Skip to main content
Հետադարձ կապ

Երեխաները իրական մարդկանց, այլ ոչ էկրանային հերոսների հետ շփվելու կարիք ունեն

«Ուղեղը կարևոր է» (Brain Matters) վավերագրական ֆիլմի ռեժիսոր Կառլոտա Նելսոնը բացահայտում է, թե ինչու է գաջեթներից երկար օգտվելը վնասում երեխային և փաստում, որ էկրանից դուրս կյանքն ավելի կարևոր է:

Երեխաները և գաջեթները

Տեխնոլոգիաներով և նորություններով հագեցած այս աշխարհում շատ ծնողներ օգտագործում են գաջեթներ` երեխաներին զբաղեցնելու և շեղելու համար մինչ իրենք այլ գործերով են զբաղվում: Բոլորս էլ գիտենք, որ դա իսկապես աշխատում է: Գաջեթները կլանում են երեխաների ուշադրությունն այնպես, ինչպես ուրիշ գրեթե ոչ մի բան՝ թույլ տալով ծնողներին մի փոքր շունչ քաշել: Սակայն ինչպե՞ս են ազդում գաջեթները երեխայի ուղեղի վրա, և որքա՞ն ժամանակ կարող է երեխան օգտվել դրանցից:

Երեխայի ուղեղի վրա գաջեթների ազդեցությունն ուսումնասիրող գիտնականները դեռևս բոլոր հարցերի պատասխանները չունեն, սակայն այն, ինչ նրանք գիտեն, կօգնի ծնողներին հասկանալ, թե որքան կարևոր է էկրանից զատ այլ զբաղմունքներ տրամադրել երեխաներին: Հենց այդ զբաղմունքների շնորհիվ է երեխան սովորում ու զարգացնում իր սոցիալական ու իմացական հմտությունները, ինչպես նաև՝ ավելի երջանիկ լինում:

Երեխաների համար մարդկանց հետ շփվելը շատ կարևոր է

Պատրիսիա Կուլը (Carlota Nelson) ուղեղն ուսումնասիրող աշխարհի առաջատար գիտնականներից մեկն է, ով յուրաքանչյուր տարի ավելի քան 4,000 երեխայի մասնակցությամբ հետազոտություն է իրականացնում: «Մենք բացահայտել ենք, որ մինչև մեկ տարեկան երեխաները գաջեթներից ոչինչ չեն սովորում, նույնիսկ եթե նրանց շատ գրավիչ տեսանյութեր ես ցույց տալիս: Մարդկային էակներից նրանք անհամեմատ ավելի շատ բան են սովորում, իսկ մեքենայից ոչինչ՝ զրո », - ասում է նա՝ մատնանշելով համակարգչի վրա ուղեղի մի քանի պատկեր:

Գուցե հենց այդ պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս մինչև երկու տարեկան երեխաներին օգտվել գաջեթներից, իսկ 2-4 տարեկան երեխաներին խորհուրդ է տալիս էկրանի առջև անցկացնել մեկ ժամից ոչ ավելի։

Գաջեթները երեխաներից խլում են կենտրոնանալու ունակությունը

Երեխաները կարող են ավելի հաջողակ դառնալ, եթե կենտրոնանալ սովորեն: Իսկ այդ հմտությունը սկսում է զարգանալ ամենափոքր տարիքից, քանի որ հենց կյանքի առաջին տարիներին է երեխայի ուղեղը ընկալում ու ճանաչում շրջակա միջավայրը: Ուստի, ուղեղի զարգացման և նորմալ աճի համար արտաքին աշխարհից ճիշտ ազդակներ է պետք ստանալ:

Ավելին, երեխաներին նաև ժամանակ է անհրաժեշտ այդ ազդակներն ընկալելու և յուրացնելու համար: Օրինակ, եթե բարձրաձայն գիրք եք ընթերցում, երեխաները բառերն ու պատկերները, էմոցիաներն ու ձայները ընկալելու ժամանակ են ունենում, իսկ էկրանների անընդհատ ու արագորեն փոփոխվող պատկերներն ու նույնանման ձայնը ազդում են երեխաների ուշադրության և կենտրոնանալու ունակության վրա:

Գաջեթները նվազեցնում են սեփական իմպուլսները կառավարելու ունակությունը

Երբեմն պետք է թողնել, որ երեխաները ձանձրանան: Դա նրանց սովորեցնում է հաղթահարել հուսահատությունն ու կառավարել իրենց: Երբ երեխաներն անընդհատ զբաղված հետևում են գաջեթներին, նրանք անկարող են լինում միայնակ կամ այլ անձանց հետ զբաղմունք հորինել ու որակյալ ժամանակ անցկացնել: Ինչն իր հերթին, հանգեցնում է զայրույթի առաջացման և երևակայության ու մոտիվացիայի անկման:

Էկրանները նվազեցնում են կարեկցելու ունակությունը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գաջեթներից օգտվելը թույլ չի տալիս երեխաներին ընկալել մարդկային էմոցիաները, կարդալ մարդկանց դեմքի արտահայտությունները, սովորել մարդկային շփումն ու մարդկանց կարեկցելը: Միայն դեմ առ դեմ շփման միջոցով են երեխաները սովորում հասկանալ ոչ վերբալ ազդակները և մեկնաբանել դրանք:

Ինչպես ասում է Չարլս Նելսոնը (Carlota Nelson)՝ Հարվարդի համալսարանի նեյրոկենսաբանը, ով ուսումնասիրում է անտեսման ազդեցությունը երեխաների ուղեղի վրա, «մինչ խոսքի զարգացումը, ցանկացած տեսակի հաղորդակցություն ոչ վերբալ է. երեխաները մարդկանց դեմքին նայելով են հասկանում՝ արդյո՞ք այս մարդը ուրախ է, թե՝ ոչ, գո՞հ է, թե դժգոհ»: Փոքրիկի և նրան խնամողի միջև այսպիսի երկկողմանի շփումը չափազանց կարևոր է երեխայի ուղեղի զարգացման համար:

Գաջեթների օգտագործումը նվազեցնում է երեխայի՝ մարդկային զգացումները հասկանալու և իրենց զայրույթը կառավարելու ունակությունները: Բացի այդ, գաջեթները շեղում են երեխաներին ուղեղի ներուժը զարգացնող այնպիսի կարևոր գործողություններից, ինչպիսիք են՝ խաղը և այլ երեխաների հետ շփումը: Եթե, այնուամենայնիվ, որոշ պահերի ձեր միակ հույսը գաջեթներն են, համոզվե՛ք, որ երեխան նայում է որակյալ բովանդակությամբ տեսանյութեր:

Երեխայի կյանքի այս առաջին տարիներին գաջեթների օգտագործումը սահմանափակելը և նույնիսկ ամբողջովին արգելելը երեխային շա՜տ օգուտներ կբերի նրա ողջ կյանքի համար:

Կառլոտա Նելսոնը (Carlota Nelson) գրող է: Նա «Ուղեղը կարևոր է» վավերագրական ֆիլմի ռեժիսորն է. Նշանակալի մի ֆիլմ, որը կյանքի ամենավաղ տարիներին երեխաների ուղեղի զարգացման մասին է: Մինչ նկարահանումները սկսելը, Կառլոտան աշխարհի առաջատար նեյրոկենսաբանների և վաղ մանկական զարգացման մասնագետների հետ միասին 8 ամիս ուսումնասիրել է վաղ մանկական զարգացումը: Ֆիլմի մասին ավելին իմանալու համար, կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ www.brainmattersfilm.com

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: