Skip to main content
Հետադարձ կապ

Բակային խաղերը՝ սպորտի այլընտրանք կամ ինչ հրաշքներ են գործում գնդակն ու ցատկապարանը

Ամառ է: Ինչպե՞ս են դա հասկանում շատ դպրոցականներ ու շատ դպրոցականների ծնողներ. չկան դասեր, պետք չէ ապրել ռեժիմով. քնիր ինչքան ուզում ես, բակից տուն մի արի, արա ինչ ուզում ես և այլն: Հակասական պատկերի հետ գործ ունենք՝ բակային ակտիվ խաղերը հիանալի են ազդում երեխաների իմունային համակարգի վրա, անկանոն ու քիչ քնելը՝ վատ: Մաքուր օդը մեր երեխաների առողջության բարեկամն է, իսկ ժամերով արևի տակ մնալը՝ մեղմ ասած կարող է վնասել: Կասեք՝ ամեն մեդալ ունի երկու կողմ, համաձայն ենք ու փորձել ենք գտնել ոսկե միջինը, որպեսզի ամառն անցի առողջության համար մեծ օգուտով՝ չշրջանցելով ուրախ ու հետաքրքիր ժամանցը:

Օգնության է հասել Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դոցենտ, գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ, պրեմիում կարգի մարզիչ Քրիստինե Քեշիշյանը:

  1. Ասելով ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ, չպետք է հասկանանք ՈՉԻՆՉ չանելու 2-3 ամիս: Հակառակը, սա այն ժամանակահատվածն է, որը պետք է օգտագործել (ի դեպ, թե՛ մեծահասակները, թե՛ երեխաներն ու դեռահասները) անելու այն, ինչ չենք հասցրել անել ուսումնական տարվա ընթացքում՝ ընթերցել, սպորտով զբաղվել, ակտիվ խաղեր խաղալ, արևային և/կամ ջրային կոփումներ ստանալ, առողջ սնվել, երկրի մշակութային կյանքին մասնակցել և այլն: Այս ժամանակահատվածը պետք է կազմակերպել, ոչ թե թողնել ինքնահոսի:
  2. Հատկապես արձակուրդների շրջանում շատ երեխաներ սիրում են քնել ուշ, արթնանալ ուշ, իսկ արդարացնում են այդ ամենն այսպես՝ միևնույն է քնել ենք: Բայց... Ոչ, քանի որ շատ կարևոր է, որ քունն էլ արթնացումն էլ լինեն ժամանակին՝ մթնելու հետ քնում ենք, լույսը բացվելու հետ՝ արթնանում: Քնի ռեժիմի խախտումն իր հետևից բերում է այլ խնդիրներ. արթնանում ենք ուշ՝ ուշանում է նախաճաշը, ֆիզիկական ակտիվությունը գրեթե հավասարվում է զրոյի, եթե երեխան չի սիրում բակային ակտիվ խաղեր խաղալ և այլն: Ստացվում է՝ բավական է թույլ տաս «թերանալ» մի հարցում՝ մյուս հարցերում էլ խնդիրները շարք կկանգնեն:
  3. Բոլորը չեն կարող պրոֆեսիոնալ մարզիկներ լինել: Բակային խաղերից ակնկալիքն ուրիշ է՝ ապահովել ֆիզիկական ակտիվություն: Բակային խաղերը կոփում են օրգանիզմը, լավ են անդրադառնում իմունիտետի վրա, օգնում են զարգացնել երեխաների հաղորդակցման հմտությունները: Այս կետին այսօր հատկապես մեծ ուշադրություն է պետք դարձնել, քանի որ հիմա շատ երեխաներ, իրար կողքի նստած, իրար հետ հեռախոսով են շփվում: Այո, շատ համայնքներում չկան սպորտային խմբակներ, այո, մարզական ակումբներից օգտվել ամեն ընտանիք չի, որ կարող է, բայց հատկապես տարվա տաք ամիսներին բակային խաղերը ֆիզիկական ակտիվության ու դրանից «կորզվող» օգուտների առումով հիանալի այլընտրանք են:
  4. Եթե խոսում ենք 5-6, 7-8 տարեկանների մասին, ապա հիանալի են ուշադրությունը կենտրոնացնող խաղերը: Բոլորիս ծանոթ խաղ է՝ «Թզուկներ-հսկաներ»-ը, որը պահանջում է ուշադրություն և «ստիպում» է կքանստել: Ինչքան էլ հոգնեն ու ասեն, թե ոտքերը ցավում են, բայց միևնույն է՝ պայքարում են մինչև վերջ, քանի որ հաղթել ուզում են բոլորը: Ի դեպ, խաղերի կազմակերպիչներին կառաջարկեմ թեկուզ աննշան, բայց խրախուսող պարգևներ ունենալ, դա կարող է անգամ ամենահասարակ կոնֆետը լինել կամ թղթից պատրաստած մեդալ: 10-12 տարեկանների համար իդեալական են վազքի, արագության հետ կապված խաղերը՝ ով ավելի արագ կհասնի A-ից B կետ, ով ավելի երկար կցատկի ցատկապարանով, ով ավելի շատ սեղմումներ (жим) կանի: Շարժախաղերի անսպառ օրինակներ կան YouTube-ում, պետք է պարզապես մի քանի րոպե տրամադրել, ուսումնասիրել, նախաձեռնել ու խաղալ: Օղակներով խաղեր, փուչիկներով խաղեր... Վերջինն օգնում է թոքերի ծավալաը մեծացնել և այլն: Ավելի մեծ տարիքի երեխաները կարող են ավելի բարդ խաղեր ընտրել՝ վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ: Թվարկած խաղերի մեծ մասի հիմքում վազքն ու ցատկն է, քանի որ այդ երկու, թվում է, թե պարզ գործողություններով, տեսեք, թե օրգանիզմի քանի ֆունկցիա ու մկան ենք աշխատեցնում՝ շնչառական համակարգ, սիրտ-անոթային համակարգ, քաշի նվազեցում, արագաշարժության (ճարպկության) խթանում, թիմային մտածողություն և այլն: Ու այդ ամենը՝ թթվածնով հագեցած տարածքում:
  5. Գյուղական համայնքներում երեխաներն ավելի տոկուն են ու կոփված նաև այն պատճառով, որ շատ հաճախ օգնում են ընտանիքի ավագներին կենցաղային գործերում, գյուղատնտեսության, անասնապահության մեջ և այլն: Բոլոր այդ գործողությունները կատարվում են դրսում ու ենթադրում են ֆիզիկական ակտիվություն, որն, ինչ խոսք, երբեմն վերածվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, ինչն այդքան էլ լավ չէ ձևավորվող օրգանիզմի համար, բայց փաստացի՝ նրանց ոչ նստակյաց կենսակերպը շատ ավելի նախընտրելի է, քան քաղաքային համայնքներում ապրող անչափահասների պասիվ նստակյաց կենսաձևը:
  6. Հատուկ կահավորված տարածքների ու խմբակների բացակայությունը կարելի է հեշտությամբ լրացնել երկու առարկայով՝ գնդակ ու ցատկապարան: Արդեն նշեցինք, որ վազքն ու ցատկն անփոխարինելի են, իսկ գնդակով ու ցատկապարանով բազմաթիվ խաղեր կան, որ կարելի է անվերջ խաղալ (միայն թե ցանկություն լինի):
  7. Մեծ ուշադրություն պետք է դարձնել այն վայրին, որտեղ խաղում են երեխաները: Ճանապարհի երթևեկելի հատվածին մոտ վայրերում չի կարելի խաղալ, չի կարելի խաղալ նաև ավտոտնակների ու կրպակների տանիքներին: Այն վայրն, ուր խաղում են երեխաները պետք  է գոնե շատ խորդ ու բորդ չլինի, քանի որ վազքի ժամանակ ոտքերի տակ չենք նայում, այլ նայում ենք մեր դիմաց՝ «նշանակետին»: Բակում լինել կարելի է լուսաբացից մինչև ժամը 12-13:00 ու 17-18:00-ից հետո, այսինքն՝ խուսափում ենք ցերեկվա կիզիչ արևից: Կարևոր է նաև երեխայի հետ քննարկել ու սահմանել որոշ կանոններ: Օրինակ՝ գնդակը դուրս թռավ բակից ու հայտնվեց փողոցում. վազե՞լ հետևից, թե ոչ: Իհարկե ոչ: Թող այդ մի գնդակն էլ կորի, բայց քո անվտանգությունն ավելի կարևոր է: Կարելի է նաև պայմանավորվել՝ եթե ընկար ու վնասվեցիր, ապա կա՛մ կանչիր օգնության, կա՛մ տուն գնա, քանի որ վերքը պետք է լվանալ ու ախտահանել: Կարևոր նախապայման է նաև ջուրը: Եթե տարածքում չկա ցայտաղբյուր, ապա երեխայի հետ պետք է ջուր դնել: Ակտիվ խաղերի ընթացքում երեխաները շատ հեղուկ են կորցնում, հետևաբար՝ պետք է ջուր խմել, իսկ եթե շատ շոգ է՝ այդ ջրով կարելի է նաև լվացվել:
  8. Առողջ սննդակարգի կանոնները տարվա եղանակ չեն հարցնում, թեև ամռան ու վաղ աշնան դրական կողմերից մեկն էլ այն է, որ միրգն ու բանջարեղենն առատ են, բազմազանությունը մեծ է, այնպես որ նաև ինչ-որ իմաստով հեշտ է առաջարկել երեխային այն, ինչ նա սիրում է: Բայց առհասարակ, թե՛ մեծ, թե՛ փոքր կարևոր է, որ ամեն օր, օրական 2-3 անգամ ստանան բարդ ածխաջրեր (հացահատիկներ, կարտոֆիլ), սպիտակուց (տավարի միս, հավի միս, ձու, ձուկ, կաթնամթերք) և միրգ-բանջարեղեն՝ հեռու մնալով վնասակար բոլոր սննդատեսակներից՝ չիփսերից, աղի ձողիկներց մինչև քաղցրահամ հյուրթեր ու կոնֆետներ:
  9. Չի կարելի լողալ այնտեղ, ուր արգելվում է լողալ: Քաղաքային համայնքներում դա շատրվանների ավազաններն են: Պետք է հիշել, որ դա լողավազան չէ, այդ ջուրը չի ֆիլտրվում, չի փոխվում, ավազանը ծածկի տակ չէ, ամեն օր չի մաքրվում: Դրան գումարած շատրվանների մետաղական կոնստրուկցիաները, որոնք էլեմենտար կարող են վնասել: Մյուսը ջրամբարները, գետերը, լճերն ու բնական ավազաններն են: Կան վարարման շրջաններ, կան ավազաններ, որոնք կեղտոտ են ու մեծ է որևէ վարակ ձեռք բերելու հավանականությունը: Խնդիրները շատ են: Շատ ավելի լավ է խուսափել այդօրինակ զվարճանքներից: Իսկ եթե գտնվում եք այնպիսի լճի կամ գետի մոտ, ուր լողալ կարելի է, ապա պարտադիր են մեծահասակների վերահսկողությունն ու արևապաշտպան նյութերի կիրառումը՝ քսուքներ, գլխարկ, ակնոց:
  10. Անգամ ամռան 2-3 ամիսների ընթացքում որևէ մարզաձևով զբաղվելը բացի օգուտից որևէ վնաս չի բերի (եթե իհարկե չկա բժշկական հակացուցում): Նախ երեխայի օրակարգում ֆիզիկական ակտիվ գործունեության պարտադիր տեղ ու ժամ կհայտնվի, կսովորի որոշակի ռեժիմի, նոր ընկերներ ձեռք կբերի ու որ ոչ պակաս կարևոր է՝ նա կարող է «անվերադարձ» սիրահարվել այդ մարզաձևին ու զբաղվել ամբողջ կյանքում: Մեկ ուրիշ՝ շատ կարևոր բան էլ կա՝ մարզիչն իբրև դերային մոդել: Շատ դեռահասներ մեծ ակնածանքով են վերաբերվում իրենց մարզիչներին, տեսնում են, որ նրանք չունեն վնասակար սովորույթներ, կազմակերպված են, պարտաճանաչ, առողջ են, ուժեղ... Այս հասկացությունները վարակիչ են:

Նույնաբովանդակ այլ նյութեր