Skip to main content
Հետադարձ կապ

Ճգնաժամային տարիք

Երեխաների զարգացման հետազոտությունները ցույց են տվել, որ հոգեկան աճի տարիքային փոփոխությունները կարող են լինել կտրուկ (ճգնաժամային) կամ աստիճանական (կայուն), և հոգեկան զարգացումը իրականում հենց այդ երկու` կայուն և ճգնաժամային ժամանակահատվածների օրինաչափ հերթագայությունն է:

Կայուն ժամանակահատվածներում երեխայի զարգացումը համեմատաբար դանդաղ բնույթ ունի: Այս փուլերը սովորաբար ավելի երկարատև են, հոգեկան փոփոխությունները սահուն են կատարվում, սակայն ձեռքբերումները ակնհայտ չեն, և առաջին հայացքից դժվար է դրանք նկատել: Միայն այդ փուլերի սկզբի և ավարտի համեմատությունն է ակնառու դարձնում փոփոխությունները:

Ճգնաժամային փուլերը իրենց նշանակությամբ և արտաքին դրսևորմամբ էականորեն տարբերվում են կայուն փուլերից: Դրանք տևողությամբ ավելի կարճ են, սակայն զարգացումը ճգնաժամային փուլերում ավելի բուռն է: Կարճ ժամանակահատվածում երեխան կտրուկ փոխվում է: Ըստ Վիգոտսկու` սրանք երեխայի զարգացման «շրջադարձային կետեր են»:

Հոգեբանության մեջ ընդունված է «ճգնաժամային տարիք» անվանել զարգացման մի փուլից մյուսին անցման շրջանը. դա զարգացման մի փուլի ավարտն է, մյուսի` սկիզբը:

Ըստ արտաքին դրսևորումների` ճգնաժամային տարիքն ունի մի քանի առանձնահատկություններ.

  • Տարիքային մյուս փուլերի հետ հստակ սահմաններ չկան. այն կարծես ձուլվում է մյուսներին, և դժվար է որոշել ճգնաժամի սկիզբն ու ավարտը:
  • Տեղի են ունենում հոգեկան զարգացման կտրուկ, թռիչքաձև փոփոխություններ: Ըստ ծնողների ու մանկավարժների դիտարկումների` երեխան կարծես տրամագծորեն փոխվում է և դառնում ուրիշ:
  • Զարգացումը հաճախ կրում է նեգատիվ` «կործանարար» բնույթ: Շատ հեղինակների կարծիքով այս փուլում երեխան ավելի շատ կորցնում է իր նախկին ձեռքբերումները, քան թե նոր բան է ձեռք բերում: Կորչում է հետաքրքրությունը խաղալիքների, պարապմունքների նկատմամբ, երեխան հրաժարվում է կատարել նախկինում ընդունված նորմերը, փոխվում են նրա հարաբերությունները շրջապատի հետ:
  • Երեխաներն այս փուլում դառնում են «դժվար դաստիարակվող»: Եվ սա ունի իր հիմնավոր բացատրությունը: Բանն այն է, որ նրան ներկայացվող մանկավարժական պահանջների համակարգը չի համապատասխանում զարգացման նոր մակարդակին կամ փուլին: Այլ կերպ ասած` մանկավարժական մոտեցումների փոփոխությունը չի համապատասխանում երեխայի անձի փոփոխություններին:

Հայտնի է, որ ճգնաժամային փուլերը տարբեր երեխաների մոտ տարբեր կերպ են ընթանում: Ոմանց մոտ դրանք աննկատ ու հարթ են անցնում, մյուսների մոտ` սուր ու ցավագին: Պետք է, սակայն, նկատի ունենալ, որ ճգնաժամային փուլերի նեգատիվ ուղղվածությունը բնավ էլ պարտադիր չէ հոգեկան զարգացման համար: Անխուսափելի են ոչ թե ճգնաժամերը, այլ զարգացման անցումները, որակական փոփոխությունները:

Զարգացման ճգնաժամային փուլերի հոգեբանական իմաստը և նշանակությունը երեխայի համար այն է, որ այս փուլերում տեղի են ունենում հոգեբանական այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են. վերաբերմունքը իր անձի և մյուսների նկատմամբ, առաջանում են նոր պահանջներ ու հետաքրքրություններ, երեխայի գործունեությունը նոր բովանդակություն է ստանում:

Ճգնաժամային փուլերը հարկավոր է դիտարկել` որպես զարգացման օրինաչափ ընթացք: Ճգնաժամերը անցնում են, իսկ այդ փուլերում տարիքային ձեռքբերումները մնում են:

 

Վարքային խնդիրներ