Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով կերակրում և ՔՈՎԻԴ-19 | Ուղիղ եթեր

Մանկաբույժ Լիլիթ Մարությանը պատասխանում է կրծքով կերակրման վերաբերյալ մայրիկներին հուզող հարցերին։

Արդյո՞ք կարելի է շարունակել կրծքով կերակրումը, եթե մայրը և/կամ երեխան Քովիդ վարակակիրներ են:

- ԱՀԿ դիրքորոշումն ի սկզբանե խրախուսել է մոր ու երեխայի միասին լինելը, անկախ վարակից: Կյանքի առաջին ժամերից երեխան պետք է ստանա լավագույն սնունդը, եթե դրան խանգարող օբյեկտիվ պատճառներ չկան: Իսկ բացատրվում է այդ մոտեցումն այսպես՝ ԿԿ-ից հրաժարվելու ռիսկերը շատ ավելի ծանր են ու անցանկալի, քան Քովիդ-19-ով վարակվելու արդյունքում առաջացող հավանական ռիսկերը:

Ամերիկյան մանկաբույժների ասոցիացիան Քովիդ-19-ի տարածման առաջին ամիսներին պաշտպանում էր այն տեսակետը, որ նորածնին պետք է առանձնացնել Կորոնավիրուսով վարակված մորից: Այժմ պատկերը փոխվել է: Որոշում կայացնողը մայրն է. եթե նա ցանկանում է պահել երեխային իր մոտ ու կերակրել կրծքով ուրեմն երեխան պետք է մնա մոր մոտ ու կերակրվի՝ պահպանելով անվտանգության կանոնները՝ մաքուր ձեռքեր, դիմակ, բավարար հեռավորություն, երբ երեխային մոտ գտնվելու կարիք չկա:

Ի՞նչ ասել է բացառապես կրծքով կերակրում:

- ԲԱՑԱՌԱՊԵՍ բառն ամեն ինչ ասում է: Կրծքի կաթը լիարժեք բավարարում է մինչև 6 ամսական երեխայի օրգանիզմի, աճի ու զարգացման գրեթե բոլոր պահանջները: Ինչու գրեթե, որովհետև կա բացառություն՝ մայրական կաթի բաղադրության մեջ վիտամին D-ն այն քանակով չէ, որն անհրաժեշտ է երեխային: Այդ իսկ պատճառով երեխան վիտամին D ստանում է կաթիլների տեսքով՝ օրական 400-500 միավոր՝ անկախ եղանակային պայմաններից: Բացառապես ԿԿ նաև նշանակում է՝ մինչև 6 ամսական երեխային չառաջարկել ջուր կամ որևէ այլ հեղուկ: Բոլոր այն «հրաշքները», որ խոստանում են կաթնախառնուրդներ, թեյեր արտադրող ընկերությունները պարզապես կոմերցիոն հնարքներ են: Չկա, դեռ չի ստեղծվել այնպիսի մի սնունդ, որը լիովին կարող է փոխարինել մայրական կաթը:

Ինչպե՞ս հասկանալ՝ կրծքի կաթի քանակը բավարարում է երեխայի պահանջներին: Գուցե երեխան սովա՞ծ է մնում:

-Արդյո՞ք Ձեր երեխային բավականացնում է Ձեր կրծքի կաթը: Այս հարցի պատասխանը շատ հեշտ է ստանալ: Հետևեք տակդիրներին: Օրական նվազագույնը 6 լիքը տակդիրների առկայությունը վկայում է այն մասին, որ երեխան բավարար քանակությամբ սնունդ է ստանում:

Օրվա ցերեկային ժամերին անխափան կաթնարտադրություն ապահովելու համար խիստ կարևոր են գիշերային կերակրումները: Գիշերը առնվազն 2-3 ժամը մեկ երեխան պետք է կերակրվի՝ անկախ այն բանից պահանջում է, թե՝ ոչ:

Արդեն 6-7 ամսականում շատ երեխաներ կարողանում են մոտավորապես 5-6 ժամ մնալ առանց սննդի ու ջրի և եթե երեխան արդեն սկսել է երկար քնել, ապա կարելի է նրան չանհանգստացնել՝ չկերակրել գիշերը:

«Կաթս չի հերիքում» համոզմունքը երեխային ԿԿ-ից կտրելու թիվ մեկ պատճառն է, իսկ եթե դրան ուղեկցում է նաև հարազատների, ծանոթ-անծանոթների հոգեբանական ճնշումը, մայրը հասնում է ծայրահեղ մի կետի, որից այն կողմ այլևս չի հավատում, թե ունակ է ապահովել իր երեխային լավագույն սնունդով ու կայացնում է այլընտրանքով սնուցելու որոշում:

Իրականությունն այլ է՝ յուրաքանչյուր կին ունակ է կերակրել իր երեխային: Բնությունը մշակել է ֆանտաստիկ մեխանիզմ, որի օգնությամբ մայրական կաթը փոփոխվում է, ադապտացվում է երեխայի օրգանիզմի պահանջներին: Օրինակ՝ ծննդաբերությանը հաջորդող առաջին 5 օրվա ընթացքում կաթի փոխարեն արտադրվում է խեժ, որը քանակապես ավելի քիչ է, բայց ավելի խիտ է, ունի լուծողական հատկություն, ինչն օգնում է, որ փոքրիկի առաջին կղանքն ավելի հեշտ դուրս գա, ունի աղիները պաշտպանելու հատկություն և այլն: Հետո գալիս է «անցումային» կաթը և միայն երկու շաբաթ անց երեխան սկսում է ստանալ «հիմնական» կաթը:

Կերակրման ձևը կարո՞ղ է ազդել կաթի քանակի վրա:

- Կրիտիկական նշանակություն ունեն երեխայի կյանքի առաջին մի քանի օրերը: Եթե հենց սկզբից մայրիկին ճիշտ չբացատրել, թե ինչպես է պետք կերակրել երեխային (դիրքեր, հաճախականություն, տևողություն և այլն) հավանական է, որ հետագայում մայրն այդպես էլ չի կարողանա կազմակերպել ԿԿ գործընթացը: Խիստ կարևոր է ծննդատների աշխատակիցների դերը, քանի որ մանկաբույժը երեխային տեսնում է ծնվելուց միայն 4-5 օր անց:

Հաճախ կարելի է լսել, թե նորածինը ռեֆլեքսորեն «գիտի», ինչպես բռնել կուրծքն ու ինչպես ուտել, բայց դա չափազանցություն է: Այո, երեխան ունի ռեֆլեքսներ, որոնց օգնությամբ նա դուրս է բերում կաթը, բայց թե ինչպես ճիշտ կերակրել, պետք է սովորեցնեն մասնագետները:

Կերակրման սխալ դիրքը, հազվադեպ կերակրումները, ամեն կերակրելիս միայն մեկ կուրծքն առաջարկելն ի վերջո հանգեցնում են այն բանի, որ կրծքերը լիարժեք չեն դատարկվում և ուղեղը չի ստանում կաթ արտադրելու հրահանգ: Ահա թե ինչու է կարևոր ամեն կերակրումից հետո դատարկել կրծքերը: Կրծքի կաթի արտադրությունը գործում է պահանջարկ-առաջարկ սկզբունքով: 24 ժամում նորածինը պետք է կերակրվի նվազագույնը 8-12 անգամ: Առաջին ամիսներին երեխային պետք է կերակրել ամեն անգամ, երբ նա պահանջում է: Որոշ ժամանակ անց մայրն ու երեխան «կգտնեն» կերակրման իրենց ռեժիմը:

Որո՞նք են ԿԿ հակացուցումները

- Հակացուցումների ցանկը ծավալուն չէ:

  • ՄԻԱՎ
  • Մոր կողմից ընդունվող որոշ դեղորայք՝ էրգոտամիններ, ստատիններ, քիմեոթերապիա
  • Կրծքի մաշկի/պտուկի հերպեսային ախտահարում
  • Երեխայի գալակտոզեմիա
  • Հեպատիտ C, եթե առկա են ճաքեր/արյունահոսող պտուկներ

Ռենտգեն հետազոտությունները, ատամի հեռացումը կամ բուժումը և բազմաթիվ այլ միջամտություններ համատեղելի են ԿԿ-ի հետ:

Ինչպե՞ս դադարեցնել կրծքով կերակրումը:

- Կրծքով կերակրումն ինչպես սկսում, այնպես էլ դադարեցնում ենք աստիճանաբար: ԿԿ ընդհատումը սթրեսային գործընթաց է թե՛ մոր, թե՛ երեխայի համար, ահա թե ինչու է կարևոր անել դա աստիճանաբար: Բացի այդ, կտրուկ ընդհատումը կարող է բերել ծորանների խցանման, և եթե կա կարիք, կարելի է ու պետք է նաև կթել: Եթե ընդհատումը զուտ պլանային որոշում է և կարիք չկա դա շատ արագ անելու, ապա պետք է 2-5 օրը մեկ մեկ կերակրումով պակասեցնել ԿԿ-ն: Նախ պետք է կրճատել ցերեկային կերակրումների հաճախականությունը, ապա՝ գիշերային:

Դիտե՛ք ուղիղ եթերն ամբողջությամբ

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Կրծքով սնուցում

62555977