Skip to main content
Հետադարձ կապ

Խոսքի հապաղում

Գրեթե բոլորը խոսքն ընկալում են իբրև իրողություն, որը չի կարող չլինել։ Այս համոզմունքը հաճախ «թմրեցնում» է մեծահասակների զգոնությունն ու խանգարում է նկատել երեխայի խոսքին առնչվող խնդիրների ի հայտ գալը։ Այս անգամ մեր ուշադրության առանցքում երեխայի խոսքի զարգացման փուլերն են, ամենից հաճախ հանդիպող խնդիրները և խնդրի ուշացած արձագանքի հետևանքները։

Մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ, լոգոպեդ Ժաննա Պայլոզյանը պատասխանել է ծնողներին ամենից հաճախ հուզող հարցերին:

Խոսքի զարգացման փուլերը

Խոսքը շատ դեպքերում բնութագրում է մարդուն և համարվում է նրա հոգեկան զարգացման, առողջական վիճակի չափանիշը։

Երեխան միանգամից չի խոսում. գոյություն ունեն զարգացման փուլեր: Խոսքային առաջին ազդանշանը կարելի է համարել ճիչը, որը մեզ շատ բան կարող է ասել երեխայի (մասնավորաբար նրա նյարդային համակարգի) մասին. արդյո՞ք ձայնը զիլ էր, ուժեղ էր, արդյո՞ք միանգամից ճչաց և այլն։

Հետո այդ ճիչը, լացը սկսում է ենթարկվել փոփոխությունների։ Որոշ ժամանակ անց, մայրերն իրենց երեխայի լացի (արձակած ձայների) միջոցով սովորում են հասկանալ փոքրիկի կարիքները։ Երեխան մի կերպ է լացում, երբ սոված է, բոլորովին այլ կերպ, երբ թաց է կամ ցավ է զգում։ Իսկ ծնունդից ամիսներ անց երեխան նաև ճչում է հատուկ հաղորդկացվելու համար՝ կարծես ասելով՝ այստեղ եմ, ուշադրություն պահանջելով:

Հաջորդիվ ճիչին միանում է գղգղանքը։ Աշխարհի բոլոր երեխաները գղգղում են նույն ձևով։ Հաջորդը թոթովանքի փուլն է։ Թոթովանքն էլ իր հերթին ունի փուլ, որը կոչվում է սրինգ՝ թոթովանքն այնքան գեղեցիկ է հնչում, կարծես մեղեդի լինի։ Սա համընկնում է երեխայի կյանքի մոտավորապես 6-7-րդ ամիսներին, երբ մեծահասակները փորձում են որսալ, թե ինչ ասաց երեխան։ Իրականում ոչինչ էլ չի ասում, նա պարզապես փորձում է իր արտաբերական ապարատը, շնչառությունը և այլն։ Պլյուս-մինուս մեկ տարեկանում երեխան արտասանում է իր առաջին բառը։

Փուլերի հաջորդականությունն օրացույցային ճշգրտությամբ չի կատարվում, հնարավոր են մի քանի ամիսների տատանումներ։ Իդեալական տարբերակում մինչև երկու տարեկան երեխան իր բառապաշարում պետք է ունենա կենցաղային բառեր, որոնք նրա շրջապատում հաճախ են կիրառվում և բառ-նախադասություններ՝ օրինակ, երբ երեխան այնպես է ասում ՄԱՄԱ, որ մայրը հասկանում է՝ երեխան ուզում է գնալ բակ։ Այսինքն, բառի ասելիքն այստեղ շարունակում է ինտոնացիան, որին նույնպես պետք է ուշադրություն դարձնել։

Ինչպես խոսել և չխոսել երեխաների հետ

Չպետք է կրկնօրինակեն երեխայի խոսքը

Նոր-նոր խոսել սկսող երեխաները, որպես կանոն, պարզեցնում են բազմավանկ բառեր։ Մեծահասակները չպետք է կրկնօրինակեն երեխայի խոսքը։ Այդ բառերը կարելի է օգտագործել, բայց երեխայի հորինած բառին անպայման պետք է հաջորդի նույն բառի «մեծական» տարբերակը։ Երեխան խոսքը յուրացնում ենք նմանակման միջոցով, և եթե երեխային շրջապատող մեծահասակներն անդադար «սվսվախոսում» են՝ երեխան չի հասկանում, որ մեծերը դա անում են իր համար, նա հասկանում է, որ պետք է խոսել այդպես։ Իսկ հետո ի հայտ են գալիս կոնկրետ խնդիրներ։

Պետք է խոսել դաաան-դաաաղ

Երեխայի հետ պետք է խոսել դանդաղ ու փորձել խուսափել շատ բարդ բառերից։ Կարևոր է նաև հնչողությունը։ Փոքրերի հետ նախընտրելի է խոսել մեղեդային, երգեցիկ առոգանությամբ։

Խոսքի հետ կապված խնդիրներ

Խոսքի զարգացման փուլերի ուշացումից կամ բացակայությունից զատ, ահազանգ-ազդանշաններ են նաև կմկմոցները, երեխայի աղքատիկ էմոցիոնալ աշխարհը, շփման ցանկության բացակայությունը․․․ Չէ՞ որ երեխայի հետաքրքրության թիվ մեկ օբյեկտը մեծահասակն է։ Եթե տեսնում ենք, որ կա սառնություն, անհետաքրքրություն, ապա հասկանալի է, որ կարող ենք ունենալ անհանգստանալու պատճառ։

Պետք է զգուշանալ, ու եթե նկատում եք, որ 1-1,5 տարեկանում չկան առաջին բառերը կամ ավելի վաղ երեխան չի թոթովել կամ թոթովել է ու դադարել՝ մասնագետին դիմելը հաստատ չի վնասի։

Կարևոր է իմանալ նաև, որ խոսքային հապաղումները կարող են հուշել երեխայի զարգացման խնդիրների մասին, ուստի աչքաթող անել վերը բերված նշանները՝ մեղմ ասած անթույլատրելի է։

Ժառանգականություն և խոսք

Այս երկու հասկացությունները սերտ կապված են։ Բայց չի կարելի անտեսել երեխայի հապաղող (ուշացող) խոսքը՝ մխիթարվելով, թե հայրիկը (հորեղբայրը, քեռին, պապը) նույնպես ուշ է սկսել խոսել։ Այստեղ կարևոր մի քանի հանգամանք կա։ Ուշ խոսել, բայց ինչպե՞ս խոսել, ինչպե՞ս է սկսվում այդ ուշացած խոսքը։ Շատ դեպքերում այն սկսվում է դժվարություններով, շատ դեպքերում էլ իր ազդեցությունն է թողնում մարդու ամբողջ կյանքի վրա, օրինակ՝ ազդելով գրելու ընդունակության վրա:

ԿԱՐԵՎՈՐ - Ուշացած խոսքի արդյունքում երեխան կարող է ունենալ դժվարություններ կրթական պրոցեսում, գրավոր խոսքի յուրացման դժվարություններ և այլն։ Պարզ է, որ գրել-կարդալու հետ կապված խնդիրներ ունեցող երեխան դժվարությամբ է ստանում ինֆորմացիա, այնինչ կրթության հիմքը հենց ինֆորմացիան է։ Ստացվում է, որ մեկ խնդրի անտեսման կամ ժամանակին չշտկելու պատճառով կարող ենք հարցականի տակ դնել երեխայի (ապագայում մեծահասակի) ամբողջ կյանքի որակը, նրա ձեռքբերումները և այլն։

Խոսքի ախտորոշում և աշխատանք մասնագետի հետ

Խոսքն ախտորոշում է լոգոպեդը։ Ունենալով հետազոտման որոշակի սխեմա, խոսքային նյութեր, դիդակտիկ պարագաներ, ուսումնասիրելով երեխայի խաղը (քանի որ այն շատ բան է ասում մասնագետին երեխայի զարգացման մասին) մասնագետը տալիս է իր եզրակացությունը։

Հասկանալու համար՝ խոսքի խանգարումն առաջնային է, թե որևէ հիվանդության կամ խնդրի հետևանք է՝ համագործակցում ենք այլ մասնագետների՝ մանկական հոգեբանների, հոգեբույժների, զարգացման մանկաբույժների հետ։ Նախևառաջ պետք է բացառել ինտելեկտի, հուզակամային ոլորտի խանգարումները։ Պատահում են նաև հնչարտաբերման խանգարումներ, որոնց դեպքում հաճախ համագործակցում ենք օրթոդոնտների հետ, որովհետև կան սխալ հնչարտաբերման ձևեր, որոնք պայմանավորված են դիմածնոտային համակարգի կառուցվածքով։

Խոսքի հետ աշխատում ենք խոսքով։ Լոգոպեդի զինանոցում կան արտաբերական, ձայնային, շնչառական, ռելակսացիոն վարժություններ, իսկ որոշ դեպքերում՝ անգամ մերսումներ։

Խնդրի հաղթահարմանն ուղղված շատ մեթոդներ ու գործողություններ՝ միայն մասնագետի կաբինետում, շաբաթական մի քանի անգամ, մի քանի ժամով անելը բավարար չէ, ուստի շատ կարևոր է, որ պրոցեսին միանան նաև մեծահասակները։ Օրինակ՝ կան խանգարումներ, որոնց ժամանակ երեխաներին ցուցված է լռության ռեժիմ։ Պետք է որոշակի հսկողություն սահմանել, որպեսզի երեխան հասկանա, որ նրա խոսքին ուղղված այս կամ այն պահանջը միայն մասնագետի կաբինետում չէ կիրառվելու։

Առավել հաճախ հանդիպող խնդիրների մասին

Երկլեզվություն

Վիճակագրությունը փաստում է՝ երեխայի հետ միաժամանակ մեկից ավելի լեզվով ակտիվ խոսելու դեպքում բարձրանում է խոսքի հապաղման հավանականությունը, այդ երեխաները հաճախ միքսում են բառերը՝ մի մասը հայերեն են ասում, մյուսը՝ ռուսերեն կամ անգլերեն։ Մյուս կողմից տեսնում ենք, որ կան երեխաներ, որոնք միայն մեկ լեզու են լսում, բայց միևնույն է ունենում են նույնօրինակ խնդիրներ կամ հակառակը՝ երեխան լսում է մի քանի լեզու և չունի խոսքի հետ կապված որևէ խնդիր։ Երեխայի հետ մեկից ավելի լեզվով շփվելու որոշումը ենթադրում է որոշակի ռիսկեր։ Ծնողներն իրենք իրենց պետք է հարց տան՝ պատրա՞ստ են դրանց, թե՞ ոչ։

Յութուբյան պերսոնաժներ

Ինչպե՞ս է լինում, որ ծնողները մեծամասամբ հասկանում են ու իրենց երեխաներին, մինչև որոշակի տարիքը, հետ են պահում վնասակար սննդից, իսկ այն, ինչն ուղիղ ազդում է այդ նույն երեխաների խոսքի վրա՝ թույլ են տալիս օգտագործել անարգել։ Այս դեպքում խոսքը յութուբյան ալիքների մասին է, որոնց հասանելիությունը հիմանկանում ապահովում են նույն ծնողների բջջային հեռախոսները։ Ինչո՞ւ են այդ հեռախոսները ժամերով երեխաների ձեռքերում։

Շատ կարևոր է խոսել երեխաների հետ (արդեն թվարկեցինք՝ ինչպես), բայց ամեն օր հեռախոսով ժամերով զբաղվող երեխայի հետ փաստացի խոսում է յութուբը՝ իր անհայտ ծագման հերոսներով, աղավաղված ինտոնացիաներով, տարբեր լեզուներով։ Եթե նույնիսկ երեխան իր մայրենի լեզվով որևէ ֆիլմ, հաղորդում կամ մուլտ է դիտում, գրեթե մինչև դպրոցահասակ տարիքը, նրա կողքին պետք է լինի մեծահասակ, որը կուղղորդի երեխայի ուշադրությունը՝ տեսա՞ր այսինչ բանը, ուշադրություն դարձրու այնինչ բանի վրա, լսեցի՞ր, ասաց, որ․․․

Կակազություն

Մասնագետները փաստում են՝ մանկական կակազությունն առաջանում է 2,5-5 տարեկանում, պատճառը ոչ թե մեկն է, այլ համալիր է, շտկումը բարդ է ու ցավոք գոյություն չունի հաղթահարման մեկ ունիվերսալ մեթոդ, որը հավասարապես օգտակար կլիներ բոլորին։

Դեպքերի մեկ երրորդում պատճառը ժառանգականությունն է, որոշ դեպքերում կակազության է հանգեցնում արագախոսությունը։ Ինֆորմացիոն գերբեռնվածությունը նույնպես կարող է կակազության պատճառ դառնալ։

Խնդրի առաջացման ցանկում են նաև բացասական ու դրական վառ էմոցիաները, գանգուղեղային վնասվածքները, հղիության ընթացքում մոր տարած սթրեսը, ընտանիքի լարված-կոնֆլիկտային մթնոլորտը և այլն։

Հարկ է իմանալ, որ վերը բերված գործոններն առանձին-առաձին, որպես կանոն, չեն հանդիսանում կակազության առաջացման պատճառ։ Այլ կերպ ասած՝ չի լինում մեկ պատճառ, լինում է պատճառների համալիր։

Խնդրի ի հայտ գալուն պես պետք է դիմել մասնագետի։ Բացի զուտ մասնագիտական մեթոդներից, որոնց կդիմի ու հաղորդակից կդարձնի նաև ծնողներին լոգոպեդը, հարկ է հիշել, որ կակազող երեխայի ներկայությամբ պետք է ԲԱՑԱՌԵԼ նրա խնդրի մասին խոսք ու զրույցները, պետք է ավելի շատ լռել, կրճատել երեխային տրվող ինֆորմացիայի ծավալը, գաջեթների առջև անցկացվող ժամանակը, չստիպել երեխային անպայման ասել ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ կամ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ծանոթ հարևանուհուն տեսնելիս։

Կախված երեխայի առանձնահատկություններից և կիրառվող մեթոդներից՝ խնդրի շտկման ժամանակահատվածը տատանվում է։

Դիտե՛ք մասնագետի հետ ամբողջական զրույցը

Նույնաբովանդակ այլ նյութեր