Skip to main content
Հետադարձ կապ

Մնա՛ տանը և Երկիր մոլորակի օրը տոնի՛ր ընտանիքիդ հետ

Ապրիլի 22-ին ողջ աշխարհում արդեն 50-րդ անգամ նշվում է Մայր Երկրի (Երկիր մոլորակի) օրը: Այս տարի այն նվիրված է կլիմայական փոփոխություններին և առաջին անգամ այն նշվելու է հեռավար կարգով՝ հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված իրավիճակը:

Օրվա խորհուրդը մարդկության ուշադրությունը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա հրավիրելն է։ Այս օրը յուրաքանչյուրը պետք է խորհի բնության հանդեպ իր վերաբերմունքի մասին և իր առօրյա կյանքում սկսի թեկուզ փոքրիկ, սակայն հաստատուն քայլերով նպաստել միջավայրի մաքրությանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամն առաջարկում են մի քանի խորհուրդ, որ կարող եք սկսել անել ԱՅՍՕՐ՝ Երկիր մոլորակի օրվա կապակցությամբ, իսկ ԱՄԵՆ ՕՐ հանուն ավելի «մաքուր, կանաչ» երկրագնդում ապրելու։

Խնայե՛ք էլեկտրաէներգիան։

  1. Ուսումնասիրե՛ք, թե ինչ ծագում ունի ձեր տան էլեկտրական հոսանքը: Որքանո՞վ է այն էներգիայի «մաքուր» աղբյուր համարվում։
  2. Անջատե՛ք ձեր տանը առանց անհրաժեշտության վառվող լույսերը։ Մրցույթ կազմակերպե՛ք քույր-եղբայրների հետ՝ տեսնելով, թե ով է ավելի ուշադիր։
  3. Քնելիս հոսանքից անջատեք բոլոր խրոցակները։ Այսպես կխնայեք թե՛ էլեկտրաէներգիան, ու թե՛ ձեր գումարը։

Խնայե՛ք ջուրը։

  1. Ուսումնասիրե՛ք, թե ինչ աղբյուրից է գալիս ձեր խմելու ջուրը։
  2. Կրճատե՛ք լողանալու ժամանակը մինչև 5 րոպե և փակե՛ք ծորակը ատամները լվանալու ընթացքում՝ խնայելով բոլորիս համար այդքան կարևոր ռեսուրսը։
  3. Թեյ խմելիս թեյնիկը լիքը լցնելու փոխարեն, լցրե՛ք այն անհրաժեշտ քանակով միայն։ Եթե հանկարծ թեյնիկում ջուր է ավելացել, ապա այն օգտագործեք տան բույսերը ջրելու համար։ Այդպիսով կխնայեք ձեր ժամանակը, ջուրը և էլեկտրաէներգիան։ Այսօրվանից մեկ ամիս գրանցե՛ք ձեր և ընտանիքի անդամների կողմից խնայված ջրի քանակը: Արդյունքների մասին պատմե՛ք ընկերներին և բարեկամներին:

Քիչ սննդային աղբ՝ քիչ վնաս։

  1. Ուսումնասիրե՛ք ձեր սառնարանը։ Ճիշտ պլանավորե՛ք սննդի քանակը և ճիշտ պահե՛ք սնունդը, որպեսզի հնարավորինս քիչ սնունդ թափեք չէ՞ որ սննդի արտադրությունը նույնպես վնասում է Երկիր մոլորակին։

Ո՛չ պլաստիկին։

  1. Եկե՛ք ընտանիքի բոլոր անդամներով հին շորերից կտրենք և կարենք բազմակի օգտագործման տոպրակ՝ միանգամյա պլաստիկ տոպրակներից հրաժարվելու համար։ Բայց չմոռանաք խանութ գնալիս վերցնել տոպրակը ձեզ հետ։
  2. Տանը հնարավորինս խուսափե՛ք պլաստիկի օգտագործումից՝ փոխարինելով այն ապակե, բազմակի օգտագործման տարաներով։ Եթե անգամ հնարավոր չէ առանց պլաստիկի, ապա փորձե՛ք քանակը նվազեցնել և եղածն էլ այլ բաների համար օգտագործել դեն նետելու փոխարեն։
  3. Հավաքե՛ք օգտագործված պլաստիկն ու այն հանձնեք վերամշակման:
  4. Գիտե՞ք, որ թեյի մեկանգամյա օգտագործվող պլաստիկ փաթեթները կարող են մեկ բաժակի մեջ պլաստիկի միլիարդավոր միկրոտարրեր արձակել։ Իսկ թղթյա փաթեթները քիչ քանակությամբ միկրոտարրեր են պարունակում, որն անհնար է դարձնում այս փաթեթների վերամշակումը կամ բնական քայքայումը։ Այնպես որ, եթե սիրում եք թեյ խմել, ապա ընտրեք թեյի տերևներն ու թուրմ պատրաստելու երկաթե ցանցերը։

Ավելացրե՛ք տան թթվածինը։

  1. Տանը կենդանի բույսեր աճեցրե՛ք, այսպիսով կփոխեք ոչ միայն տան միջավայրը և այն ավելի դրական ու «շնչող» կդարձնեք, այլև կավելացնե՛ք ձեր տան թթվածնի քանակը։ Կարող եք նաև ուղղակի բամբակ վերցնել, վրան աճեցնել ցորեն, պարբերաբար ջրել և խնամել։ Այն նույնպես թթվածնի քանակը տանը կավելացնի։

Ի՞նչ է գլոբալ տաքացումը։

  1. Երեխաների հետ միասին ուսումնասիրե՛ք, թե ինչ է գլոբալ տաքացումը, ինչու է այն վտանգավոր։ Հայաստանում կլիմայի փոփոխության մասին կարող եք տեղեկանալ այս կայքից։ Իսկ երիտասարդ առաջնորդներին առաջարկում ենք կարդալ «Կլիմայի փոփոխություն․ մարտահրավերների հաղթահարման կրծքանշան» ուղեցույցը։
  2. Երեխաների հետ միասին փորձե՛ք ստանալ ամենահայտնի ջերմոցային գազերից մեկը՝ ածխաթթու գազը, հետևյալ եղանակով
  • Չոր թափանցիկ բաժակի մեջ լցրեք 1 թեյի գդալ սննդային սոդա։
  • Զանգվածի վրա ավելացրեք 100մլ քացախ։
  • Ածխաթթու գազը կսկսի բուռն կերպով անջատվել։
  • Փորձեք լուցկու միջոցով հասկանալ ածխաթթու գազը այրվո՞ւմ է, թե՞ ոչ՝ պահելով լուցկին բաժակի վերևում։
  • Զգուշացրե՛ք և հիշեցրե՛ք երեխաներին, որ առանց մեծահասակի ներկայության լուցկուն չի կարելի ձեռք տալ ու այս փորձը չի կարելի կրկնել։

Ճանաչե՛ք այն միջավայրը, որտեղ ապրում եք։

  1. Ընտանիքով դիտեք՝

 

Շնորհավորում ենք մեր սիրելի Երկիր մոլորակի օրը: Պահպանե՛նք մեր փխրուն մոլորակը միասին՝ այսօր և ամեն օր:

Երեխայի անվտանգությունը

62555977