Skip to main content
Հետադարձ կապ

Տոնական սեղաններ. ինչպե՞ս կանխել տհաճ հետևանքները

Ամանորին Հայաստանում նախապատրաստվում ենք մեծ թափով։ Ծախսերի ու աշխատանքի զգալի մասը բաժին է հասնում տոնական ուտեստներին, որոնք, որպես կանոն, պատրաստում ենք մեծ քանակով։ Այն, որ այս «մարտավարությունը» վտանգավոր է երեխաների համար՝ հուշում է շտապօգնության և մանկական հիվանդանոցների «տոնական» վիճակագրությունը․ աղեստամոքսային տրակտի խանգարումներով բուժառուների թիվն այդ օրերին սրընթաց աճում է։ 

Ինչպե՞ս կանխել. քննարկել ենք էնդոկրինոլոգ-դիետոլոգ, Դիետոլոգների և նուտրիցիոլոգների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Միրզոյանի հետ: 

Զրույցից դուրս ենք բերել 7 առաջարկ ծնողների համար։

1. Անկախ այն բանից՝ տոն է, թե սովորական օր՝ երեխաները չպետք է ուտեն 2-3 օրվա սնունդ։ Տոնին նախորդող մի քանի օրերի ընթացքում մայրիկները շատ են հոգնում հատկապես այն պատճառով, որ ստիպված են պատրաստել տարատեսակ ուտեստներ ու մեծ քանակով։ Բնական է, որ հունվարի առաջին մի քանի օրերին նրանք որևէ բան պատրաստելու մասին նույնիսկ լսել չեն ցանկանում։ Եթե խնայել ուժերը ու միանգամից մեծ ծավալով ու բարդ ուտեստներ չպատրաստել՝ ուժ կմնա տոներին երեխաների համար ամեն օր թարմ կերակուր պատրաստելու համար։ 

2. Պատրաստի կերակուրը միջինում կարելի է պահել սառնարանում մինչև 48 ժամ։ Պետք է հիշել, որ սնունդը սիրում է կայուն ջերմաստիճան, և եթե մենք այն հանում ենք սառնարանից, տաքացնում ենք, դնում ենք սեղանին, հետո վերադարձնում ենք սառնարան ու դարձյալ կրկնում այս ցիկլը՝ կերակուրը դառնում է վտանգավոր։ Հատկապես այն ուտեստներրը, որոնց բաղադրության մեջ կա միս, ձու, կարտոֆիլ, մայոնեզ, թթվասեր ու այլ սոուսներ՝ ավելի արագ են փչանում։

3. Կերակուրի պիտանելիությունը որոշելու համար շատերն առաջնորդվում են «հոտ չի գալիս», «համը չի փոխել» եզրույթներով։ Հոտի, համի, արտաքին տեսքի փոփոխությունները կերակուրի անպիտան լինելու ոչ թե առաջին, այլ վերջին նշաններն են։ Այլ կերպ ասած՝ եթե սնունդը փոխել է համը, տեսքը կամ հոտը, ուրեմն այն արդեն մի քանի օր է, ինչ պիտանի չէ կիրառման։ Մսային ուտեստներն ու աղցանները երկու ժամից ավելի չպետք է մնան սեղանին։ Եթե կերակուրը գիշերը մնացել է սեղանին՝ առավոտյան այն պետք է նետել աղբը։

4. Տոնական ուտեստները հիմնականում բարդ ճաշատեսակներ են, որոնք շատ երեխաներ պարզապես չեն սիրում։ Ցանկալի է ամեն օր պատրաստել պարզ ուտեստներ, որոնք ճանաչում ու սիրում է ձեր երեխան։ Հաշվի առնելով, որ տոներին գրեթե բոլորի տանը նույն իրավիճակն է սննդի առումով՝ ճիշտ է կազմակերպել, որ երեխան տանն ուտի իր համար պատրաստած թարմ կերակուրը ու նոր միայն գնալ հյուր։ 

5. Ապահովեք, որ ձեր տոնական սեղանին լինի թարմ (չեփած) բանջարեղենային ափսե։ Տոնական սեղանների հիմնական զարդը ճարպոտ ուտեստներն են, որոնք չեն պարունակում բջջանք։ Բանջարեղենային ափսեն կլրացնի այդ բացը ու այլընտրանք կտա երեխաներին՝ սեղանին առկա (իրենց անհետաքրքիր) բազմազանության մեջ։

6. Խուսափեք կրեմ պարունակող թխվածքներից։ Ի դեպ, կրեմային թխվածքները մեկ ժամից ավելի չպետք է մնան սեղանին։ Քաղցրավենիքը պատրաստեք քիչ քանակով, քանի որ դրանք ինչքան շատ լինեն, այնքան երեխաները շատ կուտեն, իսկ փորձը ցույց է տալիս, որ մարդիկ մեծ դժվարությամբ են թափում թխվածքները, նույնիսկ եթե դրանք արդեն 5-6 օրվա են։ 

7. Վերը թվարկած կանոններին կարևոր է խիստ հետևել հատկապես մինչև 3 տարեկան երեխաների դեպքում, քանի որ նրանք հաճախ դժվարանում են խոսել իրենց անհանգստացնող սրտխառնոցի, թուլության կամ ցավերի մասին։ Այսինքն՝ ծնողները կարող են բաց թողնել խնդրի առաջացման ու զարգացման առաջին ժամերը զուտ այն պատճառով, որ երեխան (նաև խաղով տարված լինելու պատճառով) չի բարձրաձայնում իր վատ ինքնազգացողության մասին։ Այդ իսկ պատճառով, այն, որ երեխան խնդիր ունի՝ հնարավոր է լինում նկատել միայն այն ժամանակ, երբ նա սկսում է լուծել կամ փսխել, ջերմել և այլն։ Եթե բանը հասել է այդպիսի դրսևորումների՝ պետք է երեխային անհապաղ տանել հիվանդանոց։