Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես կարող են կանայք հաղթահարել լոքդաունի շրջանում առաջացած հուզական այրումը

Կորոնավիրուսը, որքան էլ բոլորս հոգնած լինենք այդ բառից ու երևույթից, չենք կարող չընդունել՝ ամբողջովին փոխել է մեր կյանքը ու այն լցրել մի շարք անհանգստություններով, սահամանափակումներով, խնդիրներով և հոգսերով։ Արդեն 4 ամիս է՝ բոլորս ապրում ենք սթրեսային իրավիճակում, հաճախ «լուռ» դիմակայելով դրան, և չենք էլ նկատում կամ չենք ուզում նկատել, թե որքան է այն ազդում մեր կյանքի՝ մեր հոգեկան և ֆիզիկական առողջության վրա։ Ճիշտ է՝ համավարակից բոլորն են տուժել՝ կանայք, տղամարդիկ, երեխաները, բայց մի շարք հոդվածներ ու հետազոտություններ փաստում են, թե որքան ծանր է այն անդրադարձել առավելապես կանանց վրա, հատկապես այն հասարակություններում, որտեղ կանանց վրա է դրված տնային գործերի և երեխաների խնամքի հիմնական մասը։ Վերջինիս եթե գումարում ենք աշխատանքը,որը հստակ ժամեր կարծես արդեն չունի, ապա ակնհայտ է դառնում, որ կանանց բեռը կրկնապատկվել կամ նույնիսկ եռապատկվել է։

Զրուցել ենք հոգեբանական գիտությունների թեկնածու Իրինա Խանամիրյանի հետ և փորձել ենք պարզել, թե որքանով է այս շրջանը վտանգավոր կանանց համար, և թե ինչի կարող է հանգեցնել այն։ Փորձել ենք նաև գործնական մի քանի քայլ առաջարկել սթրեսին դիմակայելու և ինչու ոչ նաև՝ այն հաղթահարելու համար։  

 

Հարց 1: Ինչո՞վ է այս շրջանը վտանգավոր կանանց համար։ Ի՞նչ վտանգներ է իր մեջ կրում այդ հուզական այրումը և ինչի՞ կարող է այն հանգեցնել։
Իրինա

- «Հուզական այրում» տերմինը, ընդունված էր կիրառել հիմնականում աշխատանքային և մասնագիտական ոլորտում։ Բայց քսանմեկերորդ դարի տեմպի ու արագության հետ, այս տերմինը դարձել է համաշխարհային, համամարդկային տերմին ու արդեն բոլոր ոլորտներում էլ կիրառվում է։

Հուզական այրման ամենավտանգավոր կողմն այն է, որ մենք դա չենք զգում։ Այսինքն՝ մեզ անընդհատ թվում է, որ մենք դեռ կարող ենք։ Եթե մի քիչ էլ մեր վրա աշխատենք, դեռ կարող ենք։ Մեկ օր հանգիստ վերցնենք, մնացած օրերը աշխատենք, ու կարող ենք շարունակել։ Մի քիչ քնենք, հանգստանանք, հետո կարող ենք շարունակել։

Սա թակարդ է մեզ թվում է, թե մենք դեռ կարող ենք, բայց չենք էլ զգում, որ այդ ամենը, կամաց-կամաց կուտակվելով, առաջացնում է հուզական այրում։ Հետագայում, եթե դրան չենք արձագանքում, այն սկսում է ազդել թե՛ մեր ֆիզիկական, թե՛ կոգնիտիվ համակարգի, թե՛ մեր մոտիվացիոն համակարգի վրա։

Գալիս է մի պահ, որ արդեն, ինչ էլ անենք, չենք վերականգնվում։ Այսինքն՝ անցնում ենք հետ վերադառնալու կետը։ Այդ ժամանակ, եթե անգամ մարդը գնում է մեկ շաբաթ հանգստանում, ապա վերադառնալով աշխատանքին, ընդամենը մեկ շաբաթ անց կրկին հայտնվում է նույն իրավիճակում։

Հատկապես կանայք, քանի որ նրանց բեռը շատ է և ծանր, շատ ավելի հավանական է, որ հուզական այրման առաջ կանգնեն։ Աշխարհը առաջ է գնում, կանայք շարունակում են հաստատել իրենց դերը, փոխվում է կանանց դիրքը հասարակությունում։ Բայց դեռ շատ քիչ կանայք են, որ տան վերաբերյալ մյուս հարցերն իրենց վրայից «հանել» են։ Ստացվում է՝ կանայք՝ հատկապես Հայաստանում կամ համանման սոցիալական և մշակութային նորմեր ունեցող այլ երկրներում, համակցում են մի քանի դեր նույն կերպ պետք է տան տիկին մնան, լավ մայրիկ լինեն և աշխատեն։ Արդեն եռակի, քառակի բեռ են իրենց վրա վերցնում ու հաճախ իրենց ռեսուրսները ճիշտ չեն գնահատում, արդյունքում՝ առաջանում է այս հուզական այրումը՝ մոխրացումը։ Ինչի հետևանքով էլ առաջանում են ֆիզիկական, ֆիզիոլոգիական խնդիրներ, ապատիկ զգացողություն և ցանկությունների կորուստ։

Ես իմ աշխատանքի ընթացքում հանդիպում եմ մոխրացման կարգավիճակում գտնվող կանանց, որոնք այլևս ոչինչ չեն ցանկանում։ Նույնիսկ, եթե նախկինում հաճույքով ֆիլմ էին դիտում, այլևս չեն դիտում կամ հաճույքով չեն դիտում։ Նաև հանդիպել եմ կանանց, որոնք ասում են, գուցե ավելի լավ է կորոնավիրուսով վարակվենք ու մի երկու շաբաթ գնանք մի տեղ փակվենք, հանգստանանք։ Բայց սա վտանգավոր է կանանց թվում է, որ պետք է հիվանդանան, որ հնարավորության ստանան հանգստանալու։ Ցավոք, մենք մեր մշակույթում նաև ունենք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «մեռնեմ, պրծնեմ», «գնամ-չգամ», որը կարծես ապացուցում է մեր պնդումը։ Պետք է ծայրահեղը լինի, նոր մենք մեզ թույլ տանք հանգստանալ։

Մոխրացման ժամանակ կորչում է կյանքի «համը» ու «հոտը» այլևս ոչնչի հավես չի լինում։ Մոխրացման ժամանակ շատ կանանց մոտ նույնիսկ բնական պահանջմունքներն են սկսում տուժել, օրինակ՝ սովածություն զգալ, նստել և հաճույքով, այլ ոչ՝ մեխանիկորեն սնվել։ Մոխրացումը նաև ազդում է սեռական կյանքի վրա, մարդն ուղղակի սկսում է օրը մթնեցնել ու կենտրոնանալ միայն աշխատանքային վերջնաժամկետների վրա՝ հաճախ մոռանալով, թե այդ օրվանից ուրիշ ինչ հասկացավ։

Հարց 3։ Երբ և ինչ նշանների առկայության դեպքում անպայման պետք է դիմել հոգեբանի։ Հնարավոր է արդյոք այդ սահմանը անձամբ տեսնել ու գործել։
Իրինա

-Ցավը նրանում է, որ շատ հաճախ մենք այդ կետն էլ ենք հատում, ու հոգեբանին դիմելու ուժ այլևս չի լինում։ Հաճախ կանայք մտածում են «Ինչ պետք է ինձ հոգեբանն ասի, որ ես չգիտեմ։ Ես էլ գիտեմ, որ ծանրաբեռնված եմ, հոգնած եմ»։ Բայց հոգեբանին դիմելու դեպքում, պետք է ուժ ու ռեսուրս ունենալ, պետք է պատրաստ լինել, որ քո կյանքում ինչ-որ բան ես փոխելու։

Ցավոք, Հայաստանում հոգեբանի մոտ կանայք սկսում են հայտնվել արդեն բժիշկների հորդորով։ Քանի որ կանանց մոտ սկսում են տարբեր ֆիզիկական խնդիրներ։ Ցավում եմ, բայց հաճախ մինչև չի հասնում ֆիզիկական խնդրի, կանայք դժվար են հասկանում, որ պետք է ինչ-որ բան իրենց կյանքում փոխեն։

Եկեք հիմա անդրադառնանք հոգեբանական նշաններին, որոնք կարող են հուշել, որ կոգնիտիվ համակարգն այլևս չի դիմանում։

Դյուրագրգիռություն։ Եթե փոքր ազդակների դեպքում սկսել եք շատ ուժեղ արձագանքել կամ սկսել եք հաճախ երեխաների վրա թափել ձեր էմոցիաները, չեք կարողանում կառավարել ձեզ այդ պահին, իսկ հետո մեղքի զգացում եք ունենում։

Կենտրոնացում։ Եթե նախկինում կարող էիք կենտրոնանալ ու մի քանի գործ համատեղ անել, իսկ հիմա այլևս չեք կարողանում։ Հաճախ եք բողոքում հիշողությունից, ավելի մոռացկոտ եք դարձել։

Տրամադրության անկում։ Պետք է նաև ուշադրություն դարձնեք տրամադրության կտրուկ փոփոխություններին։

Ցանկությունների կորուստ։ Այլևս ոչնչի հավես չունեք, ոչինչ չեք ցանկանում։ Անգամ եթե ձեզ ասեն, եկե՛ք ծով գնանք, սկսում եք մտածել, որ պետք է ճամպրուկ հավաքել, հետո բերել լվանալ այդ ամենը, սկսում եք ծանրացնել ամեն ինչը։

 

Հարց 4: Ինչից հասկանալ ու ինչպես սկսել պայքարը։
Իրինա

-Իրականում, խնդրի լուծումը այս երեք Գ-երից է սկսվում։

Գիտակցում։ Կինը պետք է նախ գիտակցի, որ ինչ-որ բան այն չէ, որ նա դարձել է դյուրագրգիռ, ջղային, ոչ մեկի հավես այլևս չունի։ Առաջացել է շփման խնդիր, մարդը չի ուզում ոչ մեկի հետ խոսի, շփվի։ Պետք է նախ գիտակցել, որ ինչ որ բան այն չէ։

Գնահատում։ Գիտակցելուց հետո պետք է գնահատել, թե ինչը այն չէ։ Կինը պետք է գնահատի իր պահանջմունքները։ Պետք է պատասխանի «Ես այսօր ինչի՞ կարիք ունեմ» հարցին։ Հնարավոր է մեկ կամ երկու օր քնելու, մեկ կամ երկու օր առանց երեխաների մնալու, գուցե ամուսնու հետ առանձին ժամանակ անցկացնելու կարիք կա։ Անհրաժեշտ է այդ պահանջմունքները հասկանալ, հետո անցնել երրորդ քայլին և պարզել՝ ինչ կարող է նա անել։

Գործողություն։ Երբ գնահատում եք կարիքները ու պարզում, թե որ կարիքը կարող եք բավարարել, պետք է անցնել գործի։

Խնդրի լուծումը ինձ համար միշտ սկսվում է անձից անձի գիտակցումից։ Այ, հետաքրքիր է՝ ինչ կլինի, եթե դուք սուրճը սկսեք հանգիստ խմել, սկսեք ձեզ համար ժամանակ առանձնացնել։ Հաճախ այստեղ գերակշռում է վախերի ու տագնապների գործոնը կանանց մի մաս մտածում է, որ իրեն այլևս չեն սիրի, մյուս մասը մտածում է, որ աշխատանքը կկորցնի, կանանց մի խումբ էլ համարում է, որ պետք է լավագույնը լինի, որ արդարացնի այդ պաշտոնն ու այդ աշխատավարձը կամ այդ դերը։ 

Կանանց անընդհատ թվում է, թե իրենք պետք է իրենց տեղը գրավեն, անընդհատ պայքարեն դրա համար, անընդհատ պարտավոր են ինչ որ բան անել ու ինչ որ բան զոհաբերել։ Կանայք կարծես սովոր չեն, որ կարող են ուղղակի «լինել», և դա նորմալ է։ Որ կանանց կարող են և պետք է ընդունեն, երբեմն կամ հաճախ ճաշ չպատրաստած, ափսեները չլվացած, աշխատանքի մի մասը չկատարած, բայց սուրճ վայելելիս, առանձին ֆիլմ դիտելիս։

Համարձակություն է պետք։ Երբեմն, երբ սկսում ես փորձարկել, տեսնում ես, որ աշխարհը չի փլվում։ Որ քո պատկերացրած աշխարհը չի փլվում, ընդհակառակը աշխարհը սկսում է այլ կերպ պտտվել՝ հաշվի առնելով նաև քո կարիքները։ Այդ վախը ենթագիտակցորեն մեզ ստիպում է փոքրանալ, կռանալ ու ուղերձ է ուղարկում, որ դուք կարող եք ինձ տիրել/կառավարել։

Ես կարծում եմ՝ առաջինը կնոջ գիտակցության փոփոխություն է պետք։ Կինը ունի իր տեղը, իրավունք ունի ուղղակի լինելու և պարտավոր չէ ինչ-որ բան անել, որ իրեն սիրեն, տեսնեն, գնահատեն։ Կինը պետք է ինքն իրեն սիրի, նաև իր կարիքները տեսնի ու ժամանակ առ ժամանակ դրանց առաջնահերթություն տա։

Հարց 5: Ի նչ պետք է անի այս իրավիճակում արդեն 3-4 ամիս գտնվող կինը՝ սկսած հենց այսօրվանից, հատկապես, որ պարզ չէ, թե որքան կտևի այս իրավիճակը։
Իրինա

-Իրականում մենք Հայաստանում անընդհատ լարված իրավիճակում ենք՝ պայմանավորված թե՛ քաղաքական, թե՛ պատերազմական գործողություններով: Հիմա էլ կորոնավիրուսը, որը ճիշտ է, ավելի ակնառու ու մասշտաբային է, բայց միակը չէ։ Այո՛, դեռ չգիտենք՝ աշնանն ինչ է լինելու, երբ ակնկալում էինք, որ ամռանն արդեն ամեն ինչ կավարտվի, բայց չավարտվեց։ Մի քանի արդյունավետ մոտեցումներ առաջարկեմ, որ հուսամ՝ կանայք կկիրառեն։

Փոքր քայլերի արվեստը։ Անորոշության մեջ ամենակարևոր մոտեցումներից մեկը փոքր քայլերի արվեստն է։ Շատ կարևոր է փոքր, առօրյա քայլերով ապրել, կենտրոնանալ ԱՅՍՕՐ, ԱՅՍՏԵՂ ու ՀԻՄԱ-ի վրա։ Քանի որ հիմա դժվար է և անիմաստ է պլանավորել։

Պետք է հասկանալ՝ այսօր, այստեղ, այս պահին ինչ կարող եք անել։ Պետք է կենտրոնանալ օրվա ընթացքում անելիքների վրա։ Պետք է օրվան կառուցվածքայնություն տալ ժամանակ տրամադրել աշխատանքին, հետո ժամանակ առանձնացնել ընտանիքի համար, երեխաների համար, ինքներդ ձեր համար։ Պետք է ժամանակ տրամադրել սնվելուն, ոչ թե այն արագ ոտքի վրա սնվելուն, այլ սեղան գցելուն և հանգիստ սնվելուն։ Սրանք կենցաղային փոքր հարցեր են, բայց կարևոր են այս անորոշության մեջ դիմակայելու համար։

Իջեցնել նշաձողը։ Հաջորդը, որ կառաջարկեի՝ նշաձողի իջեցումն է։ Մենք հիմա արտակարգ իրավիճակում ենք ապրում, ամեն ինչ այլ է։ Եթե, օրինակ, իմ առջև դնում էի, որ մինչ սեպտեմբեր պետք է գիտական հոդված գրեմ, հիմա հասկանում եմ, որ չեմ կարող, քանի որ իմ սովորական տեմպով չեմ ապրում։

Պետք է վերանայել ինչի կարիք ունեք ու ինչ կարող եք անել։

Ի՞նչի կարիք ունեմ ես՝ որպես անհատ։ Կինը պետք է ինքն իրեն թույլ տա մտածել ու կենտրոնանալ, թե ինքը՝ որպես առանձին անձ, ինչի կարիք ունի։ Այստեղ շատ կարևոր է առանձնանալ գնալ մի լուռ սենյակ կամ դուրս գալ մի պահ զբոսնել։

Սրանով նաև մեր երեխաներին ենք սովորեցնում, որ յուրաքանչյուրը, նաև՝ մենք, անձնական տարածքի և անձնական ժամանակի իրավունք ունենք։ Սա մշակույթ է, որ երեխաների մեջ էլ է պետք ձևավորել։

Առաջնահերթություններ սահմանելու արվեստը։ Գերակայություններ սահմանելը կրկին կարևոր է։ Պետք է հասկանալ՝ ո՞րն է իմ առաջնահերթությունը՝ ճաշ եփել, թե՝ օրինակ, երաժշտություն լսել։ Ճիշտ է՝ հիմնականում հաղթելու է ճաշը, գիտեմ, բայց մեկ օր կարելի է չանել դա, մեկ օրվանից ոչինչ չի կորչում։ Ես հաճախ եմ իմ հաճախորդներին քայլ առ քայլ սովորեցնում, որ ոչինչ չի լինի, եթե մեկ օր ափսեները չլվանան ու այդպես գնան քնելու։

Պետք է կինը կամաց-կամաց հասկանա, որ ոչ թե այդ պարտականությունները կամ իրերն են իրեն տիրում, այլ որ ինքն է իր կյանքի տերը ու ինքը կարող է որոշել՝ ինչ անել և անել դա, թե՝ ոչ։ 

Սա հաճախ են մեր ձեռքից վերցնում հենց մանկուց։ Կանայք չեն կարողանում հանգիստ մնալ, իրենց մասին հոգալ, պետք է բոլորին ուրախացնեն ու գոհացնեն, անպայման պետք է ամեն- ինչ անեն ու գերազանց, իսկ ինչ անելն ու ինչպես անելը հաճախ սահմանվում է մեր ներքին՝ հիմնականում անարդար ուղերձներից։

Մենք այդ ուղերձները գիտենք։ Սերտել ենք՝ ինչպես սիրել, հոգ տանել ու ուրախացնել մյուսներին, մնում է միայն այդ նույն ուղերձները կիրառենք ինքներս մեզ համար նույնպես:

Բայց հավանաբար դա դժվար կլինի անել՝ առանց շրջապատող մարդկանց, գործատուի և առանց պետության աջակցության։


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Երեխայի անվտանգությունը

62555977