
Այո՛, ԿԿԽ պատվաստանյութն անվտանգ է
ԿԿԽ պատվաստանյութի մասին ապատեղեկատվությունը շատ տարածված է։ Ահա այն, ինչ մենք գիտենք տասնյակ միլիոնավոր երեխաների շրջանում ավելի քան 50 տարվա ուսումնասիրություններից:
ԿԿԽ պատվաստանյութը, որը պաշտպանում է կարմրուկից, խոզուկից և կարմրախտից, հասանելի է 1971 թվականից: Դրանից հետո ավելի քան 50 տարվա ընթացքում իրականացվել են մշտադիտարկում և ուսումնասիրություն տասնյակ միլիոնավոր նորածինների և երեխաների շրջանում՝ գնահատելու պատվաստանյութի ինչպես անմիջական, այնպես էլ երկարաժամկետ ազդեցությունը:
Ահա այն, ինչ մենք գիտենք այսօր ԿԿԽ պատվաստանյութի անվտանգության, հնարավոր կողմնակի ազդեցությունների և ռիսկերի մասին:
ԿԿԽ պատվաստանյութն աուտիզմ չի առաջացնում
Աուտիզմը զարգացման խանգարում է, որն առաջանում է յուրաքանչյուր 100 երեխայից մեկի մոտ: Դա պայմանավորված է հիմնականում գենետիկայով. իրականում, ապացույցները վկայում են, որ աուտիզմը գրեթե 80 տոկոսով ժառանգական է:
Չկա որևէ ապացույց, որ այն առաջացել է որևէ պատվաստումից, այդ թվում՝ ԿԿԽ պատվաստանյութից:
Այս միֆը ծագել է 1990-ականներից, երբ «Լանցետ» գիտական ամսագրում հրապարակված մի հոդվածում ենթադրվում էր, որ կարող է առնչություն լինել ԿԿԽ պատվաստանյութի և աուտիզմի միջև: Այս հոդվածում, որն ուսումնասիրել էր ընդամենը 12 երեխայի, որևէ կերպ չէր ապացուցվում, որ ԿԿԽ պատվաստանյութը կարող է աուտիզմ առաջացնել: Այն նաև լի էր խնդիրներով, սխալներով և կեղծիքներով: Երբ դրանք բացահայտվեցին, ամսագիրը պաշտոնապես հեռացրեց հրապարակումը: Հետագայում հեղինակը բացահայտեց, որ ֆինանսական օգուտ է ստացել պատվաստանյութ արտադրող ընկերությունների դեմ ներկայացված հայցերից, ինչպես նաև գրանցել էր սեփական մրցակից պատվաստանյութը: Նրան արգելվել էր զբաղվել բժշկությամբ։
Այդ ժամանակից ի վեր գիտնականները մշտադիտարկել են հարյուր հազարավոր երեխաների զարգացումը ամբողջ աշխարհում: Ոչ մի ուսումնասիրություն չի գտել ԿԿԽ պատվաստանյութի և աուտիզմի միջև կապի որևէ ապացույց: Օրինակ՝ Դանիայում ավելի քան 535,000 երեխաների շրջանում 2002 թվականին կատարված ուսումնասիրությունը չի հայտնաբերել աուտիզմի ցուցանիշերի տարբերություն պատվաստված և չպատվաստված երեխաների միջև: Այլ հետազոտություններ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլուր նույնպես հաստատել են այս արդյունքները:
Թեև որոշ ծնողներ պատմում են, որ իրենց երեխաների մոտ աուտիզմի նշաններ նկատվել են պատվաստվելուց հետո, այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ դա պատահական համընկնում է: Աուտիզմի առաջին նշանները դրսևորվում են 12-18 ամսականում: ԿԿԽ պատվաստանյութի առաջին դեղաչափը տրվում է 12-15 ամսականում: Երբ կարծես նորմալ զարգացող երեխան սկսում է դրսևորել աուտիզմի նշաններ, դա կարող է շփոթեցնող լինել, և ծնողներն այն կարող են կապել ինչ-որ երևույթի, օրինակ՝ պատվաստման հետ: Բայց դա իրականությանը չի համապատասխանում:
ԿԿԽ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները
Երբ ԿԿԽ պատվաստումից առաջանում են կողմնակի ազդեցություններ, դրանք սովորաբար լինում են թեթև և ժամանակավոր, օրինակ՝ այտուց և ցավ ներարկման տեղում: Համակցված ԿԿԽ-ջրծաղիկ (ԿԿԽԾ) պատվաստումից ցան առաջանում է 100 երեխայից մոտ 6-ի մոտ:
Ջերմություն հանդիպում է 100-ից 27-ի մոտ: ԿԿԽ պատվաստումից, որը չի ներառում ջրծաղիկի դեմ պատվաստանյութը, 100 երեխայից մոտ 2-ի մոտ ցան է առաջանում, իսկ 100-ից 19-ի մոտ ջերմություն է նկատվում: Այս երկու հնարավոր կողմնակի ազդեցությունները սովորաբար նկատվում են պատվաստումից մոտ 7-11 օր հետո և ինքնուրույն անցնում են:
ԿԿԽ պատվաստանյութից լուրջ կողմնակի ազդեցությունները հազվադեպ են, օրինակ՝ իմունային թրոմբոցիտոպենիկ ծիրանացանը: Սա կապտուկ է, որն առաջանում է, երբ իմունային համակարգի ռեակցիայի հետևանքով արյունը սովորականից ավելի քիչ թրոմբոցիտներ է արտադրում: Սա տեղի է ունենում մոտավորապես 20000 դեղաչափից մեկի դեպքում և ժամանակավոր է երեխաների ճնշող մեծամասնության մոտ:
Լուրջ ալերգիկ ռեակցիա (անաֆիլաքսիա) առաջանում է 1 միլիոն դեղաչափից մեկի դեպքում։
ԿԿԽ պատվաստանյութից նման ռեակցիաների ռիսկը նույնպես պետք է համեմատել այն վարակներից նման ռեակցիաների ռիսկի հետ, որոնցից պաշտպանում է ԿԿԽ պատվաստանյութը:
Օրինակ՝ յուրաքանչյուր 10,000 երեխայից, որոնք ստանում են ԿԿԽԾ համակցված պատվաստանյութ, շուրջ 8,5-ը կարող է ունենալ տենդային ցնցում: Սրանք առաջանում են ջերմությունից: Թեև դրանք կարող են վախեցնող լինել, այնուամենայնիվ, սովորաբար երկարատև առողջական խնդիրներ չեն առաջացնում:
Միևնույն ժամանակ, կարմրուկով հիվանդ յուրաքանչյուր 10,000 երեխայից շուրջ 23-ը տենդային ցնցում կարող է ունենալ: Այլ կերպ ասած՝ կարմրուկով վարակման հետևանքով տենդային ցնցում ունենալու հավանականությունը գրեթե 2,5 անգամ ավելի մեծ է, քան ԿԿԽԾ պատվաստանյութից ռեակցիաների ռիսկը:
Միևնույն ժամանակ, երբևէ չի ապացուցվել, որ առողջ երեխա մահացել է ԿԿԽ պատվաստման հետևանքով: Այնուամենայնիվ, եթե չպատվաստված երեխան վարակվում է կարմրուկով, ապա նրա մահանալու հավանականությունը 500-ից 1 է, եթե նա ապրում է միջին կամ բարձր եկամուտ ունեցող երկրում: Ավելի ցածր եկամուտ ունեցող երկրների որոշ բնակչությունների շրջանում կարմրուկի դեմ չպատվաստված երեխայի մահվան ռիսկը շատ ավելի բարձր է:
ԿԿԽ պատվաստումն ալերգիկ երեխաների համար
Ինչպես բոլոր պատվաստանյութերը, ԿԿԽ պատվաստանյութը ևս պարունակում է փոքր քանակության այլ բաղադրիչներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ և ժելատին: Այս պատճառով, եթե երեխան ունեցել է հակաբիոտիկների կամ ժելատինի նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիաներ, ապա ԿԿԽ պատվաստանյութը սովորաբար նրանց խորհուրդ չի տրվում: Այդ հարցը անհրաժեշտ է քննարկել երեխայի բժշկի հետ:
Ոչ մի ցուցում չկա, որ ԿԿԽ պատվաստումը վտանգ է ներկայացնում ձվից ալերգիա ունեցող երեխաների համար:
Կարմրուկի, խոզուկի և կարմրախտի ռիսկերը
Կարմրուկի բռնկումներն ավելի հաճախակի են դառնում։ Պատվաստումների ավելի ցածր ցուցանիշեր ունեցող բնակչության շրջանում խոզուկը և կարմրախտը նույնպես վտանգ են ներկայացնում: Պատվաստման դրական և բացասական կողմերը գնահատելիս կարևոր է իմանալ, թե ինչ հետևանքներ կարող են առաջացնել այս հիվանդությունները չպատվաստված մարդկանց համար:
Կարմրուկը չափազանց վարակիչ և պոտենցիալ մահացու հիվանդություն է: Կարմրուկով վարակված յուրաքանչյուր մարդ կարող է վարակել 12-18 չպատվաստված մարդու, ինչը կարմրուկն ավելի վարակիչ է դարձնում, քան գրիպը, էբոլան, Քովիդ-19-ը կամ ջրծաղիկը:
Թեև որոշ մարդկանց դեպքում այն կարող է ունենալ թեթև ախտանշաններ, մյուսների դեպքում այն կարող է լինել շատ վտանգավոր և նույնիսկ մահացու: ԱՄՆ-ում գնահատվում է, որ կարմրուկով վարակված յուրաքանչյուր 1000 երեխայից մեկը կամ երկուսը մահանում են։ Ավելի ցածր եկամուտ ունեցող երկրներում ռիսկը շատ ավելի մեծ է. կարմրուկով վարակված յուրաքանչյուր 1000 երեխայից 30-60-ը կարող են մահանալ:
Կարմրուկը կարող է նաև «ջնջել» այլ վարակների նկատմամբ իմունային հիշողությունը, ինչը նշանակում է, որ նրանք, ովքեր վարակվում են կարմրուկով, շաբաթներ կամ ամիսներ հետո շատ ավելի խոցելի կարող են լինել այլ հիվանդությունների, օրինակ՝ գրիպի նկատմամբ:
Խոզուկը վիրուս է, որը հաճախ կարող է ունենալ թեթև, նույնիսկ առանց ախտանշանների ընթացք: Բայց այն կարող է ունենալ լուրջ կողմնակի բարդություններ: Օրինակ՝ 1000 մարդուց 1-ը, որ վարակվում է խոզուկով, կարող է ունենալ էնցեֆալիտ, որը կարող է ուղեղի վնասման և մահվան պատճառ դառնալ, մինչդեռ յուրաքանչյուր 20,000-ից մեկը կարող է խլանալ:
Կարմրախտը վարակիչ վիրուսային վարակ է, որը նախկինում կոչվում էր «գերմանական կարմրուկ», թեև դա այլ վիրուս է։ Ընդհանուր ախտանշաններն են ցանը, ջերմությունը, սրտխառնոցը և կոնյուկտիվիտը (շաղկապենու բորբոքում): Այնուամենայնիվ, կարմրախտը կարող է շատ վտանգավոր լինել հղիների և պտղի համար՝ բարձրացնելով վիժման, մեռելածնության և բնածին արատների ռիսկը: