Skip to main content
Հետադարձ կապ

3 տարեկանի ճգնաժամ

3 տարեկանում հաճախ երեխաները կտրուկ փոխվում են, դառնում են համառ, քմահաճ, ծնողների կարծիքով՝ անկառավարելի: Սա երեխաների զարգացման՝ հուզականորեն հագեցած և դժվար տարիք է: Փոխվում է երեխայի վարքը, մեծանում է նրա ինքնուրույնության ձգտումը: Ինքը՝ երեխան էլ հասկանում է, որ շատ բան կարող է անել առանց մեծահասակի օգնության, կարող է լինել ավելի ինքնուրույն: Նա գիտակցում է, որ ինքնուրույն կարող է շատ գործողություններ կատարել: Այս մասին է վկայում նաև այն, որ երեխան սկսում է խոսել առաջին դեմքով: Նա ուզում է լինել իր վարքի և կամքի տերը և պնդում է դա: Այդ դրսևորումները մեծահասակների կողմից գնահատվում են՝ որպես համառություն, կամակորություն: Երեխան ոչ միայն սկսում է թելադրել իր կամքը, այլ նաև իր նշանակալիության ապացույցներ է պահանջում՝ հրաժարվելով կատարել մեծահասակների ասածները:

Այս ամենից վախենալ պետք չէ, որովհետև դրանք այդ տարիքի համար բնականոն դրսևորումներ են: Դա նաև նորմալ զարգացման ցուցանիշ է:

Այս շրջանը սկսվելու նախանշաններն են.

  • Նեգատիվիզմը. երեխան հրաժարվում է կատարել մեծահասակների հրահանգները:
  • Համառությունը. երեխան դառնում է համառ, ինքն է ցանկանում ամեն ինչ անել, պնդում է իր ցանկությունը ոչ թե այն պատճառով, որ դա իր համար կարևոր է, այլ ցանկանում է, որ հենց իր ասածը կատարվի:
  • Կամակորությունը. ի տարբերություն համառության՝ կրում է ավելի ընդհանրացված բնույթ, ուղղված է դեպի դուրս՝  ընդունված նորմերի դեմ, և առաջանում է իր ցանկությունները պնդելու արդյունքում:
  • Ինքնակամություն. սա արտահայտվում է նրանով, որ երեխան համառում է իր ինքնուրույնության և որոշումներ կատարելու հարցում:
  • Ըմբոստությունը ևս վկայում է ճգնաժամի մասին: Երեխան անընդհատ կոնֆլիկտի մեջ է մտնում, սկսում վատ բառեր ասել, հայհոյել: Եթե նա ընտանքիում միակն է, ապա դա կարող է արտահայտվել դեսպոտիզմի դրսևորումներով: Եթե ընտանիքում կան մեկից ավելի երեխաներ, հնարավոր է, որ մի երեխան խանդի մյուսին:

Այնուամենայնիվ ճգնաժամերը դրական երևույթներ են, դրանք վկայում են երեխայի զարգացման նոր փուլ անցնելու մասին:  Դրանց արդյունքում երեխան դառնում է էլ ավելի ինքնուրույն, դյուրին է դառնում մեծահասակից առանձնանալը:

3 տարեկանի ճգնաժամն ասում է այն մասին, որ երեխային այլևս չեն բավարարում նախկին խնամքի և հսկողության ձևերը, և նա ծնողներից պահանջում է այլ մոտեցումներ իր նկատմամբ: Այսինքն՝ այս ճգնաժամն առաջին հերթին երեխայի և նրան շրջապատող մեծահասակների փոխհարաբերությունների ճգնաժամն է:

Վարքային խնդիրներ