Skip to main content
Հետադարձ կապ

Կորոնավիրուս․ ի՞նչ պետք է իմանան ծնողները

Սիրելի՛ ծնողներ, պաշտպանե՛ք ձեզ և ձեր երեխաներին։ Մենք հավաքել ենք կորոնավիրուսի մասին հաճախ տրվող հարցերն ու պատրաստել դրանց պատասխանները։ Ստորև ներկայացնում ենք այն հիմնականը, ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի մասին։

Հարց 1. Ի՞նչ է նոր կորոնավիրուսը։

Հարց 2․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսային այս իրավիճակը սահմանվել է որպես համաճարակ։ Ի՞նչ է դա նշանակում։

Հարց 3․ Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը։

Հարց 4. Որո՞նք են կորոնավիրուսի նշանները։

Հարց 5. Արդյո՞ք երեխաները վարակվում են կորոնավիրուսով։

Հարց 6. Արդյոք անհրաժե՞շտ է երեխային դպրոց չուղարկել։

Հարց 7․ Ի՞նչ պետք է անեմ, եթե երեխայիս մոտ վարակի նշաններ կան։

Հարց 8. Ի՞նչ պետք է անել, եթե ընտանիքի անդամը վարակի ախտանշաններ ունի։

Հարց 9․ Հղի կնոջից վարակը կարո՞ղ է չծնված երեխային փոխանցվել։

Հարց 10․ Արդյո՞ք կորոնավիրուսով վարակված մայրը կարող է շարունակել իր փոքրիկին կրծքով կերակրել։

Հարց 11. Ընտանի կենդանիները կարո՞ղ են կորոնավիրուս տարածել։

Հարց 12. Ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը

Հարց 13. Արդյո՞ք անհրաժեշտ է դիմակ կրել։

Հարց 14. Կորոնավիրուսի դեմ պայքարող կամ այն կանխարգելող դեղամիջոց կա՞։

Հարց 15. Ես անհանգստանում եմ բուլիինգի ու խտրականության համար։ Ինչպե՞ս կարող եմ խոսել երեխայիս հետ սրա մասին։

Հարց 16. Բացի վարակվելու վտանգից՝ ուրիշ ի՞նչ կերպ կարող է կորոնավիրուսը ազդել երեխաների վրա։

Հարց 17. Հնարավո՞ր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով։ 

Հարց 18. Կորոնավիրուսի ժամանակ ի՞նչ խորհուրդ է տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը այն ծնողներին, ովքեր վանկանում են շարունակել երեխաների պլանային պատվաստումները։ 

Հարց 19. Արդյո՞ք պատվաստումներով կանխարգելելի մյուս հիվանդությունները «գլուխ կբարձրացնեն» պատվաստումների ժամանակավոր դադարով պայմանավորված։ 

Հարց 20. Ինչպե՞ս է ՅՈՒՆԻՍԵՖ-ը պայքարում կորոնավիրուսի դեմ։

 

 

  1. Ի՞ նչ է նոր կորոնավիրուսը

Սա կորոնավիրուսի նոր տեսակ է։ Այս վարակով առաջին հիվանդությունը, որ գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում, անվանվել է 2019թ-ի կորոնավիրուսային հիվանդություն կամ ՔՈՎԻԴ-19, որտեղ ՔՈ-ն համապատասխանում է լատիներեն corona` «թագ» բառին,ՎԻ-ն՝ լատիներեն «virus», որ նշանակում է «վարակ», իսկ Դ-ն՝ «disease», համապատասխանաբար՝ «հիվանդություն» բառին։ ՔՈՎԻԴ-19- նոր վարակը պատկանում է սուր շնչառական հիվանդությունների և մրսածության որոշ տեսակների վարակների ընտանիքներին։

  1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսային այս իրավիճակը սահմանվել է որպես համաճարակ։ Ի՞նչ է դա նշանակում։

ՔՈՎԻԴ-19-ը որպես համաճարակ բնորոշելը բնավ չի նշանակում, որ այն ավելի մահացու է դարձել։ Այն ավելի շատ բնութագրում է հիվանդության աշխարհագրական տարածումը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, գիտակցելով որ աշխարհի բոլոր երկրներում այս հիվանդությամբ կարող են վարակվել երեխաները, նրանց ընտանիքները, համայնքները, պատրաստվում և արձագանքում է աշխարհի շուրջ կորոնավիրուսի տարածմանը։ Մենք շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների, այդ թվում՝ կառավարությունների հետ, որպեսզի կանխենք վարակի տարածումն ու պաշտպանենք երեխաներին և նրանց ընտանիքներին։

  1. Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը։

Վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակված մարդու հետ ուղիղ շփման (հազի կամ փռշտոցի) և կամ վարակված մակերեսներին դիպչելու արդյունքում։ Վարակը կարող է մնալ մակերեսներին մի քանի ժամ, սակայն նույնիսկ հասարակ ախտահանումը կարող է ոչնչացնել այն։

  1. Որո՞նք են կորոնավիրուսի նշանները։

Կորոնավիրուսով վարակման նշաններ կարող են լինել՝ ջերմությունը, հազը, շնչառական խնդիրները։ Իրականում այս նշանները բավական նման են սովորական մրսածությանը, որն այս օրերին ավելի հաճախ է հանդիպում, քան կորոնավիրուսը։ Հենց դրա համար էլ վարակը հաստատելու համար պետք է հատուկ թեստավորում անցնել։ Հիշե՛ք, որ լավագույն պաշտպանությունը հիգիենայի կանոններին հետևելն է՝ հաճախակի ձեռքերը լվանալը, հազալիս և փռշտալիս բերանն անձեռոցիկով փակելն ու այդ անձեռոցիկն անմիջապես դեն նետելը։

  1. Արդյո՞ք երեխաները վարակվում են կորոնավիրուսով։

Սա նոր վարակ է, և մենք դեռ շատ տեղեկություն չունենք այն մասին, թե որքանով է այն վտանգավոր երեխաների և հղի կանանց համար։ Այս պահին գիտենք, որ բոլորը կարող են վարակվել՝ անկախ տարիքից և սեռից։ Ավելին, վարակը հազվադեպ է ճակատագրական լինում, այն էլ՝ հիմնականում տարեց և արդեն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Մինչ այսօր, երեխաների վարակման դեպքերը սակավաթիվ են։ ։

  1. Արդյոք անհրաժե՞շտ է երեխային դպրոց չուղարկել։

Եթե ձեր երեխայի մոտ վերը նշված նշանները առկա են, ապա դիմե՛ք բժշկի ու հետևե՛ք նրա խորհրդին։ Իսկ սովորական մրսածության դեպքում երեխան պետք է տանը մնա, հանգստանա, խուսափի մարդաշատ վայրեր այցելելուց։

Եթե ձեր երեխան նշված ախտանշանները չունի, ու եթե դպրոցի կամ տվյալ շրջանի վերաբերյալ պաշտոնական այլ հայտարարություն չի եղել, ապա լավագույնը երեխային դասերից չկտրելն է։ Փոխարենը, երեխային սովորեցրե՛ք հիգիենայի կանոնները պահպանել ամենուրեք ու հետևե՛ք, որ նրա պայուսակում լինեն նրան անհրաժեշտ իրերը՝ չոր ու թաց անձեռոցիկներ կամ թաշկինակ, օճառ կամ ձեռքերը մաքրելու ալկոհոլային հիմքով նյութեր և այլն։

  1. Ի՞նչ պետք է անեմ, եթե երեխայիս մոտ վարակի նշաններ կան։

Անպայման դիմե՛ք բժշկի, բայց հիշեք, որ հիմա նաև մրսածության սեզոն է, և կորոնավիրուսի շատ նշաններ, ինչպիսիք են, օրինակ, հազը, ջերմությունը, նման են սովորական մրսածության ախտանշաններին, որն ավելի հաճախ է հանդիպում։

Շարունակե՛ք երեխայի հետ միասին հետևել հիգիենայի կանոններին, ինչպես նաև՝ հետևե՛ք պատվաստումների ազգային օրացույցին։ Պատվաստե՛ք երեխային և պաշտպանե՛ք նրան այլ վարակներից և մանրէներից առաջացող հիվանդություններից։

Իսկ գրիպի նման այլ շնչառական հիվանդությունների դեպքում, դիմե՛ք բժշկի և որքան հնարավոր է՝ վաղ։ Եթե ձեր երեխան կամ դուք վարակի ախտանշաններ ունեք, ապա խուսափեք հանրային վայրեր (աշխատավայր, դպրոց, հանրային տրանսպորտ) այցելելուց, որպեսզի մյուսներին ևս չվարակեք։

  1. Ի՞նչ պետք է անել, եթե ընտանիքի անդամը վարակի ախտանշաններ ունի։

Պետք է միանգամից դիմել բժշկի, եթե դուք կամ ձեր երեխան վարակի նշաններ ունեք, օրինակ՝ ջերմություն, հազ կամ դժվարացած շնչառություն։ Նախ զանգահարե՛ք ձեր բժշկին և տեղեկացրե՛ք նրան, եթե ճամփորդել եք այն երկրներ, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ կային կամ եթե շփվել եք մեկի հետ, ով նման երկրներ է այցելել և ունի շնչառական խնդիրներ։

  1. Հղի կնոջից վարակը կարո՞ղ է չծնված երեխային փոխանցվել։

Այս պահին դեռևս բավարար ապացույցներ չկան, թե արդյո՞ք վարակը հղի կնոջից երեխային փոխանցվում է, թե՝ ոչ և թե ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող է այն ունենալ երեխայի վրա։ Երևույթը դեռևս ուսումնասիրվում է։ Հղի կանայք պետք է բոլոր կանխարգելող քայլերն անեն ու շարունակեն պաշտպանել իրենց վարակից, իսկ վարակի նշաններն ունենալուն պես՝ անհապաղ դիմեն բժշկի։

  1. Արդյո՞ք կորոնավիրուսով վարակված մայրը կարող է շարունակել իր փոքրիկին կրծքով կերակրել։

Այն երկրներում ու տարածքներում, որտեղ վարակն առկա է, վարակի ախտանշաններ ունեցող մայրերը պետք է անհապաղ բժշկի դիմեն և հետևեն բժշկի ցուցումներին։ Հաշվի առնելով կրծքի կաթի առավելությունները ու այն աննշան դերը, որ այն կարող է խաղալ շնչառական վարակի տարածման գործում, կարծում ենք, որ մայրը կարող է շարունակել կրծքով կերակրումը՝ իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները։

Ախտանշաններ ունեցող և իրեն բավարար լավ զգացող մայրերի համար սա նշանակում է երեխային կերակրելիս և երեխայի մոտ գտնվելիս դիմակ կրել, երեխայի հետ շփվելուց և նրան կերակրելուց առաջ և հետո ձեռքերը լվանալ, բոլոր մակերեսները ախտահանել։ Իհարկե, այս ամենը պետք է արվի, երբ կորոնավիրուսով վարակված մեկը շփվում է այլ մարդկանց, այդ թվում՝ երեխաների հետ։

Եթե մայրը իրեն շատ թույլ է զգում, պետք է խրախուսել նրան կրծքի կաթը կթել և երեխային հրամցնել կաթիկը մաքուր բաժակով կամ գդալով՝ իհարկե խստագույնս հետևելով կանխարգելման վերաբերյալ վերը նշված կանոններին։

  1. Ընտանի կենդանիները կարո՞ղ են կորոնավիրուս տարածել։

Ցայսօր չունենք նման փաստեր, սակայն զգուշությունը լավ բան է։ Ամեն անգամ ընտանի կենդանիների հետ շփվելուց հետո լվացե՛ք ձեր ձեռքերն ու հետևե՛ք, որ ձեր երեխաները նույնպես լվան իրենց ձեռքերը։ Այս կանոնը կպաշտպանի ձեզ տարբեր բակտերիաներից, ինչպիսիք են, օրինակ, սալմոնելլան և է-կոլին, որոնք կենդանիներից կարող են փոխանցվել մարդուն։

  1. Ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը

Քայլ 1։ Թրջել ձեռքերը։

Քայլ 2։ Լավ օճառել։

Քայլ 3։ Նվազագույնը 20 վայրկյան բոլոր կողմերից տրորել։

Քայլ 4։ Լավ լվանալ ձեռքերը։

Քայլ 5։ Չորացնել ձեռքերը։

Ձեր ձեռքերը հաճախ լվացեք, հատկապես՝ ուտելուց առաջ, քիթը մաքրելուց, հազալուց կամ փռշտալուց, զուգարան գնալուց հետո և այլն։ Եթե ջուր և օճառ չկա, ապա կարող եք օգտագործել նվազագույնը վաթսուն տոկոս սպիրտի պարունակությամբ մաքրող նյութեր։ Միշտ ձեռքերը օճառով լվացե՛ք անկախ այն բանից, թե  դրանք տեսանելիորեն աղտոտ են, թե՝ ոչ։

  1. Արդյո՞ք անհրաժեշտ է դիմակ կրել։

Խորհուրդ է տվրում դիմակ կրել, եթե դուք շնչառական խնդիրներ ունեք (հազում եք, փռշտում եք)։ Դրանով դուք կպաշտպանեք շրջապատում գտնվող անձանց։ Եթե նման երևույթներ չկան, ապա դիմակ կրելու անհրաժեշտություն էլ չկա։ Եթե որոշել եք դիմակ կրել, ապա արդյունավետությունը պահելու համար պետք է ժամանակին դրանք փոխել։

Հաշվի առե՛ք, որ միայն դիմակ կրելով, չեք կարող պաշտպանվել վարակներից։ Անհրաժեշտ է հետևել նաև մյուս կանոններին՝ լվանալ ձեռքերը, փակել բերանըխոսափել վարակը կրող մարդկանցից և պահպանել սոցիալական հեռավորություն՝ մինչ երկու մետր։

  1. Կորոնավիրուսի դեմ պայքարող կամ այն կանխարգելող դեղամիջոց կա՞։

Ցավոք, մինչ այսօր, հատուկ դեղամիջոց չի հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, բոլոր վարակվածները պետք է հատուկ խնամք ստանան, որ կօգնի մեղմել հիվանդության ախտանշանները։ Հետազոտություններ և փորձարկումներ են իրականացվում ամբողջ աշխարհում, իսկ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հնարավորինս աջակցում են այս գործընթացին։

  1. Ես անհանգստանում եմ բուլիինգի ու խտրականության համար։ Ինչպե՞ս կարող եմ խոսել երեխայիս հետ սրա մասին։

Ահա մի քանի «կարելի» և «չի կարելիներ», որ պետք է հաշվի առնել երեխայի, ընտանիքի և ընկերների հետ կորոնավիրուսի մասին խոսելիս։

Այո։ Խոսե՛ք երեխայի հետ կորոնավիրուսի մասին։

Ոչ։ Հիշե՛ք, որ վարակը բոլորին է թիրախում՝ անկախ նրանց էթնիկական ծագումից, ռասսայական պատկանելիությունից և այլ բնութագրիչներից։

Այո։ Կարող եք այսպես ասել «կորոնավիրուսով վարակված մարդիկ», «մարդիկ, ովքեր բուժում են ստանում», «կորոնավիրուսից բուժված մարդիկ», «կորոնավիրուսից մահացած մարդիկ»։

Ոչ։ Հիվանդացած մարդկանց մի դիմեք որպես «կորոնավիրուսի զոհեր» կամ «կորոնավիրուսի դեպքեր»։

Այո։ Փոխարենը՝ «մարդը վարակվել է կորոնավիրուսով» կամ «ձեռք է բերել կորոնավիրուսային վարակ»։

Ոչ։ Մի՛ ասեք «մարդիկ տարածում են/փոխանցում են վարակը», «մարդիկ վարակում են մյուսներին», քանի որ այս տարբերակը, կարծես, մեղադրում է մարդուն՝ ներկայացնելով նրա հատուկ վարակելու մտադրությունը։

Այո։ Կորոնավիրուսի մասին խոսելիս՝ միայն ճիշտ տվյալներ ու աղբյուրներ օգտագործեք՝ հիմնվելով գիտական տվյալների ու պաշտոնական տվյալների վրա։

Ոչ։Մի՛ կրկնեք կամ տարածեք չստուգված տեղեկատվություն, ասեկոսեներ և խուսափե՛ք գերադրական բառեր գործածելուց, օրինակ՝ «ապոկալիպսիս» կամ «ժանտախտ»։

Այո։ Դրականի մասին խոսե՛ք և կենտրոնացե՛ք կանխարգելման արդյունավետ գործողությունների վրա, ինչպիսիք են հիգիենայի կանոններին հետևելը, ձեռքերը ճիշտ լվանալը։ Մարդկանց մեծամասնությունը կարող է հաղթահարել այս հիվանդությունը։ Պարզ քայլերի միջոցով կարող ենք պաշտպանել թե՛ մեզ, թե՛ մեր սիրելի մարդկանց և թե՛ ամենախոցելի մարդկանց։

     16. Բացի վարակվելու վտանգից՝ ուրիշ ի՞նչ կերպ կարող է կորոնավիրուսը ազդել երեխաների վրա։ 

Կորոնավիրուսը և վարակը կանգնեցնելու նպատակով իրականացվող գործողությունները ազդում են աշխարհում հարյուր միլիոնավոր երեխաների վրա։ 

Որոշ վայրերում երեխաները զրկվում են տարրական առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, քանի որ բուժհաստատությունները ծանրաբեռնված են աշխատում, իսկ ընտանիքները, իրենց հերթին, հաշվի առնելով վարակվելու հավանականությունը, խուսափում են դիմել բժշկի։ Աշխարհի ավելի քան 120 երկրում դպրոցների փակման պատճառով աշակերտների ավելի քան կեսը փակվել է տանը։ Վարակված ծնողներից կամ խնամակալներից առանձնացված լինելը խիստ վշտացնում է երեխաներին, իսկ վարակվելու և տանը շաբաթներով փակվելու վտանգը՝ անհագստացնում, ինչն իր հերթին, կարող է  հոգեբանական սթրեսի պատճառ դառնալ։ 

Շատերը եկամուտի աղբյուր չունեն, կամ այն վտանգի տակ է։ Միլիոնավոր ծնողներ հազիվ են ծայրը-ծայրին հասցնում։ Այսպիսի պայմաններում շատ ընտանքիներ հնարավոր է՝ դիմեն ֆինանսաական ճգնաժամը հաղթահարելու բացասական միջոցների, ինչպիսիք են մանկական աշխատուժը, վաղ ամուսնությունները և սեռով պայմանավորված բռնությունը։

            17. Հնարավո՞ր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով։ 

Այս հարցը դեռևս ուսումնասիրվում է։ Նմանատիպ այլ վարակների դեպքում, եթե վարակն անբողջովին չի ոչնչացել օրգանիզմում, ապա բուժված անձի մոտ կարող են կրկին որոշ ախտանշաններ ի հայտ գալ։ Ինչը նույնը չէ, ինչ վարակվելը, և կախված չէ վարակի հանդեպ իմունային համակարգի պատասխանից։ 

         18. Կորոնավիրուսի ժամանակ ի՞նչ խորհուրդ է տալիս ՅՈՒՆԻՍԵՖ-ը այն ծնողներին, ովքեր ցանկանում են  շարունակել երեխաների պլանային պատվաստումները։ 

Պատվաստումներն այսօր ավելի կենսական նշանակություն ունեն, քան երբևէ։ Բայց մենք պետք է կշեռքի մեկ նժարին դնենք պատվաստումների կրիտիկական նշանակությունը, իսկ մյուսին՝ այն լուրջ առողջապահական ճգնաժամը, որի հետ բախվել ենք։ Եվ որպես այդ ճգնաժամի արձագանքի մաս՝ կառավարությունները, հաշվի առնելով վարակի հետագա տարաման կանխարգելումը, պետք է կարիքները սահմանեն՝ ըստ առաջնահերթության։ 

Ծնողները պետք է հետևեն իրենց պետության կառավարության որոշումներին։ Հնարավորության դեպքում ծնողները պետք է շարունակեն իրենց երեխաներին պատվաստել՝ բնականաբար խստագույնս հետևելով կանխարգելիչ կանոններին, այդ թվում՝ սոցիալական հեռավորությանը վերաբերող կանոններին։

Հաշվի առնելով այս դժվարին ժամանակները՝ կարող են տեղի ունենալ պլանային պատվաստումների ժամանակավոր դադարներ։ Հնարավոր է, որ սոցիալական հեռավորություն պահպանելու կամ մարդաշատ վայրերից խուսափելու պատճառով հնարավոր չլինի պատվաստել երեխային։ Այնուամենայնիվ, ՔՈՎԻԴ-19 -ի հետ կապված իրավիճակը վերահսկելի դառնալուն պես՝ մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին պատվաստել իրենց երեխաներին որքան հնարավոր է շուտ։ 

         19. Արդյո՞ք պատվաստումներով կանխարգելելի մյուս հիվանդությունները գլուխ կբարձրացնեն՝ պատվաստումների ժամանակավոր դադարով պայմանավորված։

Ամեն անգամ, երբ բաց է թողնվում թեկուզև մեկ անհրաժեշտ պատվաստում, առաջանում է այդ հիվանդությամբ վարակվելու և վերջինիս բռնկման վտանգը։ 

Բայց մենք պետք է կշեռքի մեկ նժարին դնենք պատվաստումների կրիտիկական նշանակությունը, իսկ մյուսին՝ այն լուրջ առողջապահական ճգնաժամը, որի հետ բախվել ենք։ Մենք պետք է առաջնահերթություն սահմանաենք ու այպիսի տարբերակներ գտնենք, որոնք հնարավորություն կտան շարունակել պատվաստումները՝ չտարածելով վտանգը։ 

Բոլոր գործողություններում պետք է պահպանել սահմանված կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորություն կանոնը։ Հնարավոր է պետությունը առաջնահերությունը ժամանակավորապես տա ամենահրատապ կարիքի բավարարմանը՝ այն է կանխարգելել կորոնավիրուսի տարածումը։ 

         20.Ինչպե՞ս է ՅՈՒՆԻՍԵՖ-ը պայքարում կորոնավիրուսի դեմ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ գործընկերների, այդ թվում՝ կառավարությունների հետ, որպեսզի երեխաները և հղի կանայք ու նրանց ընտանիքները տեղեկացված լինեն, թե ինչպես է պետք պաշտպանվել վարակից։ Հայալեզու տեղեկատվության համար, կարող եք հետևել մեր կայքէջին:

Մարտի 27-ի դրությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ի լրումն այլ ապրանքների, կառավարություններին աջակցելու համար մատակարարել է նաև ավելի քան 4,27 միլիոն զույգ ձեռնոց, 573,300 վիրահատական դիմակ, ավելի քան 100,000 N95 շնչառական սարք։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ը մշտական կապի մեջ է առողջապահության նախարարության հետ՝ աջակցելու անհրաժեշտ սարքավորումների և ախտորոշիչ թեսթտերի ձեռք բերման հարցում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աջակցում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հեռավար կրթության իրականացման գործընթացում։ Աշխատելու ենք նաև դպրոցների վերաբացմանը պատրաստվելու ուղղությամբ, քանի որ անհրաժեշտ կլինի ախտահանել բոլոր նախակրթարանների և դպրոցների շենքերն ու մաքրությունը պահպանելու համար անհրաժեշտ պարագաներ տրամադրել:

Կորոնավիրուսի դեմ պայքարելու և երեխաներին ու նրանց ընտանիքներին պաշտպանելու համար մարտի 25-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել է նոր՝ 651,6 միլիոն դոլարի դրամահավաք, որն իր մեջ ներառում է նաև 1,2 մլն ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ հենց Հայաստանի Հանրապետության համար:

Դուք նույնպես կարող եք աջակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ին և մասնակցել կորոնավիրուսին հակահարված տալու համար կազմակերպված դրամահավաքին՝ հանգանակելով մեր կայքէջի միջոցով կամ ուղարկելով UNICEF բառը 7733 կարճ համարին: Մեկ կարճ հաղորդագրության արժեքն է 500 դրամ:

Մենք ջանք ու եռանդ չենք խնայելու՝ այս դժվարին իրավիճակում երեխաների և նրանց ընտանիքների կողքին լինելու համար։ Դուք մեզ հե՞տ եք։

 

Առողջական խնդիրներ