Skip to main content
Հետադարձ կապ

Երբ երեխան սուտ է խոսում

Մինչև 3-4 տարեկանը երեխան չի կարողանում իրականությունը տարանջատել երևակայությունից: Դա նշանակում է, որ փոքրիկը չի ըմբռնում ճշտի և ստի գաղափարները: Որպես կանոն՝ նրա հորինածի հիմքում ընկած են.

  • Վառ երևակայությունը

Երեխայի երևակայությունը չափազանց ինտենսիվ է զարգանում: Նրան թվում է, որ ճիշտ է այն ամենը, ինչին ինքը հավատում է: Մեզանից յուրաքանչյուրը վաղ հասակում նույնպես ունեցել է «իր լողատաշտակում իր հետ միասին լողացող ձկնիկ» կամ էլ մահճակալի տակ «թաքնված արքայադուստր»:

  • Մոռացկոտությունը

Երբ դուք նախատում եք երեխային՝ պատին կավիճով նկարելու համար, իսկ նա ասում է, թե ինքը չի նկարել, մի շտապեք մեղադրել նրան ստախոսության մեջ: Նա պարզապես մոռացել է, որ ինքն է արել դա, կամ էլ շատ ափսոսում է, և հիմա փորձում է ինքն իրեն հավատացնել, որ ինքը չի նկարել:

  • «Անմեղ հրեշտակ» ձևանալը

Երեխան, հիմնվելով ծնողների այն համոզմունքի վրա, որ իրենց զավակը ոչ մի վատ բան չի կարող անել, ինքն էլ է սկսում հավատալ դրան: Նա այսպես է դատում. «մայրիկն ու հայրիկը սիրում են ինձ, որովհետև ես շատ լավն եմ: Իսկ լավ տղան երբեք չի թափի կաթը: Ի՞նչ կաթ, որտե՞ղ է թափված կաթը, ես չեմ տեսնում այն»:

Այդուհանդերձ, եթե երեխայի հորինածը չի համոզում ծնողին, և նա սկսում է մտածել, որ իր երեխան ստում է, բնականաբար նա չի ցանկանա խրախուսել այդ սուտը:

Ո՞րն է ստեղծված իրավիճակից լավագույն ելքը:

Նախ և առաջ անհրաժեշտ է չլարվել և, զինվելով համբերությամբ, մինչև վերջ լսել երեխայի երկար և անհավատալի պատմությունը: Խորամանկորեն միահյուսված երևակայական պատմությունները հիմնականում անվնաս են: Դրանք բնորոշ են 3 տարեկան երեխաներին և կարևոր նշանակություն ունեն նրանց նորմալ զարգացման համար: Բացի դրանից՝ չէ՞ որ դուք սովորաբար հեքիաթներ եք պատմում ձեր երեխային, ուրեմն ինչո՞ւ նա չի կարող ձեզ պատմել իր  «հեքիաթը»:

Նույնը վերաբերում է մտացածին ընկերներին: Այս տարիքում րևակայական ընկերներ ունենալը նորմալ երևույթ է և վկայում է երեխայի զարգացած երևակայության մասին: Մի անհանգստացեք, երբ ձեր երեխան անկարգությունների մեջ մեղադրում է իր երևակայական ընկերոջը: Քանի որ վաղ հասակում երեխան սեփական անձը և միջավայրն ընկալում է զգացմունքային մակարդակում, ապա այդ առումով երևակայական ընկերները շատ կարևոր դեր են խաղում նրա զգացմունքային բնականոն զարգացման համար:

Այդպիսով, ճիշտ չէ պատժել փոքրիկին, երբ նա շատ է չափազանցնում կամ հորինում: Դուք պարզապես կարող եք զգուշորեն, նրան ցույց տալ, որ գիտեք ճշմարտությունը, սակայն չեք բարկանում հորինածի համար:

Ինչ կարող են անել ծնողները

  • Խրախուսե՛ք ճիշտ խոսելը

Եթե երեխան ճիշտ է խոսում, ձեր վերաբերմունքն արտահայտեք՝ ճշտախոսության համար շնորհակալություն հայտնելով նրան: Խրախուսեք ճիշտ խոսելը, բայց և փոքրիկի կարգազանցության ամեն դեպքից մի կորցրեք ձեր ինքնատիրապետումը: Օրինակ, եթե երեխան խոստովանում է, որ թխվածքաբլիթ է կերել, իսկ իրեն արգելել էին նախքան դա, աշխատեք զսպել ձեզ, ոչ թե բարկացեք, այլ շնորհակալություն հայտնեք նրան՝  որ  չի ստել: Եթե սկսեք բղավել կամ հանդիմանել, ապա դժվար թե ձեր փոքրիկը հասկանա, որ ճշմարտությունը խրախուսելի է և փոխհատուցվում է: Միշտ հիշեք, որ ճիշտ վարքագծի խրախուսումը հրաշքներ է գործում և ավելի ոգևորում երեխային:

  • Մի՛ մեղադրեք երեխային

Ձեր նկատողությունները ձևակերպեք այնպես, որ երեխան ոչ թե ժխտի կատարվածը, այլ խոստովանի: Ահա ծնողի կողմից նման ձևակերպման օրինակ. «Ես չեմ հասկանում, թե ինչպես այս կավիճները հայտնվեցին գորգի վրա: Կուզեի, որ մեկն ինձ օգներ դրանք հավաքել»:

  • Մի՛ ծանրաբեռնեք երեխային

Ձեր չափազանց սպասելիքներով և կարգուկանոնի նկատմամբ խստապահանջությամբ մի ծանրաբեռնեք երեխային: Միևնույն է, այդ բոլորը նա չի հասկանա, կամ էլ ի վիճակի չի լինի հետևել դրանց: Արդյունքում հնարավոր է, որ երեխան ստիպված լինի ստել, որպեսզի չբարկացնի ձեզ:

  • Ստեղծե՛ք վստահության մթնոլորտ ձեր և երեխայի միջև

Երեխան պետք է իմանա, որ դուք հավատում եք իրեն, իսկ ինքն էլ կարող է վստահել ձեզ: Ոչինչ չի կարող ավելի արժեքավոր լինել, քան անկեղծությունը. այն պետք է դառնա երեխայի հետ ձեր վարվելակերպի հիմնական սկզբունքը: Ծնողները պետք է ազնվության օրինակ հանդիսանան իրենց երեխաների համար: Հնարավորինս խուսափեք կիսաճշմարտություններից: Օրինակ, եթե երեխային պատվաստման եք տանում, մի ասեք, թե դա ցավոտ չէ, քանի որ հաջորդ անգամ նա այլևս չի վստահի ձեզ: Փորձեք երբեք չդրժել ձեր խոստումը, բայց եթե երբևէ ստիպված եք լինում դա անել, ապա անպայման ներողություն խնդրեք երեխայից և բացատրեք պատճառը:

 

Վարքային խնդիրներ