Skip to main content
Հետադարձ կապ

9 ամսական երեխայի զարգացման փուլերը

9 ամսականում ձեր փոքրիկը շատ ավելի շարժուն է և սիրում է ուսումնասիրել: Այս տարիքում երեխաները չոչ են անում և կարող են բարձրանալ կանգնել: Որքան մեծանում է երեխայի հետաքրքրասիրությունը (և շարժունությունը), այնքան կարևոր է դառնում տանը անվտանգության ապահովումը: Երեխան այս տարիքում արձագանքում է իր անունին, սիրում է փաթաթվել ընտանիքի անդամներին, կարող է դրսևորել ամաչկոտություն կամ վախ անծանոթ մարդկանց նկատմամբ: 9 ամսական երեխայի հետ ժամանցի լավագույն ձևերից են «Կու-կու» կամ ձեռքի ափերով խաղերը:     

9 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը

9 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.

  • սկսում է գնալ ծանոթ մարդկանց գիրկը,
  • կարող է վախենալ անծանոթ մարդկանցից,
  • ունի սիրելի խաղալիքներ, որոնք հաճախակի է վերցնում: 

Հուշումներ ծնողների համար

  • Հետևեք ձեր փոքրիկի նշաններին` թողնելով, որ նա ուղղորդի խաղի ընթացքում: 

9 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը

Ինչպես է երեխան արտահայտում իր կարիքները.

  • մատով ցույց է տալիս առարկաները,
  • հասկանում է «ոչ» բառը և տարբեր հնչյուններ է արտասանում,
  • սկսում է կրկնօրինակել այն շարժումները և հնչյունները, որոնք տեսնում և լսում է:

Հուշումներ ծնողների համար            

  • Երեխայի համար կարդացեք կոշտ կազմով նկարազարդ գրքեր, քանի որ սիրում է մատով ցույց տալ առարկաները: Այդպես նա կկարողանա ցույց տալ իրեն հետաքրքրող բաները:
  • Կտրեք նկարներ ամսագրերից և ինքնուրույն ստեղծեք պատմություն նկարում գտնվող առարկաների կամ մարդկանց մասին:
  • Գտեք այն առարկաները, որոնք երեխան ամեն օր նկատում է իր միջավայրում կամ տանը, և ասեք դրանց անունները: Դա կօգնի երեխայի լեզվի և հաղորդակցման զարգացմանը:

9 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը

Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.

  • սիրում է պահմտոցի խաղալ և փնտրել ձեր թաքցրած իրերը,
  • հետևում է առարկաներին, որոնք ընկնում են,  
  • առարկաները տեղափոխում է մի ձեռքից մյուսը և սիրում է դնել բերանը,
  • փոքր առարկաները վերցնում է բութ մատով և ցուցամատով:  

Հուշումներ ծնողների համար

  • Օգնեք և ոգևորեք երեխային խաղի ընթացքում:
  • Օգնեք զարգացնել երեխայի շարժողական հմտությունները` թույլ տալով, որ վերցնի փոքր առարկաներ ձեր հսկողության տակ:

9 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը

Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.

  • կարող է նստել առանց օգնության,
  • հենվում է (օրինակ` կահույքին) կանգնելու համար,
  • սկսում է չոչ անել:

Հուշումներ ծնողների համար

  • Երեխային մոտեցրեք կահույքին, որ փորձի ինքնուրույն բարձրանալ:

9 ամսական երեխայի սննդի և կերակրման փուլերը

9 ամսական երեխայի կերակուրները

  • հաճույք է ստանում լնդերը մերսող խաղալիքներից,
  • սկսում է ուտել ավելի խիտ պյուրեներ և ուտելուց հետո ավելի երկար ժամանակ է կուշտ մնում, 
  • կտրուկ է արձագանքում նոր հոտերին և համերին:

Հուշումներ ծնողների համար

Փորձեք երեխային օրական չորս անգամ տալ կես բաժակ բանանի խյուս` որևէ առողջարար նախաճաշիկի հետ միասին: Ավելի մանրամասն տեղեկությունների համար կարդացեք մեր հոդվածը` 6-12 ամսական երեխաների սննդակարգը:   

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 9 ամսական երեխան.  

  • չի կարողանում նստել առանց օգնության,
  • չի փորձում խոսել,
  • չի արձագանքում իր անունին,
  • չի հենվում իր ոտքերի վրա,
  • չի խաղում որևէ խաղ, որը ենթադրում է երկու կողմի մասնակցություն,
  • չի ճանաչում մեծահասակներին, որոնց գիտի,
  • չի նայում այնտեղ, որտեղ ցույց ես տալիս,
  • չի կարողանում խաղալիքները տեղափոխել մի ձեռքից մյուսը: