Skip to main content
Հետադարձ կապ

Երաժշտագիտություն. Ստեղծեք ձեր երեխայի զարգացման սաունդթրեքը

Գիտեի՞ք արդյոք, որ երաժշտությունը կարող է ձեզ և ձեր երեխային ավելի ուրախ և խելացի դարձնել։

«Ուղեղը կարևոր է» (“Brain matters”) փաստավավերագրական ֆիլմի ռեժիսոր Կառլոտա Նելսոնը (Carlota Nelson) բացատրում է, թե ինչպես է երաժշտությունը նպաստում ուղեղի զարգացմանը։

Ակնհայտ է, որ երաժշտությունը հզոր, փոխակերպիչ և միավորող ազդեցություն ունի մարդկանց վրա։ Բայց միայն հիմա ենք հստակ փաստում, որ երաժշտությունը նաև նպաստում է երեխայի հիշողության և ճանաչողական հմտությունների զարգացմանը։

Պարզվում է, որ երաժշտություն լսելը և նվագելը ուղեղում մի շարք փոփոխություններ են առաջացնում։ Դրան զուգահեռ՝ այդ գործողությունների արդյունքում արտադրվում է էնդորֆին, կամ այսպես կոչված «երջանկության» հորմոնը։

 

Ի՞նչ է տեղի ունենում, երբ երեխաները երաժշտություն են լսում

Երեխաների ուղեղն ուսումնասիրող նյարդաբաններն ասում են, որ երաժշտությունը մեծ ազդեցություն է ունենում երեխայի ուղեղի վրա։ Learning and Brain Sciences ինստիտուտի ուսումնասիրություններից մեկը փաստում է, որ երաժշտություն լսելուց հետո, երեխաների մոտ լսողական և նախաճակատային կեղևներն այլ տեսք են ընդունում: Իսկ սրանք ուղեղի այն շրջաններն են, որոնք պատասխանատու են ինչպես երաժշտության, այնպես էլ խոսքի համար:

Բացի այդ, երբ փոքրիկները խաղում են այլ երեխաների հետ, երևում է, որ երաժշտություն լսելու դրական հետևանքները տարածվել են երեխայի անձնական որակների վրա՝ դարձնելով նրանց ավելի օգնող և համագործակցող:

 

Երաժշտություն լսել, թե՝ երաժշտություն նվագել

Եթե երաժշտություն լսելը խթանում է ուղեղի զարգացումը, ապա երաժշտություն ստեղծելն է՛լ ավելի հզոր է աշխատում: Դա պայմանավորված է նրանով, որ երաժշտություն ստեղծելը պահանջում է նաև մոտորիկ հմտություններ (օրինակ՝ առարկաները բռնել և սեղմել), ինչպես նաև լեզվաբանական և մաթեմատիկական ճշգրտություն, և ստեղծագործական հմտություններ արդյունքում միաժամանակ գործարկվում են ուղեղի մի քանի հատվածներ։ Ինչի արդյունքում, ուղեղի երկու կիսագնդերի միջև կարծես երևակայական կամուրջ է կառուցվում, ինչն էլ թույլ է տալիս ուղեղում հրահանգների անցումը մի կետից մյուսն ավելի արագ իրականացնել։

 

Տեսականից՝ գործնական

Երբ այս բոլոր գիտական ապացույցները հաշվի են առնվում թե՛ տանը, թե՛ վաղ ուսումնական կենտրոններում, նույնիսկ՝ փոքր չափաբաժիններով, մեր երեխաներն ավելի խելացի են դառնում: «Այս դեպքում մենք ականատես ենք լինում երեխայի գրագիտության բարձրացմանը, թվաբանության հմտությունների բարելավմանը, ֆիզիկական զարգացմանը,շարժողական համակարգի (օրինակ՝ վազքի և ցատկերի), մանր մոտորիկ հմտությունների, ինչպես նաև սոցիալական և հուզական զարգացմանը», - ասում է բրիտանացի նյարդաբան Գրեհեմ Ուելշը (Graham Welsh), ով հետազոտում է երաժշտության ազդեցությունը փոքրիկների ուղեղի վրա։

«Իրականում, դպրոցները կենտրոնանում են գրագիտության և թվաբանության վրա, քանի որ վերջիններիս մակարդակի հիման վրա են գնահատվում: Բայց երաժշտությունը կարող է զարկ տալ երեխայի ուսմանն այնպես, ինչպես ուրիշ ոչինչ չի կարող անել: Այն բարձրացնում է երեխաների ինքնավստահությունն ու զարգացնում նրա լեզվական հմտությունները այն անգամ կարող է բարձրացնել երեխայի գնահատականը մաթեմատիկայից»:

 

Երաժշտության դրական ազդեցությունն ու առավելությունները

Երբ փոքր երեխաները երաժշտություն են լսում, նրանց ուղեղը փոխվում է: Ի թիվս այլ առավելությունների, երաժշտությունը կարող է.

  • Բարելավել երեխայի տրամադրությունն ու ոգեշնչել, նվազեցնել սթրեսը: Նույնիսկ տխուր երաժշտություն լսելը կարող է օգնել հանգստանալ՝ հնարավորություն տալով երեխային հասկանալ, զգալ և ապրել իր էմոցիաները։
  • Նպաստել նրա ուղեղում դոֆամին և օքսիտոցին քիմիական նյութերի արտադրմանը, ինչի շնորհիվ երեխան կարողանում է կարեկցել, վստահել ուրիշներին, ինչպես նաև թույլ տալ, որ այլ երեխաներ նույնպես խաղան իր խաղալիքներով:
  • Խթանել կենտրոնացումը և աջակցել ուսմանն ու գնահատականների բարձրացմանը։
  • Զարգացնել տարածական ընդունակությունը` հիմք ստեղծելով մաթեմատիկայի, ճարտարագիտության, համակարգչային գիտության և ճարտարապետության նկատմամբ հետաքրքրության համար։
  • Բարելավել բառապաշարը և ստեղծագործական ունակությունները:

Երաժշտության առավելությունները բազմազան են։ Այժմ, երբ գիտեք, թե ինչ է երաժշտական գիտությունը, ժամանակն է ստեղծել ձեր երեխայի զարգացման սաունդթրեքը։ Լսեք երգ, նվագեք կամ վերցրեք տան որևէ իր և միասին նոր երաժշտություն ստեղծեք: