Skip to main content
Հետադարձ կապ

Հոգեսոցիալական զարգացումն ու հիմնական փուլերը

Ծնվելով՝ երեխաները հայտնվում են մի աշխարհում, որը լի է սպասելիքներով, հաստատված նորմերով, դիրքորոշումներով, հավատալիքներով, արժեքներով, ավանդույթներով և իրադարձությունների նկատմամբ կայուն վերաբերմունքի ձևերով: Նրանց սպասվում է հարուստ մշակութային և սոցիալական ժառանգություն:

Կյանքի առաջին տարիներին կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում. ոչինչ չիմացող, անզոր փոքրիկները դառնում են ակտիվ հետազոտողներ, սկսում են քայլել, ավելի լավ հասկանալ շրջապատող աշխարհը և գիտակցել, թե ինչպես կարող են ազդել նրա վրա: Նրանք տեսնում են նաև, թե ինչպես է այդ աշխարհն արձագանքում իրենց գործողություններին, համոզվում են, որ կարող են իրենց ինչ-ինչ պահանջներ բավարարել ինքնուրույն կամ դիմել օգնության, սկսում են հասկանալ՝ ինչն է լավ, ինչն է վատ:

Երեխայի անձի զարգացումը մեծապես կախված է մտերիմ մեծահասակի հետ շփումից: Կյանքի ընթացքում մարդիկ ունենում են իրենց համար նշանակալի և կարևոր միջանձնային հարաբերություններ: Երեխան մեծահասակի հետ շփվելու ընթացքում ձեռք է բերում մարդկության փորձը: Այդ շփման ընթացքում մեծահասակն ազդում է երեխայի վրա, նրա առջև խնդիրներ է դնում, այդ խնդիրները կատարելու դեպքում երեխան կամ խրախուսվում է, կամ պատժվում, և դրանով իսկ որոշ գործողություններ ամրապնդվում են կամ չեն ամրապնդվում:

Հայրենական հոգեբանության մեջ զարգացումը դիտարկվում է՝ որպես երեխայի կողմից մարդկության կուտակած գիտելիքների, փորձի ձեռքբերում կամ յուրացում, որտեղ այդ փորձի կրողը սկզբնական շրջանում մտերիմ մեծահասակն է:

Շփման միջոցով մեծահասակները (առաջին հերթին՝ ծնողները) ազդում են երեխայի վրա: Այդ ազդեցության ուղիները կարող են տարբեր լինել: Կարևոր է, որ մեծահասակը ընկալվում է որպես անձ՝ հասարակության ներկայացուցիչ, երբ ազդում է երեխայի վրա, նրա առջև ինչ-որ բան իմանալու, ինչ-որ հմտություններ յուրացնելու պահանջներ կամ խնդիրներ է դնում: Առաջադրանքի կատարումը, որպես կանոն ընդունվում է կամ գոհունակությամբ կամ դժգոհությամբ, այսինքն՝ այն ամրապնդվում է, կամ չի ամրապնդվում: Այս վերաբերմունքը՝ մեծահասակի գնահատականը, նույնպես մտնում է շփման շրջանակի մեջ և երեխայի վրա ազդեցության ձևերից մեկն է: Բացի այդ՝ երեխայի շփումը մեծահասակի հետ ազդեցություն է գործում նաև նրա անմիջական հաղորդակցման ոլորտի վրա՝ խոսքի յուրացման, անձի զարգացման, անձի ինքնագիտակցության վրա, ինչպես նաև հասակակիցների շրջանում ընկերական կապվածությունների ձևավորման վրա:

Երեխայի շփումը մեծահասակի հետ սկզբունքային նշանակություն ունի, և տարբերվում է երեխաների՝ իրար հետ շփվելուց: Երեխա-մեծահասակ շփման մեջ կարևոր և առաջնային դեր ունի մեծահասակը: Մեծահասակի խոսքերն ու արարքներն են որոշում երեխայի հետ փոխներգործության հետագա զարգացման բնույթըՄեծահասակի սխալներն են, որ հետագայում պատճառ են դառնում նրանց կոնֆլիկտների համար: Մեծահասակների հետ շփման պակասը վաղ զարգացման փուլերում բացասական է անդրադառնում երեխայի ոչ միայն մտավոր, այլ նաև անձի զարգացման համար:

Ուշադրության պակասը, երեխային անտեսելը կարող են բերել նևրոտիզացիայի, հոգեկան, հոգեբանական, հոգեմարմնական հիվադությունների, խորը անձնային շեղումների:

 

0-1/1,5 տարեկան

Առաջին և, անկասկած, ամենակարևոր հարաբերությունն առաջանում է մոր և նորածնի միջև կամ նրա հետ, ով խնամում է երեխային: Այդ հարաբերություններն առավել ամրանում են, երբ երեխան դառնում է 8-9 ամսական: Հոգեբանները դա անվանում են կապվածություն, որն արտահայտում է այդ հարաբերությունների խիստ փոխկախվածությունը: Կապվածությունը այն կապն է, որը ձևավորվում է երեխայի և մոր կամ երեխային խնամող անձի միջև երկարատև հարաբերությունների արդյունքում: Այն բնորոշվում է խիստ փոխկախվածությամբ և փոխադարձ ինտենսիվ զգացմունքներով:

0-ից 1 կամ 1,5 տարեկան հասակում ձևավորվում են վստահությունը (դրական բևեռում) և անվստահությունը (բացասական բևեռում): Այս տարիքում են ձևավորվում շրջապատող աշխարհի նկատմամբ այս երկու հիմնական որակները: Եթե երեխայի պահանջները ժամանակին բավարարվում են՝ նրան ժամանակին կերակրում են, չոր են պահում, օրորում են, շոյում են, խաղում են նրա հետ, ապա երեխան զգում է, որ այս աշխարհը հարմարավետ է, մարդիկ բարեսիրտ են, պատրաստակամ, և նա վստահում է աշխարհին: Եթե նա համապատասխան խնամք չի ստանում, չի հանդիպում սիրալիր հոգատարության, նրա մոտ  անվստահություն է  ձևավորվում շրջապատող միջավայրի նկատմամբ:

Շփման առաջին ձևը, որն առաջանում է 2-6 ամսականում, և որի հիմքում ընկած է երեխայի՝ մեծահասակի կողմից բարյացկամ ուշադրության պահանջմունքը, անվանում են իրավիճակային-անձնային: Այս շփման ձևը վաղ մանկական տարիքի առաջատար գործունեությունն է:

 

1/1,5- 3 տարեկան

1 կամ 1,5-ից մինչև 3 տարեկան հասակում՝ ձևավորվում են ինքնուրույնությունը (դրական բևեռում) և անվճռականությունը (բացասական բևեռում): Այս տարիքում շարժողական և հոգեբանական ունակությունների զարգացման հիման վրա զարգանում է ինքնուրույնությունը: Եթե ծնողները երեխային հնարավորություն են տալիս անել այն, ինչին նա ընդունակ է, չեն շտապեցնում, չեն արգելում, նրա մոտ առաջանում է իր մարմնին, մկաններին, մղումներին և ինչ-որ չափով միջավայրին տիրապետելու զգացողություն. երեխայի մոտ ձևավորվում է ինքնուրույնությունը: Բայց երբ ծնողները շտապեցնում են, երեխայի փոխարեն անում են այն, ինչ նա ընդունակ է անել, կամ հաճախ մեղադրում են թրջված վարտիքի համար, նրա մոտ ձևավորվում է անվճռականություն:

Այս շրջանում երեխայի մոտ առաջ է գալիս իրավիճակային-գործնական շփման ձևը, որտեղ հիմնական պահանջմունքը համագործակցությունն է մեծահասակների հետ առարկայական գործունեության շրջանակներում:

 

3-6 տարեկան

3-ից մինչև 6 տարեկան հասակում ձևավորվում են նախաձեռնությունը (դրական բևեռում) և մեղքի զգացումը (բացասական բևեռում):

Այս տարիքում բավականին զարգանում են ֆիզիկական հմտությունները՝ հեծանիվ քշել, վազել և այլն: Երեխան սկսում է իր համար զբաղմունք հորինել, նրա հնարամտությունը դրսևորվում է և՛ խոսքում և՛ երևակայելու ունակության մեջ: Կախված այն բանից, թե ծնողներն ինչպես են արձագանքում երեխայի մտահղացումներին (եթե չեն սահմանափակում դրանք), նրա մոտ ձևավորվում է նախաձեռնությունը: Բայց եթե ծնողները ցույց են տալիս, որ նրա շարժողական գործունեությունը վնասակար է, հարցերը՝ ձանձրալի, խաղերը՝ անիմաստ, նրա մոտ ձևավորվում  է մեղքի զգացումը:

Այս շրջանում երեխայի մոտ ի հայտ է գալիս իրավիճակային-իմացական շփման ձևը: Հիմքում ընկած է մեծահասակի կողմից հարգալից վերաբերմունքի պահանջմունքը: Շփման այս ձևի ի հայտ գալը պայմանավորված է այն բանով, որ նախադպրոցականի մտածողության, ուշադրության, խոսքի զարգացման մակարդակը թույլ է տալիս նրան կտրվել կոնկրետ իրավիճակից՝ առարկաների հետ կոնկրետ մանիպուլիացիաներ անելուց և մտածում է ավելի ընդհանուր, նաև բարդ հարցերի շուրջ:

Սակայն երեխայի հնարավորությունները դեռևս սահմանափակ են, և գիտելիքների միակ աղբյուրը, որը հնարավորություն է տալիս ստանալ հարցերի պատասխանները, մեծահասակն է:

 

6-12 տարեկան

6-ից մինչև 12 տարեկան հասակում երեխայի մոտ ձևավորվում է կարող լինելու ունակություն (դրական բևեռում) և անլիարժեքության զգացողություն (բացասական բևեռում):

Այս տարիքում երեխան սկսում է խաղալ կանոններով խաղեր, զարգանում է հետաքրքրասիրությունը շրջապատող իրերի և երևույթների, դրանք կիրառելու և յուրացնելու նկատմամբԵթե նրան խրախուսում են արդեն ոչ միայն ծնողները, այլ նաև ուսուցիչները, օգնում սկսածը հասցնել ավարտին, ապա նրա մոտ ձևավորվում է կարող լինելու կարողությունըԵվ ընդհակառակը՝ եթե նա դժվարանում է դպրոցում, և տանն էլ չեն հավատում նրա հաջողություններին, նրա մոտ ձևավորվում է անլիարժեքության զգացումը:

Նախադպրոցական տարիքի ավարտին (5-7 տարեկան) առաջ է գալիս ոչ իրավիճակային, անձնային շփման ձևը, որը հիմնված է փոխհասկացվածության, ապրումակցման պահանջմունքի հիման վրա: Սա կապված է նաև այս տարիքի երեխայի խաղի զարգացման մակարդակների հետ: Երեխան ավելի շատ ուշադրություն է դարձնում միջանձնային հարաբերությունների առանձնահատկություններին, ընտանիքում գոյություն ունեցող փոխհարաբերություններին և այլն:

Մեծահասակի շփումը երեխայի հետ ունի շատ զգացմունքային նշանակություն: Շփման այդ ձևը և որակը էապես ազդում են երեխայի զարգացման վրա. քիչ շփումը, քիչ ուշադրությունը ազդում են ոչ միայն մտավոր զարգացման, այլ նաև նրա անձի վրա և հաճախ նևրոզների, հոգեսոմատիկ հիվանդությունների պատճառ են հանդիսանում:

Զարգացման յուրաքանչյուր փուլ կարևորվում է իր հոգեբանական ձևավորումներով: Ինչպիսին կլինի երեխան ապագայում՝ մեծապես կախված է նրանից, թե ինչպես է նա անցել այդ փուլերը: Եվ շատ կարևոր է, թե ինչպես են մեծահասակները նպաստել, որ նա հաջող անցնի այդ փուլերը:

Երեխայի զարգացումը