Skip to main content
Հետադարձ կապ

Ամառային արձակուրդ և ՔՈՎԻԴ-19. մաս 2

Քովիդ-19-ի տարածման ֆոնին, արձակուրդային հանգստի կազմակերպման առաջին նախապայմանն անվտանգությունն է։ Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել հյուրանոց, հյուրատուն, հանգստի գոտի այցելելիս, ինչպե՞ս ընտրել հյուրանոց, ինչպե՞ս կազմակերպել ընտանիքի՝ հատկապես երեխաների անվտանգ կեցությունը, ինչպե՞ս վարել ակտիվ հանգիստ՝ չվտանգելով մեր ու մեր երեխաների առողջությունը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը հիշեցնում է.- «Քովիդ-19-ի մասին դեռ ամեն բան չէ, որ հայտնի է ու պարզ: Կան տարբեր վարկածներ, սակայն գերիշխող է մնում այն, որ Քովիդ-19-ը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ընդ որում վարակի տարածման հիմնական տարբերակը կաթիլայինն է: Ահա, թե ինչու են ամառային արձակուրդների այս փուլում, առավել նախընտրելի քոթեջատիպ հյուրանոցները, որտեղ հյուրերը ոչ թե նույն շենքում են գտնվում, այլ յուրաքանչյուր ընտանիք ունենում է իր առանձին տարածքը»:

Հյուրանոցային հանգիստ ընտրելիս պետք է հաշվի առնել, որ անգամ եթե հյուրանոցում խստագույնս իրականացվում և պահպանվում են ախտահանման ու անվտանգության ցուցումները, այցելուն ինքը կարող է վարակի ներթափանցման պատճառ դառնալ:

Օրինակ, հնարավոր է այցելուի ձեռքի ճամփորդական պայուսակներից թեկուզ մեկն ախտահարված է Քովիդ-19-ի հարուցիչներով: Այդ պայուսակը կարող է դրվել ընդունարանի սեղանին, հետո այցելուի համարի դռան մոտ, ապա սենյակում: Այսպիսով, մի քանի րոպեում, ի չիք կլինեն հյուրերին և աշխատակիցներին պաշտպանելու հյուրանոցի պատասխանատուների բոլոր ջանքերը: Այդ պատճառով, պարտադիր է հանգստի տարածք (հյուրանոց, հյուրատուն և այլն) մտնելուց առաջ ախտահանել Ձեր հետ տարվող բոլոր իրերը: Դրանք ևս մեկ անգամ կարող եք ախտահանել Ձեզ հատկացված սենյակ մուտք գործելուց հետո, ինչպես նաև, չմոռանաք ախտահանել սենյակի բոլոր մակերեսները՝ սեղան, աթոռ, բազմոց, փականներ, բռնակներ և այլն: Հյուրանոցի համարում աշխատեք քլոր պարունակող ախտահանիչ միջոցներ չօգտագործել: Դրանք վնասում են գույքի մակերեսները, ինչի համար հյուրանոցը կարող է վնասի փոխհատուցում պահանջել: Իսկ եթե տվյալ հյուրանոցում դա ընդունելի է, ապա հետևեք քլորով ախտահանման կանոններին և ախտահանելուց հետո որոշ ժամանակ դուրս եկեք սենյակից և այն օդափոխեք։

Հատկապես երեխաների անվտանգության համար կարևոր է ուշադրության կենտրոնում պահել հանգստավայրի հիմնական ժամանցի վայրերը՝ լողավազան, ռեստորան-ճաշարան և խաղահրապարակ:

ԼՈՂԱՎԱԶԱՆ

«Ուիգմոր» կլինիկայի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը հիշեցնում է.- «Այս պահին հայտնի է, որ Քովիդ-19-ի հարուցիչները ջրով չեն փոխանցվում: Բայց և այնպես գերադասելի են բացօթյա լողավազանները, որտեղ օդում վարակի հարուցիչների խտությունը զգալի պակաս է, քան փակ լողավազաններում: Խնդիրն այլ է լողավազանների սանդուղքների բռնակների, պառկելաթոռների և առհասարակ բոլոր այն պարագաների դեպքում, որոնց հետ երեխաները կարող են առնչվել: Վարքականոնն այստեղ ավելի քան պարզ է՝ լվանալ երեխայի ձեռքերը լողավազան մտնելուց առաջ և դուրս գալուց հետո, եթե դա տեխնիկապես անհնար է կամ անհարմար՝ օգտագործել ախտահանիչ լուծույթ»:

Հյուրանոցների հիմնական մասում, Քովիդի համավարակով պայմանավորված, լողավազանից օգտվելու հատուկ կարգ է սահմանված: Մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար, այցելուն նախապես գրանցվում է լողավազան մտնելու համար և այնտեղ կարող է անցկացնել կոնկրետ ժամանակահատված: Խուսափեք գերծանրաբեռնված լողավազանից (հատկապես, փակի դեպքում):

Ախտահանել լողավազանի տարածքում գտնվող բոլոր առարկաները, գործնականում անհնար է, բայց օրինակ պառկելաթոռները կարելի է ախտահանել սպիրտային հիմքով ախտահանիչով և/կամ լրացուցիչ սրբիչներ ունենալ, որոնք կփռեք պառկելաթոռների վրա: Ջրից դուրս գալուց և չորանալուց հետո կրեք դիմակ:

ՌԵՍՏՈՐԱՆ-ՃԱՇԱՐԱՆ

Քովիդ-19-ով պայմանավորված, հյուրանոցները վերակազմակերպում են նաև սննդի մատուցման ձևը: Սննդի սեղանների մոտ կուտակումներ թույլ չտալու նպատակով ինքնասպասարկումը դադարեցվում է: Այցելուի՝ նախապես ընտրած սնունդը մոտեցնում է մատուցողը, նախատես ախտահանված և անհրաժեշտ հեռավորությամբ նստատեղերով կահավորված սեղանին:

Եթե, այնուամենայինվ, ճաշասրահում ինքնասպասարկում է, մի՛ մոտեցեք սեղանին, քանի դեռ դրա շուրջ շատ մարդիկ կան: Ընտրեք այն սեղանը, որը մյուսներից հեռու է: Տեղափոխեք կամ խնդրեք, որ տեղափոխեն Ձեր սեղանը, եթե կարծում եք, որ այն շատ մոտ է մյուսներին: Դիմակը հանեք ուտելուց անմիջապես առաջ և դարձյալ կրեք սնվելն ավարտելուց հետո:

«Հյուրանոցի ռեստորան-ճաշարան գնալիս հարկ է հիշել, որ մինչև մեկ տարեկան երեխային չի կարելի կերակրել մետաղյա և/կամ ապակյա սպասքով: Այս պարագայում խոսում ենք զուտ երեխային չվնասելու մասին: Ավելի մեծ երեխաները հանգիստ կարող են օգտվել հյուրանոցի սպասքից, մանավանդ, որ 60 աստիճան ջերմությամբ ջրով լվացվելու դեպքում դրանց վրա վարակի ոչ մի հարուցիչ չի մնում» - ասում է մանկաբույժը:

Մեկից բարձր տարիքի երեխան կարող է սնվել ընդհանուր ճաշացանկից, եթե չունի առանձնահատուկ սնուցման կարիք:

Աղիքային վարակներից խուսափելու հիմնական պայմաններն են՝ մաքուր ձեռքեր, ճիշտ մշակված ու պատրաստված սնունդ:

ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

Խաղահրապարակում, ուր առկա են մարզասարքեր, բատուտներ, ուր երեխաներն անվերջ դիպչում են մե՛կ գնդակին, մե՛կ ճոճանակի բռնակներին, մե՛կ հեծանվի ղեկին ու այսպես շարունակ... Ծնողների ուշադրությունը պետք է չթուլանա ոչ մի րոպե: Երեխային ՉԻ ԿԱՐԵԼԻ ասելու փոխարեն դարձե՛ք նրա խաղընկերն ու հենց խաղի ընթացքում վերահսկեք, որ ձեռքով չդիպչի դեմքին, ժամանակ առ ժամանակ ախտահանեք ձեռքերը: Սենյակ վերադառնալուց անմիջապես հետո լվացվե՛ք:

Համավարակի այս շրջանում ցանկալի են բավարար հեռավորության վրա ծավալվող խաղերը՝ «Անուն գոռոցի», «Городки», «Բռնոցի», «Պահմտոցի» և այլն:

Եթե դուք ներգրավված չեք ակտիվ խաղերում, այլ զուտ «հսկողի» դերում եք, մի՛ հանեք դիմակը:

Կազմակերպելով ամառային հանգիստը, յուրաքանչյուր ծնող ցանկանում է ուրախություն և հաճույք պարգևել իր երեխային (երեխաներին): Նոր իրավիճակում մեզանից փոքր ինչ ավելի ջանք և ուշադրություն է պահանջվում, քանի որ մեր և մեր երեխաների առողջությունն ու անվտանգությունը մեծապես կախված է ՄԵՐ պատասխանատու վարքագծից:

Ծանուցում. Քովիդ-19-ի ախտանշանների կամ կասկածների ի հայտ գալուն պես զանգահարե՛ք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ Առողջապահության նախարարության «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով: Այս հեռախոսահամարները պահեք Ձեր բջջայինում: Տանից հեռու, անծանոթ միջավայրում կարող եք չկողմնորոշվել՝ ինչ անել կամ ուր գնալ: Օպերատիվ զանգերի կենտրոնի և Թեժ գծի աշխատակիցները համապատասխան ցուցումներ կտան Ձեզ:

 

ՕԳՏԱԿԱՐ ՀՈՒՇՈՒՄՆԵՐ

Հյուրանոցում համար ամրագրելուց առաջ ճշտեք.

-Ի՞նչ նյութով, ինչպես ու ինչ հաճախականությամբ են ախտահանում հյուրանոցի ընդհանուր սրահները և համարները։

-Ինչպե՞ս է կազմակերպվում ռեստորանի-ճաշարանի աշխատանքը։

-Անվտանգության ի՞նչ կանոններ են գործում կամ ինչ միջոցառումներ են իրականացվում լողավազանում, խաղասրահում, խաղահրապարակում:

Հանգստի մեկնելիս անհրաժեշտ իրերի, դեղորայքի, հիգիենայի պարագաների ցանկն ու մասնագետների խորհուրդներն ախտանշանների և առաջին օգնության մասին՝ այստեղ:
Առաջարկում ենք կարդալ նաև «Ամառային արձակուրդ և ՔՈՎԻԴ-19. մաս 1» հոդվածը այն մասին, թե ինչպես անվտանգ հանգստանալ գյուղում տատիկ-պապիկի տանը։ 

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Երեխայի խնամք և առողջ սովորույթեր

62555977