Skip to main content
Հետադարձ կապ

2 ամսական երեխայի զարգացման փուլերը

2 ամսական երեխան ունի լայն բացված աչքեր, հետաքրքրասեր է, ժպտում է մարդկանց և զբաղվում իր շուրջը եղած ամեն ինչով: Երեխաներն այս տարիքում հաղորդասեր են և սիրում են շփվել: Ահա, թե ինչպես է ձեր փոքրիկը մեծանալու, սովորելու և փոխվելու այս քաղցր տարիքում:

2 ամսական երեխայի սոցիալական և հուզական զարգացման փուլերը

2 ամսականում ձեր փոքրիկը սովորում է շփվել շրջապատի մարդկանց հետ.

  • կարողանում է ձեռքը ծծելով հանգստանալ,
  • սկսում է ժպտալ մարդկանց,
  • փորձում է նայել ծնողներին:

Հուշումներ ծնողների համար

  • Երեխային պահեք ձեր մարմնին մոտ: Ձեր ջերմությունը կօգնի նրան հանգստանալ:
  • Երեխային պահեք ձեր դեմքին մոտ և ուղիղ աչքերին նայեք: Սա կօգնի փոքրիկին ճանաչել ձեր դիմագծերը:  

2 ամսական երեխայի լեզվի զարգացման և հաղորդակցման փուլերը

Ինչպես է երեխան ներգրավվում և արտահայտում իր կարիքները.

  • արձագանքում է ձայներին և շրջվում այդ կողմը,
  • գղգղում է:

Հուշումներ ծնողների համար

  • Երբ երեխան գղգղում է, «խոսեք» նրա հետ: Պատասխանեք նրան մանկան լեզվով ու ձայնային հնչյուններով: Այս երկխոսությունը կարևոր է և կօգնի երեխայի լեզվական, հաղորդակցական կարողությունների զարգացմանը:

2 ամսական երեխայի ուղեղի զարգացման փուլերը

Ձեր երեխայի ուղեղը զարգանում է.

  • սկսում է աչքերով հետևել մարդկանց և առարկաներին,
  • սկսում է անհանգիստ շարժումներ անել, եթե ձանձրանում է,
  • ուշադրություն է դարձնում մարդկանց դեմքերին:

Հուշումներ ծնողների համար

  • Երեխային ասեք այն առարկաների կամ մարդկանց անունները, որոնց հանդեպ նա հետաքրքրություն է արտահայտում:

2 ամսական երեխայի շարժումների և ֆիզիկական զարգացման փուլերը

Ինչպես է երեխան շարժվում իր միջավայրում.

  • ձեռքերի և ոտքերի շարժումներն ավելի հանդարտ են,
  • փորի վրա պառկած ժամանակ կարող է ձգվել և գլուխը վերև պահել:

Հուշումներ ծնողների համար

  • Փորի վրա պառկած ժամանակ զբաղվեք ձեր փոքրիկի հետ, խոսեք դեմքով դեպի երեխան:   
  • Օգնեք նրան շարժել գլուխը, ձեռքերը և ոտքերը` նրա շուրջը անվտանգ խաղալիքներ պտտեցնելով:

2 ամսական երեխայի սննդի և կերակրման փուլերը

2 ամսական երեխայի կերակուրները

  • Մայրական կաթի մեջ առկա են բոլոր սննդարար նյութերը, որոնք անհրաժեշտ են ձեր փոքրիկին:
  • Կերակրելու ընթացքում նա հեշտությամբ ծծում և կուլ է տալիս:
  • Լեզուն շարժվում է հետ ու առաջ` ծծելու համար:
  • Ամուր կպչում է մոր կրծքին կամ շշին:  

Հուշումներ ծնողների համար

  • Սովածության նշաններ պետք է տեսնեք օրական (24 ժամ) 8 -12 անգամ: Նորածին երեխաները պետք է շատ ուտեն, որովհետև նրանք արագ են աճում: Նրանց ծննդյան քաշը առնվազն կրկնապատկվում է առաջին վեց ամիսների ընթացքում: 

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Երեխաները տարբեր ձևով են զարգանում, սակայն խորհրդակցեք մանկաբույժի հետ, եթե ձեր 2 ամսական երեխան. 

  • ամուր չի կպչում կրծքով կամ շշով կերակրելիս,
  • կերակրման ընթացքում բերանի կողքերից մեծ քանակությամբ մայրական կաթ կամ փոխարինող կեր է հոսում,
  • չի ժպտում մարդկանց,
  • իր ձեռքերը դեպի բերանը չի տանում,
  • բարձր ձայներին չի արձագանքում, 
  • աչքերով չի հետևում մարդկանց և առարկաների շարժին,
  • փորի վրա պառկած ժամանակ չի կարողանում գլուխը վերև պահել: