Skip to main content
Հետադարձ կապ

Հավելյալ սնուցման մթերքների սննդային արժեքը

Հավելյալ սնունդը երեխային պետք է ապահովի բավարար էներգիայով, սպիտակուցներով, հանքային աղերով և վիտամիններով:

Հատիկեղենը, շիլաներն ու կարտոֆիլը հավելյալ սննդի հիմքն են և էներգիայի լավ աղբյուրներ են, սակայն միայն բուսական սննդատեսակները չեն կարող ապահովել վաղ հասակի երեխայի բոլոր սննդային պահանջները: Կենդանական ծագման սննդատեսակներից միսը, թռչնամիսը, ձուկն ու կենդանիների օրգանները (լյարդ, սիրտ, թոք) սպիտակուցների, երկաթի և ցինկի լավագույն աղբյուրներն են, իսկ կաթնամթերքը (կաթ, կաթնաշոռ, պանիր, մածուն և այլն) հարուստ է սպիտակուցներով, կալցիումով և վիտամին A-ով: Չի կարելի մինչև մեկ տարեկան երեխային տալ կովի կամ այլ կենդանու կաթ: Քաղցր խտացրած կաթը նույնպես չպետք է օգտագործվի մանկան սնուցման համար՝ շաքարի չափազանց մեծ պարունակության պատճառով:

Ձուն ևս սննդարար է և սպիտակուցների ու վիտամին A-ի հարուստ աղբյուր է:

Երեխային պետք է կենդանական ծագման սննդատեսակներ տալ ամեն օր, կամ, որքան հնարավոր է, հաճախ: Դա հատկապես կարևոր է կրծքով չկերակրվող երեխաների համար:

Ընդեղենը (լոբազգիներ, ոլոռ, սիսեռ) և ընկուզեղենը սպիտակուցի, նաև երկաթի լավ աղբյուր են: Մուգ կանաչ տերևներով բանջարեղենը ևս երկաթ է պարունակում, սակայն բուսական սննդատեսակներում պարունակվող երկաթը դժվար է ներծծվում:

Դեղնանարնջագույն մրգերն ու բանջարեղենը (գազար, դդում, լոլիկ, ցիտրուսային մրգեր) և մուգ կանաչ տերևներով բանջարեղենը (սպանախ, ավելուկ, այլ կանաչեղեն) վիտամին A-ի և C-ի կարևոր աղբյուրներ են: Վիտամին A-ն շատ կարևոր է տեսողության, մաշկի և իմունիտետի համար: Վիտամին C-ն նույնպես կարևոր է երեխայի իմունիտետի համար, բացի այդ նպաստում է բուսական սննդատեսակներից երկաթի ներծծմանը:

Երեխայի սննդին քիչ քանակությամբ ճարպ (կարագ կամ ձեթ) ավելացնելը, օրինակ՝ կեսից մեկ թեյի գդալ, մեծացնում է սննդի էներգետիկ արժեքը, նպաստում վիտամին A-ի և այլ ճարպալույծ վիտամինների ներծծմանը: Բացի այդ, ճարպը սնունդն ավելի համով, փափուկ և հեշտ ուտելի է դարձնում, սակայն պետք է հիշել, որ չափից շատ ճարպ կամ տապակած սնունդ ուտող երեխան կարող է գիրանալ:

Խուսափե՛ք շաքարավազից: Շաքարի օգտագործումը նպաստում է ատամնափուտի, ավելցուկային քաշի և գիրության առաջացմանը: Հարկավոր է ուշադիր լինել, որ քաղցր սնունդն օրաբաժնում այլ սննդատեսակների տեղը չգրավի:

Իր հերթին աղի օգտագործումը  բարձրացնում է հետագայում զարկերակային գերճնշում ունենալու հավանականությունը:

Մինչև մեկ տարեկան երեխային չի կարելի մեղր տալ՝ ալերգենների մեծ պարունակության և բոտուլիզմի վտանգի պատճառով:

Պետք է խուսափել երեխային ցածր սննդային արժեք ունեցող հեղուկներ տալուց, ինչպիսին են թեյը, սուրճը, քաղցր ըմպելիքներն ու հյութերը (հատկապես գործարանային արտադրության): Թեյը և սուրճը խանգարում են երկաթի ներծծմանը, քաղցր ըմպելիքները նպաստում են ատամնափուտի առաջացմանը, նվազեցնում են երեխայի ախորժակը, իսկ մեծ քանակությամբ հյութեր ընդունելը կարող է նաև փորլուծության և աճի դանդաղեցման պատճառ դառնալ:

Երեխային չի կարելի տալ այնպիսի ուտելիքներ, որոնք կոշտ են, մանրակրկիտ ծամել են պահանջում կամ կարող են շնչուղիներն անցնել և շնչահեղձություն առաջացնել, օրինակ՝ չմանրացված ընկուզեղեն, ընդեղեն, հում բանջարեղեն:

Երեխային պետք է կերակրել բազմազան և սննդարար ուտելիքով, որպեսզի ապահովվեն նրա բոլոր սննդային կարիքները:

Երեխաների համար անհրաժեշտ սննդամթերքի մոտավոր քանակը մեկ ամսվա համար

Հավելյալ սնուցում

62555977