Skip to main content
Հետադարձ կապ

Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք․ ներդաշնակություն

Մարդու ֆիզիակական, սոցիալական, կենսաբանական և հոգեբանական բնույթների բալանսավորումը հենց ներդաշնակությունն է։ Համարվում է, որ երեխան արդեն ներդաշնակ է ծնվում։ Որքան սոցիումը, միջավայրը ու ընտանիքը ճիշտ են արձագանքում երեխայի պահանջմունքներին, այնքան երեխան շարունակում է մնալ ներդաշնակ և ձևավորվել որպես ներդաշնակ էակ։

Կարելի է ասել, որ մանկության ժամանակ հնչած այն բոլոր «կարելիները» և «չիկարելիները» հիմնականում ձևավորում կամ տապալում են անձի ներդաշնակության կայացումը:

Ինչ է անհրաժեշտ ներդաշնակ անհատ ձևավորելու համար

Ներդաշնակ անհատ ձևավորելու համար առաջնահերթ է ընդունել երեխային այնպիսին, ինչպիսին նա կա։ Երբեմն դա բարդ է անել, քանի որ երեխաները շատ տարբեր են իրենց արտաքին տեսքով, ունակություններով, խառնվածքով: Այդօրինակ հանգամանքները հաճախ են ստիպում, որ ծնողը, թեկուզև անգիտակցաբար, բայց չընդունի իր երեխայի տեսակը, մինչդեռ դա ամենակարևորն է։ Պե՛տք է ընդունել երեխային այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր բոլոր առանձնահատկություններով։ Պետք է ընդունե՛լ, որ նա ձեր երեխան է, բայց ձեր կրկնությունը չէ. նա առանձին անհատ է։

Երկրորդ ամենաէական պայմանը երեխային հարգելն է՝ հարգել նրա անհատականությունը, հարգել նրա մտքերը, զգացմունքները, ցանկությունները։

Մենք շատ հաճախ չենք հարգում մեր երեխաներին։ Մենք համարում ենք, թե ավելի լավ գիտենք՝ ինչ են նրանք ուզում: Եկեք թեկուզ դիտարկենք այս տարածված արտահայտությունները «ես գիտեմ, թե դու», « մեծանաս, մարդ դառնաս, նոր կխոսես», «դու ինչ ես հասկանում, որ», «դու դեռ շատ փոքր ես, որ միջամտես»… Այսպես մենք ոչնչացնում ենք այն սերմերը, որոնց շնորհիվ երեխան կարող է զգալ, հասկանալ ու գիտակցել, թե ինչ է ի՛նքն ուզում։ Այսպես մենք սովորեցնում ենք երեխային չվստահել ինքն իրեն, իր զգացմունքներին, իր մտքերին՝ խախտելով բալանսավորումը։

Եվ հենց այսպես է պատահում, որ հասուն տարիքում մենք ունենք դիրքորոշումներ, որոնք մերը չեն, անում ենք բաներ, որոնք չենք ուզում անել։ Այնպես որ, եկեք հարգե՛նք երեխային ու նրա ցանկությունները։

Նշաններ, որոնք խոսում են ներդաշնակություն չունենալու մասին

Հասկանալու համար, թե ինչ է ներդաշնակությունը, պետք է հասկանալ, թե որոնք են ներդաշնակության բացակայության նշանները։ Առանձնացնենք մի քանի կետ՝

  • սեփական կյանքից և ունեցածից բավականություն չստանալը,
  • մշտապես լարված, հոգնած լինելը,
  • անցյալով կամ ապագայով ապրելը,
  • բոլորին ու ամեն ինչ վերահսկողության տակ պահելու պահանջը,
  • այստեղ ու հիմա ապրելու անկարողությունը,
  • սեփական կյանքից հաճույք չստանալու հանգամանքը և այլն:

Խարխլված ներդաշնակության առաջին նշաններից են պարբերաբար այցելող մտքերը՝ «իմ կյանքում ինչ-որ բան այն չէ», «տեղս չեմ գտնում», «գուցե սխալ եմ ապրում», «անընդհատ հոգնածություն եմ զգում», «կյանքից հաճույք չեմ ստանում», «մտքերով կա՛մ ապագայում եմ, կա՛մ անցյալում» և այլն։

Իրականում, բոլորին են հատուկ այդ շրջանները, քանի որ միայն այդպես է հնարավոր ինչ-որ բան փոխել և առաջ գնալ։ Դրանք կյանքի ճգնաժամային փուլերն են, երբ հարկավոր է դադար առնել, վերանայել մեր արժեքները, նպատակներն ու գնալ։

Բայց եթե ներդաշնակությունը խախտվում է, մարդը հայտնվում է տագնապի, լավատեսության անկման, կյանքի իմաստը չգտնելու «մշտական» վիճակի մեջ։ Ի դեպ, ներդաշնակությունը կորցրած մարդիկ հաճախ խնդիրներ են ունենում նաև միջանձնային հարաբերություններում:

Սեփական ԵՍ-ի հետ ներդաշնակություն հաստատելու քայլերը

Ներդաշնակության կարևոր նշաններից այստեղ ու հիմա լինել կարողանալն է, հաճույք ստանալ տանը, աշխատանքում, ներկայում։

Թեև ներդաշնակ մարդ դառնալու ճանապարհին խիստ կարևոր է այն, թե ինչպիսի մանկություն ես ունեցել, բայց նույնիսկ հասուն տարիքում՝ գիտակցելով, որ խարխլված է ներդաշնակությունդ, կարող ես քայլեր ձեռնարկել այն վերահաստատելու համար:

Գլխավոր նախապայմանը ինքնաճանաչումն է:

Առաջինը պետք է ճանաչեմ ինքս ինձ՝ իմ պահանջմունքները, իմ ցանկությունները, իմ սպասելիքները ու մաղեմ՝ դա սոցիումի՞ տվածն է, ծնողների՞ս տվածն է, տատիկիս ու պապիկի՞ս բառերն են իմ մեջ խոսում, թե այն է, ինչ ե՛ս եմ ուզում: Այս հարցերին պատասխանելու համար պետք է սովորենք քննել մեր վարքը՝ ինչո՞ւ կոնկրետ իրավիճակում ես արեցի կամ չարեցի այս կամ այն բանը։

Երկրորդը քայլը հասկանալն է, թե ինչ եմ ե՛ս ուզում։ Կարելի է խոսել մասնագետի հետ, դիտարկել մյուսների վարքը, դիտարկել այլ մոդելներ և փնտրել իմ այլընտրանքները։

Երրորդը, հասկանալն է, թե իսկապես դա այն է, ինչ ԵՍ եմ ուզում, թե՝ ոչ։ Հնարավոր է՝ ընտրել եմ մոդել, որ շատ լավն է ու սկսել եմ այդ ճանապարհով գնալ, բայց հետո հասկանում եմ, որ ես դա չեմ ուզում։ Ու դա նորմալ է, քանի որ մարդը փոխվում է, և բնականաբար նրա կարիքներն ու ցանկություններն էլ են փոխվում։ Հենց դրա համար կարևոր է փորձել պատասխանել մեկ հարցի՝ ինչ եմ ուզում ԵՍ՝ առանց դրսից քեզ պարտադրվող սպասելիքների։

Եվ, իհարկե, պետք է համարձակություն ունենալ գնալ այդ ճանապարհով։

Այդ ճանապարհը գտնելու և այդ ճանապարհով վստահորեն քայլելու հարցում նաև կարող է օգնել մասնագետը։ Դիմե՛ք նրան, եթե դրա կարիքն ունեք։

Դիտե՛ք ամբողջական հարցազրույցը

Ինքնախնամք