրների եք բախվում։ Ինչպե՞ս պայքարել տագնապայնության դեմ կամ դիմակայել առողջական խնդիրներին։ Ի՞նչ են հուշում արդեն իսկ այս փորձությունների միջով անցած ծնողները։ Ինչպե՞ս կարող են հայրիկները լավագույնս աջակցել իրենց կանանց՝ հաղթահարելու հղիության ընթացքում դժվար պահերը։ Ինչպիսի՞ միֆեր և թյուր կարծիքներ գոյություն ունեն, որոնց դեմ բժշկական ցուցումներ չկան։ Գեղեցկության և ինքնախնամքի ո՞ր ծառայություններից կարող է օգտվել հղի կինը։ 

«Ծնողական Ժողով»-ի վեցերորդ եթերը հղիության անտեսանելի կողմի մասին է։ 

Օնլայն խաղեր

Ո՞ր տարիքում երեխաները կարող են սկսել օնլայն խաղեր խաղալ։ Ինչպիսի՞ տեխնոլոգիական, հոգեբանական և ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ։ Ի՞նչպես վարվել, երբ օնլայն խաղերը կազմում են կրթական տարբեր ծրագրերի մաս։ Ինչպե՞ս տանը ամրապնդել մեդիագրագիտության գիտելիքները ծնողների և երեխաների շրջանում։ Ու՞մ դիմել և ի՞նչ անել, երբ լուրջ խնդիր է ծագել։ Եվ, ի վերջո, ինչպե՞ս բարելավել ծնող-երեխա հարաբերություներն ու համագործակցությունը։ 

Այս և այլ հարցերին անդրադարձել ենք «Ծնողական Ժողով»-ի չորրորդ եթերաշրջանի յոթերորդ եթերում։ 

Տարիքային ճգնաժամեր

Որո՞նք են երեխայի զարգացման տարիքային ճգնաժամերը և ինչպե՞ս պետք է ծնողները արձագանքեն ըստ իրավիճակի, որպեսզի չփչացնեն հարաբերությունները։ Ի՞նչ դեր է տանում տարիքային ճգնաժամը երեխայի զարգացման գործում։ Ինչպե՞ս ճանաչել տարիքային ճգնաժամերը։ Որո՞նք են վարքային ճգնաժամերին արձագանքելու հաջողված մոտեցումները։ Ինչպե՞ս ճիշտ հաղորդակցվել զարգացման ճգնաժամային փուլում գտնվող երեխայի հետ։ Ինչպե՞ս կարող են ծնողները հստակ սահմաններ դնել, որպեսզի նաև հոգ տանեն իրենց մասին։  

«Ծնողական Ժողով»-ի ութերորդ եթերը տարիքային ճգնաժամերի մասին է։ 

Երեխայի հուզական ինտելեկտ 

Ինչպե՞ս խոսել երեխաների հետ հույզերի մասին։ Ինչպե՞ս օգնել երեխաներին ձևավորել հուզական ինտելեկտ և առողջ կերպով արտահայտել և ապրել իրենց հույզերը։ Ինչու՞ ենք սովորաբար խուսափում ուժեղ հույզերից և ի՞նչը կօգնի չմերժել իրավիճակը և հույզերի հետ հաշտ լինել։ Արդյո՞ք կան աղջիկների կամ տղաների հուզական ինտելեկտի առանձնահատկություններ։ Երեխայի վախերը կամ այլ հույզերը ճանաչելու ի՞նչ արդյունավետ մեթոդներ կան։ Ինչպե՞ս կարող են ծնողները երեխային լսելու մշակույթ ձևավորեն իրենց ընտանիքում։  

Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք «Ծնողական Ժողով»-ի իններորդ եթերում։ 

Տղաների սեռահասունացում 

Որո՞նք են հիմնական դժվարությունները տղաների սեռահասունացման շրջանում։ Ինչպե՞ս խոսել այդ մասին տղա երեխաների հետ և ո՞ր տարիքում նախաձեռնել զրույցը։ Ինչպե՞ս գործել և աջակցել երբ երեխան համացանցից ստացել է սխալ տեղեկատվություն։ Ինչպե՞ս արձագանքել, երբ նկատում եք, որ երեխան հետևում է ոչ պատշաճ բովանդակության։ Ինչպիսի՞ն պետք է լինի հիգիենան այդ անցումային տարիքում։ Որքա՞ն հաճախ այցելել մանկաբույժին դեռահասության ժամանակ։ Ինչպե՞ս բացատրել երազախաբության երևույթը երեխային։  

Այս և այլ հարցերին անդրադարձել ենք «Ծնողական Ժողով»-ի չորրորդ եթերաշրջանի տասներորդ եթերում։ 

Աուտիզմ 

Ի՞նչ գիտենք աուտիզմի մասին և ինչպե՞ս է այն ախտորոշվում։ Ո՞րոնք այն հիմնական մարտահրավերները, որ այս ախտորոշումը բերում է իր հետ։ Ինչպե՞ս լավագույնս աջակցել աուտիզմ ունեցող աշակերտների։ Ինչպե՞ս նպաստել աուտիզմ ունեցող երեխաների սոցիալիզացիային և կրթության իրավունքի իրացմանը։ Ինչպե՞ս կարող ենք նպաստել հասարակության մեջ աուտիզմի հանդեպ առողջ վերաբերմունքի ձևավորմանը։ Ճիշտ է՞, որ աուտիզմ ունեցող բոլոր երեխաները իրար նման են կամ ունեն նույն կարողությունները։  

«Ծնողական Ժողով»-ի 11-րդ եթերը աուտիզմի մասին է։ 

Ու՞մ խորհրդին հետևել երեխա մեծացնելիս 

Ու՞մ կարծիքով առաջնորդվել երեխայի առողջությանը, անվտանգությանը, զարգացմանը վերաբերող հարցերում։ Ինչու՞ են մարդիկ համոզված, որ իրենց իմացած տարբերակը դեղատոմս է բոլորի համար։ Ինչպե՞ս վարվել բարեկամների և ընկերների տարբեր ու հակասող կարծիքների հետ, հատկապես նորածնի խնամքի դեպքում։ Որտե՞ղ և ինչպե՞ս գծել այն սահմանն ու պատնեշը, որից ներս չպետք է թողնել այն մարդկանց, ովքեր իրենց հեղինակավոր կարծիքով ուզում են մեզ ուղղորդել։ Ի՞նչն է դրդում ծնողներին դիմել անծանոթ, անհայտ, անանուն, մեզ համար անհասկանալի կրթական մակարդակ ունեցող մարդկանց շատ ճակատագրական հարցերով, ինչպիսին երեխայի առողջությունն է։  

Այս և այլ հարցերի պատասխանները կգտնեք «Ծնողական Ժողով»-ի 12-րդ եթերում։