Skip to main content
Հետադարձ կապ

Երեխաներ և ընտանի կենդանիներ. համատեղ անվտանգ կեցության կանոնները

Ընտանի կենդանիներ պահում են շատերը: Էլ ավելի շատերը մտածում են՝ պահել, թե՞ ոչ։ Անկախ այն բանից, թե որ խմբում եք դուք՝ պետք է իմանալ երեխաների և կենդանիների համակեցությունն անվտանգ դարձնող մի քանի կանոն։ Դրանց մասին զրուցել ենք Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցի վարակաբան Սոսե Մարգարյանի հետ։

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Պահել ընտանի կենդանի, թե ոչ հարցին պատասխանելուց առաջ ճիշտ է նկատի ունենալ՝ 
- Կա՞ արդյոք ընտանիքում շատ փոքրիկ երեխա կամ տարեց․ երկուսն էլ համարվում են խոցելի խումբ։
- Կա՞ ընտանիքում կին, որը պատրաստվում է մայրանալ կամ արդեն հղի է։
- Կա՞ ընտանիքում իմունոդեֆիցիտ ունեցող մարդ։

Այս խմբերից յուրաքանչյուրի դեպքում անհրաժեշտ են որոշակի միջոցառումներ, որոնք կնպաստեն համատեղ կեցության անվտանգությանը։ Սակայն կանոն է բոլորի համար՝ պետք է խիստ ուշադիր լինել ձեռքերի մաքրության և կենդանու մաքրության հանդեպ։

 

ՇՆԵՐ
Գլխավոր սպառնալիքը կատաղությունն է։ Հետևաբար՝ տանը պահվող շունը պետք է ժամանակին ու պատշաճ ստանա կատաղության դեմ բոլոր պատվաստումները։ Եթե երեխային կամ մեծահասակին կծում է չպատվաստված շուն (հիմնականում նման միջադեպեր պատահում են թափառող շների հետ)՝ անհապաղ պետք է գնալ հիվանդանոց։

Եթե կենդանին պատվաստված է՝ վերքը պետք է լվանալ օճառով ու հոսող ջրով և վիրակապել։ Եթե վնասված հատվածը մեծ է կամ խորը ու կասկածներ կան, որ տնային միջոցներով այն ապահով պահել չի ստացի՝ դիմել բժշկի։

Մյուս խնդիրը էխինակոկն է (պարկաճիճու, մանր, ժապավենաձև երիզորդեր), որը կարող է ծանր հիվանդություն (էխինակոզ) առաջացնել թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների մոտ։ Տանը՝ բավարար հիգիենայի և շան ճիճվաթափված լինելու պարագայում խնդիրը գրեթե կանխարգելվում է, սակայն կարևոր է հիշել, որ մարդիկ այս կամ այն կերպ շփվում են նաև թափառող շների հետ։ Վերջինները ճիճվաթափ չեն արվում և հանդիսանում են էխինակոկի տարածման իրական վտանգ։

Պարտադիր չէ, որ շունը կծի, պարտադիր չէ գործ ունենալ կենդանու արտաթորանքի հետ՝ էխինակոկի հարուցիչները կարող են լինել կենդանու մազածածկ հատվածում և հեշտությամբ անցնել մարդուն։ Ի դեպ, լվացվելը էխինակոկի հարուցիչներից ազատվելու երաշխիք չէ։

 

ԿԱՏՈՒՆԵՐ
Այն, ինչ թվարկեցինք կատաղության մասին (վերևում) վերաբերում է նաև կատուներին։

Կարևոր է իմանալ, որ իմունոդեֆիցիտ ունեցող մարդկանց համար առավել վտանգավոր են կատուները։ Գոյություն ունի լիմֆոցիտար հիվանդություն, որը կատվից կարող է անցնել մարդուն։ Այդ հիվանդությունն առավել մեծ սպառնալիք է իմունոդեֆիցիտ ունեցող մարդկանց համար։

Կատուները կարող են լինել տոքսոպլազմոզ մակաբուծային հիվանդության տարածողներ, ինչը հատկապես վտանգավոր է հղիության շրջանում։ Հղիներին կարելի է կատու պահել, սակայն պահպանելով հետևյալ կանոնները․ հղին պետք է գործ չունենա կատվի արտաթորանքի հետ, ավազը պետք է փոխի մեկ այլ մարդ։ Եթե այլընտրանք չկա ու հղին ինքն է զբաղվում կատվին առնչվող գործերով՝ պարտադիր է կրել ձեռնոց ու մանրակրկիտ լվացվել աշխատանքն ավարտելուց հետո։

Ցանկալի է նաև կատվի ավազը փոխել ամեն օր, քանի որ սալմոնելոզի ձվիկների հասունացման համար անհրաժեշտ է 1-5 օր․ ամեն օր փոխելու դեպքում հնարավոր է էական նվազեցնել տանը դրանց մնալու (ըստ այդմ զարգանալու) հավանականությունը։ Ի դեպ, խնդիրը հավասարապես վերաբերելի է թե՛ այն կատուներին, որոնք տանից դուրս գալու սովորույթ ունեն, և՛ այն կատուներին, որոնք տանից դուրս չեն գալիս։

 

ԹՌՉՈՒՆՆԵՐ
Թռչուններից մարդուն փոխանցվող հիվանդությունը կոչվում է փսիտակոզ և կարող է դառնալ թոքաբորբի պատճառ։ Եթե որոշ դեպքերում կենդանիները զուտ հիվանդությունը տարածողի դերում են (այսինքն կենդանին կարող է չլինել հիվանդ, չունենալ ախտանշաններ, բայց տարածել հիվանդությունը), ապա փսիտակոզի դեպքում թռչունը լինում է հիվանդ։ Եթե ընտանիքի անդամները ճանաչում են հիվանդության դրսևորման ձևը՝ կարող են զուտ հեռու մնալ թռչնակից այդ ժամանակահատվածում։   

 

ԿՐԾՈՂՆԵՐ
Հայաստանում առավել հաճախ գրանցվում են տուլարեմիայի դեպքեր։ Հիվանդությունը հիմնականում փոխանցում են ճագարները (նաև տզերը)։ Տուլարեմիան բազմաբնույթ ընթացք ունեցող հիվանդություն է, սակայն ավելի հաճախ հանգեցնում է ավշահանգույցների (գեղձերի) մեծացման և բորբոքման։ Երբեմն վիրահատական միջամտության պահանջ է առաջանում։

Գերմանամկան (խամյակի) կծածի պատճառով կարող է ի հայտ գալ առնետի կծածի հիվանդությունը, որը հաճախ ունենում է ծանր ընթացք՝ ջերմություն, ցան ու պահանջում է հակաբիոտիկներով բուժում։ Կծածը հաճախ շատ փոքր մակերես է ունենում և առանձնապես չի վախեցնում ծնողներին, բայց եթե միջադեպից կարճ ժամանակ անց նկատվում են վերը թվարկած նշանները՝ մանկաբույժին անհրաժեշտ է հայտնել դեպքի մասին։