
Մահացու վիրուս, որն առաջացնում է մանկական կաթված
Պատվաստումը 99 տոկոսով նվազեցրել է պոլիոմիելիտի տարածվածությունը՝ փրկելով ավելի քան 1,5 միլիոն մարդու կյանք։ Սակայն հիվանդության բռնկումները հիշեցնում են այն մասին, որ քանի դեռ այն ամբողջությամբ չի վերացել, կշարունակի վտանգ ներկայացնել երեխաների համար ամբողջ աշխարհում:
Պոլիոմիելիտն առաջանում է խիստ վարակիչ վիրուսի հետևանքով։ Այն առավել հաճախ տարածվում է ֆեկալ-օրալ ճանապարհով կամ աղտոտված ջրի կամ սննդի միջոցով: Սա է պատճառը, որ պոլիոմիելիտի դեպքերն առավել հաճախ նկատվում են այն տարածքներում, որտեղ չկան անվտանգ ջուր և պատշաճ սանիտարահիգիենիկ պայմաններ, ինչպես նաև այն վայրերում, որտեղ իմունականխարգելման ցուցանիշերը ցածր են:
Յուրաքանչյուր ոք, ով չի պատվաստվել, կարող է վարակվել պոլիոմիելիտի վիրուսով և փոխանցել այն: Այնուամենայնիվ, պոլիոմիելիտը ամենից հաճախ հանդիպում է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում: Բուժման միջոցներ չկան: Այս վարակը կանխարգելվում է միայն պոլիոմիելիտի պատվաստանյութի միջոցով:
Տասից ինը մարդ, որոնք հիվանդանում են պոլիոմիելիտով, ունենում են մեղմ ախտանիշեր, կամ դրանք բացակայում են: Սա, ինչպես նաև ինկուբացիոն շրջանը, որը կարող է տևել ավելի քան մեկ ամիս, հեշտացնում է հիվանդության տարածումը: Ախտանիշերը կարող են լինել ջերմությունը, պարանոցի մկանների կարկամվածություն, հոգնածություն, գլխացավ, փսխում և ցավ: Վարակված 100 մարդուց 3-ի մոտ պոլիոմիելիտը կարող է առաջացնել մենինգիտ կամ ուղեղի բորբոքում:
Պոլիոմիելիտով վարակված յուրաքանչյուր 10 մարդուց 3-ի դեպքում պոլիոմիելիտի ախտանիշերն անհետանում են և կրկնվում են միայն տարիներ անց՝ սովորաբար 10-40 տարի հետո: Այս վիճակին, որը կոչվում է հետպոլիոմիելիտի համախտանիշ (ՀՊՀ), բնորոշ են մկանների թուլությունը և հյուծվածությունը (ատրոֆիա), հոգնածությունը և հոդերի ու մկանների ցավը:
Վարակված 200-ից 1 մարդու մոտ պոլիոմիելիտը կաթված է առաջացնում: Այս կաթվածն անդառնալի է և ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում: Կաթվածահար անձանց 10-ից 1-ի համար այն մահվան պատճառ է դառնում: Դա լինում է շնչառական մկանների ախտահարման պատճառով:
20-րդ դարի կեսերին պոլիոմիելիտի համավարակները գնալով ավելի տարածված էին դառնում։ Նախքան պոլիոմիելիտի պատվաստանյութի ներդրումը ամեն տարի տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց մեծ մասը երեխաներ էին, մահանում կամ կաթվածահար էին լինում պոլիոմիելիտի պատճառով։
Պատվաստանյութի հաջողության պատմություն
Պոլիոմիելիտի առաջին արդյունավետ պատվաստանյութը ստեղծվել է 1950-ականների սկզբին, և բժիշկը, որը մշակել է այն, այնքան համոզված էր դրա անվտանգության մեջ, որ նախ այն փորձարկել է պատվաստանյութն իր և իր ընտանիքի անդամների վրա: 1954 թվականին պոլիոմիելիտի այս պատվաստանյութը ներարկվեց ավելի քան 1,5 միլիոն երեխայի Ֆինլանդիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում: Այս թեստերը հետագայում ապացուցեցին, որ պոլիոմիելիտի պատվաստանյութը անվտանգ է և արդյունավետ:
Մի քանի տարի անց ստեղծվեց պատվաստանյութի երկրորդ տեսակը՝ օրալ պոլիոմիելիտային պատվաստանյութը (ՕՊՊ): Ավելի քան 10 միլիոն երեխաների շրջանում թեստերն ապացուցեցին, որ օրալ պատվաստանյութը նույնպես անվտանգ է և արդյունավետ:
Թեև այս պատվաստանյութերը փրկեցին հազարավոր կյանքեր, ոչ բոլոր երկրներին էր այն հասանելի, և շատ երեխաներ մնացին չպատվաստված: Նույնիսկ 1980-ականներին ամբողջ աշխարհում ավելի քան 350 000 մարդ, որոնց մեծ մասը փոքր երեխաներ և նորածիններ էին, ամեն տարի շարունակում էին հիվանդանալ պոլիոմիելիտով:
1988 թվականին մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, տարբեր երկրների կառավարությունները և այլք, միավորվեցին՝ սկսելու Պոլիոմիելիտի վերացման համաշխարհային նախաձեռնությունը։ Դաշինքի կողմից պոլիոմիելիտի պատվաստանյութի գլոբալ ներդրման շնորհիվ ամբողջ աշխարհում դեպքերի ցուցանիշերը կտրուկ նվազեցին:
1988 թվականից ի վեր պոլիոմիելիտի դեպքերի թիվը նվազել է 99 տոկոսով: Փրկվել է շուրջ 1,5 միլիոն կյանք, իսկ 20 միլիոն մարդ խուսափել է կաթվածից։
Որպես Պոլիոմիելիտի վերացման համաշխարհային նախաձեռնության գործընկեր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ամեն տարի օգնում է ավելի քան 400 միլիոն երեխայի պատվաստվելու պոլիոմիելիտի դեմ: Այն նաև ղեկավարում է պատվաստանյութի տարեկան ավելի քան 1 միլիարդ չափաբաժինների գնումն ու բաշխումը, ինչը համաշխարհային ծավալի կեսից ավելին է:
Արդյո՞ք պոլիոմիելիտը դեռևս գոյություն ունի:
Չնայած այս բացառիկ հաջողությանը՝ պոլիոմիելիտը դեռևս գոյություն ունի: Այն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում իմունականխարգելման ցածր մակարդակ ունեցող համայնքներում, որտեղ առողջապահական ծառայությունները խաթարվել են, և այն տարածքներում, որտեղ չեն գործում ջրամատակարարման և սանիտարական համակարգերը:
Սա նշանակում է, որ պոլիոմիելիտի վտանգը կարող է ևս մեկ սպառնալիք լինել այն երեխաների համար, որոնք ապրում են պատերազմական և հակամարտությունների գոտում:
Ուկրաինայում պոլիոմիելիտի դեպքեր հայտնաբերվեցին պատերազմի սրացումից անմիջապես առաջ. մինչև 2021 թվականի վերջը գրանցվեց մեկ երեխայի կաթվածի դեպք, ևս 19-ի վիրուսի թեստը դրական էր: Հետագա բռնկումներից խուսափելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է ձեռք բերելու և մատակարարելու պոլիոմիելիտի պատվաստանյութի մի քանի միլիոն չափաբաժին Ուկրաինայի երեխաների համար։ 2023 թվականի դրությամբ երկրի ավելի քան 80 տոկոսը պատվաստված էր: Սակայն բռնկումները կանխելու համար պահանջվում է 95 տոկոս ընդգրկվածություն:
Այս տարվա սկզբին Գազայի հատվածում պոլիոմիելիտի հետևանքով 10 ամսական 1 երեխայի կաթվածի դեպք է գրանցվել, ինչը Գազայում պոլիոմիելիտով հիվանդանալու առաջին դեպքն է վերջին 25 տարում: Պոլիոմիելիտը հայտնաբերվել է նաև Գազայի կեղտաջրերում: Ի պատասխան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը և մյուս գործընկերները կենտրոնացրել են ջանքերը՝ Գազայի հատվածում շուրջ 560 000 երեխայի պատվաստելու համար:
Պոլիոմիելիտը նաև էնդեմիկ է համարվում Պակիստանում և Աֆղանստանում, վերջին շրջանում բռնկումներ են գրանցվել նաև Սուդանում և այլ երկրներում:
Այնուամենայնիվ, պոլիոմիելիտը վտանգավոր է ոչ միայն այս համայնքների երեխաների համար:
Քանի դեռ այն ամբողջությամբ չի վերացվել, կշարունակի սպառնալիք լինել ամբողջ աշխարհի երեխաների համար: Սա հատկապես ճշմարիտ է այն պատճառով, թե որքան արագ և աննկատ է այն տարածվում, ինչը նշանակում է, որ մեկ դեպքը կարող է արագորեն վերածվել հարյուրավորների, ընդ որում՝ որոշ մարդկանց համար առաջացնելով ցկյանս հետևանքներ։