Skip to main content
Հետադարձ կապ

Ծնողավարումը համավարակի ընթացքում

Ինչպե՞ս պահպանեմ երեխայիս մոտիվացիան համավարակի ընթացքում: Ինչպե՞ս կարող եմ պաշտպանել նրա հոգեկան առողջությունը: Հոգեբան և երեխայի զարգացման մասնագետ Լիզա Դամուրը պատասխանում է այս և այլ հարցերի:

 

Ինչպե՞ս անդրադառնալ հոգեկան առողջությանն ու ապրումներին, եթե այն համարվում է տաբու իմ ընտանիքում:

Տարաբնույթ զգացողությունները, ներառյալ տհաճ ապրումները, բնական են, և չպետք է ամաչեք կամ ստիպված լինեք ամաչել, եթե դուք տխրության, զայրույթի, հիասթափության կամ այլ զգացողություններ եք ունենում. դրանք երբեմն կարող են ցավոտ լինել: Երբ մենք տհաճ զգացողություններ ենք ունենում, ամենաօգտակար բանը, որ կարող ենք անել, մեր զգացողությունների մասին մեր սիրելիների հետ խոսելն է: Այդպես մենք պաշտպանում ենք մեր հոգեկան առողջությունը:

Ի՞նչ կարող եմ անել երեխայիս հոգեկան առողջությունը պաշտպանելու համար:

Ոչինչ չի կարող պաշտպանել երեխայի հոգեկան առողջությունն ավելի լավ, քան մեծահասակների հետ ջերմ և սիրով լի հարաբերությունները՝ միասին զվարճալի խաղեր խաղալը, գնդակն այսկողմ-այնկողմ նետելը: Կարող եք նաև միասին ընթրիք պատրաստել կամ տանը ինչ-որ բան վերանորոգել: Երբ դուք լավ ժամանակ եք անցկացնում ձեր երեխայի հետ, և երեխան զվարճանում է, դա օգտակար է նրա հոգեկան առողջության համար:

Ինչպե՞ս կարող եմ համատեղել աշխատանքս և երեխայիս խնամքը:

Փոքր տարիքի երեխաների դաստիարակությունը շատ ժամանակ և էներգիա է պահանջում, ուստի դա շատ ժամանակ պահանջող աշխատանքի հետ համատեղելը կարող է իսկապես դժվար լինել կամ «անհնարին» թվալ: Փորձե՛ք կենտրոնանալ կա՛մ երեխայի, կա՛մ աշխատանքի վրա: Եթե անեք երկուսը միաժամանակ, և՛ դուք, և՛ ձեր երեխան կհիասթափվեք: Հիշե՛ք, որ երեխաներն արագ են մեծանում: Փոքր տարիքի երեխա դաստիարակելու շրջանը կանցնի, մինչ կհասցնեք գիտակցել դա, և ամեն ինչ ավելի կհեշտանա:

Ինչպե՞ս պահպանեմ երեխայիս մոտիվացիան համավարակի ընթացքում:

Համավարակի ընթացքում երեխաներին մոտիվացված պահելը դժվար է, գիտենք: Նրանք հոգնած են և ձանձրացած: Բայց մի՛ անհանգստացեք, մի՛ կարծեք, որ ձեր երեխայի հետ մի բան այն չէ, եթե նա չի ուզում անել իր դպրոցական առաջադրանքը կամ տնային որևէ գործ: Կարող եք օգնել նրանց՝ առաջարկելով ձեր աշխատանքն անել նրանց կողքին՝ մինչ նրանք կանեն իրենց առաջադրանքը, եթե տրամադրություն չունեն դա անելու: Կարող եք նաև տան գործերն անելու զվարճալի միջոցներ գտնել, օրինակ՝ խաղի՛ վերածեք տնային գործերը կամ մի զվարճալի զբաղմո՛ւնք առաջարկեք, որ անելու եք միասին, երբ նա առաջադրանքն ավարտի։

Ինչպե՞ս կարող եմ կառավարել մենության զգացումը:

Ծնող դառնալով հաճախ կրճատվում է մեր սոցիալական ժամանցը և ինքդ քեզ համար ժամանակ ունենալը: Ձեր երեխայի կարիքները հոգալը հնարավոր է այնքան ժամանակ պահանջի, որ ժամանակ չմնա ձեր կարիքները հոգալու համար: Որպես լուծում՝ հեռախոսային խոսակցությունների կամ ապահով ֆիզիկական հեռավորությամբ հանդիպումների միջոցով փորձե՛ք կապ պահպանել մեկ այլ ծնողի հետ, որ նույն տարիքի երեխա ունի:

Ինչպե՞ս կարող եմ մնալ լավատես՝ համավարակի ընթացքում ընտանիքիս բնականոն կյանքի համար պայքարելու հետ մեկտեղ:

Իսկապես, շատ դժվար ժամանակներում ենք ապրում և կարող ենք հեշտությամբ հուսահատվել։ Բայց կա մի փոքր գաղտնիք, որ կարող է օգնել. կենտրոնացե՛ք այն ամենի վրա, ինչի համար դուք շնորհակալ եք: Դա կարող է լինել երեխայի հետ անցկացրած երջանիկ մի պահ, գեղեցիկ ու հաճելի օր, ուրախ ժամանց մտերիմների հետ և այլն։ Երբ մենք գոհունակ ենք, մտածում ենք այն բաների մասին, որոնց համար շնորհակալ ենք, դա մեզ գրեթե միշտ դրական հույզեր է հաղորդում:

Ինչպե՞ս կարող եմ աջակցել համավարակի ընթացքում ծնող կորցրած երեխային:

Այն երեխաները, որոնք սգում են իրենց ծնողների կորուստը, սովորաբար շատ միայնակ են և սարսափելի կարոտում են իրենց ծնողներին: Թվում է, որ ամենաօգտակար բանը, որ կարող ենք անել, նրանց օգնելն է կենտրոնանալու «այստեղ»-ի և «հիմա»-ի վրա: Բայց ճշմարտությունն այն է, որ մենք ամենաշատն օգնում ենք, երբ խոսում ենք նրանց ծնողների մասին: Ինչ էին իրենց ծնողները սիրում անել, ինչպիսին էին նրանք, ինչպես կարձագանքեին, երբ տեսնեին, թե որքան հիասքանչ անձնավորություն է իրենց երեխան դառնում: Երբ մենք պահում ենք նրանց ծնողների մասին հուշերը, ազդում ենք երեխայի մենության զգացողության վրա ու օգնում ենք նրան՝ հաղթահարելու իր վիշտը:

Համավարակի ընթացքում երեխաս դարձավ ինքնամփոփ: Ինչպե՞ս կարող եմ օգնել նրան վերականգնել իր սոցիալական կյանքը:

Համավարակից հետո երեխաները հաճախ են զգուշանում նոր իրավիճակներից, խուսափում փոփոխություններից, շփումներից: Նրանց կօգնեք, եթե խոսեք այդ մասին, տեղեկացնեք, որ հնարավոր է շատ ժամանակ պահանջվի՝ հարմարվելու նոր իրավիճակներին։ Կարող եք ասել նրանց հետևյալը«Շուտով ավելի լավ ու հանգիստ կզգաս, կխաղաս ընկերներիդ հետ: Բայց կարող ես մնալ այստեղ ինձ հետ, մինչև պատրաստ կլինես և կուզենաս միանալ նրանց»:

 


Բժիշկ Լիզա Դամուրը հոգեբան է, ամենավաճառվող ճանաչված գրքերի հեղինակ, «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր և երկու երեխայի մայր: Նա կրթության և երեխայի զարգացման վերաբերյալ բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է:

Այս տեսահոլովակը ձեզ հասանելի է դարձել LEGO հիմնադրամի աջակցությամբ:

Ինքնախնամք

62555977