Skip to main content
Հետադարձ կապ

Երկաթի պակաս

Օրգանիզմում երկաթի պակասի ամենահայտնի հետևանքը երկաթպակասային սակավարյունությունն է (անեմիան), երբ նվազում է արյան կարմիր գնդիկների և հեմոգլոբինի քանակը: Երկաթպակասային սակավարյունությունը սկզբնական շրջանում չի նկատվում, և այն կարելի է հայտնաբերել միայն արյան հետազոտմամբ: Խորացման հետ անեմիան արտահայտվում է գունատությամբ, երեխան սկսում է արագ հոգնել, դյուրագրգիռ է դառնում: Երեխայի օրգանիզմը երկաթ է ստանում 2 հիմնական ճանապարհով:

Ներարգանդային կյանքում, հատկապես՝ հղիության վերջին ամիսներին

Ծնվելուց հետո և ամբողջ կյանքում պահանջվող երկաթի հիմնական աղբյուրը սնունդն է: Օրգանիզմը պահեստավորում է երկաթը. վերջինս օգտագործվում է, երբ սնունդով ներմուծվող քանակն անբավարար են:

Օրգանիզմում երկաթի անբավարարություն է առաջանում, երբ սննդով ստացվող երկաթի քանակը պահանջարկից քիչ է, կամ երբ օրգանիզմը որևէ պատճառով երկաթ է կորցնում: Երկաթի անբավարարության ամենատարածված պատճառներից են.

  • կովի կաթը. ի տարբերություն կրծքի կաթում պարունակվող երկաթի, որը արտակարգ լավ է յուրացվում, կովի կաթում եղածը չափազանց վատ է ներծծվում: Կրծքով կերակրելու հասակում կովի կաթը կարող է նաև թաքնված՝ թեթև, բայց տևական աղիքային արյունահոսություն պատճառել: Հիշեք՝ կրծքով կերակրելու հասակում (մինչև մեկ տարեկանը) կովի կաթով սնուցումը, իսկ մեկ տարկանից հետո՝ դրա չարաշահումը, սպառնում են երկաթպակասային սակավարյունության զարգացումով.
  • երեխայի օրաբաժնում երկաթով աղքատ սննդի գերակշռումը:
  • ճիճվակրությունը, որը կարող է երկաթպակասային սակավարյունություն պատճառել աղիներից արյան կորստի և, հետևաբար, երկաթի կորստի հետևանքով: Ճիճվակրությամբ պայմանավորված երկաթպակասային սակավարյունության հավանականությունը մեծանում է տարիքի հետ. վտանքը հատկապես մեծ է, եթե երեխան հաճախում է որևէ մանկական հաստատություն (մսուր, մանկապարտեզ, դպրոց):
  • որոշ սննդատեսակների չարաշահումը, որոնցում պարունակվում են երկաթի ներմուծումը դժվարացնող նյութեր: Դրանցից են տանիններ պարունակող սուրճն ու թեյը:
  • վիտամին C-ի անբավարար պարունակությամբ սննդի օգտագործումը. հայտնի է, որ վիտամին C-ն նպաստում է սննդում (հատկապես բուսական բնույթի) եղած երկաթի ներծծմանը:
  • մի շարք քրոնիկական բնածին և ձեռքբերովի, հատկապես՝ փորլուծությամբ ընթացող աղեստամոքսային հիվանդությունները:

Երկաթի պակասային վիճակի զարգացումն առավել բնորոշ է արագ աճի շրջաններում, երբ երեխայի օրգանիզմի պահանջը երկաթի նկատմամբ բարձր է, և սննդով ներմուծվող քանակը հաճախ չի բավարարում օրգանիզմի կարիքները:

Երեխան հատկապես արագ է աճում կյանքի առաջին երեք տարիներին և դեռահասության շրջանում:

Երկաթպակասային հիվանդություն ունեցող երեխաներն ավելի հաճախ են հիվանդանում ինֆեկցիոն հիվանդություններով:

Վաղ հասակում երկաթի պակասի հետևանքով որոշ չափով հետ է մնում երեխայի մտավոր և շարժողական զարգացումը: Ի տարբերություն հեշտությամբ վերականգնվող երկաթպակասային սակավարյունության՝ հոգեշարժական ոլորտում առաջացած փոփոխություններն անդարձելի են:

Երկաթի պակասի հայտնաբերման ամենատարածված ձևը երկաթպակասային սակավարյունության ախտորոշումն է:

Չափազանց կարևոր է նոր սկսվող, թեթև երկաթպակասային սակավարյունության վաղ հայտնաբերումը, երբ այն դեռևս մեծ վնասներ չի հասցրել երեխային և հեշտությամբ վերականգնելի է: Միայն հեմոգլոբինի խտությունը որոշելով՝ կարելի է հաստատել կամ ժխտել թեթև սակավարյունությունը:

Խորացված սակավարյունության ժամանակ առաջին հերթին աչքի է զարնում երեխայի ձեռքի ափերի գունատությունը, բայց հիվանդությունը հաստատելու համար այս դեպքում նույնպես անհրաժեշտ է արյան քննություն կատարել:

Երկաթի պակասից խուսափելու համար անհրաժեշտ է մինչև վեց ամսականը երեխային բացառապես կրծքով սնուցել: Իսկ եթե երեխան արհեստական սնունդ է ստանում, տվեք երկաթով հարստացված խառնուրդ: Հասուն ծնված առողջ երեխան վեց ամիսը լրանալուց հետո երկաթպակասային սակավարյունությունը ստուգելու կարիք ունի՝ արյան հեմոգլոբինը որոշելու միջոցով: Անհաս ծնված երեխաները կրծքի հասակում երկաթի պրեպարատ ստանալու կարիք ունեն, և նրանց սակավարյունության ստուգումը պետք է կատարել հասուն ծնվածների համեմատ ավելի վաղ ժամկետներում:

Կյանքի երկրորդ կիսամյակում անհրաժեշտ է երեխային տալ.

  • աղացած միս՝ սկսած 6,5-7 ամսականից,
  • առնվազն օրական մեկ անգամ վիտամին C-ով հարուստ սնունդ (միրգ, բանջարեղեն)՝ երկաթի յուրացումը լավացնելու նպատակով:
  • Մինչև մեկ տարին լրանալը խուսափեք երեխայի սննդում կովի կաթ ներառելուց:

Մեկ տարին լրանալուց հետո.

  • լայնորեն օգտագործեք երկաթ պարունակող սնունդ: Երկաթով հատկապես հարուստ են լյարդը, տավարի և ոչխարի կարմիր միսը: Բավականին երկաթ կա խոզի, հավի, ընտանի այլ կենդանիների մսի և ձկնեղենի մեջԵրկաթի պարունակությունը բարձր է նաև ձվի դեղնուցում: Բուսական ծագման սննդամթերքը նույնպես երկաթի աղբյուր է: Երկաթով հարուստ են մուգ, խիտ տերևներով կանաչին (օրինակ՝ սպանաղը), լոլիկը, կեղևով եփած կամ տապակած կարտոֆիլը, չորացած մրգերը (չիրը և չամիչը), ընկուզեղենը, հացը և հատիկաբույսերը: Սակայն բուսական սննդում պարունակվող երկաթը համեմատաբար դժվար է ներծծվում աղիներում:
  • երեխային ապահովեք վիտամին C-ով հարուստ սննդատեսակներով: Վիտամին C-ի պարունակությունը հատկապես մեծ է ցիտրուսային մրգերից և հատապտղից պատրաստված բնական հյութերում:
  • սահմանափակեք կովի կաթի օգտագործումը՝ հասցնելով մինչև օրական 0.5 լիտրի:

Եթե երեխայի ափերը գունատ են կամ այլ պատճառով սակավարյունության կասկած ունեք, դիմեք բժշկի: Ձեր բժիշկն ինքը կորոշի, թե արդյոք լաբորատոր քննության կարիք կա:

Եթե երեխան երկաթպակասային սակավարյունություն ունի, համբերատար կատարեք բժշկի նշանակումները և խորհուրդները, հիշեք՝ անգամ սակավարյունությունը վերացնելուց հետո երեխան դեռևս որոշ ժամանակ երկաթի պրեպարատներ ստանալու կարիք ունի՝ օրգանիզմում երկաթի պաշարները վերականգնելու համար:

Առողջական խնդիրներ

62555977