Skip to main content
Հետադարձ կապ

Ինչ են խուճապի նոպաները

Խուճապի նոպան անհանգստության և վախի ուժեղ զգացում է։ Այն հաճախ տեղի է ունենում, երբ մարդիկ անհանգստանում են իրենց կյանքում տեղի ունեցող ինչ-որ բանի համար կամ որևէ դժվար և սթրեսային իրավիճակում են հայտնվում։

Խուճապի նոպաները շատ վախեցնող կարող են լինել հատկապես երեխաների համար, սակայն դրանք սովորաբար անհետանում են բուժման արդյունքում։ Կարևոր է իմանալ, որ խուճապի նոպան որևէ վնաս չի պատճառի, և նույնիսկ եթե այդպես չի թվում նոպայի ընթացքում, այդ զգացումն անցնում է։

Ինչ է խուճապի նոպան

Խուճապի նոպան վախի և անհանգստության զգացում է, որը կարող է վրա հասնել միանգամայն անսպասելի, այն սովորաբար ուղեկցվում է ուժեղ ֆիզիկական ախտանիշերով, ինչպիսիք են գլխապտույտը, շնչարգելությունը և արագ սրտխփոցը։

Շատ երեխաներ սարսափի զգացողություն են ունենում նոպայի ժամանակ, ասես ինչ–որ վատ բան է պատահելու։ Այս զգացողությունները կարող են առաջանալ նույնիսկ այն դեպքում, եթե իրական վտանգ չկա։ 

Ինչից կարող են առաջանալ խուճապի նոպաները

Միշտ չէ, որ պարզ է, թե ինչն է երեխաների կամ մեծահասակների մեջ խուճապի նոպաներ առաջացնում։ Հայտնի է միայն, որ ինչ–որ բանի մասին անհանգստանալը կամ որևէ դժվար կամ սթրեսային բանի միջով անցնելը կարող է առաջացնել խուճապի նոպա։ Այս իրավիճակներից են՝

  • տանը կամ դպրոցում վերապրած դժվար փորձի պատճառով առաջացած անհագստությունը,
  • քննությունների, ընկերության կամ հարաբերությունների հետ կապված սթրեսը,
  • սիրելի մարդու մահը,
  • սարսափելի փորձը, ինչպես, օրինակ՝ վատ վերաբերմունքը կամ անտեսվածությունը,
  • դաժան փորձը։

Երեխաների և դեռահասների խուճապի նոպաները

Խուճապի նոպաները հաճախ սկսվում են դեռահասության շրջանում, չնայած դրանք կարող են սկսվել նաև մանկության տարիներին։ Նոպաները կարող են հանգեցնել սուր անհանգստության, ինչպես նաև ազդել երեխայի տրամադրության կամ գործունեության ոլորտների վրա։

Որոշ երեխաներ սկսում են խուսափել այն իրավիճակներից, որոնց ընթացքում վախենում են, որ խուճապի նոպա կունենան։ Դեռահասները կարող են սկսել ալկոհոլ կամ թմրանյութ օգտագործել՝ անհանգստությունը նվազեցնելու համար։ Չբուժվելու դեպքում խուճապի նոպաները կարող են ապագայում բարդություններ առաջացնել երեխաների մեջ, օրինակ՝ սուր ընկճախտ և ինքնասպանության հակված վարքագիծ։

Վաղ ախտորոշման դեպքում խուճապի նոպաներ ունեցող երեխաները սովորաբար լավ են արձագանքում բուժմանը։

Խուճապի նոպաների նշանները և ախտանիշերը

Եթե Ձեր երեխան ունի խուճապի նոպա, նրան կարող է թվալ, որ այն, ինչ կատարվում է իր շուրջը, վերահսկողությունից դուրս է։ Նա կարող է վախենալ, որ իր մարմինը վտանգված է, կամ որ նույնիսկ ինքը մահանում է։ Մեր մարմինը կարող է տարբեր կերպ արձագանքել խուճապի նոպաներին։ Այս արձագանքներից են 

  • Շնչահեղձություն, արագ շնչառություն կամ դժվար շնչառություն  
  • Գլխապտույտ կամ ուշագնացության զգացողություն 
  • Լույսերն ավելի վառ ու ուժեղ տեսնելու զգացողություն
  • Արագ սրտխփոց և սեղմվածության զգացում կրծքավանդակում
  • Սովորականից ուժեղ քրտնարտադրություն
  • Դողացող և թույլ ոտքեր
  • Անկայուն հուզական վիճակ, ասես չի կարողանում դադարեցնել լաց լինելը 
  • Քարացած լիլելու զգացում, ասես հնարավոր չէ շարժվել
  • Ստամոքսի ցավեր կամ սրտխառնոց։

Ինչպես օգնել երեխային հաղթահարելու խուճապի նոպաները

Խուճապի նոպայի խթանման պատճառն իմանալը խուճապի հաղթահարման առաջին քայլն է։ Հարցրե՛ք Ձեր երեխային, թե ինչ է զգում, և ինչն է նրան անհանգստացնում կամ սթրեսի ենթարկում։ Կան որոշակի իրավիճակներ կամ վայրեր, որոնք նրան խուճապի են մատնում։  Տեղեկացված լինելը կարող է օգնել Ձեր երեխային մտածելու, թե ինչ կարող է ինքն անել՝ այդ իրավիճակները հաղթահարելու համար։

Խուճապի նոպայի ընթացքում Ձեր երեխային կարող է թվալ, թե ինքը կորցնում է վերահսկողությունը, սակայն կան բաներ, որոնք կարող են օգնել նրան վերադարձնելու իրավիճակի հանդեպ վերահսկողությունը և իրեն նորից «հաստատուն և ամուր հիմքի վրա» զգալու.

1. Ընդունե՛ք դրվագը։ Երբեմն կարող է թվալ, թե ավելի հեշտ է պարզապես խուսափել իրավիճակից կամ վայրից, որը մեզ ստիպում է խուճապի մատնվել։ Այս զգացողությունը բնական է։ Ինչևէ, իրավիճակներից խուսափելը կարող է մեր անհագստությունն ավելի մեծացնել։ Նպատակը ոչ թե այն իրավիճակներից խուսափելն է, որոնք մեզ խուճապի են մատնում, այլ երեխային օգնելը՝ սովորելու հաղթահարել իր զգացածը նման իրավիճակներում։

2. Օգտագործե՛ք այբուբենը։ Խնդրե՛ք Ձեր երեխային այբուբենի ամեն տառով սկսվող ինչ–որ բառ ասել։ Դրանք կարող են լինել կենդանիներ, անուններ, վայրեր, ուտելիքներ և այլն։ Սա կզբաղեցնի երեխայի ուղեղի մյուս հատվածը և կշեղի նրա ուշադրությունը վախից և անհանգստությունից։

3. Կենտրոնացե՛ք շնչառության վրա։ Որովայնային շնչառությունը շատ հանգստացնող է և օգնում է մեզ թթվածինը խոր ներքաշելու մեր թոքերի մեջ։ Ահա 3 քայլից բաղկացած հեշտ վարժություն.

  • Ձեռքը դրե՛ք ստամոքսին։
  • 5 անգամ խոր շո՛ւնչ քաշեք, 5 վայրկյան շնչե՛ք, 5 վայրկյան արտաշնչե՛ք՝ շնչելով քթով և արտաշնչելով բերանով։
  • Երեխային բացատրե՛ք, որ երբ ինքը օդը ներս է քաշում է, իր փորիկը փուչիկի պես մեղմորեն ուռչում է, իսկ երբ արտաշնչում է, օդը նորից դանդաղ դուրս է գալիս փուչիկից։ 

4. Գտե՛ք ապահով վայրեր։ Եթե Ձեր երեխան որևէ իրավիճակում իրեն խուճապահար է զգում, տարե՛ք նրան մի վայր, որտեղ նա կարող է հանգիստ շնչել և մտածել։ Դա կարող է լինել ֆիզիկական տարածք, որին նա ծանոթ է, օրինակ՝ Ձեր տունը կամ նրա սենյակը, կամ կարող է լինել երևակայական տարածք՝  հանգիստ վայր, օրինակ՝ այգու նրա սիրելի հատվածը կամ ծովի ափը

5. Օգնե՛ք երեխային գործի դնելու իր զգայարանները։ Մեր զգայարանները հզոր գործիք են, որոնք օգնում են հաղթահարելու խուճապի, անհանգստության և սթրեսի զգացումները։ Ահա հեշտ միջոց, որով կարող եք օգնել երեխային օգտվելու դրանցից.

  • Խնդրե՛ք երեխային հարմարավետ նստել և դանդաղ շնչել ու արտաշնչել։ Հիմա խնդրե՛ք նրան նշել անհանգստություն չպատճառող մի քանի բան՝ 4 բան, որ նա տեսնում է, 3 բան, որ լսում է, 2 բան, որի հոտն առնում է, և 1 բան, որի համը զգում է։

Երբ դիմել մասնագետի օգնությանը

Խուճապի նոպաների սուր դրսևորումների ժամանակ երեխան կամ դեռահասը կարող է վախենալ տնից հեռանալուց։ Եթե Ձեր երեխայի մեջ խուճապի նոպաների չդադարող նշաններ եք նկատում, ժամանակն է դիմելու Ձեր թերապևտի օգնությանը։

Խուճապի նոպաների ախտանիշեր ունեցող երեխաներին ու դեռահասներին առաջին հերթին պետք է գնահատական տա ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը։ Եթե որևէ ֆիզիկական այլ հիվանդություն կամ խնդիր չի հայտնաբերվում, որը կարող էր լինել այդ ախտանիշերի պատճառը, բժիշկը երեխային կարող է ուղղորդել մանկական կամ դեռահասային հոգեբանի մոտ զննության։

Բուժման միջոցով սովորաբար հնարավոր է դադարեցնել խուճապի նոպաները։ Վաղ բուժումը կարող է օգնել կանխելու լուրջ բարդությունները։

Նույնաբովանդակ այլ նյութեր