Skip to main content
Հետադարձ կապ

Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք․ վախեր և տագնապներ

Երեխաներին և մեծահասակներին «այցելող» տհաճ մտքերը կարող են բույն դնել ուղեղում և գլխիվայր շրջել կյանքը՝ դառնալով անհանգստությունների, կյանքի իմաստը կորցնելու, մշտապես լարված և հոգնած լինելու, չարագույժ կանխազգացումների, բարդույթների և բազմաթիվ այլ երևույթների պատճառ:

ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի ասիստենտ, ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն, հոգեբան Դավիթ Գևորգյանի օգնությամբ պարզել ենք խնդրի առաջացման պատճառները, դուրս բերել տարիքային տարբեր խմբերի վրա տագնապների ազդեցության ձևերը և առանձնացրել լուծման ամենագործուն եղանակները:

Խոսելով վախերի և տագնապների մասին՝ հատկապես կարևոր է դիտարկել և հասկանալ՝

  • վախի և տագնապի տարբերությունները,
  • տագնապայինության առաջացման պատճառները,
  • դեռահասության փուլում տագնապայինության արտահայտման օրինաչափությունները,
  • տագնապայինոթյան հաղթահարման միջոցները:

Ինչ է տագնապայինությունը և ինչպես է այն տարբերվում վախի զգացողությունից

Տագնապայինությունը հիմնականում դրսևորվում է տհաճ, դիսկոմֆորտ առաջացնող զգացողությամբ։ Այն հաճախ ֆիզիկապես վատ զգացոլու հետ են շփոթում՝ սրտխառնոց, լարված զգացողություն կրծքավանդակում, որն իր հետ նաև բերում է տհաճ մտքեր, ապրումներ ու պատկերացումներ։

Տագնապները, ի տարբերություն վախերի, պակաս ինտենսիվ են, բայց կարող են ավելի շատ էներգիա խլել մարդուց և ավելի դժվար հարթվել։ Վախը, որպես կանոն, հայտնվում է կոնկրետ իրավիճակում ու հետո անցնում է, երբ այդ իրավիճակի սպառնալիքն անցնում է։ Իսկ տագնապները միշտ չէ, որ կոնկրետ իրավիճակի հետ են կապվում ու միշտ չէ, որ մարդը հասկանում է, թե որն է տագնապի պատճառը։ Այս դեպքում ավելի բարդ է այն հաղթահարելը, բայց համապատասխան աջակցության շնորհիվ, հնարավոր է։

Որոնք են տագնապայնության առաջացման պատճառները

Տագնապի առաջացման պատճառները, սովորաբար, շատ անհատական են՝ պայմանավորված երեխայի առանձնահատկություններով, տարիքով։ Իհարկե, կան վախեր ու տագնապներ, որոնք կոնկրետ տարիքի համար, որոշ իմաստով սպասելի են՝ մթություն, կենդանիներ և այլն, ինչն իհարկե չի նշանակում, որ երեխան կարիք չունի աջակցման:

Տագնապների առաջացման պատճառների տեսանկյունից բարդ տարիք է դեռահասությունը: Պետք է մի փոքր ավելին իմանալ տարիքային այս խմբի երեխաների մտածողության և առանձնահատկությունների մասին, որպեսզի աջակցելը հնարավոր դառնա:։

Դեռահասությունից սկսած՝ արդեն կարող ենք ասել, որ տագնապների գոյացման հիմնական մեխանիզմը մեր մտածելակերպի առանձնահատկություններն են,: այսինքն՝ մեր ընկալման առանձնահատկությունները, քանի որ միևնույն իրավիճակը կարելի է ընկալել որպես շատ տագնապային և կարելի է ընկալել որպես նորմալ՝ ոչ տագնապային: Շատ բան կախված է այն բանից, թե ինչ «ակնոցով» ենք նայում տվյալ իրավիճակին:

Երեխաներն ուղղակիորեն չեն կարող ասել, որ իրենք տագնապներ ունեն և կամ թե ինչից է առաջանում այդ տագնապը, քանի որ հաճախ չեն էլ հասկանում, թե ինչն է խնդիրը։ Պետք է ծնողն ուշադիր լինի ու հետևի ստորև թվարկված նշաններին։

Փոքր տարիքի դեպքում`

  • քնի խանգարում (երբ երեխան չի կարողանում քնել, պարտադրում է մեծ ռիտուալներ քնելուց առաջ կամ հաճախ է արթնանում գիշերվա ընթացքում),
  • հուզական պոռթկումներ։

Ավելի մեծ տարիքի դեպքում`

  • ներփակում,
  • սոցիալական մեկուսացում (երբ երեխան սկսում է չշփվել արտաքին միջավայրի հետ, իր դասընկերների հետ),
  • հաճախ և միանգամից հուզվելը,
  • խուսափողական վարքը։

Եթե նկատում ենք սուր տագնապայինություն, օրինակ, երբ երեխան վախենում է տնից դուրս գալ, դպրոց կամ այլ տեղ գնալ, ուրեմն պետք է գիտակցել, որ երեխայի մոտ տագնապի առկայություն կա։

Վտանգավոր է այն, որ վարքային այդօրինակ փոփոխությունները մեծահասակները շփոթում են ամոթխածության, «շատ դաստիարակված» լինելու հետ և անտեսում են երեխայի կյանքի այդ փուլի դժվարությունները: Արդյունքում՝ պատանին կարող է դուրս գալ դեռահասության փուլից թերարժեքության բարդույթով:

Ի՞նչ կարող են անել ծնողները

Ծնողի խնդիրն է ժամանակին նկատել վախի կամ տագնապի դրսևորումները՝ ճիշտ նույնականացնել դրանք և փորձել չեզոքացնել տագնապի առաջացման արտաքին աղբյուրները, եթե այդպիսիք կան: Փորձը ցույց է տալիս, որ երեխաների տագնապայինության առաջացման արտաքին աղբյուրի դերում, հիմնականում հանդես են գալիս ընտանիքում առկա միջանձնային խնդիրները:

Շատ նրբանում ու բարդանում է դեռահասության տարիքում ծնող-երեխա հաղորդակցությունը, քանի որ միաժամանակ մի քանի գործոն է առկա: Մի կողմից երեխայի ազատություն ունենալու, ծնողական վերահսկողությունից դուրս գալու, ավելի ինքնավար դառնալու գործոնն է, մյուս կողմից՝ երեխայի կյանքի ավելի բարդացումը՝ դրսի հարաբերություններ, հասակակիցներ, այլ ազդեցություններ, որոնց տակ կարող է ընկնել դեռահասը: Միասին, այդ գործոնները ստեղծում են բարդ իրավիճակ ծնողի համար, ով միշտ չէ, որ պատրաստ է լինում նման մարտահրավերների:

Դեռահասության տարիքում ծնողները, ու հատկապես՝ հայրիկները, հանկարծ հայտնաբերում են, որ երեխայի հետ շփման ուղիղ կապ ու ձև չունեն։ Ժամանակին գուցե մտածել են «թող երեխան մեծանա, նոր հետը կխոսեմ», «փոքր երեխա է, այս պահին պատրաստ չէ նման խոսակցություններ», «փոքր է, կանցնի- կգնա»։ Բայց պատահում է, այն էլ հաճախ, որ երբ այդ պահը գալիս է, պարզվում է, որ երեխան ու հայրիկը կիսելու բան չունեն, քանի որ մինչ այս, ամբողջ հաղորդակցությունը մայրիկի միջոցով է եղել։

Դրա համար էլ առաջին քայլը, որ ծնողը կարող է և պետք է անի, 0 տարեկանից երեխայի հետ շփվելն է, ուղիղ հարաբերություններ ձևավորելն է։ Կարևոր է, որ երկու ծնողներն էլ հավասարաչափ ներգրավված լինեն երեխայի դաստիարակության մեջ, ներկա լինեն երեխայի կյանքում ու առօրյա ուրախ ու տխուր պահերին։

Սակայն, եթե անգամ այդ պահն արդեն բաց է թողնվել, երբեք ուշ չէ փորձել ձևավորել այսպես կոչված «դրական կամ ֆունկցիոնալ հաղորդակցություն։ Կենտրոնանանք դեռահասների վրա ծնողները պետք է ժամանակին գիտակցեն, որ այլևս գործ ունեն այլ անձի, ոչ այն փոքրիկ երեխայի հետ, և որ փոքր տարիքում բանեցրած ծնողավարման մեթոդներն այլևս արդյունավետ ու ազդեցիկ չեն դեռահասի համար ու կարող են նաև կոնֆլիկտների հիմք հանդիսանալ։

Հենց դրա համար էլ՝ երկրորդ քայլը «դեռահասին հավասարվելն» է, նրան ձեր խնդիրների մասին պատմելն ու նրանից խորհուրդ հարցնելը։

Կարևոր է, որ երեխան զգա, որ իրեն տվել են «մեծ» լինելու այդ հնարավորությունը։

Կարևոր է, որ ծնողն ուսումնառի, թե ինչպես հաղորդակցվել երեխայի հետ։ Դեռահասության տարիքը նաև ճգնաժամ է ծնողի համար եկել է փոխվելու և ծնողավարման մեթոդները փոխելու ժամանակը։ Եկել է սխալվելու, երեխայի հետ և երեխայից սովորելու ժամանակը։

Կարևոր է հատկապես գիտակցելը, որ երեխայի հետ շփումը չի կարող լինել ճնշման, համոզման և սեփական ճիշտը պարտադրելու հիման վրա։ Եվ եթե փորձեք ճնշել երեխային, ավելացնելու եք նրա տագնապայինությունը։

Կարևոր է խնդիրը երեխայի հետ քննարկելը և համագործակցող հաղորդակցության շնորհիվ միասին լուծում գտնելը։ Դեռահասները շատ խառն են ներսում, դրա համար նոր որակի հաղորդակցություն ստեղծելու առաջին քայլը կարող են ու պետք է ծնողներն անեն, անգամ, եթե դեռահասն արտաքնապես ցույց է տալիս, որ ինքը կարիք չունի և/կամ չի ցանկանում «սիրտը բացել»։

Որ կողմից էլ դիտարկենք, երեխաներին աջակցելու առաջին քայլը ծնողավարման մեթոդների փոփոխությունն է։ Առաջինը պետք է ծնողն իր վրա աշխատի և ճիշտ արձագանքի առկա խնդիրներին՝ հիմնվելով առկա ծնողավարման որակյալ և մասնագիտական ռեսուրսների վրա։

Կարևոր է գիտակցելը, որ դեռահասին անհանգստացնող տագնապները կարող են էապես ազդել նրա կյանքի որակի վրա, հարազատների և հասակակիցների հետ փոխհարաբերությունների վրա՝ ստիպելով մեկուսանալ:

Կարևոր է դիմել մասնագետին, եթե ծնողն զգում է, որ այլևս անզոր է ու չի պատկերացնում, թե ինչ խնդրի հետ գործ ունի և/կամ ինչպես վարվել։ Մասնագետը կկարողանա սահմանել հստակ խնդիրն ու համապատասխան ախտորոշում տալ՝ աջակցելով լուծման ուղիները գտնելու ճանապարհին։

Դիտե՛ք ամբողջական հարցազրույցը

Ընտանեկան հարաբերություններ