Skip to main content
Հետադարձ կապ

Երեխաների տարիքային առանձնահատկություններով պայմանավորված աուտիզմի ախտանշանները

Երեխաների աուտիստիկ սպեկտրի խանգարման ախտանշանները կարող են տարբեր լինել: Ներկայացնում ենք առավել տարածվածներից մի քանիսը:

Ամենակարևոր քայլերից մեկը, որով ծնողները կամ խնամակալները կարող են աջակցել աուտիզմ ունեցող երեխաներին, այն ժամանակին հայտնաբերելն է։ Սա երեխայի ախտորոշման, վաղ միջամտության և համապատասխան աջակցության տրամադրման առաջին քայլն է, որը երեխային տալիս է լիարժեք և երջանիկ կյանքով ապրելու լավագույն հնարավորությունը:

Թեև երբեմն կարող է թվալ, թե երեխայի աուտիզմի դրսևորումները հեշտ է նկատել, այնուամենայնիվ, միշտ չէ, որ այդպես է: Քանի որ աուտիզմը սպեկտրային խանգարում (ԱՍԽ) է, ապա ախտանշանները կարող են լինել նկատելի կամ ընդհանրապես չլինել: Ախտանշանները նույնպես շատ բազմազան են։ ԱՍԽ ունեցող երկու անձ կարող են էապես տարբեր վարքագծեր դրսևորել:

Այնուամենայնիվ, ստորև ներկայացնում ենք աուտիստիկ սպեկտրի խանգարմանը բնորոշ մի քանի ընդհանուր նշաններ և ախտանշաններ, որոնք պայմանավորված են տարիքային առանձնահատկություններով։ Եթե Ձեր երեխայի մոտ նկատեք դրանք, ապա խորհրդակցե՛ք Ձեր բժշկի հետ՝ հնարավոր զննում անցկացնելու նպատակով։

Նորածինների (0-12 ամսական) աուտիստիկ սպեկտրի խանգարման հնարավոր նշանները.

· հազվադեպ է ժպտում, անգամ երբ իրեն ժպտում են,

· տեսողական կոնտակտը թույլ է կամ բացակայում է,

· չի արձագանքում ձայներին կամ դեմքի արտահայտություններին,

· գրեթե կամ ընդհանրապես չի թոթովում,

· խուսափում է գրկախառնվելուց կամ հպվելուց,

· հետաքրքրված չէ այնպիսի խաղերով, ինչպիսին է «Կու-կու»-ն,

· չի արձագանքում իր անվանը (մինչև 12 ամսականը),

· չունի ժեստիկուլյացիա, օրինակ՝ մատնացույց անել կամ ձեռքով հրաժեշտ տալ (մինչև 12 ամսականը)

· չափազանց զգայուն է և բուռն կերպով է արձագանքում որոշ զգայական գրգռիչների (օրինակ՝ հագուստի՝ քոր առաջացնող պիտակ, պայծառ լույս կամ աղմուկ),

· թվում է անտարբեր է կամ չի արձագանքում որոշակի զգայական գրգռիչների (օրինակ՝ չի արձագանքում ցավին կամ անհարմարությանը),

· կրկնվող շարժումներ է կատարում, օրինակ՝ ձեռքերը թափահարել, ճոճվել կամ պտտվել, հատկապես, երբ անհանգիստ է։

Փոքր երեխաների (13-24 ամսական) ԱՍԽ-ին բնորոշ նշանները կարող են ներառել վերը նշված բոլոր կետերը, այդ թվում․

· ունի խոսքի զարգացման հապաղում կամ ընդհանրապես չի խոսում կամ կորցնում է նախկինում ձեռք բերած խոսքի ունակությունները,

· չափազանց անհանգիստ է, երբ ռեժիմը փոխվում է,

· դժվարանում է հետևել պարզ հրահանգներին,

· քայլում է հիմնականում կամ բացառապես ոտքի մատների վրա,

· անում է կրկնվող կամ խիստ համակարգված գործողություններ, օրինակ՝ խաղալիքները դասավորում է մեկ գծով կամ խաղալիք բեռնատարով անընդմեջ բախվում է պատին,

· դրսևորում է ֆիզիկական ագրեսիվ վարք (հարվածում է, կծում, քերծում), երբ վրդովված կամ ընկճված է,

· հակված է անելու որոշակի զգայական գործողություններ (օրինակ՝ շատ ամուր գրկախառնվել կամ խաղալիքը ծամել),

· դուր չեն գալիս որոշ զգայական փորձառություններ (օրինակ՝ սննդի որոշակի տեսակներ դուրս է թքում կամ չի սիրում, երբ մազերը նրբորեն սանրում են):

Փոքր երեխաների (2-5 տարեկան) ԱՍԽ-ին բնորոշ նշանները կարող են ներառել վերը նշված բոլոր կետերը, այդ թվում․

· կրկնում է որոշ բառեր կամ արտահայտություններ (այս երևույթը կոչվում է էխոլալիա),

· ունի հատուկ հետաքրքրություններ կամ սևեռումներ, որոնք գրավում են նրա ուշադրության մեծ մասը,

· քիչ հետաքրքրություն է ցուցաբերում դերային կամ երևակայական խաղերի նկատմամբ,

· ունենում է հուզական պոռթկումներ և հիստերիաներ,

· սոցիալական իրավիճակներում դժվարություններ է ունենում, օրինակ՝ այլ երեխաների շրջապատում «սառն» է պահում իրեն կամ խուսափում է շփումից և նախընտրում է մենակ մնալ,

· չափազանց բծախնդիր է սննդի հարցում կամ սննդի ընդունման խուսափող սահմանափակող խանգարում ունի:

Դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների ԱՍԽ-ին բնորոշ նշանները կարող են ներառել վերը նշված բոլոր կետերը, այդ թվում․

· սոցիալական շփումներից հետո անհրաժեշտ է ժամանակ՝ վերականգնվելու համար, կամ թվում է ինքնամփոփ,

· շրջապատի մարդկանց կողմից հաճախակի չհասկացված կամ «ամբոխի մեջ միայնակ» է զգում,

· անհանգստության, զայրույթի, մտահոգության և/կամ հոգնածության ուժեղ զգացումներ է ունենում,

· սոցիալական իրավիճակներում ավելի անմիջական է, քան ընդունված է, և հայտնում է իր կարծիքը, ինչը երբեմն սխալմամբ ընկալվում է որպես կոպտություն,

· հաճախ ամեն ինչ բառացիորեն է ընկալում, օրինակ՝ կարող է չհասկանալ հեգնանքը, ծաղրը կամ ակնարկը,

· սովորական շփման ժամանակ ունենում է դժվարություններ՝ հասկանալու, թե երբ պետք է հերթը տալ ուրիշին խոսելու համար, և կարող է չհասկանալ, երբ մյուսները դադար են առնում շունչ քաշելու, հետևաբար հաճախակի ընդհատում է նրանց,

· դժվարանում է պատկերացնել, թե ինչ է զգում մեկ ուրիշը, կամ հաշվի առնել ուրիշի տեսակետը,

· նախընտրում է հստակ կանոններ և ուղեցույցներ և դժվարանում է կողմնորոշվել այնպիսի իրավիճակներում, երբ դրանք ակնհայտ չեն, կամ երբ ոչ բոլորն են հետևում դրանց, և երբեմն ուրիշների կողմից մեկնաբանվում են որպես կոշտ կամ ոչ ճկուն,

· հասակակիցների կամ դասընկերների կողմից բուլինգի է ենթարկվում,

· դժվարություններ ունի ընկերական կամ այլ հարաբերություններ հաստատելու և պահպանելու հարցում,

· դպրոցում դժվարություններ է ունենում և/կամ դժկամությամբ է դպրոց գնում,

· հոգեկան առողջության խնդիրներ է ունենում, այդ թվում՝ անհանգստություն, ընկճախտ, պոռթկում կամ ինքնասպանության մտքեր։

Անհրաժեշտ է գիտակցել, որ բոլոր մարդիկ տարբեր են: Որոշ մարդիկ կարող են ունենալ այս հակումներից մի քանիսը և ընդհանրապես չլինել աուտիզմի սպեկտրում: Ոմանք էլ կարող են ունենալ միայն սրանցից մի քանիսը և ունենալ ԱՍԽ:

Եթե ձեր երեխան ցուցաբերում է այս նշաններից որևէ մեկը, ապա կարևոր է խոսել Ձեր բժշկի հետ՝ պարզելու, թե արդյոք կարիք կա լրացուցիչ հետազոտման: