
Առողջ ընտանիք՝ առողջ հասարակություն
Մանկաբույժ Լիլիթ Մարությանի անդրադարձն ընտանիքի առողջության պահպանման բազային կետերին:
Ընտանիքի միջազգային օրը՝ մայիսի 15-ին, համարեցինք խորհրդանշական դիտարկել ընտանիքի բոլոր անդամների առողջությունը, որպես ընտանիքի բարօրության ու երջանկության գրավական։ Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ Լիլիթ Մարությանի հետ քննարկեցինք ւ ֆիզիկական ու հոգեկան առողջության և ընտանիքի ներդաշնակության միջև կապը։ Ահա կարևոր մի քանի կետ մեր զրույցից։
Ահազանգել խնդիրների մասին:
Կլինի սուր հիվանդություն, որը գիտես հաստատ՝ շուտով անցնելու է, թե քրոնիկ հիվանդություն, որը տարիներով քեզ հետ է՝ միևնույն է՝ ֆիզիկական վատ ինքնազգացողությունն անխուսափելիորեն ազդում է նաև մարդու հոգեկան առողջության վրա՝ դառնալով դեպրեսիվ մտքերի, տագնապային խանգարումների պատճառ։ Եվ հակառակը՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները վաղ թե ուշ տարածվում են ֆիզիկականի վրա։ Որպես կանոն, ընտանիքի մեկ անդամի տևական վատ ինքնազգացողությունն ի վերջո տարածվում է ընտանքի մյուս անդամների վրա․ մեկի խնդիրը, որոշ իմաստով, դառնում է բոլորինը։ Ահա, թե ինչու է կարևոր ահազանգել խնդիրների մասին, գնալ դրանց հետքերով, ախտորոշել, բուժել․․․ Այդպես և՛ դու ես լավ լինում, և՛ ընտանիքդ։
Առողջությանը գրագետ հետևելու օրինակ ծառայել մեր երեխաների համար: Այն, թե ինչպես ենք սնվում, երբ ու ինչքան ենք քնում, ինչպիսի ֆիզիկական ակտիվություն ունենք, օրվա մեջ ինչքան ժամանակ ենք տրամադրում էկրաններին, ինչպես ենք հետևում մեր ֆիզիկական և հոգեկան առողջությանը՝ 24/7 ռեժիմով գործող դպրոց է մեր երեխաների համար։ Եթե մեծահասակները բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ առողջական վիճակը ծայրահեղ վատ է, եթե չեն ունենում հերթական այցեր, բաց են թողնում պատվաստումները, չեն հետևում բժիշկների ցուցումներին, այլ «բուժվում» են ինքնագլուխ կամ դեղատանը ստացած ցուցումներով, ապա մեծ է հավանականությունը, որ այդ օրինակով մեծացող անհատն ապագայում նույն կերպ է վարվելու սեփական առողջության հետ։
Երիտասարդներն այսօր շատ ավելի իրազեկ են և ունակ այս կամ այն չափով փոխել մեզանում արմատացած անառողջ սովորությունները։ Օրինակ՝ նրանք կարող են ուղղորդել իրենց ընտանիքի ավագ անդամներին գնալ առողջապահության առաջնային օղակ՝ անցնելու տարիքից, սեռից և այլ հանգամանքներից բխող ստուգումներ, հետամուտ լինել արդեն իսկ ախտորոշված հիվանդության բուժմանը, բաց չթողնել դեղորայքի ընդունումը, պարբերական ստուգումները։ Այո, երբեմն անհրաժեշտ է բռնել նրանց ձեռքն ու տանել պոլիկլինիկա կամ հիվանդանոց։ Դա շատ ավելի լավ է, քան անհաղորդ հետևել, թե ինչպես է քայքայվում ընտանիքի ավագ անդամի առողջությունը։
Հիմնվել տեղեկատվության վստահելի աղբյուրների վրա:
Մենք երբեմն ստիպված ենք մեր ու մեր երեխաների առողջությանը վերաբերող լուրջ որոշումներ կայացնել, բայց հաճախ դա անում ենք՝ հենվելով չափազանց մակերեսային գիտելիքների վրա։ Դա ակամա դարձնում է մեզ ավելի զգայուն սիրողական ու թերի կարծիքների նկատմամբ՝ կխմենք դեղահաբ, որը մեզ հակացուցված է, կանենք մի գործողությունը, որը սպառնալիք է մեր երեխայի առողջությանը, կուշացնենք այցը մասնագետի մոտ՝ բարդացնելով կամ գրեթե անհնարին դարձնելով այս կամ այն հիվանդության հաղթահարումն ապագայում։ Ահա, թե ինչու է կարևոր հետաքրքրվելը,
հարցնելը, ամբողջ կյանքի ընթացքում քիչ-քիչ գիտելիքներ կուտակելը, հուսալի աղբյուրներից օգտվելը։ Անհրաժեշտ է բնակչության առողջապահական գիտելիքների մակարդակի բարձրացում, որպեսզի 2025 թվականին մարդիկ չշարունակեն (օրինակ) հավասարության նշան դնել մայրական կաթի ու կովի կաթի միջև՝ պնդելով, թե երկուսն էլ հավասարապես օգտակար են մինչև մեկ տարեկան երեխայի համար։ Այսպիսի օրինակներին թիվ ու հաշիվ չկա։
Հետևել կանխարգելիչ զննումների օրակարգին:
Երեխաների առողջության հիմքերը դրվում են դեռևս նախքան հղիությունը, երբ ապագա մայրիկները ստանում են ֆոլաթթու։ Երեխայի ծնվելուց հետո՝ նրա առողջության ցուցանիշների ստուգման անփոխարինելի միջոց են սքրինինգները (բաց․՝ Սքրինինգը (անգլերեն՝ screening) կանխարգելիչ զննում է, որի նպատակը հիվանդությունների կամ առողջական խնդիրների հայտնաբերումն է դրանց վաղ փուլում)։ Սքրինինգները մեծ հաջողությամբ ներդրված են մեր երկրի առողջապահական համակարգում, այլ հարց է, որ որոշ ծնողներ բաց են թողնում դրանց համար նախատեսված ժամանակահատվածները։ Սքրինինգները թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների համար են։ Երեխայի կյանքի առաջին երկու տարում դրանք ավելի հաճախակի են, իսկ երկու տարեկանից սկսած՝ դա տարին մեկ այց է բուժհաստատություն, ու այդպես՝ մինչև կյանքի վերջը․ դժվար չէ հիշելը։
Մարդիկ հաճախ են տարակուսում՝ ինչո՞ւ գնալ բժշկի, եթե չունեմ գանգատ։ Առողջ այցի (սքրինինգների) իմաստն էլ հենց այդ է՝ անցնել որոշակի զննում նախքան որևէ գանգատ ունենալը, որպեսզի հնարավոր լինի առաջացած կամ զարգացող խնդիրը հայտնաբերել հնարավորինս շուտ ու համապատասխան ընթացք տալ դրան։ Արդյունքում բուժումը կլինի ավելի արդյունավետ, պակաս ժամանակատար ու ծախսատար։
Առողջ այցերի ընթացքում՝ ելնելով քաղաքացու տարիքից, սեռից, նախկինում ունեցած խնդիրներից, մասնագետն ուղղորդում է համապատասխան հետազոտությունների, տալիս է կենսակերպին, սննդակարգին, սովորույթներին առնչվող ցուցումներ։ Հետաքրքրվում է ստացած պատվաստումներով, տեղեկացնում է նորերի մասին։