Skip to main content
Հետադարձ կապ

1 տարեկանի ճգնաժամ

Նորածին շրջանից վաղ մանկական տարիքին անցման շրջանը սովորաբար անվանում են 1 տարեկանի ճգնաժամ: Ինչպես բոլոր ճգնաժամերը, սա նույնպես կապված է ինքնուրույնություն ձեռք բերելու ցանկության հետ և արտահայտվում է հուզական արձագանքներով: Հուզական արձագանքները հաճախ առաջանում են, երբ ծնողները չեն հասկանում երեխայի ցանկությունները, բառերը, շարժումները կամ էլ հասկանում են, բայց չեն կատարում դրանք: Շարժողական ինքնուրույնության հետ երեխաները սկսում են հատակի վրա ինքնուրույն շարժվել, քայլել, նրանց հասանելի են դառնում շատ առարկաներ: Չնայած նրանց արդեն ծանոթ է «չի կարելին», բայց այժմ նրանք ավելի սուր են արձագանքում դրան՝ գոռում են, լալիս են, ոտքերը խփում հատակին: Այս արձագանքների բնույթն ու խորությունը, իհարկե, կախված է ծնողական դաստիարակության մեթոդներից:

Այս ճգնաժամային տարիքի մեծ ձեռքբերումն է խոսքը: Երեխաները սկսում են վանկեր կամ բառեր արտաբերել, որոնք միշտ չէ, որ պարզ են ու հստակ: Հաճախ երեխաները բառերի կամ որոշակի առարկաներին տված իրենց անվանումների մեջ նոր՝ մեծահասակների խոսքից խիստ տարբերվող իմաստ են դնում: Եվ այդ իմաստը հասկանալի է հիմնականում մտերիմ մեծահասակին:

Եվ այսպես, 1 տարեկան երեխան շատ բան է կարողանում անել. նա արդեն սկսում է կամ գոնե փորձում է քայլել, տարբեր առարկաների հետ տարբեր գործողություններ է կատարում, հասկանում է իրեն ուղղված խոսքը, սկսում է խոսել, և չնայած նրա խոսքը շատ բազմանշանակ է և մեծահասակների համար երբեմն անհասկանալի, այնուամենայնիվ մեծահասակների հետ շփման հնարավորությունները մեծանում են: Իմացական և հուզական զարգացումը առաջին հերթին հիմնված է մեծահասակի հետ շփման պահանջմունքի վրա, և դա կարևոր տարիքային ձևավորում է:

Երեխայի հետ նոր՝ ավելի վստահելի հարաբերությունների կառուցումը, նրան որոշակի ինքնուրույնություն տալը, նրա հանդեպ համբերատար վերաբերմունքը կարող են մեղմացնել ճգնաժամի դրսևորումները:

Վարքային խնդիրներ