Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես ապահովել ձեր երեխայի անվտանգությունը համացանցում

Երեխան մեծանալուն զուգընթաց թերևս ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում առցանց տիրույթում։  

Առցանց լինելը բազմաթիվ դրական կողմեր ունի, ինչպիսիք են ընկերների և ընտանիքի հետ կապի մեջ լինելը, իրենց հետաքրքրող բաների մասին տեղեկատվություն գտնելը և այլն: Բայց միշտ չէ, որ դա երեխաների համար անվտանգ և դրական փորձառություն է: 

Ահա թե ինչպես կարող եք ձեր երեխային օգնել առավելագույնս օգտվելու այն բոլոր դրական բաներից, որոնք առաջարկում են համացանցը և թվային տեխնոլոգիաները՝ միաժամանակ պաշտպանելով նրանց դրանց հնարավոր վնասներից: 

1. Սահմանել հստակ կանոններ 

Անկեղծորեն զրուցե՛ք ձեր երեխաների հետ այն մասին, թե ում հետ են շփվում և ինչպես, և ով կարող է տեսնել նրանց առցանց տեղադրած բովանդակությունը։ 

Բացատրեք, որ այն ամենը, ինչ առցանց է դրվում՝ նկարները, տեսանյութերը, մեկնաբանությունները, այն ամենը, ինչ իրենք են տարածում, և ինչ ուրիշներն են տարածում իրենց մասին հետագիծ են թողնում։ Դրական «թվային հետագիծ» թողնելու համար նրանք պետք է հաշվի առնեն, թե ինչ են անում և ասում առցանց տիրույթում։ 

Համոզվե՛ք, որ նրանք հասկանում են, որ խտրական կամ անպատշաճ շփումը պարզապես անընդունելի է։ Ոչ ոք չպետք է բամբասանք կամ ցավալի ու ամոթալի պատմություններ և լուսանկարներ տարածի: Այն, ինչը մեկին կարող է անմեղ կատակ թվալ, մեկ ուրիշին կարող է խորապես վիրավորել։ 

Եթե ձեր երեխան առցանց շփումներում ինչ-որ բանից անհանգստացած է կամ վախեցած, ապա խրախուսե՛ք նրան անմիջապես պատմել ձեզ կամ որևէ վստահելի մեծահասակի դրա մասին։ 

Երեխաները հաճախ «ճանաչում են» բռնարարներին, ուստի կարևոր է օգնել նրանց զգոն լինելու և իմանալու, թե ինչպես արձագանքել առցանց տիրույթում ցանկացած խնդրահարույց վարքագծի: 

Ձեր երեխայի հետ կանոննե՛ր սահմանեք, թե նա ինչպես, երբ և որտեղ օգտվի սարքերից։ 

Խորհուրդ. Մտածե՛ք նախքան գրառում անելը 

Առցանց որևէ գրառում անելուց առաջ լա՛վ մտածեք, հատկապես եթե հուզված եք կամ բարկացած։ Հաղորդագրությունը, լուսանկարը կամ տեսանյութը հրապարակելուց հետո ավելի կդժվարանա դրա հետագա ընթացքը վերահսկելը։ Այն գրեթե անհնար կլինի հեռացնել: 

Եվ հիշե՛ք, որ դուք ունեք գաղտնիության իրավունք, այնպես, ինչպես մյուսները: Չի կարելի մուտք գործել ուրիշների օգտահաշիվ, առանց թույլտվության օգտագործել նրանց հեռախոսները կամ տարածել նրանց տվյալները կամ լուսանկարները։ 

2. Օգտագործե՛ք թվային սարքերը՝ նրանց պաշտպանելու համար 

Համոզվե՛ք, որ ձեր երեխայի սարքը մշտապես թարմացվում է և համալրված է նորագույն ծրագրակազմով, գաղտնիության կարգավորումները (privacy settings) միացված են և համապատասխանեցված, որպեսզի նվազեցվեն տվյալների հավաքման հնարավորությունները, և ուրիշները չկարողանան տեսնել այն տեղեկությունները, որոնք չեք ցանկանում, որ տեսնեն։ 

Օգնե՛ք ձեր երեխային սովորելու, թե ինչպես գաղտնի պահեն անձնական տվյալները: Եթե ձեր գաղտնիության կարգավորումներն անվտանգ չեն, ցանկացած մարդ կարող է տեսնել ձեր տվյալները: 

Վեբ տեսախցիկը ծածկա՛ծ պահեք, եթե այն չի օգտագործվում։ Մանկահասակ երեխաների համար ծնողական վերահսկողության այնպիսի գործիքներ, ինչպիսին է անվտանգ որոնումը, կարող են օգնել դրական պահելու առցանց փորձառությունը։ 

Զգուշացե՛ք անվճար առցանց ռեսուրսներից, այդ թվում՝ կրթական։ Եթե երեխայից պահանջում են տրամադրել լուսանկար կամ անվան ամբողջական տարբերակը, ապա հավաստիացե՛ք, որ այն վստահելի կայք է։ 

Խորհուրդ. Մտածե՛ք նախքան տարածելը 

Ձեր սոցիալական մեդիայի հարթակներում փոխե՛ք գաղտնիության կարգավորումներն այնպես, որ վերահսկեք, թե ով կարող է տեսնել ձեր տվյալները, այդ թվում՝ ձեր գտնվելու վայրը։ 

Լա՛վ մտածեք, թե ինչ եք հրապարակում, և ով կարող է տեսնել։ Մի՛ տեղադրեք անձնական այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են ձեր հասցեն, հեռախոսահամարը կամ բանկային տվյալները: Ձեր գաղտնաբառը ոչ ոքի մի՛ տվեք, նույնիսկ մտերիմ ընկերներին: 

3. Նրանց հետ առցանց ժամանա՛կ անցկացրեք 

Ձեր երեխայի համար իր ընկերների, ընտանիքի և ձեզ հետ անվտանգ և դրական առցանց ժամանակ անցկացնելու հնարավորություննե՛ր ստեղծեք։ Ուրիշների հետ շփվելը կարող է ձեզ համար վիրտուալ շփումներում բարության և ապրումակցման օրինակ ցույց տալու հիանալի հնարավորություն դառնալ։ 

Օգնե՛ք ձեր երեխային տարբերելու կեղծ տեղեկատվությունը և խուսափելու ապատեղեկատվությունից, տարիքին անհարիր, ինչպես նաև այնպիսի բովանդակությունից, որը կարող է անհանգստություն կամ վնաս պատճառել: Նրանց ծանոթացրե՛ք տեղեկատվության վստահելի աղբյուրների: 

Երեխաները կարող են գովազդների ազդեցությանը ենթարկվել, որոնք փորձում են անառողջ սնունդ, գենդերային կարծրատիպեր կամ տարիքին անհարին նյութեր հրամցնել։ Օգնե՛ք նրանց զանազանելու առցանց գովազդները և առիթից օգտվելով՝ միասին ուսումնասիրե՛ք ձեզ հանդիպած որոշ բացասական ուղերձների խնդրահարույց կողմերը: 

Ձեր երեխայի հետ ժամանա՛կ անցկացրեք՝ գտնելու նրա տարիքին համապատասխան հավելվածներ, խաղեր և այլ առցանց զբաղմունքներ։ Զգուշացե՛ք վնասակար բովանդակություն պարունակող կամ գաղտնիության համար վտանգ ներկայացնող հավելվածներից։ 

4. Առողջ առցանց սովորությունների օրինա՛կ ցույց տվեք 

Խրախուսե՛ք դրական առցանց վարքագիծը անձամբ այն կիրառելու միջոցով։ Խորհե՛ք, թե ինչ օրինակ եք ծառայում և ձեր երեխայի մասին ինչ բովանդակություն եք առցանց տեղադրում՝ ներառյալ լուսանկարները և տեսանյութերը։ 

Ձեր երեխային խրախուսե՛ք բարի լինել առցանց տիրույթում և ընկերներին ու ընտանիքին սատարել դրական հաղորդագրությունների կամ զմայլիկների միջոցով։ 

Եթե նրանք առցանց դասեր ունեն, հորդորե՛ք հարգալից լինել ուրիշների նկատմամբ և ուշադիր լինել, թե ինչ է երևում տեսախցիկին՝ պահպանելու գաղտնիությունը: 

Եթե ձեր երեխան անհանգիստ է կամ թաքցնում է իր առցանց զբաղմունքները, ապա զգո՛ն եղեք։ Նրան կրկին ու կրկին հավաստիացրե՛ք, որ չարաշահման կամ ոտնձգության դեպքերը երբե՛ք իր մեղքով չեն, և նա չպետք է դրանք գաղտնի պահի։ Նաև ծանոթացե՛ք ձեր դպրոցի թվային ուսուցման քաղաքականությանը:  

Խորհուրդ. Մտածե՛ք նախքան ընդունելը 

Որևէ մեկի ընկերության հայտը ընդունելուց առաջ պետք է ուսումնասիրել նրա անձնական տվյալները՝ փորձելով հասկանալ, թե ով է նա։ Ունե՞ք արդյոք ընդհանուր ընկերներ։ Նույն քաղաքի՞ց եք:  

Մի՛ մտածեք, որ պարտավոր եք ընդունել պատահական մարդկանցից ընկերության հայտերը։ Երբեմն մարդիկ այլ անունով են ներկայանում, և շատ դժվար է ճշմարտությունը զանազանել։ 

5. Թույլ տվեք՝ զվարճանան և ինքնարտահայտվեն 

Առցանց ժամանակ անցկացնելը ձեր երեխաների համար հիանալի հնարավորություն է ստեղծագործելու, սովորելու, իրենց կարծիքն արտահայտելու և իրենց համար կարևոր նախագծերին սատարելու համար: 

Երեխային խրախուսե՛ք համացանցում գտնել այնպիսի ռեսուրսներ, ինչպես, օրինակ, ֆիզիկական վարժությունների տեսանյութեր և ֆիզիկական ակտիվություն պահանջող տեսախաղեր, որոնք կօգնեն նրանց վեր կենալու և շարժվելու։ 

Հիշե՛ք, որ առցանց զբաղմունքները պետք է համատեղել ակտիվ կենսակերպի և անցանց ժամանցի հետ, ինչը կօգնի առողջ հավասարակշռության հասնելու կյանքի բոլոր բնագավառներում։ 


Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից: Փաստաթղթում արտահայտված կարծիքները պատկանում են իրենց հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական քաղաքականության կամ պաշտոնական դիրքորոշման հետ:

Նույնաբովանդակ այլ նյութեր