
Պատվաստումների ազգային օրացույցը տարեսկզբին համալրվեց ջրծաղիկի դեմ պատվաստումով։ Պատվաստումը նոր է Հայաստանի համար, սակայն ունի 30 տարվա պատմություն։
Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ Լիլիթ Մարությանի հետ մեր զրույցի հիմնական նյութը ջրծաղիկի և կարմրուկի դեմ պատվաստումն էր։
Զրույցից առանձնացրել ենք առանցքային մի քանի կետ։
ՋՐԾԱՂԻԿ
Մեզանում կարծես ընդունված է թեթև վերաբերվել ջրծաղիկին։ Մարդիկ կարծես լռելյայն համաձայն են, որ այն անխուսափելի է՝ երեխան պետք է վարակվի, լավանա ու այդ կերպ ձեռքբերի իմունիտետ հիվանդության դեմ ամբողջ կյանքի համար։ Այո, եթե ջրծաղիկը համեմատենք օրինակ կարմրուկի հետ, ապա պետք է ասենք, որ այն ավելի թեթև ընթացող հիվանդություն է, սակայն մենք չենք կարող չտեսնել օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող փաստերը։ Օրինակ այն, որ մեր երկրում տարեկան գրանցվում է ջրծաղիկի մոտավորապես 15.000 դեպք։ Հոսպիտալացվում է վարակված երեխաների 3-5 տոկոսը, մեծահասակների՝ 12 տոկոսը։
Բարդացած դեպքերում ջրծաղիկը կարող է դառնալ թոքաբորբի, էնցեֆալիտի (ուղեղի բորբոքման), մաշկի վրա առկա բշտերի միջոցով օրգանիզմ ներթափանցող ինֆեկցիաների պատճառ, որոնք զարգանում են արագ ու պահանջում են երկարատև բուժում։
Հիվանդությունն ունի ինկուբացիոն շրջան, երբ երեխան (նաև մեծահասակը) արդեն հիվանդ է, բայց դա դեռ ակնհայտ չէ։ Մարմնի վրա ցանավորման առաջացումից 24-48 ժամ առաջ հիվանդն արդեն իսկ վարակիչ է։ Վարակը փոխանցվում է ինչպես օդակաթիլային ճանապարհով, այնպես էլ բշտերում առկա հեղուկի հետ շփման միջոցով։ Վարակելիության մակարդակը բավականին բարձր է։ Հիվանդության նախանշանները ցավոք դժվար է նույնականացնել սկսվող ջրծաղիկի հետ, քանի որ արտահայտվում է գլխացավով, թուլությամբ, մարմնի ջերմաստիճանի բարձրացումով՝ նշաններ, որոնք դժվար թե որևէ մեկի մտքով կանցնի կապել ջրծաղիկի հետ։
Ջրծաղիկի դեմ պատվաստումը նախ ներդրվել է ԱՄՆ-ում՝ 1995 թվականին։ Մինչև 2006 թվականը երեխաները ստանում էին մեկ պատվաստում՝ 1 տարեկանում։ 2006 թվականից սկսած ներդրվեց նաև երկրորդ պատվաստումը, որն արվում էր (և արվում է) 4-6 տարեկանում։ Հայաստանում առայժմ պատվաստում են միայն մեկ տարեկան երեխաներին։ Արդյո՞ք կներդրվի երկրորդը և երբ դա կլինի՝ դեռ հայտնի չէ։ Ջրծաղիկը կանխարգելելի հիվանդություն է։ Ասել կուզի՝ բավական է, որ երեխան ստանա երկու պատվաստումները և հիվանդության մասին կարող է մեկընդմիշտ մոռանալ։
ԿԱՐՄՐՈՒԿ
Կարմրուկը ևս կանխարգելելի հիվանդություն է և ինչպես ջրծաղիկի դեպքում, կարմրուկի դեմ ևս առաջին պատվաստումը երեխաները ստանում են 12 ամսականում, իսկ երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկանում։ Երկու պատվաստումները ստացած երեխաները պաշտպանված են կարմրուկից ամբողջ կյանքում։
Կարմրուկը, որպես կանոն, սկսվում է թեթև հազով, ջերմությամբ։ Արդեն այդ փուլում՝ ցանավորումից չորս օր առաջ, հիվանդը համարվում է վարակիչ։
Տևական ժամանակ մենք մեզ համարում էինք կարմրուկից զերծ երկիր, բայց հիվանդության վերջերս արձանագրված բռնկումը վկայում է, որ նվազել է պատվաստված երեխաների քանակը։ Բացի այդ, վերջին տարիներին Հայաստանը ենթարկվեց միգրացիոն հոսքերի (մի մասը որոշ ժամանակ ապրեց ու հեռացավ, մի մասը հաստատվեց այստեղ), հայ շատ ընտանիքներ սկսել են ակտիվ ճամփորդել իրենց փոքրահասակ երեխաների հետ ու այս ամենը նոր դուռ է բացել կարմրուկի համար։
Բռնկումներից դասեր չենք քաղել։ Ցավալի է գիտակցելը, որ ունենք կարմրուկից պաշտպանող այսքան գործուն, անվնաս, հասանելի միջոց, բայց ցավոք, բավականաչափ չենք կիրառում այն: ։Աշխարհի որոշ երկրներում պատվաստումները կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակի վճարովի են, դրանք գրեթե ամենուր վճարովի են նաև օտարերկրացիների համար։
Երբ երեխային փողոցում կծում է շուն կամ կատու՝ ոչ ոք չի ասում՝, երեխայիս հիվանդանոց չեմ տանի։ Բարեբախտաբար, անհապաղ տանում են ու երեխան ստանում է պատվաստում կատաղության և փայտացման դեմ։ Ի՞նչ է ստացվում՝ կատաղությունից ու փայտացումից վախենում ենք, իսկ կարմրուկից, պոլիոմիելիտից, կապույտ հազից կամ մարդու պապիլմովիրուսից չե՞նք վախենում։ Այլ կերպ ասած՝ չենք վախենում դրանց հետևանքով զարգացող ծանր հիվանդությունների՞ց, քաղցկեղի՞ց։
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԳՐԻՊԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄ
Գրեթե տասը տարի է, ինչ ես, որպես առողջապահության ոլորտի ներկայացուցիչ, ամեն աշուն ստանում եմ գրիպի դեմ պատվաստում։ Այդ պատվաստումը չի ապահովագրում գրիպից, բայց թույլ է տալիս խուսափել բարդացումներից։ Գարնանն ու ամռանը ոչ մի մանկաբույժ չի առաջարկի ձեր երեխային պատվաստել գրիպի դեմ, քանի որ խոսում ենք սեզոնային հիվանդության մասին, իսկ սեզոնը համընկնում է ուշ աշնան և ձմռան հետ։ Լավագույն տարբերակը՝ երեխային սեզոնից առաջ՝ սեպտեմբերի վերջում կամ հոկտեմբերի սկզբին պատվաստելն է, որպեսզի պատվաստանյութը կարողանա պաշտպանել օրգանիզմը սեզոնի ընթացքում։
Պատվաստումների կանխատեսվող բարդությունները, որպես կանոն, նույնն են՝ ներարկման հատվածում այտուց, ջերմության բարձրացում։ Երեխային պետք է տալ տարիքին համապատասխանող դեղաչափով ջերմիջեցնող և կապ պահել մանկաբույժի հետ։
ՀԳ
Պատվաստումները դարձան իրենց հաջողության զոհը․ մարդիկ վաղուց է, ինչ չեն տեսել մի շարք հիվանդություններ ու կարծես մոռացել են դրանց գոյության մասին։ Դա թույլ է տվելշատերին մտածել, որ եթե չկա հիվանդությունը, ուրեմն պետք չէ պատվաստել երեխաներին։ Նրանց պետք է պարբերաբար հիշեցնել՝ հիվանդություն չկա, որովհետև երեխաները պատվաստվում են և հենց չպատվաստվեն, այդ հիվնդությունները նորից կգան: