Skip to main content
Հետադարձ կապ

Երեխայի խոսքի զարգացումը 3-5 տարեկանում

Երեք տարեկան հասակում երեխաները հիմնականում կարողանում են հինգ-վեց բառից բաղկացած նախադասություններ ասել և նմանակում են մեծահասակների խոսքի հնչյունների մեծ մասը: Այդ տարիքում նրանց ակտիվ բառապաշարում արդեն բավական բառեր կան, ուստի և երեխաները հաճույքով շատախոսում են: Կողքից նայողին երբեմն կարող է թվալ, որ նրանք անվերջ բլբլում են: Չորս տարեկանում խոսելու հմտություններն ավելի են զարգանում, և նրանք կարողանում են պատմություններ հորինել` օգտագործելով բարդ նախադասություններ: Հատկանշական է, որ այժմ արդեն երեխաները պատմում են ոչ միայն այն մասին, թե ինչ է կատարվել իրենց հետ, այլև ներկայացնում են այն, ինչ զգում և մտածում են: Խոսքի այս նոր հմտությունների զարգացման հետ մեկտեղ աճում է նաև նրանց հետաքրքրությունը շրջապատող աշխարհի հանդեպ, որը դրսևորվում է հարցասիրության տեսքով. ահա թե ինչու նրանք անվերջ հարցեր են տալիս:

Երեխաների մոտ տրամաբանական մտածողությունը զարգացնելու, եզրահանգումներ, համեմատություններ, կանխագուշակումներ կատարելու և հարցեր տալու կարողությունները զարգացնելու նպատակով նպատակահարմար է պարբերաբար պատկերազարդ գրքեր ընթերցել նրանց համար:

Ծնողները մեծապես կարող են խթանել իրենց երեխայի խոսքի զարգացումը` խրախուսելով նրան հաճախակի զրուցել այլ երեխաների հետ: Հատկապես նախընտրելի են տարբեր տարիքի երեխաների բանավոր շփումները: Պետք է քաջալերել երեխային` ունկնդրել ամենատարբեր ձայներ ու պատմել դրանց միջև եղած տարբերությունների մասին, նմանակել այդ ձայները, տալ առարկաների անունները և սովորած բառերով իմաստալից նախադասություններ կազմել: