Skip to main content
Հետադարձ կապ

Երրորդ եռամսյակի ուղեցույց

Շնորհավորում ենք, դուք հասել եք վերջին փուլ: Շուտով կդիմավորեք ընտանիքի նոր անդամին՝ ընատնիքի նոր <<պարագլխին/ղեկավարին>>: Մենք գիտենք, որ վերջին շաբաթների ընթացքում ձեզ ավելի հոգնած եք զգում, որ արդեն սկսում եք ավելի անհանգիստ քնել ու զգալ:

Ինչպես եք ձեզ զգում

Երկրորդ եռամսյակում նախորդ ամիսների անհարմարություններից մի քանիսը կշարունակվեն: Ի լրումն, հաճախ, այս եռամսյակում կանայք ունենում են շնչառության դժվարություն, սովորաբար ստիպված են լինում ավելի հաճախ զուգարան գնալ: Դա պայմանավորված է նրանով, որ երեխան մեծանում է, և ավելի շատ է ճնշում գործադրում ձեր օրգանների վրա: Մի անհանգստացեք, ձեր երեխան լավ է, և այս խնդիրները շուտով կանհետանան:

Մայրիկի ինքնախնամք

Երրորդ եռամսյակում կարող եք ավելի շատ անհարմարություններ զգալ, քան երկրորդում: Որոշ անհարմարություններ թուլացնելու համար, նախ փորձեք ստորև նշված մեթոդներից մի քանիսը՝ միայն նախապես խորհրդակցելով ձեր բժշկի հետ:

  • Այրոցքի դեպքում ձեր բժշկի հետ խորհրդակցեք՝ փոփոխելու ձեր սննդակարգը և կենսակերպը: Եթե դրանք չեն օգնում, անհանգստացնող ախտանիշների առկայության դեպքում, կարող են օգտագործվել հակաթթվային պատրաստուկներ:
  • Քնելու դժվարության համար փորձեք բարձ օգտագործել՝ օգնելու ձեր ամբողջ մարմնին կամ մարմնի տարբեր մասերին և թուլացնելու մարմնի լարվածությունը:

Առողջ սնունդը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը առանցքային են ամբողջ հղիության ընթացքում: Անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ հղիության ընթացքում վարժությունների վերաբերյալ: Եթե նա հաստատում է, ապա շարունակեք կանոնավոր մարզվել, բայց ուժասպառ մի՛ արեք ձեզ: Շարունակեք օգտագործել բազմազան սնունդ՝ համոզվելու համար, որ դուք և փոքրիկը ստանում եք բավարար էներգիա, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր:

Ընդհանուր ախտանիշներ

Չնայած ոչ մի հղիություն միանման չէ, սակայն, երրորդ եռամսյակի ընթացքում կարող են լինել որոշ ընդհանուր ախտանիշներ.

  • Թթվային ռեֆլյուքս (այրոց)
  • Թութք
  • Շնչահեղձություն
  • Կրծքի զգայունություն
  • Դուրս պրծած պորտ
  • Քնելու դժվարություն
  • Այտուցված մատներ, դեմք և կոճեր

Բրեքստոն Հիքսի կծկումներ (կեղծ կծկումներ)

Երրորդ եռամսյակի ընթացքում դուք հավանաբար կծկումներ կունենաք, ինչը կարող է լինել ծննդաբերության իրական կամ կեղծ նշան: «Կեղծ ծննդաբերության» ցավերը կոչվում են Բրեքստոն Հիքս և դրա միջոցով մարմինը ձեզ նախապատրաստում է իրական ծննդաբերությանը: Դրանք կարող են նման լինել դաշտանային ցավերի կամ որովայնի կծկումների:

Բրեքստոն Հիքսը բուժում չունի, բայց կան մի քանի միջոցներ, որոնք կօգնեն մեղմացնել անհանգստությունը. օրինակ՝

  • ջուր խմելը
  • մարմնի դիրքը փոխելը (եթե պառկած եք, փորձեք զբոսանքի դուրս գալ և հակառակը)
  • հանգստանալը՝ ննջելով, գիրք կարդալով կամ հանգստացնող երաժշտություն ունկնդրելով։

Եթե դրանք չեն նվազեցնում ցավը և եթե նկատում եք, որ կծկումներն ավելի հաճախակի կամ ուժեղ են դառնում, դիմեք ձեր բժշկին:

Ինչպես է աճում ձեր երեխան

Զարգացման այս վերջին փուլում ձեր փոքրիկը պատրաստվում է լքել արգանդը: Երրորդ եռամսյակի սկզբից մինչև ծնունդը.

  • Աչքերը կարող են զգալ լուսավորության փոփոխությունները
  • Գլխին մազ աճել
  • Կարող է ոտքով հարվածել, բռնել և ձգվել
  • Վերջույթները սկսում են թմբլիկ տեսք ունենալ
  • Ոսկորները կարծրանում են
  • Արյան շրջանառության համակարգը ամբողջապես ձևավորված է
  • Մկանա-կմախքային համակարգը ամբողջապես ձևավորված է
  • Ձևավորված են թոքերը, ուղեղը և նյարդային համակարգը
  • Ճարպը շարունակում է կուտակվել

Պտղի աճը կարող է զգալիորեն տատանվել մի շարք պատճառներով, բայց երրորդ եռամսյակի սկզբին ձեր երեխան կլինի մոտ 35 սմ, իսկ կշիռը՝ 1-ից 2 կգ: Ծննդաբերելիս ձեր նորածնի երկարությունը կկազմի 46-ից 51 սմ, իսկ կշիռը՝ 3 կգ-ից մի փոքր ավելի:

[Տվյալները՝ Քլիվլենդի կլինիկայից]:

Ե՞րբ դիմել բժշկի

Երրորդ եռամսյակի ընթացքում պետք է հինգ հանդիպում ունենաք ձեր բժշկի հետ` 30 շաբաթում, 34 շաբաթում, 36 շաբաթում, 38 շաբաթում և 40 շաբաթում:

Ինչին է պետք ուշադրություն դարձնել

Չնայած բոլոր կանայք տարբեր կերպ են տանում հղիությունը, սակայն, անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե զգաք.

  • Ուժեղ արյունահոսություն
  • Չդադարող գլխացավեր
  • Հանկարծակի կամ ծայրահեղ փքվածություն
  • Պտղի շարժման նվազում (ձեր երեխան պետք է ամեն օր շարժվի)
  • Պտղաջրերն ազատվել են, բայց դուք կծկումներ չեք ունենում

Կծկումների դադարի ժամանակ ցավը չի դադարում:

Նախքան ծննդաբերությունը

Պատրաստեք երեխային անհրաժեշտ պարագաները: Ահա նախնական ու ընդհանուր ցանկը, որ կարող է ուղորդել ձեզ:

Պատրաստվեք կրծքով կերակրմանը: Ծնվելուց հետո նորածինը պետք է դրվի մոր կրծքին և կրծքով կերակրումը պետք է սկսվի ծննդաբերությունից հետո մեկ ժամվա ընթացքում: Բեյբիսեֆում կգտնեք վստահելի տեղեկություն կրծքով կերակրման մասին:

Ծնվելուց 24 -48 ժամ հետո երեխան պետք է ստանա իր առաջին պատվաստումները՝ պաշտպանելու նրան տուբերկուլյոզից և Հեպատիտ Բ-ից: Այս ուղեցույցում հավաքել ենք վստահելի տեղեկատվություն պատվաստումների մասին

Ծննդաբերության սկիզբը

Կանանց մեծ մասը ծննդաբերում է հղիության 38-ից 41 շաբաթվա ընթացքում, բայց հարավոր չէ կանխատեսել ծննդաբերության ճշգրիտ պահը:

Երբ ծննդաբերությունը սկսվում է, արգանդի վզիկը լայնանում է, և արգանդի մկանները սկսում են կանոնավոր ընդմիջումներով կծկվել: Այդ կծկումները ժամանակի ընթացքում ավելի հաճախակի են դառնում: Դրանք նման են դաշտանային ցավերի, բայց ավելի ինտենսիվ: Արգանդի կծկվելու պահին, կարող եք ցավ զգալ մեջքի կամ կոնքի շրջանում, իսկ որովայնը կպնդանա: Երբ արգանդը հանգստանա, որովայնը կրկին կփափկի:

Բացի կծկումներից, ծննդաբերության սկսվելու որոշ այլ նշաններ կարող են լինել.

  • Թեթևության զգացում (զգացում, որ պտուղը ավելի ներքև է իջել)
  • Լորձախցանի կորուստ (կնկատեք պարզ կամ վարդագույն արտադրության աճ)
  • Պտղաջրերի ազատում (թաղանթների պատռվածք)

Կարևոր է նշել, որ այդ փոփոխություններից որոշները հնարավոր է չնկատեք մինչև ծննդաբերության սկսելը: Եթե կարծում եք, որ ծննդաբերությունը սկսել է, խոսեք ձեր բժշկի հետ:

Նույնաբովանդակ այլ նյութեր